Համայնքապետից շատ բան է պահանջվում

1
57

Հավատարմություն

Բնակիչների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը նշեց, որ 2000 թվականից է ղեկավարում համայնքը.

-Այս ընթացքում ինչ կարողացել` արել եմ: Երբ ընդունում էի գյուղապետարանը, պարտքեր կային կուտակված: Այսօր արդեն, ի թիվս այլ հաջողությունների, շուրջօրյա ջրամատակարարում ունենք: Նշեմ, որ համատեղ նաև Փյունիկ գյուղն եմ ղեկավարում: Գազաֆիկացրել ենք երկու գյուղն էլ, ընդ որում, ծախսերի /ոչ միայն այդ հարցում/ մոտ 90 տոկոսը մեր համայնքի հաշվին է եղել: Ասֆալտապատում ենք արել /մոտ 2 կմ/, արտաքին լուսավորություն անցկացրել: Համայնքային կենտրոն ենք կառուցել, որի նմանը դժվար թե հանդիպեք մեր հանրապետությունում: Մանկապարտեզ ենք կառուցել, որը կսկսի գործել հաջորդ տարվանից: Կառուցել ենք նաև հանդիսությունների սրահ: Ըստ իս, համայնքի համար արել ենք ամեն հնարավորը: Այդպես էլ պետք է լիներ, քանզի համայնքը յուրաքանչյուրիս համար նաև երկրորդ տուն է: Խնդիրներից ամենակարևորները` մշակույթի տուն կառուցել և վերակառուցել եկեղեցին, որը 7-9-րդ դարերի կառույց է: Ի դեպ, գյուղը հենց նրա անունով էլ կոչվում է: Նախկինում երկու գյուղում էլ /Փյունիկում` ամբողջությամբ/ ադրբեջանցիներ են ապրել: Վերաբնակիչները, պարզ է, փախստական մեր հայրենակիցներն են եղել: Այսօր արդեն բոլորն էլ, այսպես ասած, մերվել են իրար, բարեկամացել, դարձել միատարր… Ամենակարևորը` մարդ լինելն է, համայնքի ղեկավար լինես, թե շարքային քաղաքացի: Համայնքապետից շատ բան է պահանջվում, եթե հաշվի առնենք այն, որ բնակիչն այսօր բազում խնդիրներ ունի և իր այդ խնդիրներով առաջին հերթին դիմում է համայնքապետարան: Քեզ է դիմում, ընդ որում` ամեն հարցով, քանզի ուրիշ տեղ չունի գնալու… Ինչ ուզում է լինի, պիտի պատրաստակամ լինես օգնելու նրան, լսելու և ընդառաջելու: Օգնում եմ, ինչը և հոգեկան մեծ բավականություն է պարգևում ինձ: Եթե դիմում են, անհանգստացնում, ուրեմն պետք ես մարդկանց: Ցանկացած դիմող նաև լավ գիտի, որ իրեն օգնելու եմ անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի: Գոնե` բարի խոսքով, բարոյապես… Այո՛, պիտանի եմ մարդկանց, առաջին հերթին` ապրածս կյանքով: Եթե իմանամ, որ համայնքում կա մեկը, ով ինձանից ավելի լավ կաշխատի, մեծ սիրով հաջորդ օրն իսկ տեղս կզիջեմ նրան: Ես գործ շատ ունեմ, բայց այստեղ ինձ պահում է այն համոզմունքը, որ դեռևս պետք եմ իմ հարազատ ժողովրդին…

Խոսակցությունն ինքնըստինքյան տեղափոխվեց դեպի մարդկայնություն, ընկերություն, այնպիսի թեմաներ, որոնք հաճելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուրիս, և յուրաքանչյուրս իր ասելիքն ու <<կիսվելիքն>> ունի դրա շուրջ:

