Հայրենիքի զինվոր

0
48

Սրբազան պարտք ու բարձր կոչում, որին հավատարիմ են մնում ընտրյալները…

Հավերժացում

watermarked_PC150002

  2014 թ. օգոստոսի 1ին ազերիների կողմից հերթական դիվերսիան կազմակերպվեց Արցախի Մարտակերտի մարտական դիրքերի ուղղությամբ: Զոհերի թվում նաև Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից Սարգիս Մովսիսյանն էր: Նա սովորում էր ճգնաժամային կառավարման ակադեմիայում: <<Կյանք` կյանքի համար>> նախագծի շրջանակներում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից գյուղի դպրոցի բակում կանգնեցվել է Սարգսի հուշարձանը: Հերոս զինվորը հետմահու արժանացել է ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ բարձր պարգևների…
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը, համայնքապետարանի հետ կրթօջախի կապը շատ սերտ ու բարեկամական է: Համայնքապետ Եսայի Մովսիսյանն առանձնահատուկ մոտեցում ունի թե՛ դպրոցի, թե՛ նրա կոլեկտիվի ու աշակերտության հանդեպ: Համատեղ ու միասնական շատ ձեռնարկումներ են հաջողությամբ կյանքի կոչում:
– Գյուղի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանը` իր շրջակայքով, ասաց տնօրենը, մեր երեխաների ուշադրության կենտրոնում է: Նրանց ձեռքերով տնկված ծառերը գեղեցիկ այգու են վերածվել: ԱրմավիրՄայիսյան մայրուղու երկու կողմում ձգվում է բարդիների գեղեցիկ ծառաշարը: Այն վերականգնվել է երեխաների նախաձեռնությամբ, քանի որ 1990ականներին եղածը կտրվեց: Դպրոցականները հանդես եկան հետևյալ կոչով` <<Մեր պապերը տնկել են, մեր հայրերը կտրել են, մենք վերականգնում ենք>>, և այն կյանքի կոչեցին… Դպրոցում ստեղծվել է Արցախում և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված 7 զինվորների /այդ թվում` Սարգսի/ փառքի սրահ: 12րդ դասարանցիները նախաձեռնությամբ են հանդես եկել` վերանորոգել իրենց դասասենյակը և, նվիրելով այն մեր հերոս տղաների հիշատակին, հուլիսի 1ին` Սարգսի ծննդյան օրը, հանդիսավորապես բացել այն: Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցին նվիրված միջոցառում ենք անցկացնելու, որի ժամանակ մեր սուրբ խոնարհումն ենք բերելու բոլոր նահատակների հիշատակին: Սարգիսը, կարելի է ասել, արտասովոր ոչինչ չուներ: Բայց զինվորական ծառայությունը նրան շատ էր փոխել` դարձել էր առնական, ֆիզիկապես ամուր ու կոփված: Բնականաբար, այդպես էլ պիտի լիներ` նա կանգնած էր մնալու իր դիրքում և պատվախնդրորեն ընդունելու էր թշնամու կողմից իրեն նետված ձեռնոցը: Նրա տեսակը չէր կարող նահանջել, չէր կարող պարտվել: Ընդունեց մարտը և զոհվելով` հաղթեց նենգ թշնամուն: Գիտակցաբար գնաց ինքնազոհաբերման` բարձր պահելով հայրենիքի զինվորի անունն ու պատիվը: Թասիբով տղա էր, արժանավոր հայորդի, իսկական ընկեր… watermarked_PC150042
Ասյա Գասպարյան /Սարգսի անունը կրող դասարանի դասղեկ/. Երեխաները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Սարգսի անվանը և առանձնահատուկ պարտավորվածություն են զգում` և՛ լավ սովորելու, և՛ կարգապահ լինելու: Սարգիսը միշտ նրանց կողքին է, նրանց ուղեկից ու ոգեշնչող: Սարգիսն իր համուհոտն է թողել հարազատ դպրոցում: Շատ լավ չի սովորել, բայց առանձնահատուկ է եղել բնավորության լավագույն հատկանիշների ցուցաբերման շնորհիվ: Մենք նրանով և հայրենյաց պաշտպան մեր բոլոր զինվորներով հպարտանում ենք: Ես Սարգսի հայրիկին այնքան էլ լավ չեմ ճանաչում, որքան պարոն Մովսիսյանին` որպես համայնքի ղեկավարի, ով Սարգսի հորեղբայրն է: Այդպիսի հարց չի եղել, որ դիմենք, և ինքը մարդկայնորեն չընդառաջի մեզ: Գյուղացիներից ցանկացածին, առհասարակ, կաջակցի: Նա մարդկային բարձր արժանիքներ կրող անձնավորություն է: Այդ գենը Սարգսի մեջ էլ կար: Սարգիսը համեստ ու բարեկիրթ երիտասարդ էր: Հիշում եմ նրա կարմրելը, որ մարդու մասին շատ դրական բան է ասում: Հավատացած եմ, նրա մեջ հայրենիքը կորցրած պապերի արդար ցասումն ու վրեժն են խոսել, երբ աներեր կանգնել է թուրքի դիմաց: Սարգիսը տվեց կյանքը` հանուն կյանքի: Կարճ ապրեց, բայց համուհոտ թողեց, անուն ու հիշատակ թողեց: Օրինակ է իրենից հետո եկող հայրենիքի ապագա զինվորների համար…
