Համայնք ղեկավարելը բարդ ու դժվարին,

0
18

միաժամանակ` պատվաբեր ու մարդկային առանձին շնորհներ պահանջող աշխատանք է…

Ունակություն

  -Ծափաթաղ համայնքը ղեկավարում եմ 2000 թվականից,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի գործող ղեկավար Թագուհի Բոյախչյանը:- Հունիսի 8-ի ՏԻՄ ընտրություններին կրկին առաջադրել եմ թեկնածությունս: Բավականին աշխատանքներ այս տարիների ընթացքում, իհարկե, կատարվել են, բայց և կան արվելիք գործեր, որոնք իրականացում են պահանջում: Վերընտրվելուցս հետո ձեռնամուխ կլինեմ դրան: Արված գործերից առաջինը նշեմ <<Զբոսաշրջության զարգացումը Ծափաթաղում>> ծրագրի շրջանակներում <<Թուֆենկյան>> հյուրանոցային համալիրի կառուցումը: Ապա` մշակույթի տուն` կից գյուղապետարանով, բուժկետ, ջրագծերի անցկացում, խորքային հորի հորատում: Իրականացրել ենք նաև համայնքի գլխավոր հատակագիծը, որը հողաշինարարական ամենակարևոր փաստաթուղթն է: Ունենք համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Այգիներ ենք տնկել: Պուրակ ենք բարեկարգել: Նման շատ ու շատ այլ աշխատանքներ: Մանկական խաղահրապարակ ենք կառուցել: Մանկապարտեզ չունենք, բայց մշակույթի տանը մանկական սենյակ ունենք` կահավորված խաղալիքներով, ամեն ինչով: Ծնողներն են այնտեղ երեխաների հետ զբաղվում: Ֆինանսական անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով առայժմ մանկապարտեզ չունենք: Խմելու ջրի 3,5 կմ խողովակաշարի հիմնանորոգում ենք կատարել: Ներքին ցանցի բոլոր գծերը փոխվել են: Մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել մայր աղբյուրից մինչև ջրահավաք ավազան: Խմելու ջրով հիմնականում ապահովված ենք: Բնակիչների 70 տոկոսն իրենց տներում առանձին ջուր ունեն: Թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրագծերի վրա պարբերաբար աշխատանքներ ենք տանում, քանի որ հաճախակի վնասվում են և՛ հեղեղումներից, և՛ բնակիչների անփութությունից: Նախորդ տարի ոռոգման ջրագիծ ենք փոխել: Գազաֆիկացման խնդրով այնքան ենք այս ու այնտեղ դիմել, և մինչև օրս` ապարդյուն, որ, ի վերջո, որոշել ենք այլընտրանքային էներգիայի աղբյուրներ փնտրել: Գազի թանկ լինելու պատճառով դրա պահանջարկը գնալով նվազում է, նորից վառարաններն են մեջտեղ եկել: Ստացվում է, որ գազ ունենալը դեռևս բավարար չէ, պետք է կարողանալ նաև այն օգտագործել, ավելի շուտ` օգտագործածի տակից դուրս գալ: Շատ էի ուզում, որ առանձին կաթսայատուն լինի դպրոցի, բուժկետի և մշակույթի տան համար, բայց… Բավականին աշխատանք տարվեց եկեղեցի կառուցելու համար, սակայն այդպես էլ մեր պլանավորածն իրականություն չդարձավ: Սոցիալապես անապահով մարդկանց համար բնակարանի հարց լուծվեր, քոթեջային տներ կառուցվեին, որպեսզի սահմանից 4 կմ հեռավորության վրա ապրող մարդիկ չլքեին իրենց բնակավայրը: Եթե հնարավոր լիներ ինչ-որ ծրագրով կյանքի կոչել սա, լուծել մարդկանց բնակարանի խնդիրը… Սա ինձ համար շատ կարևոր է, որ առայժմ այդպես էլ, ցավոք, իրականություն չի դառնում: Կուզեի մարզահամալիր, համերգային բացօթյա դահլիճով, կառուցվեր` նաև  զբոսաշրջիկների համար: Սրանք առաջիկա տարիների ծրագրեր են…

