Հայաստանի <<դեսպանն>> Ավստրալիայում

0
73

Որ հայրենիք վերադառնալու և ազգային երգարվեստում իր գործը շարունակելու մասին է երազում…

Հոգեկերտվածք

watermarked_Eduard Darbinyan ergich

   Մեր շատ սիրելի երգիչ Էդվարդ Դարբինյանի հետ հանդիպումը լրիվ պատահական ստացվեց, և այդ առիթն էլ, կարելի է ասել, մեր ձեռքից բաց չթողեցինք…

  -Նախ ասեմ, որ ես Հայաստանից չեմ գնացել,- անկեղծացավ երգիչը,- ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և կշարունակեմ մնալ: Բացակայությունս ժամանակավոր է եղել, մեկնել եմ հեռուստառադիոպետկոմից որպես լրագրող, և այնպես ստացվեց, որ մնացի Ավստրալիայում, քանի որ ապրելու խնդիր կար: Հիմա վերադարձել եմ, և մնացել է որոշակի խնդիրներ կարգավորել այնտեղ, որից հետո վերջնականապես կհաստատվեմ հայրենիքում, կզբաղվեմ իմ գործով: Այս ընթացքում համերգ ունեցա Սուսաննա Սաֆարյանի հետ: Գլխավոր նպատակս այսօր տունս վերակառուցելն է: Հայրենիքում չլինելս բնավ չի նշանակում բացակա լինել հայրենի հող ու ջրից, քանի որ կապս միշտ եղել է այստեղի հետ: Դեռևս 20 տարի առաջ բանաստեղծ ընկերոջս` Ղուկաս Սիրունյանի առաջարկով Ուջանում տուն եմ կառուցել, որն այսօր վերակառուցման խիստ կարիք ունի: Այդ գործում օգնում է մյուս ընկերս, հրաշալի մի մարդ`  ճարտարապետ Համլետ Խաչատրյանը… Ինչ վերաբերում է երգերիս, ապա պիտի ասեմ, որ դրանք հնչեցին դեռևս մեր ազգային զարթոնքից առաջ, և այդ առումով կարող եմ շեշտել, որ երգերս ինչ-որ չափով նախապատրաստեցին այդ զարթոնքը: Խորհրդային ժամանակաշրջանում այնքան էլ դյուրին չէր ազգային- հայրենասիրական երգեր հնչեցնել, բայց մենք հնարն ինչ-որ կերպ գտնում էինք: Հիշեմ <<Պետոյի երգը>>, <<Ձայն մը հնչեց>> և նման այլ երգեր, ինչից էլ սկիզբ առավ տվյալ գործընթացը, որն այն օրերի համար արտասովոր էր: Ավստրալիայի պետական ռադիոյով երաժշտական հաղորդում եմ վարել, ներկայացրել եմ հայ ազգային երաժշտությունը, ինչ-որ չափով` նաև պոեզիա, փիլիսոփայություն: Նպատակ ունեմ այստեղ ևս փորձս ու գիտելիքներս ներդնել երաժշտության  զարգացման գործում, տարածել, քարոզել բուն ազգային երգն ու երաժշտությունը: Այն, ինչ այսօր ունենք տվյալ ոլորտում, խիստ մտահոգիչ է: Երգով ազգի հոգևոր արժեքը ցույց տալու համար պետք է որոշակի պատրաստվածություն ունենալ, համապատասխան կրթություն, զգացողություն, տիրապետել ժողովրդիդ լեզվին ու պատմությանը: Ահա, այս իրողության հստակ գիտակցումն ունենալով, ուզում եմ մատաղ սերնդին հայեցի կրթելու դպրոց հիմնել: Երկրորդը` ուզում եմ յոգայի դպրոց բացել Երևանում: Ավստրալիայում յոգայի դասընթացներ եմ անցկացրել` հենվելով ավելի շատ այդ ուսմունքի փիլիսոփայական կողմի վրա: Յոգա բառը շատ խորիմաստ է` միավորում, միացում, վերամիավորում ինքդ քեզ հետ, քո տեսակի, քո ազգի, Աստծո հետ: Խոստովանենք, սրա անհրաժեշտությունն այսօր առավել քան զգացվում է…

    Ձեր թերթի արածն էլ շատ մեծ գործ է: Ընկերոջ իմաստն էլ մեր առումով հենց դա է` հային հայի ընկեր դարձնել, մարդուն` մարդու ընկեր: Դա բնության մեծ օրենքներից մեկն է, որովհետև աշխարհում ամեն ինչ ձգտում է միավորման: Վերջիվերջո, երբ գալիս ենք Հայաստան, առաջին զգացողություններից մեկն այն է, որ հանդիպենք ընկերներին: Մեր ընկերությունը էն գլխից յուրաքանչյուրիս մեջ հարատև լինելու  զգացում է արթնացրել: Համլետ Խաչատրյանի հետ ընկերություն ենք անում 1985-ից: Առիթն այն էր, որ երկուսս էլ կոմերիտմիության մրցանակ ստացանք: Մեզ ավելի շատ իրար կապել են բարոյական արժեքները, նույն մտածելակերպն ու հոգեկերտվածքը: Բոլոր ընկերներիս մասին էլ դա կարող եմ ասել: Ընկերությունն, առհասարակ, իմ կյանքում շատ մեծ տեղ ունի: Ընկերներով` Էդվարդ Միլիտոնյան, Ռոլանդ Շառոյան, Ղուկաս Սիրունյան, Էդվարդ Բաբայան, Լևոն Ավետիսյան, Համլետ Խաչատրյան, 30-40 տարի միասին ենք…

