Հայրենիք, երեխա, ծնող, ընկերություն

0
25
Չորս սրբություն, որ անբաժանելիորեն կապված են իրար, իրար միահյուսված…

Հավատամք

   -Ոսկեվազը,- ասաց համայնքը 22 տարի ղեկավարող Հայկ Հովհաննիսյանը,- Արագածոտնի մարզի 111 գյուղական համայնքից իր մեծությամբ 3-րդն է` Արագածավանից ու Օշականից հետո: Ունենք մոտ 5 հազար բնակիչ: Գործում են հանրակրթական միջնակարգ և արվեստի դպրոցներ, մանկապարտեզ, որտեղ հաճախում է 140-160 երեխա, գրադարան-ակումբ: Ունենք երկու գործարան: Մեկը նախկինում կառուցված գինու գործարանն է, որը հայտնի է այսօր <<Ոսկեվազ>> գինիներով, մյուսը` արդեն 4-րդ տարին բոլորող <<Հայասի գրուպ>> մեր գործարանը, որտեղ աշխատում է 200-250 մարդ, մեծամասամբ` տեղացիներ: Դա մեծ ձեռքբերում էր Ոսկեվազի համար, քանի որ այսօր գյուղում, կարելի է ասել, չաշխատող մարդու չես հանդիպի: Ոսկեվազցիներն, առհասարակ, աշխատող ժողովուրդ են, 130-150 հեկտար ելակի դաշտեր ունենք, ինչը և Ոսկեվազին ելակի փոքր հայրենիքի համարում է տվել: Եթե բնական աղետներն իրենց <<սև գործը>> չանեն, ապա միայն դրանով հնարավոր կլինի հոգալ ապրուստի հիմնական միջոցները: Ցավոք, պրոբլեմներ ունենք նաև ոռոգման ջրի հետ կապված: Մյուս մշակաբույսերի համեմատ, ելակն ավելի շատ ջուր է պահանջում, ինչը բավարարելն այսօր այնքան էլ հեշտ չէ: Դիմել ենք այդ հարցով կառավարություն` խնդրելով երկրորդ դոտացիոն գիծը հատկացնել մեզ Արզնի-Շամիրամից: Ելակի մշակության, բերքահավաքի շրջանում հարակից գյուղերից գալիս են մեզ մոտ օրավարձով աշխատելու: Ունենք նաև ջերմոցային տնտեսություններ, որտեղ նույնպես ներգրավվում են վարձու աշխատողներ…
   Պարոն Հովհաննիսյանը հպարտությամբ նշեց, որ 1993 թ. իր նախաձեռնությամբ հիմնադրված արվեստի դպրոցի երեխաները շատ շնորհաշատ են: Այս տարի դպրոցի  պարի խումբը Բաթումում մրցութային ելույթ կունենա: Կրթօջախի սան Գեղամ Գրիգորյանի նկարը 21 երկրի 31 հազար նկարների շարքում առաջինն է ճանաչվել: Մինսկում կայացած միջազգային մրցույթի է մասնակցել, Հայաստանից 800 նկար է ուղարկվել: 2008-ին համայնքի ղեկավարի միջնորդագրի հիման վրա կառավարության կողմից 15 մլն դրամ է հատկացվել դպրոցի վերանորոգման համար: Միակ խնդիրը գազաֆիկացումն է, որի համար արդեն համապատասխան գումար է նախատեսվել, ինչն այս տարի կիրականացվի: Համայնքի ղեկավարը հավելեց, որ գումար են հատկացրել նաև մանկապարտեզի գազաֆիկացման համար, և այստեղ ևս կլուծվի ջեռուցման խնդիրը:

