Համայնքի բնակիչն իմ ընկերն է

0
222

Արժանապատիվ

Նրա հոգսը նաև իմն է, և ամենօրյա շփումը բոլորիս ներառել է մեկ ընտանիքում

Արմավիրի մարզի Մերձավան համայնքը նախալեռնային գոտում է, և նրա բնակլիմայական պայմանները բարենպաստ են խաղողագործության ու պտղաբուծության համար: Անցումային շրջանում այստեղ ևս որոշակի անկում գրանցվեց, բայց կարելի է ասել, որ արդեն այս ոլորտները զարգացման նոր փուլում են: Այս պահին 140 հեկտար խաղողի այգի կա, իսկ տնամերձ հողատարածքներում զարգանում է պտղաբուծությունը:

Այս մասին <<Ընկեր>>-ը տեղեկացավ համայնքապետ Լևոն Գրիգորյանի հետ զրույցից: Ի դեպ, պարոն Գրիգորյանն արդեն երկու տասնամյակ ղեկավարում է գյուղը, ինչը վկայում է բնակչի կողմից մեծ հարգանքի ու վստահության արժանանալու մասին.

-Համայնքի բնակիչն իմ ընկերն է: Նրա հոգսը նաև իմն է, և ամենօրյա շփումը մեզ բոլորիս ներառել է մեկ ընտանիքում: Խոստումներ տալ, առհասարակ, չեմ սիրում, դրա փոխարեն աշխատում եմ, ինչի դեպքում արդյունք անպայման լինում է: Չկա և չի կարող համայնքային կյանքին վերաբերող որևէ բնագավառ լինել, որ մեր ուշադրությունից դուրս մնա: Այս ամենն, անշուշտ, շատ լավ տեսնում է մերձավանցին և արժանիորեն գնահատում:

Համայնքի փորձառու ղեկավարի խոսքերով, իրենց գերագույն նպատակը բնակչի հետ անմիջական ու մտերմիկ կապ ստեղծելն է, համայնքին վերաբերող յուրաքանչյուր խնդրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելը: Բնական է` ամենօրյա աշխատանքում խնդիրներ են նաև առաջանում, որոնց լուծման նպատակով համապատասխան քայլեր են ձեռնարկվում, ջանքեր գործադրվում: Համայնքապետարանի յուրաքանչյուր աշխատակից լավ գիտի իր գործն ու պարտականությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում դրանց: Ահա թե ինչու այստեղ զարգանում է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև կրթամշակութային կյանքը:

-Համայնքի զարգացման հնգամյա` 2017-21 թթ. ծրագրի քննարկման, մշակման և հաստատման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն ավագանին ու համայնքապետարանի աշխատակազմը,- շարունակեց պարոն Գրիգորյանը,- այլև դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, առանձին քաղաքացիներ: Փորձել ենք ստեղծել այնպիսի ծրագիր, որը հնարավորինս արտացոլում է համայնքի զարգացման ողջ մարտավարությունը: Այդ ծրագրի կարևոր դրույթներից են նոր թաղամասերի գազաֆիկացումն ու արտաքին լուսավորության ապահովումը, ասֆալտապատումը, խմելու ու ոռոգման ջրի ներքին ցանցերի վերանորոգումը, ֆուտբոլի մարզադաշտի բարեկարգումը, կանգառների կառուցումը և այլն: Մեզ մտահոգող խնդիրներից է հասարակական տրանսպորտի անկանոն աշխատանքը, ինչի առթիվ դիմել ենք իրավասու մարմիններին: Հաջորդը դպրոցի շենքի ներքին հարդարումն է: Այս և մյուս գլոբալ խնդիրների լուծման առումով ակնկալում ենք պետական մարմինների աջակցությունը: Ճիշտ է, համայնքն անկախ է իր գործառույթների իրականացման մի շարք շրջանակներում, սակայն կարծում եմ, որ այս փուլում նա առանց մարզպետարանի ու կառավարության օժանդակության չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Ուստի և շատ եմ կարևորում համայնք-մարզպետարան-կառավարություն արդյունավետ փոխգործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել համայնքի առաջընթացն ապահովող բազում ծրագրեր…

Մերձավան համայնքն էլ, ինչպես յուրաքանչյուր բնակավայր, իր առանձնահատկությունն ու բնորոշ գծերն ունի: Մասնավորապես, ներառում է տարբեր բնակավայրերի ու մարդկանց սովորույթներն ու մշակույթը` համատեղելով հիանալի միջավայր, որտեղ ակնառու են ստեղծագործ միտքն ու աշխատասիրությունը: Մերձավանցին, ինչպես հպարտությամբ նշեց Լևոն Գրիգորյանը, մտավորական է` կիրթ, հոգատար, միաժամանակ պահանջկոտ մատաղ սերնդի դաստիարակության ու լուսավոր ապագայի նկատմամբ:

-Ոչ միայն համայնքի,- վերջում հավելեց պարոն Գրիգորյանը,- այլև մեր երկրի վաղվա օրը ցանկանում եմ տեսնել խաղաղ պայմաններում: Լիահույս եմ, որ նոր ձևավորվելիք հայոց խորհրդարանն ավելի կամրապնդի Հայաստանի հեղինակությունն ու վարկը, և լուրջ նախադրյալներ կստեղծի, որ մենք համատեղ շենացնենք երկիր հայրենին, ունենանք բոլորիս երազած հայրենիքը: Մեծագույն ցանկությունս է, որ բարձր գիտակցումով առաջնորդվի յուրաքանչյուր հայ և ոչ մի ջանք չխնայի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, քանզի նրան է վստահված մեր ապագան…

SHARE