Համայնք ղեկավարելը ծանր է ու դժվար,

0
14
ուստի դրա համար առանձնահատուկ որակ ու հատկանիշներ են անհրաժեշտ…

Պատասխանատվություն

       Լևոն Գրիգորյանը 1996-ից ղեկավարելով Արմավիրի մարզի Մերձավան համայնքը, կարելի է ասել, լուծել է գյուղի գրեթե բոլոր գլոբալ հիմնախնդիրները: Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է: Այն քիչ գյուղական բնակավայրերից է, որտեղ ասֆալտապատ են անգամ երկրորդային ճանապարհները: Վերանորոգված է մշակույթի տունը, ինչում համայնքի բաժին  ներդրումը մոտ 75 մլն դրամի է հասել: Վերանորոգված է նաև մանկապարտեզը, որն առանձին ջեռուցում ունի և որտեղ մոտ 90 երեխա է հաճախում: Վերջերս վերանորոգվեց նաև դահլիճը: 
     Միակ գյուղն է, որտեղ սեփականաշնորհում չի իրականացվել, քանի որ հողատարածքները պատկանել են այստեղ գործող Երկրագործության, բույսերի պաշտպանության, խաղողագործության ու գինեգործության գիտահետազոտական ինստիտուտներին: Սակայն հետագայում` 2006-ին, այդ տարածքները հանձնվել են համայնքի տնօրինմանը: Դրանց վաճառքից գոյացած դրամական միջոցները համալրել են համայնքի բյուջեն, ինչի արդյունքում կարողացել են վերանորոգել ինչպես վերոնշյալ հաստատությունները, այնպես էլ բուժամբուլատորիան, գյուղապետարանը, որոնք նույնպես ապահովված են առանձին ջեռուցմամբ: Մոտ 20 մլն դրամ ներդրում է արվել դպրոցում, փոխվել են դասասենյակների պատուհանները: Իսկ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգել են նրա տանիքը, սանհանգույցը, հանդիսությունների ու մարզական դահլիճները: Համայնքապետարանի բաժին ներդրումն այստեղ եղել է ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով: 

