Հայրենի երկրում փնտրել սեփական երջանկությունը

0
22

Պետությունը ևս պիտի ջանա, որ իր քաղաքացին ապահով կյանքով ապրի…

Բնօրրան
  <<Մեր համայնքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը մոտ 73 տոկոս ձայնի առավելությամբ հաղթել է: Մեզանում ոչ միայն նախագահական, այլև բոլոր կարգի ընտրություններն անցնում են արդար, առանց խախտումների: Սարգսյանի փորձը, անցած ճանապարհը շատ բան են ասում, և մենք բոլորս էլ պարտավոր ենք կանգնելու նրա կողքին, ինչպես նաև մեր աշխատանքով մասնակիցը դառնալու երկրի զարգացման գործին>>,– մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի ղեկավար Սուրեն Սարգսյանը: Նա, ի դեպ, գյուղապետ է ընտրվել 2012 թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններին: 
   Թեև գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, բայց համայնքապետի գլխավոր նպատակն առաջնահերթ այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչի դեպքում գյուղացին կկարողանա մշակել սեփական հողը: Գյուղի ապագան սա է, և առայժմ այլ հույս փայփայել պետք չէ: Նախկինում բնակչության 90 տոկոսն աշխատել է թռչնաբուծական ֆաբրիկայում, որը 1993-ից չի գործում: Գյուղի վաղվա օրը պայմանավորված է այն հանգամանքով, որ 720 հեկտար չոռոգվող հողատարածքները ոռոգելի դարձվեն: Դրանք առայժմ չմշակվելու պատճառով օգտագործվում են որպես արոտավայր: 

   <<Միակ նպատակս,- ասաց համայնքապետը,- այդ տարածքը ոռոգելի դարձնելն է, ինչի դեպքում յուրաքանչյուր ընտանիք 1 հեկտար ոռոգելի ու բարեբեր հողատարածք կունենա: Որքան էլ փողոցները ասֆալտապատ լինեն, մանկապարտեզն ու մշակույթի տունը գործեն, միևնույն է, դրանով ընտանիք չես կերակրի: Եթե ընտանիքը հոգսի մեջ է, ապա որևէ այլ ցանկություն կամ տրամադրություն չի մնում: Բարձրաշենը մի ամբողջ շրջան կերակրել է հացահատիկով, իսկ այսօր… Գյուղացին եթե կտրվում է հողից, դադարում է գյուղացի լինելուց: Կխնդրեի, որ մեր վերադաս ղեկավարությունը ուշադրություն դարձներ այսպիսի համայնքներին` նկատի առնելով դրանց ներուժն ու հնարավորությունները: Հիշյալ տարածքով է անցնում դեպի Ջրվեժ`  ամառանոց գնացող ջրագիծը, որը շաբաթվա 3-4 օրն ազատ է: Եթե այդ օրերին մեզ թույլատրվի ջրագծից օգտվել, ապա կլուծվի մեզ մեծապես անհանգստացնող տվյալ խնդիրը: Նշեմ, որ եռաստիճան մղիչներով է ջուրը հասնում գյուղ, ինչը բավականին դժվարացնում է մեր վիճակը: Մեր տնամերձ հողատարածքները սովորականից ավելի ոռոգման կարիք ունեն, քանզի խճաքարերով հարուստ են: Շատ ջուր օգտագործելիս դրա վարձավճարն էլ, բնականաբար, ավելանում է: Հողն անբերրի է, ծախսը` շատ, ուստի գյուղացին արդարացիորեն հրաժարվում է հող մշակելուց: Մարդը երես է թեքում հողից, թողնում, հեռանում է, ինչը տանում է գյուղի կործանման: Եթե նշածս 720 հեկտար հողատարածքի ոռոգման հարցը լուծվի, ապա տվյալ ցավալի գործընթացը կանգ կառնի… Ընթացիկ տարում նախատեսել ենք խճապատել միջհամայնքային ճանապարհները, մանկական 2 խաղահրապարակ կառուցել, վերանորոգել տարեցների համար նախատեսված շինությունը, ինչպես նաև օգնել դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Մանկապարտեզն իմ առաջին ղեկավարման շրջանում /1996-99 թթ./ գործում էր, սակայն այսօր չի գործում: Տանիքն ու պատուհանները վերանորոգվել են, իսկ ներքին հարդարումն ու գույքի ձեռքբերումը դեռևս մնում են: Վերանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել է պատուհանների մի մասը, մնացածն առայժմ ավերակ վիճակում է: Գյուղը, համայնքը մի մեծ ընտանիքի պես է, որին պիտի վերաբերվես այնպես, ինչպես ընտանիքիդ ես վերաբերվում: Պիտի ապրես յուրաքանչյուրի հոգսով, կարողանաս օգտակար լինել, ինչը և վստահություն ու հավատ կներշնչի մարդկանց: Մարդիկ կկանգնեն կողքիդ, և գործն առաջ կգնա: Այդպես էլ կա, քանզի մարդուն օգնելն ինձ համար գերխնդրի պես մի բան է… Որդիներս Մոսկվայում են ապրում: Ես երկար ժամանակ աշխատել եմ <<ԲԱՄՕ>> ընկերությունում` առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանում մասնավոր ձեռնարկություն եմ ունեցել…>>:
  Պարոն Սարգսյանն այնուհետև համոզմունք հայտնեց, որ գյուղի խնդիրների հաղթահարման գործում իր կողքին կլինեն արտերկրում գործունեություն ծավալած ընկերները, համագյուղացիները. <<Ընկերոջդ երբեք մենակ չպիտի թողնես, նրա կողքին պիտի լինես բոլոր առիթների դեպքում: Ընկերներս միշտ կողքիս են: Ընկերոջ հանդեպ պիտի հոգով մաքուր լինես: Առանց այդ մաքրության անհնար է: Եթե ընկերության մեջ անկեղծություն լինի, ազնվություն, և ընկերոջդ խնդիրը նաև քոնը համարես, ուրեմն ընկերոջդ չես կորցնի: Ընկերներս շատ են, տարբեր բնագավառներ ներկայացնող: Մտերիմ ընկերներս են Եփրեմ Հակոբյանը /մարզպետարանի աշխատակից/, Սամվել Կոստանյանը /գործարար/: Ընկերներիս մի մասը ՌԴ-ում են, ԱՄՆ-ում: Ընկերներ ենք նաև համայնքների ղեկավարների` Հարությունյանի /Աբովյան/, Հրայրի /Լանջազատ/, Սերգեյի /Այգեպատ/, Արտուշի /Նորաշեն/, Գոգոլի /Արևշատ/ հետ…>>: 
    Համայնքի ղեկավարի համոզմամբ, ընտանիքը պետության հիմքն է, և եթե ընտանիքի որևէ անդամ բացակայում է, ուրեմն ինչ-որ ճյուղ կտրվում է պետությունից: Պետք է ջանալ, որ արտագաղթը հնարավորինս նվազի մեր երկրից, մարդն իր հայրենիքում կառուցի երջանիկ ու ապահով կյանք…   
SHARE