    Շարունակելով խոսքը, տիկին Բոյախչյանն այնուհետև նշեց, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են տարբեր կազմակերպությունների հետ համատեղ: Մասնավորապես` գյուղատնտեսության աջակցության ծրագրի, պետբյուջեի, սոցներդրումների հիմնադրամի, ՄԱԿ-ի ծրագրերի, եկեղեցական և այլ  կազմակերպությունների հետ: Բոլորի հետ էլ համագործակցել են: Թեև փոքր, բայց Ծափաթաղն էլ իր բաժին ներդրումն ունեցել է այդ աշխատանքներում:
   -Կին լինելն, արդյոք, օգնե՞լ է ղեկավարման ընթացքում:
   -Ասեմ, որ որոշ դեպքերում օգնում է, հաճախ էլ` դժվարությունների առաջացման պատճառ դառնում: Կինը որքան էլ համարձակ ու զարգացած լինի, համենայնդեպս, մեր իրականության մեջ, հատկապես` գյուղական վայրերում, հաշվի առնելով ազգային յուրահատկություններն ու սովորույթները, դժվարություններն անխուսափելի են: Դրանք հաղթահարվում են, որովհետև աշխատանքը տարիների ընթացքում արդեն դառնում է ապրելակերպ: Եթե, ասենք, 2000-ին ինչ-որ հարցի լուծման համար չափից ավելի շատ ժամանակ ու էներգիա էի վատնում, ապա տարիների ընթացքում փորձառություն, ճանաչողություն ու բանիմացություն ձեռք բերելով, դրանից սկսեցի ձերբազատվել: Հիմա արդեն հստակ գիտեմ, թե որտեղ, ինչպես և ում դիմել, որպեսզի զուր ժամանակ ու ջանքեր չգործադրվեն: Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ իրենց հերթին են հեշտացրել մեր աշխատանքը, այնպես որ տարբերությունը մեծ է: Ես նաև այն եզրահանգման եմ եկել, որ ոչ բոլոր մարդիկ` տղամարդ լինի, թե կին, կարող են համայնքի ղեկավար աշխատել, քանի որ դրան պիտի պատրաստ լինել: Համբերատարություն, մեծահոգություն, դիմացինի վիճակի մեջ մտնելու կարողություն, լռելու ունակություն, հոգատարություն է անհրաժեշտ դրսևորել, քանի որ գործ ունես տարբեր խառնվածքի տեր մարդկանց, առանձին անհատկանությունների հետ: Մարդը պիտի սիրի իր աշխատանքն ու ժողովրդին:
    -Ասում են` ընկերությունը տղամարդկային գործոն է: Համամի՞տ եք դրան:
  -Ոչ, չեմ գտնում, թե այդպես է: Թերևս, ինչ-որ ճշմարտություն կարող է լինել դրա արմատներում: Իմ շրջապատում, չգիտեմ ինչու, հիմնականում ընկերներ են և ոչ ընկերուհիներ: Իմ ընկերները բոլորը հիմնականում տղամարդիկ են: Բայց կանայք լինում են ավելի հավատարիմ ընկերներ: Չեմ պատկերացնում մի կին ընկեր իր տղամարդ ընկերոջ կողքին, որ նրան խաբի, ընկերության մեջ դավաճանի, նրա հանդեպ ինչ-որ չարիքներ գործի կամ խարդավանքներ անի: Ընկերություն անելը բերում է իրենց ընտանիքների բարեկամության: Իմ ապրելակերպում դա հենց այդպես է: Ընկերներս ինձ համար արդեն հարազատներ են, որ ցանկացած ժամանակ կարող են ազատ իմ տուն գալ: Անգամ իմ երեխաների համար նրանք հարազատ մարդիկ են: Տղամարդկանց հետ ընկերությունը ինքնավստահություն է տալիս, այն զգացողությունն ես ունենում, որ մենակ չես, պաշտպանված ես, ոնց որ թիկունք լինի քեզ, դժվար պահերին աջակից ունես, ինքնահաստատվածություն ես ունենում: Ես շատ եմ գնահատում իմ ընկերներին, ապրում եմ նրանց ուրախություններով ու հոգսերով, ցավում ձախորդությունների համար: Մեր` Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներից շատերի հետ եմ ընկերություն անում…
    Տիկին Բոյախչյանը թեև մրցակից չունի, այնուհանդերձ, համարում է, որ բնակիչն իր վերաբերմունքն արտահայտում է ընտրությունների միջոցով` տալով իր քվեն: Արդյունքը կերևա հունիսի 8-ից հետո: Համայնքապետի ցանկությունն է, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերը խիտ բնակեցված լինեն, մտահոգող խնդիրները համեմատաբար քիչ լինեն: Տրանսպորտի խնդիրը լուծվի. ընդամենը մի <<Գազել>> է աշխատում Վարդենիսից Երևան, որն էլ գյուղի բնակիչներին գրեթե չի ծառայում: Դա, բնականաբար, արդարացի դժգոհության պատճառ է դառնում, մարդկանց հիասթափեցնում: Եթե տրանսպորտի, ճանապարհների հարցերը կարգավորվեն, ապա Ծափաթաղից հեռանալու մտադրություն որևէ մեկը չի ունենա…    

SHARE