Հայ երգի թագուհին,

0
139

 որ շարունակում է սիրահարված մնալ կյանքին և ունեցած այդ մեծ սիրով ապրել ու ապրեցնել շրջապատին…


Մեծարում
    Բախտ ունենալով մասնակիցը դառնալ <<Աստղով եկա>> խորագիրը կրող համերգ-երեկոյին և հիացմունքի հոգեզմայլ պահեր ապրելով, չէինք կարող մեր տպավորությունները չկիսել հայ բեմի թագուհի, բոլորիս կողմից սիրված Օֆելյա Համբարձումյանի հետ: Նա երեկոյի պատվավոր հյուրն էր, իսկ համերգին հնչում էին տարիների ընթացքում երգչուհու կատարած և ժողովրդի կողմից ջերմ ընդունելության արժանացած ու սիրված երգերը… 
   Հյուրընկալվեցինք տիկին Օֆելյային` արժանանալով նրա ջերմ ու սրտագին ընդունելությանը: Հաճելիորեն պիտի խոստովանենք, որ մեծանուն ու հանճարեղ երգչուհին շատ բարի ու հրաշալի անձնավորություն է, հյուրընկալ տանտիկին: Տաղանդավոր արվեստագետին յուրահատուկ են մարդկային վեհ հատկանիշները: Բարությունն այդ հրաշագեղ ու կյանքով լեցուն տիկնոջ վրայից թափվում է հանց մանանա: Նրա հոգին իր երգերի նման թևեր առած թռչում է և, նեկտար առնելով ծաղիկ-ծաղկունքից, հավերժ երիտասարդ մնում: Տարիներն, ասես, աննկատ ու անհետք են անցել նրա կողքով, ինչը, հավատացած ենք, գալիս է այն մեծ սիրուց, որով լի է տիկին Օֆելյայի հոգին: Սեր, որ տածում է մարդկանց, բնության ու նրա յուրաքանչյուր արարածի հանդեպ: Այնքան սիրով ու ինքնամոռաց էր խոսում ծաղիկների ու կենդանիների, բարու ու լավի մասին, որ կանխազգում էիր` հենց այդ սիրո մեջ է նրա զգացմունքային ու հուզումնալից երգի գաղտնիքը: Սեր, որը նրա երգերի հետ թևեր առած թռչում է, մտնում տնից տուն և լցվում մարդկանց հոգիները: 
   Յուրաքանչյուր ազգ կարող է հպարտանալ նման երգչուհի ունենալու համար: Հպարտության առիթը տիկին Օֆելյայի` ոչ միայն տաղանդաշատ ու բարձրակարգ արվեստագետ լինելու հանգամանքն է, այլև մարդկային առինքնող ու համեստագույն օրինակ ծառայելու անխառն, բնական կերպը: Նա երբևէ չի մտածել պարգևների ու կոչումների մասին, անգամ երբ փառքի գագաթնակետին էր: Ժողովրդի գնահատականը նրա համար ամենամեծ պարգևն ու կոչումն է եղել: Բնական է, որ չէր ուշանա նաև պետական գնահատականը` վաստակավորի, ապա ժողովրդականի պատվավոր կոչումներ, շքանշաններ ու մեդալներ… Երգչուհու խոսքերով, կոչումն իր ոտքով պետք է գա արվեստագետի դուռը: Դու երգում ես, ժողովուրդը լսում, մեծարում է, իսկ կառավարությունն իր հերթին համարժեք վերաբերմունքով վավերացնում է այն: Դու չպետք է վազես փառքի, կոչումի հետևից, այլ` ընդհակառակը: Անկեղծ հիացմունքի ցանկացած նամակ, չափածո ձոն, ջերմ վերաբերմունքի ամեն դրսևորում մի-մի կոչում է /ընդսմին` առավել բարձր ու  գնահատելի/ երգչուհու համար: 
   Հազվադեպ է պատահում, երբ երգիչը երգչին հրապարակավ մեծարում է: <<Աստղով եկա>> համերգն այդ հազվագյուտ ու բացառիկ դեպքերից մեկն էր: Հայ երգի թագուհու երգարվեստին նվիրված երեկո կազմակերպելով, Թովմաս Պողոսյանը մեկ անգամ ևս փաստեց արվեստագետի ու մարդու իր բարձր որակների մասին: Այստեղ էլ տիկին Օֆելյան հավատարիմ մնաց իր խառնվածքին` նախընտրելով հյուրի համեստ կարգավիճակը…     
  -Տիկին Օֆելյա, նախ խոսենք այն մասին, թե ինչպիսի՞ զգացումներ ու ապրումներ ունեցաք համերգի ընթացքում:
 -Երեկոյին մասնակցեցի ունկնդրի կարգավիճակով: Համաձայնելով Թովմաս Պողոսյանի առաջարկին, չէի կարող հաշվի չառնել այն կարևոր հանգամանքը, որ հենց երգիչն է երգչին մեծարելու նախաձեռնությամբ հանդես գալիս, ինչը շատ գովելի ու խրախուսելի է, արժանի հարգանքի ու շնորհակալության: Այդ քայլը խոսում է նաև նրա բարի ու մարդկային լինելու մասին: Ես շատ զգացմունքային եմ` շուտ եմ հուզվում: Այդ օրը, մանավանդ, շատ էի հուզված: Հուզմունքս կրկնապատկվեց, երբ Թովմասը խնդրեց հանպատրաստից երգել: Մերժել չէի կարող` անկախ ամեն ինչից, հանդիսատեսն, ասես, դրան էր սպասում: Ես, առհասարակ, շատ բծախնդիր եմ բոլոր հարցերում, հատկապես երգի առումով պատասխանատվությունս շատ բարձր է: Երգեցի, և այդ անակնկալ կատարումը հանդիսատեսը սիրով ու մեծ ցնծությամբ ընդունեց: Համերգը գեղեցիկ ավարտ ունեցավ, ինչը բնական պիտի համարել: Չէ՞ որ անկեղծ խոսքը, անկեղծ երգը, կեցվածքը միշտ էլ գեղեցիկ ու ընդունելի են: Հանդիսատեսի արցունքները սիրո վկայություն էին, անկե՛ղծ սիրո: Եվ դա մեծ ուժ է տալիս արվեստագետին: Այն անկեղծությունը, անմիջականությունը, որ կար դահլիճում, հրաշքին հավասար ներգործություն ունեցավ: Երգչի համար շատ կարևոր են ժողովրդի սերն ու ջերմ ընդունելությունը: Առանց ժողովրդի երգիչ գոյություն չունի: Հանդիսականն այնքան անաչառ է, որ չի ընդունում վատ կատարումը, եթե անգամ դա իր շատ սիրած երգչի կողմից է: Միշտ պիտի քո բարձրության վրա գտնվես, նահանջ չունենաս: Ժողովուրդն անկեղծ է` չի ընդունում թերին ու կեղծը: Ահա թե ինչու միշտ ձգտել եմ կատարելության և երբևէ չեմ բավարարվել ունեցածս կատարողականությամբ: Ինքս ինձնից հաճախ գոհ չեմ մնացել, եթե անգամ հանդիսականը բավարարված է եղել: Ամեն կատարում, կարծում եմ, նախորդից պիտի առավել լավը լինի: Չպիտի բավարարվել ձեռք բերվածով և միշտ պետք է ձգտել առավելագույնին… Դառնալով միջոցառմանը, պիտի շեշտեմ, որ հրաշալի էր կազմակերպված, ինչում, անշուշտ, մեծ էր Թովմաս Պողոսյանի ներդրումը: Շատ եմ գնահատում նրան, նրա արվեստը: Ունկնդրելով նրա ղեկավարած խմբի համերգները, վստահաբար կարող եմ ասել, որ գործ ունենք պրոֆեսիոնալների, իրենց գործին անսահմանորեն նվիրված անհատների հետ: Հարգարժան պրոֆեսոր, երգիչ, հրաշալի մարդ Թովմաս Պողոսյանի շուրջը հավաքված են մասնագետ երգիչ-երաժիշտներ: Աշուղական, ժողովրդական երգն ունի իր նրբություններն ու առանձնահատկությունները, ինչին խումբը հավատարիմ ու նախանձախնդիր վերաբերմունք ունի: Երբ երգում են, կարծես` մի մարդ երգի: Դա երգի կատարման բարձրարվեստ մակարդակ է: Ամեն խումբ չէ, որ կարող է նման կուռ ու միասնական անսամբլ ստեղծել: Թովմաս Պողոսյանի տաղանդը նաև դրանում է, ինչը մեծ արվեստագետի շնորհի մասին է վկայում: Խմբում, այո, պրոֆեսիոնալներ ու նվիրյալներ են հավաքված: Արտեմ Խաչատուրի կատարմամբ թառը … երգում է: Ասես, չի նվագում, մատներից երգ է թև առնում` տարածվում: Շատ լավ գործիքավորող, հրաշալի մարդ, երգիչ, երաժիշտ ու տաղանդավոր մանկավարժ է Մխիթար Քեթցյանը: Լավ է, որ մեր օրերում կան այդպիսի երաժիշտներ: Պիտի ասեմ, որ միասին երգելը բարդ ու դժվարին արվեստ է: Մի ժամանակ աշուղական ու ժողովրդական երգի սով էինք զգում, հազվադեպ էին հնչում: Այսօր պատկերն այլ է, և ևս մի քանի տարի` կունենանք ազգային, ժողովրդական ու աշուղական երգեր կատարող պրոֆեսիոնալ երգիչների մեծ բանակ, ինչի համար անկեղծորեն հպարտանում եմ: Հպարտանում եմ, քանզի աշուղական, ժողովրդական երգը հարատևելու է:  

  -Եթե գաղտնիք չէ, խնդրում եմ ասեք, թե ո՞րն է Ձեր երկար տարիների բեմելու ֆենոմենը և ինչո՞վ է պայմանավորված այսօր էլ բեմում մնալու զարմանահրաշ ունակության պահպանումը: Համամի՞տ եք, որ արվեստը զոհողություն է պահանջում, ինչի արդյունքում էլ հասնում են կատարելության: 
 -Այն բախտավորներից եմ, որ շատ տարիներ է` երգում է: Այդ տարիները բավականին են: Երջանիկ եմ, որ մինչև օրս էլ երգում եմ, ինչը հազվագյուտ երևույթ է: Աստծո պարգև է: Երգելու հետ մեկտեղ տարիների ընթացքում հոգիս, զգացողությունս, գիտակցությունս, մոտեցումս բարձրացել ու գագաթնակետին են հասել: Կատարողական արվեստս շատ բարձր է հիմա: Գնալով էլ ավելի են բարձրանում ճաշակս ու կատարողական զգացողականությունս: Լավ երգելու համար պետք է թափանցել տվյալ երգի ակունքները և խորապես զգալ այն: Ձայնն այն շնորհն է, որ մի քանի անգամ երգով արտահայտելուց հետո անմիջականորեն տարածվում է: Ստեղծագործողները գալիս, գտնում են քեզ` առաջարկելով իրենց երգերը: Այդ հարցում էլ ես բախտավոր եմ եղել: Գրեթե բոլոր երգահանները ինձ համար, իմ ձայնի դիապազոնին համապատասխան երգեր են գրել: Շատ երգերի առաջին կատարողներից եմ: Աշխատել եմ նոր ստեղծագործություններ կատարել, ինչը մի նոր, անբացատրելի զգացողություն է ծնում: Եթե տվյալ երգը կատարես ինչպես հարկն է, ապա այն կդառնա քո սեփականությունը, որը ճանապարհ է հարթում դեպի մարդկանց սրտերն ու հոգիները: Երգերը միշտ ես եմ ընտրել: Կատարել եմ այն երգերը, որոնք ինձ դուր են եկել, որոնք երկար ապրելու հույս են ներշնչել: Ամեն երգ նորովի ու առանձնահատուկ նրբերանգներով է հնչեցվել իմ կողմից: 
Զգացողությունս ամեն անգամ մի նոր հնչերանգ, նոր նոտա  է թելադրել: Սա է բարձրարվեստ կատարողականության գլխավոր նախապայմաններից մեկը: Կատարողի անձը շատ բան է որոշում: Նա պետք է գունավորի երգը, թափանցի երգի խորքերը, բառերի մեջ, սիրտ ու հոգի դնի դրանում: Կարծում եմ, դա ինձ մոտ ստացվել է: Երգը թևավոր է, թռչում է: Երգը հոգու ճիչ է, որ թափանցում է արյանդ մեջ և փոխանցվում այն մարդկանց, ովքեր սիրում ու պաշտում են երգարվեստը: Արվեստն իմ պաշտամունքն է, առանց երգի ու երաժշտության չեմ կարող: Բեմ դուրս գալուց առաջ երկար եմ խորհում, մտահոգվում` հաշվի առնելով ամեն ինչ: Հատկապես խիստ եմ հագուկապիս առումով: Այն պետք է համահունչ լինի տվյալ երգին ու երեկոյին: Ժողովուրդն ինձ սիրել է նաև համեստ հագնվելուս համար: Տգեղ է, երբ այսօր ազգային երգ կատարելիս մարմինն են ի ցույց դնում կամ ծնկներից վերև հագուստ կրում: Հագուստը մարմինը ծածկելու համար է: Ես քննադատաբար եմ մոտենում դրան, չեմ ընդունում սանձարձակությունը` տգեղ է, գեղեցիկ չէ, անընդունելի է, նույնիսկ ատելություն է առաջացնում: Հանուն արվեստի շատ բան եմ զոհաբերել: Զոհաբերում ես քեզ, որպեսզի ունկնդիրը բավականություն ստանա, որպեսզի կարողանաս հուզել նրան, մտնել նրա սիրտը: Դժվար օրեր էլ են եղել, հարազատի կորուստ և այլն, բայց աշխատել եմ հաղթել ամեն ցավը և բեմը գեղեցիկ թողնել: Ճանաչված լինելն այդքան էլ հեշտ չէ, պիտի մշտապես ձգված ու պատասխանատու լինես: Լինես խնամված, հարդարված, կոկիկ: Հանրահայտ լինելը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող ու դժվարին է: Ազատ չես, անխուսափելի են բամբասանքը, նախանձը: Փառք Աստծո, ունեցել եմ հրաշալի ընտանիք, որ երբեք չի ենթարկվել ինչ-ինչ ազդեցությունների և միշտ կողքիս է եղել:
   -Հետաքրքիր է, անշուշտ, թե ումի՞ց եք ժառանգել Ձեր այդ անկրկնելի ձայնը: Եվ, ապա, քանի որ խոսք գնաց ընտանիքից, խոսենք նաև այն մասին, թե ինչով է այն օգնել Ձեզ երգարվեստում:
  -Նախ, երգիչ չեն դառնում, ծնվում են: Ձայնը բնատուր է, գեներով է գալիս ու ժառանգվում: Մայրս շատ լավ ձայն ուներ, եղբորս օրորելիս միշտ երգում էր: Այդ ձայնը, երգն ականջս շոյում էր, և ինձ շատ դուրեկան էր: Հենց օրորոցից պիտի երգը լսես, որպեսզի հոգուդ հարազատ դառնա: Ինձ հարազատացավ աշուղական, ժողովրդական երգը, որն, իմ համոզմամբ, հոգու ճիչ է: Ձայնս, ըստ էության, գեներով է փոխանցվել, այն երեխաներս էլ են ժառանգել: Նրանք ճանաչված արվեստագետներ են: Որդիս` Հովհաննեսը, ջութակահար է, էստրադային նվագախմբի կոնցերտմայստերը: Դուստրս` Տաթևիկ Հովհաննիսյանը, Խորհրդային Միության առաջին ջազային երգչուհին է, ընդունված ու ճանաչված, ինչով հպարտանում եմ: Ազգային երգերը ջազային ռիթմերով կատարողականության