     Համապատասխան ներդրումներ են արվել նաև խմելու ջրի մատակարարման բարելավման ուղղությամբ: Կառուցվել է նոր ջրագիծ, և այսօր խմելու ջրի խնդիր չունեն: Չունեն նաև ոռոգման ջրի խնդիր: Նախորդ տարի <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրով, համայնքի 15 տոկոս համատեղ ներդրմամբ, 1,3 կմ երկարությամբ նոր կիսախողովակներ են անցկացվել: Կենտրոնական փողոցներն ապահովված են գիշերային լուսավորությամբ: Նախորդ տարի սեփական միջոցներով զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր են կառուցել: Մերձավանում կան նաև բազմաբնակարան շենքեր, որոնց սպասարկումն իրականացվում է համայնքապետարանի ուժերով: Երևանին մոտիկ գտնվելու շնորհիվ տեղի բնակչության 80 տոկոսն ապահովված է աշխատանքով: Մերձավանցիներն աշխատում են նաև այստեղ գործող <<Միլանո Գրանո>> ընկերությունում, ինչպես նաև հիմնված 140 հեկտար խաղողի այգիներում զբաղված է մոտ 50 մարդ: 
      Մերձավանում պատշաճ մակարդակի վրա է մշակութային կյանքը: Գյուղապետարանի ֆինանսավորմամբ գործում են <<Փայլող աստղեր>> պարի խումբը և <<Բալենի>> պարային համույթը /հաճախում է մոտ 70 երեխա/: Ունեն ֆուտբոլի թիմ, որը հաջողությամբ մասնակցում է Հայաստանի առաջնությանը: Մարզային առաջնությունում այն դարձել է Մանվել Գրիգորյանի անվան գավաթակիր: Համայնքի ղեկավարի խոսքերով, Մերձավանում հաջողությամբ լուծված են հիմնական` գլոբալ խնդիրները: Դպրոցի ջեռուցման հարցն էլ շուտով կլուծվի, ինչպես նաև կփոխվեն նրա մնացած որոշ հատվածների պատուհանները: 
        Լևոն Գրիգորյանը բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում նաև` ՀՀ նախագահի կողմից <<Անանիա Շիրակացի>> մեդալի, որը շատ թանկ է իր համար: Այդ պարգևները միայն իրենը չի համարում, այլև բոլոր նրանցը, ովքեր թև ու թիկունք են եղել, օգնել իրեն համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելիս: Իր կողքին են եղել մարզպետը, տարածաշրջանից ընտրված ԱԺ պատգամավորը, համագյուղացիները: Ըստ նրա, ճիշտը ոչ թե մարդկանցից  օգնություն ակնկալելն է, նրանց խնդրանքով դիմելը, այլ ըմբռնումով մոտեցումն ու աջակցության պատրաստակամություն դրսևորելու ցանկություն հանդես բերելը: Այո, նախաձեռնությունը նաև տեղից պետք է լինի, պարտավորվածության զգացում պիտի ունենա յուրաքանչյուրը, ով այս կամ այն կերպ առնչվում է գյուղին ու նրա բնակչությանը, ում համար թանկ է նրա ապագան: 
    Համբերատար ու հեռատես ղեկավար է Լևոն Գրիգորյանը: Կարող է հանգիստ լսել իրեն դիմած յուրաքանչյուր համագյուղացու,  ջանալ լուծել նրան մտահոգող խնդիրը, օգնել` ինչով կարող է և ինչպես հնարավոր է: Առհասարակ, բնակիչների հետ ընկերական, մարդկային ջերմ հարաբերություններ են ձևավորված, կապն անմիջական ու անկեղծ է: Համայնքապետն իր լավը համարում է գյուղացունը, իսկ գյուղացու լավը` իրենը: Ունեցած ընկերական մեծ շրջապատի հնարավորությունները լիապես ծառայեցնում է գյուղի և գյուղացու խնդիրների լուծմանը: Հանուն շահի ընկերությունը նրա համար անհանդուրժելի է: Ընկերության առաջին նախապայմանն անշահախնդրությունն է: Ընկերը պիտի մաքուր, ազնիվ ու նվիրված լինի: 
         Լևոն Գրիգորյանը մանկության ու դպրոցական տարիների, բանակի ընկերներ շատ ունի: Ավանդույթի համաձայն, ամեն տարի մայիսի 23-ին բանակի ընկերներով հանդիպում ու միասին են անցկացնում օրը: 30 տարի շարունակ անհամբերությամբ այդ օրվան են սպասում: Այսօր, ցավոք, անշահախնդիր ընկերությունը կուլ է գնում մեր այս նյութապաշտ ժամանակների ամենակուլ երախին: Աստված մի արասցե, չկարողացար մեկին ինչ-որ հարցում օգտակար լինել, ձեռք մեկնել, տարիների արած-դրածդ այդ մեկի համար զրո են դառնում: Այդուհանդերձ, մանավանդ եթե ղեկավար պաշտոն ես զբաղեցնում, պիտի վեհանձն, մեծահոգի ու ներողամիտ լինես, դիմացինին միշտ բարյացակամ ու ջերմ վերաբերվես:  Այս սկզբունքներով է առաջնորդվում ու գործում Լևոն Գրիգորյանը, որ պատրաստակամ է, անկախ ամեն ինչից, կանգնել իր օգնության կարիքը զգացողի կողքին: Նրա համար ամենամտերիմ ընկերը կինն է, ում հետ կարող է անմնացորդ կիսվել, ընկեր են նաև երեխաները: Ընկերություն է անում երկու որդիների հետ: Փոխադարձ վստահություն ու հարգանք կա, փոխըմբռնում ու հավատ: Երկու եղբայրների միջև էլ ընկերություն է ձևավորված: Եղբայրը եղբորը նաև, Լ. Գրիգորյանի համոզմամբ, պետք է միաժամանակ ընկեր լինի: Այս ամենից ընտանիքը, հասարակությունը միմիայն կշահեն:
        Վերջում հավելենք, որ առաջիկա` սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կրկին առաջադրվելու ցանկություն, թերևս, այնքան էլ չունի Լևոն Գրիգորյանը, բայց և, համենայնդեպս, խուսափել դրանից, ի վերջո, չի հաջողվի, եթե հաշվի առնենք մանավանդ, որ բազմաթիվ առաջադրումների ընթացքում գործող գյուղապետն ընդամենը մեկ անգամ է մրցակից ունեցել: Այսօր որքան ծանր ու դժվարին է համայնք ղեկավարելը, նույնքան էլ բարդ ու  պատասխանատու, ուստի նման պաշտոնի համար առանձնահատուկ որակ ու հատկանիշներ են անհրաժեշտ…
SHARE