Հայրենիքը ապրելո՛ւ համար է

0
39
Դրա համար նրան պետք է սիրով ու ջերմությամբ, հոգատարությամբ ու նվիրումով շրջապատել…
Հավատամք

<<Իմ մեկ տարվա կատարած աշխատանքի գնահատականը կտա, անշուշտ, իմ ժողովուրդը, այլ ոչ ես,- մեր զրույցի սկզբում ասաց Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը:- Միայն կարող եմ ասել, որ այս ընթացքում տեղ գտած փոփոխությունները նկատելի են, հատկապես` մշակութային կյանքում: Բացվել են պարի, նկարչության, կարատեի և բռնցքամարտի խմբեր, որոնցում ներգրավված է մոտ 200 երեխա: Արդյունքներն արդեն ակնհայտ են. մասնակցելով տաբեր մրցումների, մերոնք վերադարձել են մրցանակներով: Սեպտեմբերի 21-ը, Անկախության տոնը, մեծ շուքով նշեցինք: Նորակառույց մատուռի օծման ու բացման արարողությունը կատարեցինք, այդ առթիվ մեր ժողովրդին մատաղ բաժանվեց: Մատուռը, ի դեպ, կառուցվել է ընկերոջս` Ռոբերտ Եղիազարյանի միջոցներով: Գյուղապետարանին հարող տարածքն այդ օրը վերածվել էր յուրօրինակ բեմահարթակի` երգ ու պարով, ոսկե աշնան գույներով ու բերքի տոնախմբությամբ: Տոնակատարությունն ավարտվեց հրավառությամբ: Մի քանի խոսք նաև կատարված շինարարական աշխատանքների մասին: Ընկերներիս և իմ անձնական միջոցներով մի թաղամասի ճանապարհ է կառուցվել, ինչի արդյունքում մարդկանց ճանապարհը 2 կմ-ով կարճացվել է: Այն դեռևս վերջնական շահագործման չենք հանձնել: Կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորմամբ գյուղում ամբուլատորիա կառուցվեց: Սկսեցինք ընթացիկ տարվա հունվարից և ավարտեցինք հուլիսին: Բացումը վերջերս էր: Գյուղում մշտական աղբահանություն չի եղել: Այդ խնդրին մեծ ուշադրություն եմ դարձնում, բավարար վիճակ է այսօր, ինչը բնակիչների գոհունակությանն է արժանանում: Այն իրականացվում է բացառապես համայնքի միջոցներով, առանց բնակիչներից գանձումներ կատարելու: Նաև լուսավորության հարցն ենք լուծել: Ձմռանը, սովորաբար, խնդիրներ ենք ունեցել ճանապարհի հետ կապված, բայց ընթացիկ տարում տրանսպորտի երթևեկն անխափան է եղել: Գյուղը խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի, ինչի լուծումն ինձ համար առաջնահերթ ու անչափ կարևոր է: Հենց դա կարողացա անել, ապա, հավատացեք, հանգիստ կարող եմ թողնել` հեռանալ համայնքի ղեկավարի պաշտոնից…>>:

