Հայի մեծ թշնամին

0
1

Գաղթականությունն է մեր մեծ թշնամին

Ու չենք կարող հաղթել այդ անզգամին,

Մտել է պնչերս օտարի քամին

Մեզի յուր շահերին խաղալիք կանե:

Ջիվանի

 

Հայաստանն ունի երկու կարևորագույն խնդիր` անվտանգության և ժողովրդագրական: ժամանակն է, որ ազգովի, համապետական մակարդակով մտածենք ժողովրդագրական խնդիրը լուծելու մասին: Հայաստանն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ: Օր առաջ պետք է ռազմավարություն մշակվի, օր առաջ պետք է մեր երկրի արտագաղթը կասեցվի, մնացածը լոլոներ ու կենացներ են…

Մենք իրավիճակի դինամիկ զարգացման զարկերակը կորցրել ենք, զբաղված ենք մեկօրյա կամ մեկշաբաթյա կյանք ունեցող կեղծ օրակարգերի սպառմամբ` չգիտակցելով պետականության տեսանկյունից մնայունը: Իսկ ժամանակը գնում է, և ժողովրդագրական միտումների առումով խնդիրները ծայրաստիճան խորանում են…

 

Ահա, այսպիսի լուրջ ահազանգեր են այսօր արդեն հնչեցվում տարբեր ամբիոններից, քաղաքական գործիչների ու առանձին անհատների շուրթերից: Իսկ մասնագետներն իրենց հերթին հիշեցնում են` արտագաղթի կասեցումը օրենքով լուծվող խնդիր չէ, մեկ փաստաթղթով կամ ռազմավարություն մշակելով հնարավոր չէ իրավիճակի փոփոխություն արձանագրել: Դրա համար հարկավոր է տարբեր ոլորտներում նպատակադիր քաղաքականություն իրականացնել:

Մահացության թվերն աճում են, ծնելիությունը` նվազում, իսկ միգրացիայի մնացորդը գնալով մեծանում է: Հետազոտությունները վկայում են, որ մեր երկրից մեկնողների թիվն անհամեմատ գերազանցում է ժամանողների թվին: Արտագաղթի դեմքն առավել մտահոգիչ է մայրաքաղաքից դուրս` գյուղական բնակավայրերում, ուր հյուրընկալ հայ գյուղացու փոխարեն տան շեմին դիմացդ <<կտրում>> են փայտե խաչերով կամ մեծ կողպեքներով ամրացված անհյուրընկալ դռները:

Ինչո՞ւ են հայերը հեռանում Հայաստանից, ինչո՞ւ են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ նախընտրում ապաստանել այլ երկրներում: Պատճառները շատ են ու բազմազան, կարելի է երկար թվարկել: Ուսումնասիրողները գտնում են, որ արտագաղթը, որպես բազմաշերտ երևույթ, հնարավոր է ճիշտ գնահատել միայն հետազոտությունների միջոցով, քանի որ միայն այդպես կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկատվություն և տալ հստակ գնահատական: Սակայն պատկերն այնքան պարզ է, որ անգամ հատուկ ուսումնասիրության կարիք չկա: Բավական է շրջել Երևանի փողոցներով, զրուցել մանավանդ ճամպրուկները հավաքածների կամ էլ հայրենիքի կարոտով ժամանակավորապես Հայաստան եկածների հետ, և պատկերը կամբողջանա:

Շատերն են խոսում արդարության պակասից, ինչն, անշուշտ, արտագաղթը խթանող առանցքային հանգամանքներից է, բայց այստեղ կա նաև ակնհայտ հակասություն, երբ պարզում ես, թե դեպի ուր, որ երկիր են արտագաղթում տեղական արդարության պակասից դժգոհողները: Նրանց հիմնական ուղղությունը Ռուսաստան է, և պարզ հարց է առաջ գալիս` իսկ արդա՞ր երկիր են մեկնում մեր տարաբախտ հայրենակիցները…

Չնայած արտագաղթում են նաև հարուստները, և միգուցե ավելի շատ, սակայն տվյալ երևույթի պատճառները գլխավորապես սոցիալ-տնտեսական տիրույթում են` բարվոք կյանքով ապրելու հնարավորությունների, աշխատանքի և բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայություն, տնտեսական կամ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու դժվարություններ և այլն:

Երևույթի մեկ այլ դրսևորում էլ կա, երբ արտագաղթում են սոցիալապես դժվարություն չունեցող, լավ վաստակող անձինք, սոցիալապես ակտիվ երիտասարդները: Դուրսը նրանց մագնիսի պես ձգում է: Դա ամենացավալին է, քանի որ մեզ նման երկրները ուղեղների արտահոսքի դեպքում կհայտնվեն լրջագույն վտանգի առաջ: Իսկ դա արդեն լուրջ ահազանգ է մեր իշխանությունների համար և մեզ ստիպում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել…

Արտագաղթի տեմպերը չեն կարող դադարել, քանի դեռ արմատական փոփոխություններ չեն արձանագրվում, քանի դեռ աշխատատեղերի կրճատման մասին հայտարարող պաշտոնյային այդ թիվը <<ոչ այնքան մեծ>> է թվում: Հարկավոր է միասնական ջանքերով պայքարել արտագաղթի դեմ` նախևառաջ վերացնելով այն ծնող պատճառները, նպաստավոր պայմաններ ստեղծելով հայ մարդու բարեկեցիկ կենսակերպն ապահովելու համար նաև ներգաղթի կամ հայորդիների տունդարձի համար:

SHARE