Համբավն ու հեղինակությունն ամենակարևորն են

0
25

Նվիրում

watermarked_Merdzavan Levon Grigoryan (2)

   Մերձավանի գյուղապետ Լևոն Գրիգորյանից տեղեկացանք, որ համայնքում գրեթե լուծված է երեխաների ու պատանիների զբաղվածության հարցը, ինչը շատ կարևոր է համայնքի ղեկավարի համար: Ամբողջապես վերանորոգված է մշակույթի տունը, որտեղ գործում են պարի /<<Փայլող աստղեր>>/, կարատեի խմբեր, որոնք բարձր արդյունքներ են արձանագրել: Համայնքի ֆուտբոլի թիմը խաղում է ՀՀ առաջնությունում, 2 անգամ գավաթակիր է դարձել, արժանացել բազմաթիվ պատվոգրերի: Մոտ 70 երեխա է պարապում ֆուտբոլի թիմում: Գյուղապետի և նրա ընկերների անձնական միջոցներից մոտ 20 հազար դոլարի ներդրում է արվել ֆուտբոլի խաղադաշտի վերանորոգման համար: Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ խոստացել է լուծել արհեստական խոտածածկի հարցը:

  Լ. Գրիգորյանի խոստովանությամբ, առանց ընկերոջ այսօր ոչ մի հաջողության չես հասնի: Ո՜ւմ է պետք միայնակ, առանց ընկերոջ մարդը. <<Գյուղի բնակիչների մեծամասնությունն իմ ընկերներն են: Ընկերություն անելիս մարդը պետք է անշահախնդիր լինի: Ընկերոջը պիտի կես խոսքից հասկանաս, առանց դիմելու, անհրաժեշտության դեպքում, օգնության հասնես նրան: Ընկերությունը պահպանելու համար պիտի մաքուր լինել, ազնիվ ու անկեղծ: Բանակային ընկերներով ամեն մայիսի 23-ին հանդիպում ենք: Իսկական ընկերությունը ժամկետ չունի` հավերժ է: Կինս էլ ինձ ընկեր է, քանի որ շատ հարցերում կիսվում եմ նրա հետ: Նույնը` որդիներիս հետ: Ընտանիքիդ անդամների հետ պիտի առաջնահերթ ընկեր լինես, ընտանիքում ոչինչ չպիտի թաքցվի, գաղտնի լինի… 18 տարի ղեկավարում եմ Մերձավանը և ընկերներ եմ ձեռք բերել այլ մարզերի համայնքապետերի շրջանում ևս: Նման ընկերությունից պիտի միմիայն լավ զգալ, քանի որ մարդկանց օգտակար լինելու հնարավորություններդ անհամեմատ մեծանում են: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են ընկերներս, որ ցանկացած հարցում կողքիս կանգնած են: Դա, բնականաբար, փոխադարձ է: Մեր` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ էլ եմ ընկերություն անում: Նա շատ լավ մարդ է, համբերատար կլսի քեզ և ճիշտ խորհուրդներ կտա…>>:

  Պարոն Գրիգորյանի համոզմամբ, համայնքապետը նաև հոգեբան պիտի լինի, որպեսզի մարդկանց հասկանա, խղճով պիտի լինի, կամեցող: Նա, իրոք, օժտված է այս ամենով, և պատահական չէ, որ այսքան տարի հաջողությամբ ղեկավարում է համայնքը: Ապրում է բնակչի հոգսերով, խնդիրներ առաջանալիս անպայման աջակցում, նեղյալին դժվարին իրավիճակից հանում:

watermarked_Merdzavan Levon Grigoryan (1)

  Խոսելով կատարված աշխատանքներից, նա նշեց, որ գյուղապետարանի միջոցներով մանկապարտեզն են մասնակի վերանորոգում: 105 երեխա է հաճախում, բայց պահանջը մեծ է, ուստի շուտով 4-րդ խումբն են բացելու: Ամեն ծնված երեխայի 50 հազար դրամ միանվագ օգնություն են հատկացնում: Թեև այստեղ հողագործությամբ զբաղվելու հնարավորությունները սահմանափակ են, սակայն մարդիկ փոքրիշատե աշխատանք ունեն: Գործում են մակարոնի, գուլպայի, քարի արտադրամասեր, գիտահետազոտական ինստիտուտներ, կա կարի ֆաբրիկա: 140 հեկտար խաղողի այգի է հիմնվել: Գինու գործարան է կառուցվում, ինչը նոր աշխատատեղերի հնարավորության մասին է խոսում: Մերձավանում լուծված է նաև խմելու ջրի հարցը:

  Խնդիր կա առայժմ դպրոցի հետ կապված. մինչև օրս համայնքի բյուջեից 50 մլն դրամի ներդրում են արել դպրոցի բարեկարգման աշխատանքներում: Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով ևս որոշակի խնդիրներ են լուծվել: Մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Մարզպետը բոլոր հարցերում աջակցել է համայնքին, իրենց կողքին կանգնած է, ամեն կերպ խրախուսում է համայնքապետի ձեռնարկումները: Լևոն Գրիգորյանը 2006 թ. պարգևատրվել է <<Անանիա Շիրակացի>> մեդալով: Մերձավանը լավագույն համայնքի հատուկ մրցանակի է արժանացել 2014-ին:

  Կյանքի ուսանելի դպրոց է անցել Լ. Գրիգորյանը: Աշխատել է խաղողագործության ինստիտուտում, վարորդից հասել է մատակարարման բաժնի պետի, բազայի տնօրենի պաշտոնների: Ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Պավել Արզումանյանից է շատ բան սովորել: Մարդկային է համագյուղացիների հանդեպ, ունեցած  հնարավորություններից առավել օգնում, ձեռք է մեկնում բնակիչներին: Բարի համբավն ու արժանի հեղինակությունն ամենակարևորն են նրա համար, ահա թե ինչու հարգանքի ու բարձր վստահության է արժանանում իր շրջապատում…