   3196 բնակիչ ունեցող Լեռնանիստը հիմնականում <<սնվել>> է արտագնա աշխատանքի արդյունքում ստեղծված միջոցների հաշվին: Այստեղ կենսագործունեության պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ինչը մարդկանց ստիպում է դրսում հայթայթել ապրուստի անհրաժեշտ միջոցները: Այս տարի, գյուղապետի խոսքերով, բավականին բարձր բերք են ստացել, աննախադեպ` վերջին 20 տարիների համար: Կառավարությունը մատչելի գներով բավարար քանակի դիզվառելիք, պարարտանյութ տրամադրեց, որը հավասարաչափ բաշխվեց բնակչությանը: Զբաղվածության հիմնական ճյուղը հացահատիկի /գարի, ցորեն, հաճար/ մշակությունն է: Այն զարգացնելու տրամադրվածությունը մեծ է, հատկապես`  այս տարվա բարձր բերքով պայմանավորված: 
  <<Ապրում, աշխատում ենք գյուղացու հոգսերով ու խնդիրներով,- շարունակեց պարոն Հայրապետյանը:- Գյուղացին, ըստ էության, շատ բան չի ուզում: Ուզածն էլ  հնարավորինս բավարարում ենք, ջանում գոնե նվազագույնով ապահովել: Պետք է, պարզապես, ճիշտ կազմակերպել աշխատանքները, տեղավորվել ունեցածիդ մեջ` եղած հնարավորությունները հաշվի առնելով, սուղ միջոցները նպատակային օգտագործելով: Համայնքի ղեկավարից առաջնահերթ դա է պահանջվում, ինչն էլ, պիտի ասեմ, ինձ հաջողվում է: Սիրում եմ իմ գյուղը և գերագույն նպատակս կառուցելն է, լավ գործ անելը, բարի հետք թողնելը: Օգտվելու բան չկա, միայն պիտի ներդնել, նվիրվել ու աշխատել: Մեր բնակիչները պարտաճանաչ են, իրենց հարկային պարտավորությունները ժամանակին կատարում են: Մանկապարտեզը 3 խումբ ունի, 100 երեխա է հաճախում: ՀՀ նախագահի միջնորդությամբ նրան 10 մլն դրամի գույք հատկացվեց…>>:
    Մեր զրույցին միացավ Ռոբերտ Եղիազարյանը, ում հովանավորությամբ էլ կառուցվել է մատուռը: Թեև հայրենիքից դուրս է գործունեություն ծավալում, սակայն շատ ամուր է կապված հայրենի գյուղին, նրա զարգացմանն ուղղված ներդրումներ է անում, մարդկանց օգնում: Համայնքի ղեկավարը շտապեց նշել, որ Ռոբերտի պես ընկերների, մարդկանց կարիք գյուղն այսօր շատ ունի: <<Ես բավականին հարուստ եմ,- ասաց Ռ. Եղիազարյանը,- և իմ հարստությունը գտնում եմ ընկերներիս մեջ: Ընկերներով շրջապատված եմ: Բոլոր բնագավառներում ունեմ ընկերներ: Ներքին  գործերի համակարգում եմ ծառայել, առաջիններից մեկը, որպես կամավոր, 1990-ական թթ. մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Պատերազմից հետո մեկնել եմ Մոսկվա, որտեղ և բնակվում ու ծավալում եմ գործունեությունս: Կարելի է ասել` այստեղ ապրում եմ, այնտեղ աշխատում…>>: 
    Եթե ընկերության մասին է խոսքը, ապա այդ պահին, բնականաբար, ընկերների պակաս էլ չպիտի զգացվի: Այդպես էլ եղավ` մեզ միացավ նաև Անդրանիկ Զոհրաբյանը: Նա հանրահայտ կինոնկարի խոսքը հիշեց` <<Ընկերոջ համար հոգի տալ, դժոխք էլ լինի` գնալ>>: Ըստ Անդրանիկի, ընկերությունը խոսքերի կարիք չունի, պետք է ապրել նրանով: Ընկերների նշանաբանը նույնը պիտի լինի: Ռոբերտի հետ մանկության ընկերներ են, ինչը երկուսի համար էլ անփոխարինելի հարստություն ու գանձ է: Համոզված են այն բանում, որ ընկերության հինն է լավ, հագուստի` նորը: Ընկերության մեջ դավաճանությունն անհամատեղելի ու անհանդուրժելի է: Ընկերոջ հոգսերն ինքնաբերաբար նաև քոնն են: Անդրանիկն ու Ռոբերտը միասին Մոսկվայում են: Վերջինիս խոսքով, Անդրանիկը շատ նվիրական ընկեր է, նվիրական զգացումով դեպի ընկերն ու ընկերությունը: 44 տարվա ընկերությունը պահել է մաքրությունը: Ջերմ ու մտերմական այս ընկերախմբի յուրաքանչյուր հանդիպում, հավաքույթ անպայման համեմվում է Ջիվանու ընկերությանը նվիրված հանրահայտ երգով, որը կատարում է Անդրանիկը…
  Լեռնանիստցիները արարող, ստեղծող, շատ ընկերասեր ու մարդկային են, կրթական մակարդակն այստեղ շատ բարձր է: Կրթված, գրագետ ու զարգացած մարդկանց բնօրրան է գյուղը: Բնակլիմայական դժվարին ու անբարենպաստ պայմաններում անգամ կարողանում են արժանապատվորեն հոգալ իրենց ապրուստի կարիքները և հետ չմնալ շատ-շատերից: Հավատարիմ են ազգային նկարագրին ու դարավոր ավանդույթներին, ինչը լավագույնս կրող արժանավոր ներկայացուցիչներից մեկն էլ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանն է: Համագյուղացիների խոսքերով, այս մեկ տարվա ընթացքում այնքան լավ բան է արվել գյուղի համար, որքան չի արվել վերջին 20 տարում: Համայնքի առաջընթացն ու զարգացումը հաստատուն քայլերով առաջ են ընթանում: Ցանկացած ձեռնարկում, միջոցառում բարձր մակարդակով է անցնում, բավարարվածության զգացում պարգևում համայնքի բնակիչներին: Ահա թե ինչու համայնքի համախմբվածությունն առավել ամրապնդվել է, մթնոլորտն ավելի ջերմ ու հարազատ դարձել: Գնահատելով իրենց համայնքապետի աշխատանքն ու նվիրումը, մարդիկ կանգնած են նրա կողքին և ամեն ինչով սատարում են նրան: Ընկերներն էլ իրենց հերթին են աջակից համայնքապետ ընկերոջը և համատեղ ու միասնական ջանքերով նպաստում են գյուղի առաջընթացին…                  
SHARE