Հայրենիքն ամեն ինչից վեր է

0
23
Լավատեսություն
-1993 թվականից աշխատում եմ Դարբնիկում,- ասաց համայնքապետ Ազատ Խաչատրյանը,- և աշխատածս այդ ամբողջ տարիներին կարողացել եմ ժողովրդի հետ մերվել, հասկանալ ժողովրդի դժվարությունները և միշտ նրա տրամադրության մեջ մտնել: Այնպես որ, կարծում եմ, այս 20 տարվա ընթացքում կարողացել եմ նվաճել ժողովրդի սերն ու հարգանքը և գիտեմ, որ իր կողմից գնահատված եմ` և՛ որպես լավ ղեկավար, և՛ որպես լավ մարդ: Կարողացել եմ գյուղում զգալի աշխատանքներ կատարել: Երբ առաջին անգամ եկա գյուղ, գազ, լուսավորություն, բուժկետ չկար, խմելու ջուր չունեինք, ոռոգման համակարգը նորմալ չէր գործում: Այս տարիների ընթացքում կարողացա աստիճանաբար լուծել գազի հարցը: Գրեթե բոլորն ապահովված են գազով: Գրեթե 70 տոկոսով ապահովված ենք գիշերային լուսավորությամբ, ունենք նորմալ ջեռուցվող դպրոց: Ընդ որում, դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը վերանորոգվել են տարբեր ծրագրերի շրջանակներում: Այստեղ մեծ լումա ունի իմ ընկերական շրջապատը, որ ինձ օգնել է այսքան գործ անել գյուղի համար: Դրա հետ մեկտեղ կարողացել եմ բարելավել կուլտուր-կենցաղային խնդիրները: Ճանապարհները խճապատված են: Խմելու ջրի ջրագծեր անցկացնելու նոր ծրագիր է իրականացվում, նախորդ տարվա նոյեմբեր- դեկտեմբերից աշխատանքներն սկսվել են` անցկացվելու է 6 կմ ջրագիծ: Այս տարի ունենք նաև ոռոգման համակարգի հետ կապված նոր ծրագիր` 4 կմ հողային առուները կփոխարինենք կիսախողովակներով: Քանի որ ոռոգման համակարգը սնվում է արտեզյան ինքնաշատրվանող հորերից և դրանցում ջրի մակարդակը նվազում է, ուստի այս տարի ևս երկուսը /երեքն ունենք արդեն/ պիտի հորատենք: Դրանով գրեթե 80 տոկոսով ոռոգման խնդիրը կլուծվի: Ժողովրդիս հոգսն իմ հոգսն է: Թե՛ ուրախության, թե՛ դժբախտության պահին յուրաքանչյուրի կողքին կանգնած եմ: Ինչ խնդիր ունենան և օրվա որ պահին լինի, կարող են անարգել ինձ դիմել` վստահ լինելով, որ ինչ-որ կերպ օգտակար կարող եմ լինել: Պարտավոր եմ` թե՛ որպես ղեկավար, թե՛ որպես մարդ յուրաքանչյուրի կողքին լինելու, անելու ամեն ինչ, որպեսզի բոլորի համար էլ լավ լինի: Առաջիկա տարիներին, եթե գյուղապետ աշխատեմ, ինչում չեմ կասկածում, ամբողջ գյուղը գիշերային լուսավորություն կունենա: Թեև լավ վերանորոգված, կահավորված, ջեռուցվող մանկապարտեզ ունենք, բայց ցավալի է, որ չենք կարողանում այն ամբողջ տարին գործարկել. 8-9 ամիս է աշխատում` մեր բյուջեի սղության պատճառով: Այս տարի կջանանք, որ այդ բացը լրացվի և մանկապարտեզն ամբողջությամբ իր նպատակին ծառայի: Ինչպես արդեն նշեցի, այս ամեն լավի մեջ ընկերներիս ներդրումը կա, ընկերներիս շնորհիվ եմ հասել նման հաջողությունների: Ընկերներս կողքիս կանգնած են, ամեն ինչ անում են, որ կարողանամ ինձ լավ զգալ և գյուղի առջև ծառացած խնդիրները բնականոն ընթացքով առաջ տանել: Առանց ընկերության շատ դժվար է հարցեր լուծելը: Կողքիս է նաև իմ աշխատակազմը…

