Հայ ընտանիքը սրբություն է

0
24

Եվ այսօր ժամանակակից մարտահրավերներից պաշտպանվելու կարիք ունի…

   Հայոց եկեղեցին սրբացրել է ընտանիքի գաղափարը որպես սիրո վրա հիմնված հավիտենական ուխտ, սակայն այսօր աշխարհի տնտեսական-քաղաքական միավորները, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, իրենց պայմաններն են թելադրում մեր երկրին` առանց հաշվի առնելու մեր ժողովրդի հոգևոր, մշակութային արժեհամակարգը: Ժամանակակից ընտանիքների այլակերպությունն ու խաթարումը ցավալիորեն տեղավորվում են այսօրվա խաչազուրկ իրականության տրամաբանության մեջ…
  Հայաստանը հայտնվել է օրենսդրական ծուղակում` իր իսկ կողմից ընդունած օրենքների հետևանքով: Ըստ էության, գերի ենք դարձել դրսից մեզ պարտադրված մի շարք օրենքների, որոնց հղում անելով` միջազգային տարբեր կառույցներ ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնում են, անգամ պահանջում` ստանձնել եք պարտավորություններ, ուրեմն խտրական վերաբերմունք չցուցաբերեք սեռական փոքրամասնությունների հանդեպ: Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցինք օրենսդրական այս ծուղակում, և կարո՞ղ ենք շտկել վիճակը…

  Քչերը, հավանաբար, գիտեն, որ մեր երկիրը 2008-ին միացել է ՄԱԿ-ի <<Ի պաշտպանություն միասեռականների իրավունքների>> հռչակագրին, որում տեղ են  գտել խիստ վտանգավոր ձևակերպումներ: Մասնավորապես` փոխել մշակութային կարծրատիպերը, վերանայել մարդկանց մտածելակերպը: Պարզվում է, որ, բացի ԱԳՆ-ից, հայաստանյան ոչ մի գերատեսչություն, անգամ Ազգային ժողովը, անտեղյակ է եղել այդ հռչակագրին միանալու փաստին: Չնայած, բազմաթիվ բողոքներից հետո, խորհրդարանից խոստումներ են տրվում` հռչակագրից հետ կանչելու Հայաստանի ստորագրությունը, սակայն ԱԺ-ն առայսօր չի կատարել իր այդ խոստումը:
    2010 թ. ԵԽ ԽՎ-ի հայտնի 1728 բանաձևը պարզորոշ ձևակերպեց, թե ինչ է գենդերը և նորմալ համարեց, որ մարդու կենսաբանական սեռը կարող է չհամապատասխանել նրա սոցիալական սեռին: Սրա շարունակությունը եղավ այն, որ 2013-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց տխրահռչակ գենդերային օրենքը` տալով գենդերի հստակ ձևակերպումը. ձեռքբերովի սոցիալական վարք: Սրանք այն օրենքներն են, որոնք դրսի կառույցներն այսօր մեր աչքը <<կոխելով>>, հաճախակի հիշեցնում են` ստորագրել եք, ուրեմն պարտավոր եք կատարել…
    Ո՞րն է լուծման ուղին: Հույսը, թերևս, պիտի դնել Ազգային անվտանգության խորհրդի /ԱԱԽ/ վրա, որը նախաձեռնել է հոգևոր անվտանգության հայեցակարգի մշակումը: Հուսով ենք, որ այն կարող է ծառայել Հայաստանի ազգային, քրիստոնեական արժեհամակարգի պահպանմանը, եթե, իհարկե, լիարժեք արտացոլի առկա մտահոգությունները: Ընդ որում, միայն բազմաշերտ համագործակցության շնորհիվ` ԱԱԽ, ԱԺ, կառավարություն, հնարավոր է պատնեշի պես կանգնել մեզ ուղղված վտանգների դեմ: Իսկ հաջողությունն առավել կլինի, եթե այս գործընթացներին միանա մեր հասարակությունը, ինչի դեպքում Հայաստանի իշխանություններն իրենց թիկունքում զգալով մեր եկեղեցու ու ժողովրդի ուժը, ի զորու կլինեն նաև հակադարձելու Արևմուտքի օրենսդրական ճնշումներին…
   Հայ ժողովուրդն իրավունք չունի գնալու տարրալուծման ճանապարհով, իրավունք չունի անդեմանալու, քանզի նա աշխարհին օգտակար է իր գույներով: Հասարակության դիմադրողականության կարևոր հիմնասյուները ընտանիքն ու եկեղեցին են, ազգային այս մեծ արժեքները պետք է խնամել, չվնասել, միայն նրանց գոյությամբ է հնարավոր կորսված ազգային արժեքների վերարտադրությունը:
SHARE