վերածեց, ինչը նոր խոսք էր երգարվեստի ոլորտում: Ամուսինս` Նորայր Հովհաննիսյանը, նույնպես երաժիշտ էր, վաստակավոր արտիստ: Երբեք միմյանց չենք խանգարել, ընդհակառակը` իրար լրացրել ու օգնել ենք: Երգչուհին լավ կյանքով պիտի ապրի, իսկ դա ամուսինս ինձ համար ապահովել է: Իմ նկատմամբ շատ սրտացավ է եղել, ամեն ինչ արել է, որպեսզի կատարողական արվեստս բարձրակետին հասնի: Սիրուց բացի, մեզ արվեստն է կապել և առավել ամրացրել մեր ընտանիքը: Նորայրը բավականին զուսպ, խելացի, բարձր ինտելեկտի տեր տղամարդ էր: 
Նրա մահից հետո այնքա՜ն բան կորցրի: Հոգու սով եմ զգում, քանզի հոգուս ընկերը չկա: Ամուսինս ընկեր էր բառիս բուն իմաստով, ինչը համահունչ է ձեր թերթի անվանը: Ամենքն իրենց տեղն ունեն, հատկապես երեխաներիս ուշադրության կենտրոնում եմ, բայց, այդուհանդերձ, հոգու ընկերն ուրիշ է: Դա այլ զգացողություն է, հատկապես` արվեստագետի համար: Շատ ավելի խորն ես զգում, առավել ևս, երբ միևնույն գործին եք ծառայում, մեկդ մեկու լրացնում: Այս դեպքում ավելի ծանր է կյանքի ընկերոջ կորուստը: Ամուսինս իմ դասատուն էր, միասին էինք պարապում: Ինձ համար առաջնահերթը նրա, որպես անմիջական նվագակցողի, կարծիքն էր: Ընկեր ենք եղել, ապա` ամուսիններ: Մանկուց ենք միասին եղել, որտեղից էլ սկիզբ է առել մեր  ընկերությունը: Ընդ որում, միշտ միասին լինելով, երբեք իրարից չենք ձանձրացել: Խանդի տեսարաններ, զանազան խոսակցությունների տհաճ առիթներ չեն եղել մեր կյանքում: Փոխադարձության ջերմ մթնոլորտ է տիրել մեր ընտանիքում` սեր, բարություն, փոխըմբռնում: Որպես կին, համեստ եմ իմ ապրելակերպում: Լավը գնահատել եմ միշտ, լավի հանդեպ նախանձ չեմ ունեցել: Եղածից ավելին չեմ պահանջել, բավարարվածության, չափի զգացումը ինձ միշտ ուղեկից է եղել կյանքում: Ամեն ինչում սեր եմ դնում, սիրով ապրում: Մինչև հիմա էլ սիրո մեջ եմ: Սիրահարված եմ կյանքին, այն ամեն լավին, ինչը մեզ շրջապատում է: Այդ սերն ինձ ուժ է տալիս, ապրեցնում…
  Տիկին Օֆելյայի խոսքերով, ինքն ասես մեծ երեխա լինի, հիշաչար չէ, կեղծիքը չի հանդուրժում, նախանձ չէ: Այնքան շիտակ է, որ հաճախ այն վնասում է իրեն: Չափազանց անմիջական է, ինչը երգի մեջ էլ է արտահայտվում: Եվ ոչ միայն  դա: Հայ երգի թագուհու շուրթերից բարձրարվեստ երգի հետ բարություն, սեր, լույս ու մարդասիրություն է ճառագում: Բնականորեն զուլալ ու անկեղծ է այդ երգը, աստվածային պարգև, որ սիրելի է յուրաքանչյուրին, սիրելի ու ընդունված յուրաքանչյուր հայ ընտանիքում: Պատվախնդիր ու մեծահարգ անձնավորություն է, հասարակության, մեր ժողովրդի սիրասուն զավակներից մեկը: Սիրելով ու գնահատելով` մարդիկ նաև կարոտում են իրենց սիրելի երգչուհուն, ում, չգիտես ինչու, հազվադեպ է հիշում և հյուրընկալում հայրենի   հեռուստատեսությունը…
SHARE