  Պարոն Խաչատրյանը հավելեց, որ ընկերությունը կամավոր միություն է: Հենց այնպես, իմիջիայլոց չի կարող լինել այն, պետք է լինի սրտաբուխ, փոխըմբռնում լինի` միմյանց հասկանալու, ճանաչելու առումով: Որպեսզի ընկերություն անես, ապա պիտի տվյալ անձի հետ ճանապարհ գնաս: Այդ ճանապարհն իր ընկերների հետ անցել է Ազատ Խաչատրյանը: Առհասարակ, փոխադարձության զգացումը մեծ է համայնքում. փոխադարձ շահագրգռվածությամբ բոլորն էլ գործում են` ի շահ համայնքի, ի շահ բնակչի:
  -Կրկին առաջադրելով Ձեր թեկնածությունը, ո՞ր խնդիրների լուծումն եք այսօր առավել կարևորում:
  -Իմ առջև շատ խնդիրներ կան այսօր, որոնք աստիճանաբար հաջողությամբ կգտնեն իրենց լուծումը: Չունենք մարզահրապարակ, մարզադահլիճ` դպրոցի համար: Սա ինձ չի կարող չմտահոգել: Ոռոգման ջրի խնդիրն է անչափ կարևոր, որն իր լուծումը ևս աստիճանաբար կստանա: Այսօր մարդկանց սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ: Երբ մարդն ինձ մոտ է գալիս` իր դժգոհությամբ, տրտունջներով, ես ջանում եմ նրան լավատեսություն ներշնչել: Չէ՞ որ մենք պետականություն ունենք այսօր և այն պիտի պաշտպանենք` անկախ ամեն ինչից: Պետականությունը, հայրենիքն ամեն ինչից վեր են: Այն մարդը, ով մտահոգված է իր երկրի ապագայով, պետք է որոշակի դժվարություններ կրի: Խնդիրները միայն մեզանով չեն պայմանավորված` երկրի, աշխարհի մասշտաբով են, և պիտի անպայման հուսալ, որ ժամանակի ընթացքում կլուծվեն: Այսօր ունենք այն, ինչ ունենք` շատ ու շատ գյուղերից ավելի բարվոք վիճակ…
   Համայնքապետի տեղակալ Էդգար Ավետիսյանը, բնութագրելով առկա իրավիճակը, ասաց հետևյալը. <<Իրար հետ աշխատում ենք շատ հաշտ ու համերաշխ: Ցանկացած հարց միանձնյա չի որոշվում կամ լուծվում, ավագանին իր դերն ու խնդիրն ունի բոլոր առումներով: Ամեն հարցի շուրջ խորհրդակցելուց հետո է սկսվում այս կամ այն գործընթացը: Խաչատրյանի հետ աշխատելը հեշտ է: Շատ աշխատող է, հետևողական: Ամենակարևորը` եսասեր չէ, հարգում է բոլորին: Դրա համար էլ բոլորն իրեն հարգում ու սիրում են: Գյուղը սեփական գերեզմանատուն չի ունեցել, ինքն է հիմնել: Իր ղեկավարման առաջին իսկ օրվանից գյուղն առաջ է գնում, զարգացում է ապրում: Երեխաների համար խաղահրապարակ է կառուցել: Մեր ուժերի ներածի չափով անում ենք, որպեսզի ժողովրդի համար հնարավորինս լավ լինի: Առհասարակ, մեր գյուղը տարբերվում է մյուս գյուղերից բոլոր առումներով, քանի որ մեր ղեկավարն աշխատող է, նախաձեռնող ու ստեղծող: Նրա օրինակով բոլորս էլ միահամուռ ու համախմբված աշխատում ենք` առավելն անելու համայնքի համար: Խաչատրյանի արած գործը տեսնելով, վստահ եմ, որ ժողովուրդն այս անգամ էլ իր ձայնը կտա նրա օգտին` համոզված լինելով, որ հետայսու կարվի ավելին…>>:
SHARE