Հայ երգի թագուհին

0
31

Առաջին երգիս առաջին կատարողը

Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի համար անչափ հաճելի է մեծանուն երգչուհու մասին խոսելը…

   Մեծարման համերգ-երեկոյի պատվավոր հյուրերի թվում էր նաև կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը, ում խնդրեցինք իր ստացած տպավորություններով կիսվել մեր ընթերցողների հետ:
 -Կուզենայի,- ասաց հարգարժան կոմպոզիտորը,- որ ընթերցող-բարեկամներս պատկերացնեին իմ վիճակը` այն առումով, թե ինչպիսի տպավորություն կարող էի ստանալ` ներկա գտնվելով մեր մեծանուն ազգային երգչուհի Օֆելյա Համբարձումյանի երգարվեստին նվիրված համերգին, նրա, ով իմ առաջին երգի առաջին կատարողն է եղել: Հովհաննես Շիրազի խոսքերով եմ գրել առաջին երգս` <<Սերս գաղտնի թող մնա>>, 1952 թ.: Երիտասարդ լինելով, շատ մեծ ցանկություն ունեի, անգամ` երազում էի, որ այդ երգը կատարեր հենց Օֆելյա Համբարձումյանը: Երբ ներկայացրի այն ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Մերանգուլյանին, ճակատագրի բերումով, թերևս, երգը հանձնվեց հենց փափագածս երգչուհուն: Հուրախություն ինձ, երգը Օֆելյային դուր եկավ: 
Երգեց Օֆելյան, և երգը թռավ աշխարհով մեկ, այսօր արդեն 60 տարի է` տարածվում է հայաբնակ բոլոր գաղթօջախներում: Հաճախ էր այն բեմահարթակներից հայտարարվում որպես հայկական ժողովրդական երգ, բնականաբար, առանց երգի հեղինակի մասին հիշատակելու: Ինձ համար դրանից առավել մեծ պատիվ, թերևս, չէր կարող լինել: Այդ երգի, այսպես ասած, երկարակեցության առաջին գլխավոր պայմանը, իմ համոզմամբ, այն է, որ նրա առաջին կատարողը, նրան թև տվողը հենց Օֆելյա Համբարձումյանն էր: Շիրազն այդ առումով մի թևավոր միտք է արտահայտել. <<Երգը որպեսզի թռչի, պետք է երկու թև ունենա, մեկը` բանաստեղծական խոսքը, մյուսը` մեղեդին>>: Նման մի առիթով Ռուբեն Մաթևոսյանն էլ իրեն հատուկ պոռթկումով ավելացրեց. <<Ոչ, երեք թև ունի, մեկն էլ` կատարողը…>>: Այդ <<երրորդ թևը>> հենց Օֆելյա Համբարձումյանն էր… Այո, շատ փայլուն, հրաշալի կատարում, որ տասնամյակներ շարունակ ապրեցնում է երգը և, հավատացած եմ, դեռ շատ տասնամյակներ կապրեցնի: Օֆելյա Համբարձումյանը մեր ազգային գանձն է: Մեր բարեկամությունը Օֆելյայի հետ շարունակվում է նաև այսօր: Ընդ որում, նա իմ հեղինակած մի շարք երգերի առաջին կատարողն է եղել: Երգերից մեկի նաև նախաձեռնողն է եղել: Այսպես, օրերից մի օր զանգահարեց և ասաց, որ ուզում է խոսքեր թելադրել ինձ, և եթե դուր գան, ապա կարող եմ երգ դարձնել: Չարենցի  <<Տաղարան>>-ից <<Ամեն տեսակ երգ երգեցի>> բանաստեղծության տողերն էին: Երգը ծնվեց, և առաջին կատարողը, բնականաբար, դարձյալ Օֆելյան էր: Համոզված ու վստահ եմ, որ Օֆելյա Համբարձումյանի կատարողական արվեստն արժանի է մեծ, բարձր գնահատականի, քանզի նա ոչ միայն իմ, այլ հարյուրավոր երգերի է թևեր տվել, երկարատև կյանք պարգևել: Այդ երգերն այսօր էլ ապրում են և կապրեն… Կարծում եմ, որ մեր ստեղծագործական համատեղ աշխատանքը կշարունակենք: Շնորհակալ եմ Օֆելյայից` իմ երգարվեստում ունեցած մեծ ավանդի համար: Օֆելյա Համբարձումյանն այն քչերից է, որ իր կատարողական արվեստում խորը գիտակցեց ժողովրդական, գուսանական կամ հեղինակային երգի իմաստն ու բովանդակությունը, ոգին, կարողացավ զգալ, ըմբռնել այդ ոգին և ներկայացնել ունկնդրին: Ահա թե ինչու այդքան հոգեհարազատ ու սիրելի է ունկնդրին: Ոգին շատ մեծ նշանակություն ունի, առանց դրա արվեստ չի կարող լինել: Գեղեցիկ ձայնի հետ նաև սիրտ է պետք: Դա շատ կարևոր է: Օֆելյան այդ սիրտը զգում է, ուստի երգերն այդքան լավ ու մնայուն են: Նրա ավանդն այդ առումով շատ մեծ է… 
(Վլադիլեն Բալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` հաջորդ համարում)
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ
SHARE