-Մարդուս համար,- ասաց Ռեմ Հովհաննիսյանը,- առաջին տեղում ընտանիքն է, ապա ընկերությունը: Որ շուրջներս նայենք, լիքը ընկերության կհանդիպենք, գրեթե ամեն քայլափոխի, սակայն իսկական ընկերությունը, այս բառի ամենաուղղակի իմաստով, աննման ու հիասքանչ է: Ընկերները, սովորաբար, շատ չեն լինում: Իսկակա՛ն ընկերները… Ունեմ ընկերներ գրեթե բոլոր խավերից: Առանց ընկերոջ դժվար է պատկերացնել մարդ արարածի կյանքը: Ընկերը, այո՛, նա է, ով դժվարին պահերին կողքիդ կանգնած է: Ընկերությունը երևում է ավելի շատ փորձությունների պահին: Ընկերներս բոլորն էլ ինձ համար հավասար են, որևէ մեկին առանձնացնել չեմ կարող: Չեմ պատկերացնում ընկերություն այնպիսի մեկի հետ, ով իրեն գերադասում է իր շրջապատից: Ես նվիրվում եմ ընկերությանը, հավատում եմ ընկերոջը: Ընկերությունն էլ, ըստ իս, ճակատագրով տրված է: Ընկերությունը մաքրություն է պահանջում…

Ինչո՞վ են չափվում մարդկային ձեռքբերումները, ի՞նչն է իմաստավորում մարդու գոյությունը, ինչպե՞ս ավելի ճիշտ ապրել, որ հետո չափսոսաս ապրածդ կյանքի, անցած-գնացած տարիներիդ համար… Այս խորհրդածությունների շուրջ էլ պարոն Հովհաննիսյանը սեփական կարծիքն ու գնահատականը, յուրովի մոտեցումներն ունի.

-Համայնքի համար արածս իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում: Ժամանակը կանցնի, և կմնա այն, ինչ արել ես, ինչ ներդրել ես քեզ շրջապատող հասարակության կյանքը բարելավելու, ինչ-որ լավ բան թողնելու համար: Այդ առումով հանգիստ կարող եմ լինել, և իմ ժառանգներն էլ կարող են հպարտ զգալ իրենց, երբևէ չամաչել իրենց ծնողի համար: Ճիշտ ապրելն ամենամեծ ձեռքբերումն է: Ինչ էլ որ արել եմ, ճիշտ եմ արել, վատից հեռու եմ եղել: Հարաբերությունների մեջ մարդկայինն եմ պահել, մարդկայինով առաջնորդվել, սկզբունքներիս մինչև վերջ հավատարիմ մնացել: Առաջին հերթին պիտի մարդ լինել: Երբևէ չեմ մտածել` համայնքի ղեկավար եմ, և ինձ այս կամ այն բանը թույլատրվում է կամ ես առավել եմ մնացածներից, ինձ գերադասեմ: Բնականաբար, չեմ ընդունում նրանց, ովքեր իրենց բարձր են դասում դիմացինից, վերևից նայում շրջապատի մարդկանց: Պետք է ամեն ինչ իր տեղում լինի, ամեն մարդ իր գործով զբաղվի: Արա, ինչ կարող ես, թեկուզ քիչ, բայց` քո ուժերով: Բանվորի ընտանիքից եմ սերվում, 6 եղբայր ենք եղել: Անցել եմ կյանքի աստիճաններով, արժանապատվորեն դիմակայել դժվարություններին, իմ ունակություններով հասել հաջողությունների: Ժամանակին հնարավորություն եմ ունեցել դրսում ինձ դրսևորելու, բայց ես հայրենի հող ու ջրին կառչած եմ: Մի բան հաստատ գիտեմ` աշխատող մարդը կապրի: Չպետք է հույսդ ուրիշի վրա դնես, պիտի աշխատես, ձգտես արդյունքի հասնել: Մեր տարածաշրջանը նպաստավոր է զբոսաշրջության զարգացման համար, ուստի համապատասխան ենթակառուցվածքներ պետք է ստեղծել, ներդրումներ անել, որպեսզի գրավիչ ու հետաքրքիր լինի հանգստացողների համար: Եթե տվյալ խնդիրը լուծվի, ապա ամեն ինչ, հավատացեք, լավ է լինելու…

SHARE