   <<Ընկերությունը սիրո պես բան է,- մեր զրույցն ընդհատելով, ասաց Համլետ Խաչատրյանը,- և դրա մասին խոսելն այնքան էլ հեշտ չէ: Ուղղակի, ընդհանուր շատ բաներ ունենք Դարբինյանի հետ` աշխարհընկալման առումով, հիմնական սկզբունքները համընկել են, դրա համար էլ անբաժան ենք: Դարբինյանն անդավաճան ընկեր է: Մեր կապը, անկախ հանգամանքներից, մշտապես եղել է ու կա: Կարոտում ենք միմյանց: Էդվարդ Դարբինյանն ընկերության մերան է, բոլորին իրար գլխի հավաքող: Ասես, հավաքվում ենք մի կաթսայի մեջ, և լիաթոք ընկերությունն սկսվում է: Էլի եմ ասում` Էդիկի շնորհիվ…>>:

   <<Ընկեր>>-ին առիթ ընձեռվեց ներկա գտնվելու Էդվարդ Դարբինյանին ճանապարհելու առթիվ կազմակերպված հրաժեշտի երեկոյին: Ղուկաս Սիրունյանին էր վստահված երեկոյի թամադայությունը, և նա փառահեղ հպարտությամբ հենց սկզբում առաջարկեց բաժակ բարձրացնել ընկերության համար: Ընկերություն, որի ոչ գույներն են փոխվել ժամանակի ընթացքում, ոչ համուհոտն է կորչել` իր անաղարտությամբ մնալով աստվածային գեղեցկության մեջ և դրանով փառաբանելով մարդկային այդ վեհ ու վսեմ զգացողությունը: Սիրունյանի խոսքերով, Էդվարդ Դարբինյանը մարդկային բարձր արժեքների կրող է, հրաշալի արվեստագետ ու երգիչ, հրաշալի մարդ ու ընկեր:

   <<Դարբինյանն այս վերջին համերգով ապացուցեց,- ասաց գրող Արմեն Շեկոյանը,- որ իր փառքով երգարվեստում դասվել է Շարա Տալյանի, Արմենակ Շահմուրադյանի և մեր մյուս մեծերի շարքին: Պարզապես, նոր սերունդ եկավ, որը պիտի ճանաչի երգչին, ինչի ուղղությամբ էլ պետք է աշխատել…>>:

   Ներկա ընկերների շարքում նաև Էդուարդ Բաբայանն էր, ում նման ընկեր ունենալը, Դարբինյանի խոսքով, մեծ պարգև է, հպարտություն ու երջանկություն. <<Իմ լավ ու վատ բոլոր օրերի մեջ նա եղել է հավատարիմ ու ամենամտերիմ ընկերս: Նրա դերը շատ մեծ է եղել իմ կայացման ու հանրաճանաչության գործում>>: Բաբայանն իր հերթին նշեց, որ Դարբինյանը շատ առատաձեռն է, սիրտը բաց, այնքան հասկացող, որ իր վաստակած ամենափոքր լուման անգամ ընկերոջը բաժին կհաներ: Սիրված ու սպասված է բոլոր ընկերների ընտանիքներում: Իսկ օպերայի մեներգչուհի Լիլիթ Հակոբյանը նշեց. <<Ուսումնասիրում էի այս ընկերությունը, նկատեցի, որ այս ընկերներին միացնում է բարությունը: Այս ընկերության հզոր սյունը այդ բարությունն է: Բոլորն էլ բարի մարդիկ են, առանձին-առանձին` խելացի ու տաղանդավոր, բայց նրանց կապողը չափազանց բարի լինելու շնորհն է, որն էլ ավելի հզոր է: Եվ ոչ մեկի տաղանդը մեկը մյուսին չի խանգարում>>:

 <<Կարիերան, պաշտոնը երբեք չեն փոխել մեր ընկերությունը,- հավելեց Լևոն Ավետիսյանը:- Մեզ միմյանց կապողն ազնվությունն է, մաքրությունը: Այսօր այստեղ հավաքվել է մեր ընկերության կորիզը…>>: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքերը ևս անկեղծ ու սրտաբուխ էին. <<Էդվարդի իմացությունների դաշտը շատ մեծ է, և նա ինչ ուզենար` կդառնար: Բոլոր ասպարեզներում գիտակ ու շնորհալի է, բազմահմուտ ու բազմակողմանիորեն զարգացած: Այդ ամենով հանդերձ, հրաշալի մարդ է, հրաշալի ընկեր: Նրա կարիքը մշտապես զգում ենք, և երբ նա վերջնականապես վերադառնա հայրենիք, այստեղ շարունակի իր գործը, ապա բոլորս էլ կշահենք, նրանով հպարտանալու և նրա մասին  խոսելու հրաշալի առիթներ դեռ շատ կունենանք…>>: