Հայրենիքի սահմանը` հուսալի ու ապահով

0
18
Հերոսական կեցվածք, որ պատշաճ ու արժանի է սահմանը պահող հերոս մարդկանց, հերոս բնակավայրերին…

Գործելակերպ

Բաղանիսի ծխախոտի կանաչ զանգվածի ընդունման կետի աշխատակիցների խոսքից. <<Արդեն 3-րդ տարին ենք այստեղ աշխատում: Գոհ ու շնորհակալ լինելուց բացի` այլ բան չենք կարող ասել: Մեր խնդիրները, կարելի է ասել, բավարար չափով լուծվել են: Ամենակարևորը` շատ լավ է ընդհանուր գյուղի, համայնքի համար: Բայց քանի որ սահմանամերձ գոտի է, ցանկալի է, որ ուշադրությունն ավելի` կրկնակի, եռակի անգամ մեծ լինի: Աշխատավարձերը հնարավորինս բարձրացվեն, վարձատրությունն ավելացվի, չէ՞ որ գնալով կյանքը թանկանում է, ամեն ինչի գները բարձրանում են: Նոր աշխատատեղեր բացվեն, արտադրություններ հիմնվեն, որպեսզի ջահելությունն էլ մնա գյուղում, մեզ ավելի ապահով ու հանգիստ զգանք…>>:
  ԱՐԱՐԱՏ ԵԴԻԳԱՐՅԱՆ /ընդունման կետի ղեկավար/.- Տեղամասում ծխախոտահումքի չորացման 17 խցիկ ունենք: Ընդունում ենք Բաղանիսի ենթաշրջանի մոտ 40 հեկտարի վրա աճեցված ծխախոտի բերքը: Այն, ինչ ստեղծվել է այստեղ  Վարդանյանների կողմից, շատ մեծ օգնություն է գյուղին: Ամենակարևորը` հույս ու հավատ է ներշնչում մարդկանց, որ շարունակեն իրենց ծննդավայրում, հայրենի հողում լավատեսությամբ ապրել ու գործել: Եթե էլի մարդիկ լինեն, որ այստեղ գործ, արտադրություն հիմնեն, ապա ոչ ոքի մտքով չի անցնի թողնել սահմանամերձ բնակավայրը և հեռուներում ապրուստի միջոց փնտրել: Հայրենիքի սահմանը պիտի ամուր ու ապահով լինի… Ծխախոտի մշակությունը մեր տարածաշրջանում նոր թափ է հավաքում: Սրտացավ վերաբերմունք ու մեծ հոգատարություն ենք զգում <<Մասիս Տոբակո>>-ի կողմից: Հավատացած ենք, որ Վարդանյանները մտածված ու հեռատեսորեն են առանձնահատուկ վերաբերմունք դրսևորում սահմանամերձ գոտու, մեր գյուղերի նկատմամբ: Մեր կողքին են կանգնել` ասելու, որ մենք մենակ չենք, որ իրենք մեզ պաշտպան ու նեցուկ են: Այլ խոսքով ասած, ինչ-որ առումով նաև պետության գործառույթ են վերցրել իրենց ուսերին` շատ կարևոր, կենսական խնդիր լուծելով: Խնդիր ասածը համայնքի ընդհանուր կենսագործունեության բարելավմանը  վերաբերող ցանկացած հարց ու հոգս է ներառում: Արած բարեգործությունը չափ ու սահման չի ճանաչում: Նրանց կեցվածքը, գործելակերպը հերոսական են` սահմանամերձ գոտու հերոս մարդկանց, հերոս բնակավայրերին պատշաճ ու արժանի… Գնահատելով այդ ամենը, ինչպես նաև լավ պատկերացնելով իրավիճակը, ուզում եմ առիթից օգտվել և մեզ բոլորիս հետաքրքրող մի հարցի անդրադառնալ: Խոսքը հետևյալի մասին է: Որպեսզի գյուղատնտեսությունը և մասնավորապես ծխախոտագործությունը զարգանան, գյուղացին հողից բավարար եկամուտ ստանա, պետք է բավարար ոռոգման ջուր ունենանք, որակյալ թունաքիմիկատ և պարարտանյութ, գյուղտեխնիկա, ինչպես նաև մատչելի գներով վառելանյութ: Այսինքն, գյուղացուն այս ամենը պիտի հասանելի լինի, ինչի համար բավարար գումար, բավարար վարձատրություն է հարկավոր: Այս խնդրի դրական լուծման դեպքում, հավատացած եմ, մեր ժողովուրդն ավելի մեծ հնարավորություն կունենա զբաղվելու իր տնտեսությամբ, իր հողն ու այգին մշակելով, ինչն էլ իր հերթին կբերի գյուղի, համայնքի առավել զարգացմանն ու շենացմանը: Այսինքն` մեր երկրի սահմանն առավել հուսալի դարձնելուն, մարդկանց հավատն ու վստահությունն էլ ավելի ամրապնդելուն: Վարդանյաններն, այո՛, շատ մեծ ու անուրանալի գործ են անում մեզ համար, կանգնած են ամեն ինչով մեր թիկունքին, և եթե այս հարցում էլ մեզ հնարավորինս ընդառաջեն, ֆինանսական բարելավում կատարեն, ապա նրանց մեծությունն, անկասկած, ավելի հզոր ու մնայուն կդառնա… Չեմ կարող չնշել նաև, բոլորիս ցանկությունն արտահայտելով, պարոն Թադևոսյանի մարդկային մոտեցումն ու սրտակից վերաբերմունքը մեր աշխատանքի ու հոգսերի նկատմամբ: 

  Այդ պահին մեզ մոտեցավ Հովհաննես Թադևոսյանը և, բնականաբար, անտեղյակ մեր զրույցից, անհրաժեշտ համարեց հետևյալն ասել. <<Մեր լավագույն տեղամասերից մեկն է: Պիտի ասեմ, որ Արարատյան դաշտում մարդիկ ապրուստի հայթայթման ավելի մեծ հնարավորություններ ունեն: Այստեղ հիմնական եկամտի աղբյուրը ծխախոտագործությունն է, ուստի ընդհանուր վերաբերմունքն ու աջակցությունը պիտի մի քիչ ուրիշ, առանձնահատո՛ւկ լինեն: Այո, շատ բան է արվում նրանց համար, անչափ մեծ ու շնորհակալ աշխատանք, բայց և, ես էլ եմ այդ կարծիքին, հնարավորության սահմաններում առավելագույնը պիտի արվի…>>:
  ՎԱՐԴԱՆ ՋԻԼԱՎՅԱՆ /Հաղթանակի ծխախոտի կանաչ զանգվածի ընդունման կետի պատասխանատու/.- Վարդանյանների մուտքը մեր տարածաշրջան փրկության պես մի բան էր: Մեր վիճակն աննախանձելի էր` պատերազմի ծանր հետևանքներ, շրջափակում, ամենօրյա վտանգ և այլն: Ահա այս պայմաններում աշխատատեղեր ստեղծվեցին, մեզ օգնող ձեռք հայտնվեց, հզոր պաշտպան ունեցանք, ինչի ամենակարևոր արդյունքը գյուղից արտագաղթի հոսքի դանդաղեցումը եղավ: Գյուղն, ասես, մեկեն սթափվեց, մեջքը շտկեց և, լավատեսությամբ ու հույսով լցված, հայացքն ապագային հառեց… Մեր կետն արդեն աշխատանքային 8-րդ տարեշրջանն է թևակոխում: Չորանոցային 52 խցիկ ունենք, 130 աշխատող: Ծխախոտի ցանքատարածքները մեր ենթաշրջանում 160 հեկտար են զբաղեցնում: Եվս 700-800 մարդ դաշտում է զբաղված, ինչը մեզ համար, ներկայիս պայմաններում, բավականին բարձր ցուցանիշ է: Առհասարակ, ղեկավարության հետ մեր աշխատանքային փոխհարաբերությունների հիմքում մարդկայինն է ընկած, ընկերականը:
SHARE