Համայնքն աճում, զարգանում է

0
43

Իր նվիրյալ զավակների աշխատասիրության ու ազնիվ տքնանքի շնորհիվ

Հպարտություն

Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք: 3,5 հազար բնակիչ ունեցող այս գյուղը Արմեն Ասատրյանը ղեկավարում է 2012 թվականից: Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրել է թեկնածությունը:

Ինչպես <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց նա, իր ղեկավարման օրոք համայնքում մի շարք աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես, գերեզմանատան ցանկապատի դիմացի մասը` 210 մ, լրիվ վերանորոգվել է: Մոտ 2,5 կմ-ի հասնող  ջրամատակարարում է անցկացվել տարբեր թաղամասերում: Այս ընթացքում կառուցել են հանդիսությունների սրահ /200 տեղանոց/` իր բոլոր կահավորանքով: Արտաքին լուսավորություն են անցկացրել` 2,5 կմ: Ներկայումս մեծ ծրագիր են կյանքի կոչում` հեռավոր սարից խմելու ջուր են բերում: 1960-ականների ջրագիծը խիստ քայքայված վիճակում է, և մարզպետի շնորհիվ, ԻՖԱԴ-ի ծրագրով 20 կմ երկարությամբ նոր խողովակներ են անցկացնում: Ոռոգումն իրականացվում է շուրջ 12 արտեզյան հորերից մղվող ջրով: Գյուղապետարանի միջոցներով կանոնավորապես գործում են 2 մանկապարտեզները: Մտադիր են դրանց առայժմ չշահագործվող հատվածները հիմնանորոգել, քանի որ դիմող երեխաների թիվը գնալով ավելանում է:

Արմեն Ասատրյանն իր թեկնածությունն առաջադրել է ժողովրդի պահանջով: Կիսատ գործեր կան, որոնք պետք է ավարտի հասցնել, միաժամանակ կյանքի կոչել նախատեսված ծրագրերը: Վերընտրվելուց հետո առաջնահերթ գերեզմանատան պարսպի մնացած հատվածը` 600 մ, պետք է վերանորոգի: Մշակույթի տան խնդիրը պետք է լուծվի: Նախատեսել են մանկապարտեզի մի մասնաշենքը տրամադրել այդ նպատակին: Գործող համայնքապետի տեղեկացմամբ, նախորդ 4 տարիներին գյուղապետարանի բյուջեից համայնքի վրա ծախսվել է, ընդհանուր առմամբ, մոտ 55 մլն դրամ:

Գյուղապետն ամեն ինչ անում է համայնքը բարեկարգելու և մարդկանց սոցիալ-կենցաղային պայմանները բարեկեցիկ դարձնելու համար: Մինչև գյուղապետ ընտրվելն էլ Ա. Ասատրյանը, չնայած ունեցած աշխատանքին և բարվոք վիճակին, կապված է եղել գյուղին և իր հնարավորությունները լավագույնս ծառայեցրել նրան: Գյուղը ձգել է նրան, և մեծ է եղել ցանկությունն առավելագույնն անել նրա համար: Պատահական չէ, որ նրա հոր, հորեղբոր և մյուս ազգակիցների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ գյուղում 2011-ին եկեղեցի կառուցվեց: Դա նրանց նվերն էր հարազատ գյուղին: Ամեն տարի, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, նոյեմբերի 4-ին մեծ շուքով նշվում է եկեղեցու հիմնադրման և գյուղի տոնը…

Մեծ Մասրիկում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: 2,5 հազար հեկտար վարելահողից միայն 500 հեկտարը կարտոֆիլ է, մնացածը` գարի ու ցորեն: Գյուղացու վիճակն այսօր այնքան էլ բարվոք ու ապահով չէ, օգնության կարիք ունի, ինչից ելնելով էլ, ինչպես նշեց պարոն Ասատրյանը, սոցիալական զանազան քայլեր են ձեռնարկում, ծրագրեր կյանքի կոչում: Նյութապես աջակցում են կարիքավորներին, հատուկ դեպքերի համար նույնպես հատկացումներ են անում և այլն: Առհասարակ, իրենց հնարավորությունների սահմաններում կանգնում են գյուղացու կողքին: Դժվարությունը գյուղմթերքի իրացման հարցում է, չնայած գյուղացիներն իրենց ուժերով կարողանում են կազմակերպել այն: Գյուղապետի համոզումն այն է, որ մարդը պետք է աշխատասիրություն ունենա, ինչի դեպքում ամեն ինչի էլ կհասնի: Հույսը պետք է քեզ վրա դնես և անտրտունջ առաջ ընթանաս:

Արմեն Ասատրյանի ընկերական շրջապատը բավականին մեծ է: Այդ ընկերությունը մաքրությունն է պահում: Ընկերների թվում շատ հայտնի մարդիկ կան: Հպարտ է ընկերներով: Խոսքով չէ, որ ընկերությունը պիտի պահել, իսկական ընկեր լինել: Ընկերոջ խորհուրդն արդեն իսկ մեծ արժեք է: Համայնքապետերի հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ընտրությունների առումով նշեց, որ համայնքում հանգիստ ու բնականոն իրավիճակ է, ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացման բոլոր նախադրյալները կան:

Ավարտելով զրույցը, Մեծ Մասրիկի ղեկավարը հպարտությամբ նշեց, որ գյուղը շատ անվանի, հայտնի մարդկանց է տվել: Կրթական ցենզն այստեղ շատ բարձր է, շատերն են ձգտում բարձրագույն կրթության: Ինտելեկտի պակաս, ինչպես ասում են, չկա: Նախկին վարչապետի նախաձեռնությամբ գյուղի բնակիչ Նարեկ Թովմասյանը սովորել է Հարվարդի համալսարանում և այլն:

SHARE