     Ոսկեվազում մեծ խնդիր է ոռոգումը: Խմելու ջրի դժվարություններ ունեին, բայց 2007-08 թթ. 230 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, հիմնովին փոխվեցին հին ջրագծերը: Այս տարի արդեն մնացած մասը կփոխեն, կավարտեն համակարգի նորացման աշխատանքները, և խմելու ջրի խնդիր այլևս չի լինի, կունենան շուրջօրյա ջրամատակարարում: Ոռոգման համակարգի հետ կապված, պարոն Հովհաննիսյանի խոսքերով, դիմել են մարզպետարան, կառավարություն` խնդրելով, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, ինչում համայնքը պատրաստակամ է իր բաժին մասնակցությունն ունենալ: Մասնավորապես, ոռոգման նոր ցանց կառուցվի, և եթե հնարավոր լինի Արզնի-Շամիրամից նոր գիծ բերել, ապա կլուծվի նաև ոռոգման ցավոտ խնդիրը: Մոտակա ծրագրերից մեկն էլ եկեղեցու ամբողջական վերանորոգումն է, ինչի համար արդեն 10 տարի է` կառավարության կողմից մի քանի հարյուր մլն դրամ հատկացում է եղել: Մնում է շատ քիչ մաս` գմբեթի և հարդարման աշխատանքները, ինչի համար գումար լինելու դեպքում շատ շուտ եկեղեցին ավարտուն տեսքի կբերվի: 1953 թ. կառուցված մշակույթի տունը երբևէ չի վերանորոգվել, միայն մասնակի նորոգումներ են եղել գյուղապետարանի կողմից: Համայնքի ղեկավարի հավաստիացմամբ, մինչև 2016 թ. կհիմնանորոգեն նաև մշակույթի տունը: 
    -Այս և մի շարք այլ խնդիրների լուծմանը զուգընթաց,- ասաց համայնքապետը,- ինձ համար շատ կարևոր է մարդու գրագետ լինելու հանգամանքը, ուստի շատ մեծ ուշադրություն եմ դարձնում մանկապարտեզին, միջնակարգ և արվեստի դպրոցներին: Ամեն ինչ անում ենք, որպեսզի ոսկեվազցին ոչ միայն լավ ապրի, այլև կիրթ սերունդ ունենա: Ամեն ինչով կանգնած եմ գյուղացուս կողքին, ամեն ինչ անում եմ, որ ոսկեվազցու սոցիալական վիճակը լավանա: Եվ պատահական չէր, որ հենց մեր գյուղում հիմնվեց <<Հայասի գրուպ>> գործարանը, այստեղ մեծ դեր խաղաց ընկերոջ գործոնը: Ես հատկացրել եմ իմ տունը` տնամերձով, որպեսզի կառուցեն գործարանը: Այն կառուցելուց սկսած ոսկեվազցիները շատ մեծ օգուտ ունեցան` ներգրավվելով այդ աշխատանքներում: Վերջին 4 տարում շատ քչերն են արտագնա աշխատանքի մեկնում: Մինչև այժմ էլ գործարանում շինարարական աշխատանքներ են ընթանում, էլ չեմ ասում արտադրամասերի գործունեության մասին: Համոզված եմ, որ երբ գործարանն ամբողջ թափով սկսի գործել, մեր ժողովրդին ավելի մեծ օգուտ կլինի: 10-15 մարդ էլ աշխատում է տրիկոտաժի ֆաբրիկայում: Ոսկեվազցին ապրում է իր արդար վաստակով և ապահովված է աշխատանքով: Նշեմ, որ մարդիկ այսօր էլ ժամանակին կատարում են իրենց հարկային վճարումները, մեր ընդհանուր  պարտավորությունները կատարում ենք 100 տոկոսով:
    Հայկ Հովհաննիսյանը, խոսելով ընկերության մասին, ասաց, որ այդ առումով իրեն հարուստ մարդ է համարում: Շատ ընկերներ ունի: Մարդը հարուստ է լինում ոչ թե ֆինանսապես կամ նյութապես, այլ հոգով, բարոյապես. <<Ես հարուստ եմ լավ ընկերական շրջապատով: Այստեղ իմ բախտը բերել է: Ընկերություն սիրող մարդ եմ: Ընկերներով, հարազատներով, հայրենի գյուղով ապրող մարդ եմ: Երբևէ իմ օրը, իմ առօրյան չեմ պատկերացրել առանց ընկերոջ հետ անցկացնելու: Նույնն էլ ընկերներս են: Ընկերություն սիրելն արյանս մեջ է: Հայրիկս էլ շատ ընկերներ է ունեցել: Փոքր հասակից էի մտածում, որ մեծանամ, ես էլ հորս նման շատ ընկերներ կունենամ: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ: Մարդը հարուստ է իր շրջապատով: Իմ ազգը շատ փոքր է, բայց ամեն անգամ ընտրվել եմ գրեթե 80 տոկոսով: Միշտ պարտական ու շնորհակալ եմ իմ ժողովրդին: 2012-ի ԱԺ ընտրություններին, երբ մեծամասնականով առաջադրել էի թեկնածությունս, Ոսկեվազի 2500 ընտրողից ինձ ձայն էր տվել 2470-ը: Այնպես որ, համայնքապետ չլինելու դեպքում էլ պետք է իմ ժողովրդի կողքին կանգնած լինեմ: Ես սիրում եմ օգնել մարդուն: Եթե չկարողացա օգնել, ապա ամբողջ գիշեր քունս չի տանելու: Այսօր ժողովրդին արժանի վերաբերմունք է պետք: Ժողովուրդը միշտ գնահատել է իմ աշխատանքը: Կուզեմ, որ բոլորը սիրեն ընկերությունը, մարդկությունը, իրենց ծննդավայրը, հայրենիքը, տունը: Բարություն պիտի անել, կամեցող լինել: Դիմացինիս խորհուրդ եմ տալիս սպորտով զբաղվել: Ֆիզիկապես, հոգեպես ուժեղ մարդը բարի է լինում: 5-6 տարեկանից սպորտով եմ զբաղվել, թեքվանդոյի մասնագետ եմ, խմբեր եմ ունեցել, 100 աշակերտի հետ եմ պարապել, ընդ որում` անվճար: Ուժեղ մարդիկ բարի են: Ընկերներս տարբեր բնագավառներում են: Մինչև օրս էլ մտերմությունը շարունակվում է մանկության, ուսանողական, բանակի ընկերների հետ: Ընկերությունը միակողմանի չի լինում: Եթե ինչ-որ բանով կարողանում ես օգտակար լինել ընկերոջդ, ապա ողջ կյանքում նա էլ կուզենա օգտակար լինել քեզ: Ամեն ինչ փոխադարձ է: Ես սեղանի շուրջ, կենաց ասելիս սիրում եմ կրկնել` ընկերությունը չորս սրբության մեջ է մտնում` հայրենիք, երեխա, ծնող, ընկերություն: Լավ ու վատ ընկեր չկա: Ընկերը ընկեր է և` վերջ: Որքան էլ ընկերոջդ չտեսնես, միևնույն է, ընկերության տեսակը չի փոխվում: Որքան հեռու, այնքան շատ ես կարոտում: Ընկեր գտնելը հեշտ է, կորցնելը` դժվար: Պիտի ամեն կերպ ջանալ, որպեսզի ընկերոջ կորուստ չլինի…>>:
SHARE