Քնքուշ /Սարգսի դասընկերուհի/. Մեկը չկար դասարանում, որ Սարգսի հետ մտերիմ չլիներ: Ինքը միշտ հաշտեցնողի, խաղաղարարի դերում էր: Դրական հույզերով, զգացմունքային ընկեր էր: Նրան առանց ժպտի չես կարող հիշել, ժպիտ, որ հարթում էր ամեն վիճակ: Իրենց այգու խնձորներից պայուսակի մեջ լցրած` բերում, հյուրասիրում էր բոլորիս: Շատ նախաձեռնող էր, ակտիվ ու համարձակ: Սպորտին նվիրված էր, զբաղվում էր կարատեով: Սարգիսը, Սևակը, Մարոն` ոնց որ մեր դասարանի եռյակ միությունը. միշտ միասին էին, իրարից անբաժան: Սարգիսն իսկական ջենթլմեն էր, միշտ պատրաստակամ` իր ծառայությունը մատուցելու: Եթե մեկն ինչոր խնդիր ունենար, ապա հաստատ հույսը կարող էր Սարգսի վրա դնել, չնայած Սարգիսը չէր սպասի, որ իրեն դիմեն` ինքն իր կամքով դա կաներ: Թույլի, անպաշտպանի կողքին կանգնած էր: Շատ ընկերասեր ու մարդկային էր: Ես չգիտեմ որևէ մեկի, որ նրան չսիրեր կամ չհարգեր: Շատ բարի էր, կյանքով լեցուն, ժպիտը դեմքին: Սարգսի բացակայությունը շատ է զգացվում և դեռ շատ կզգացվի: Նրա տեղը դատարկ է մնացել…
– 1991 թվականից ղեկավարելով համայնքը, իր հերթին նշեց Եսայի Մովսիսյանը, բազմաթիվ աշխատանքներ եմ կատարել: Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակի հուշաքար ենք տեղադրել գյուղի կենտրոնում: Ամբուլատորիայի սենյակները կահավորվել են առողջապահության նախարարության կողմից, իսկ վերանորոգման համար համայնքը ներդրել է 2 մլն դրամ գումար: Միջնակարգ դպրոցում բացվել է նախակրթարան, որի կահավորման հարցում ևս մենք մեր ներդրումն ենք ունեցել: Նախորդ տարի կենտրոնական ճանապարհի լուսավորման հարցն է լուծվել: Ծառաշեն /այսօր արդեն` Սարգսի անվան/ թաղամասի կենտրոնական փողոցում էլ ենք լուսավորություն անցկացրել: Ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, և պետական աջակցության ծրագրերով նախատեսված միջոցառումներից մեր գյուղացին ևս ժամանակին օգտվել է: Նախորդ տարի վերականգնել ենք խորքային 2 հոր, ևս մեկը հորատվեց <<Արմավիր>> ՋՕԸի կողմից` մարզպետի միջնորդությամբ և համայնքի մասնակցությամբ: Այն ոռոգում է 40 հեկտարից ավելի հողատարածք: Խորքային ևս մեկ հորի անհրաժեշտություն կա, և նորից պիտի դիմենք մարզպետին` պարոն Ղահրամանյանին, որպեսզի օգնի մեզ այդ հարցում: Համայնքին մտահոգող հիմնախնդիրը ճանապարհների ասֆալտապատումն է, ինչը մեր ուժերից վեր է: Հուսով ենք, որ մարզպետի աջակցությամբ խնդիրն առաջիկա տարիներին կլուծվի: Հաջորդ խնդիրը մշակույթի տան վերանորոգումն է: Դպրոցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Ֆինանսական ներդրումներով և բարոյական աջակցությամբ մեր դպրոցականների կողքին ենք, օգնում ենք հնարավոր ամեն ինչով: Պիտի ասեմ, որ այսօրվա պայմաններում ղեկավար աշխատելը շատ դժվար է: Ղեկավարը պետք է համբերատար լինի, հարգանք վայելի…
Պարոն Մովսիսյանի խոսքերով, ընկերական ջերմ հարաբերություններ ունի Մրգաշատի, Խանջյանի, Ակնալճի համայնքապետերի հետ: Միմյանց թև ու թիկունք են. <<Ընկերությունն ամենալավ բաներից մեկն է: Ընկերության շնորհիվ շատ հարցեր կարելի է լուծել: Մտերիմ եմ նաև Զարթոնքի, Արևիկի և մյուս գյուղապետերի հետ: Մեր բոլոր համայնքապետերն էլ նվիրված են իրենց համայնքին, ընկերությանն ու ընտանիքին: Այսօր հենց այնպես մարդուն համայնքի ղեկավար չեն ընտրի: Հիմնական պայմանը ժողովրդի հետ, ժողովրդի կողքին լինելն է: Մարդուն օգուտ պիտի տաս, նրա մատից փուշ հանես…>>: