Հայ մարդ, լավ ընկեր, արժանավոր քաղաքացի

0
50

Ով անգամ հեռավոր Ամերիկայում պահում-պահպանում է ազգային ոգին ու նկարագիրը…

Ընկերաբույլ

   Ամերիկաբնակ մեր հայրենակից ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ այս օրերին Հայաստանում է: Մեծահարգ ընկերոջ այցը հայրենիք այս անգամ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այստեղ գտնվող ընկերների հետ է ցանկացել նշել ծննդյան տարեդարձը: Ընկերներն էլ իրենց հերթին ցանկացան այդ տարեդարձը շնորհավորել <<Ընկեր>>-ի միջոցով…
   Ընկերներից առաջինը զրուցեցինք Հմայակ Դավթյանի հետ, ով մասնագիտությամբ շինարար է, շինկազմակերպություն ունի: Ի դեպ, նա նաև Գագիկի 4  երեխայի կնքահայրն է: <<Գագիկի հետ ընկերություն եմ անում 1994 թվականից,- ասաց նա:- Եղբորս երեխայի հարսանիքին ենք ծանոթացել: Երկու անգամ ԱՄՆ-ում եմ եղել, հանդիպել ենք, շփվել, նա էլ տարբեր առիթներով բազմիցս եղել է Երևանում, և այդ ընթացքում մտերմություն, ընկերություն է ստեղծվել մեր միջև: Ընկերությունն էլ քավոր-սանիկության է բերել: Շատ ջերմ ու հարազատ բարեկամություն է ստեղծվել: Ընկերս շատ հայրենասեր է, շատ երեխաներ ունենալն էլ դրա վկայություններից մեկն է: Նրանց անունները նույնպես` Տարոն, Թալին, Նաիրի, Իշխան: Հրաշալի ընտանիք ունի, մոր հետ միասին են ապրում: Հյուրասեր, բարեկիրթ, զարգացած, իսկական հայկական ընտանիք, ում համար հայրենիքը սրբություն է: Եթե մարդը կարողացել է այդպիսի մեծ ընտանիք ստեղծել, բնականաբար, լավ էլ մարդ, ընկեր կարող է լինել: Յուրաքանչյուրին մոտենում է ընկերաբար, ջերմությամբ, որտեղ էլ լինի` ԱՄՆ-ում, թե Հայաստանում, իր խորհուրդներով, մարդկային ձեռքմեկնումով  աջակցում է իրեն դիմած մարդկանց: Լինելով մասնագիտությամբ իրավաբան, Կալիֆորնիա  ներգաղթած հայերին անհրաժեշտ խորհրդատվությամբ անպայման օգտակար է դառնում ցանկացած հարցում: Առհասարակ, որպես մարդ, շրջապատում իրեն լավագույնս դրսևորել է կարողանում, տղամարդավարի, ջերմ ու հարգալից: Ամերիկայում ստանալով կրթություն, մեծ հաջողությունների է հասել, հրաշալի շրջապատ ստեղծել: Ամեն տարի հայրենիք է այցելում: Մշտապես կարողանում է օգտակար լինել ընկերներին, բարեկամներին և, ընդհանրապես, իր բոլոր հայրենակիցներին: Այստեղից գնացողն, այսպես թե այնպես, Ամերիկայում առիթ է ունենում շփվելու նրա հետ, վայելելու նրա ջերմ ու անկեղծ ընկերակցությունը, հյուրասիրությունը: Այդ առումով նրանից հետ չեն մնում նաև մայրն ու տիկինը: Մոտ օրերս Երևանում էր ավագ դուստրը` Հայաստանի ամերիկյան համալսարանում 6-ամսյա դասընթացներ անցնելու նպատակով: Միայն տեսնել էր պետք, թե 19-ամյա Թալինն ինչպիսի ջերմությամբ էր վերաբերվում Հայաստանին, ինչպիսի հայրենասիրություն ուներ: Շատ հնարավոր է, որ կրթությունն ավարտելուց հետո աշխատանքի անցնի հայրենիքում: Բավականին լավ կազմակերպված ու դաստիարակված երեխա, ուսման բարձր առաջադիմությամբ: Մյուս երեխաներն էլ այդպիսին են` հայեցի դաստիարակված, հայրենիքի հանդեպ տածած բացառիկ սիրով լցված: Այս ամենը գալիս է Գագիկի ծնողներից. մորից` տիկին Ռիմայից, և լուսահոգի հորից` պարոն Իշխանից: Նա շատ նախաձեռնող, ստեղծող, գործի մարդ էր, խորհրդային շրջանում հայտնի <<ցեխավիկների>> դասին պատկանող: Ինչ-որ պատճառով 1970-ականներին տեղափոխվել են ԱՄՆ: Մոր շնորհիվ այսօր էլ նրանց ընտանիքում մեծապես հարգի են հայկականն ու ազգայինը… Գագիկն, այո, հրաշալի ընկեր է: Իսկ ընկերությունն ընտրովի պաշտոն չէ, այն պետք է ստեղծվի սրտերի ջերմության, փոխըմբռնման ու գաղափարների մերձեցման արդյունքում: Այդպիսին է մեր` Գագիկի հետ ընկերությունը: Իրար կողքի ենք, իրար մեջք-մեջքի: Կյանքում ամենաջերմը եղբայրությունն է: Գտնում եմ, որ ընկերությունը նույնպես ջերմ ու մեծ մոտեցում է, առավել ևս` քավոր-սանիկությունը, որ աստվածային սրբություն է հաղորդում: Պիտի պահպանենք այդ սրբությունը և փոխանցենք սերնդե-սերունդ…>>: 

Ամեն լավ բան զոհաբերության արդյունք է 

Հզոր երկիր ունենանք, որպեսզի հզոր էլ թիկունք ունենանք…

   

  – Այստեղից մեկնել ենք 1975 թվականին, երբ 14 տարեկան էի,- ասաց Գագիկ Բաղդասարյանը: 7-րդ դասարանից եմ տեղափոխվել, բայց մինչև օրս շարունակվում է դասընկերներիս հետ մտերմությունը: Մի մասը Լոս-Անջելեսում են, մնացածն էլ` այստեղ: 3 համալսարան եմ ավարտել այնտեղ` քաղաքագիտություն, գործարարություն և իրավագիտություն մասնագիտություններով: Այդ ամբողջ ընթացքում նաև աշխատել եմ` ունենալով անշարժ գույքի գործակալություն: Երկար տարիներ այս ոլորտում եմ աշխատել: Ապա իրավաբանության ոլորտ ընդգրկվեցի, որտեղից դուրս գալն այնքան էլ հեշտ չէ: Ի վերջո, այս տարի փոխեցի ուղղությունս և ուզում եմ նորից շինարարության մեջ ներգրավվել` անշարժ գույքի հետ կապված: ՌԴ-ում էլ շատ լավ բարեկամներ ունեմ, և հնարավոր է, որ հենց այնտեղ էլ բիզնես գործունեություն ծավալեմ: Շատ ընկերներ ունեմ նաև այլ երկրներում: Օտար ափերում և, առհասարակ, ընկերական մեծ շրջապատ ունենալն այնքան էլ դժվար չէ, զուտ ցանկության հարց է: Եթե սիրում ես ընկերությունը, ցանկանում ես հանուն ընկերության զոհաբերության գնալ, ապա կունենաս այն: Մարդը, եթե հասկանում, գնահատում է իսկական ընկերության արժեքը, ուրեմն պիտի զոհաբերության գնա: Զոհաբերությունը կտանի դեպի ընկերության բաղձալի աստիճան: Կա մարդ, որ բողոքում է, թե ընկեր չունի` մոռանալով ինքն իրեն հարցնել` իսկ ինքն արժանի՞ է դրան… Ընկերությունը պարզ մարդկային հարաբերություն է: Փոխադարձությունը շատ կարևոր է. առաջինը դու պիտի նվիրվես ընկերոջդ, որպեսզի համարժեք վերաբերմունքի արժանանաս: Մանկության ընկեր ունեմ, որ, ասես, իրար միաձուլված լինենք: Եթե մինչև օրս իրար կողքի կանգնած ենք, ուրեմն հազար տոկոս հավատարմություն կա մեր մեջ: Նույնը կասեմ Հմայակ Դավթյանի առումով: Անկեղծ, ամուր ընկերության դեմ դժվար թե որևէ մեկը կամ ինչ-որ բան կարողանա խոչընդոտ դառնալ: Շատ մարդիկ այսօր, դժբախտաբար, ընկերությունն ու ծանոթությունը խառնում են: Մինչդեռ ընկերությունը բոլորովին ուրիշ է` պիտի ստեղծես, փայփայես, պահպանես, գնահատես և ձգտես տարիների ընթացքում հզոր մտերմության հասնել: Հմայակի հետ մեր ընկերական հարաբերությունն այն աստիճանի էր, ինչպես հարազատ եղբայրը` եղբոր հետ, որ անհրաժեշտություն կար այդ հարաբերությունն, այսպես ասած, սրբացնելու: Ինձ համար շատ կարևոր էր, որ երեխաներս ամուր կապվեն հայրենիքի հետ, և քանի որ ամենալավ ընկերս Հայաստանում Համիկն է, ուստի ընտրեցի նրան` որպես ընտանիքիս երեխաների կնքահոր: Դա իր հերթին նպաստեց, որ երեխաներս ավելի ձգտեն դեպի իրենց հայրենիքը: Շատ են սիրում Հայաստանը: Ապրելով Ամերիկայում, երեխաներս հայեցի են մեծացել, հայկական դպրոց հաճախել, հայկական դաստիարակություն ստացել… 

   Ահա, այսպիսի պատմություն, ահա այսպիսի խոստովանություն ամերիկահայ մեր ընկերոջից` Գագիկ Բաղդասարյանից, ով իրավամբ արժանի է մեծանուն ընկերոջ կոչմանն ու բարձր տիտղոսին: Նա մարդկանց օգնում է իր կարողությունների չափով և այն կարծիքին է, որ եթե միջոց ու հնարավորություն ունես ինչ-որ մեկի օգնելու, ապա առանց երկմտելու պիտի գնաս նման քայլի: Դա անչափ բնական մարդկային մոտեցում է, զգացում: Ինչպես այս, այնպես էլ երեխաների դաստիարակության հարցում մեր զրուցակիցը կողմնակից է այն բանին, որ կրկին զոհաբերության գնաս, որպեսզի երեխային հնարավոր լինի պահել ճիշտ շրջանակի մեջ` վատ շրջապատում չհայտնվելու համար: Ավագ որդու` 19-ամյա Իշխանի հետ ընկերություն է անում, ջանում նաև, որ որդին իր ընկերների հետ ևս շփվի իր հետ, միասին ժամանակ անցկացնեն, որպեսզի իր վերահսկողությունից որդին հանկարծ դուրս չմնա: Նրա համոզմամբ, երեխային մինչև 20-22 տարեկանը հսկողության տակ պիտի պահել, որից հետո երեխան ինքը կարող է ինքնադրսևորվել, անցանկալի իրավիճակներում  չհայտնվել և այլն: Ծնողները պիտի փորձեն երեխաներին պրոբլեմներից զերծ պահել, ինչը հնարավոր կլինի նրանց հետ ընկերություն անելու շնորհիվ: 
    Այս մոտեցումն ունի Գագիկ Բաղդասարյանը: Ճիշտ մարդ մեծացնելու համար  շատ կարևոր է երեխայի հետ ընկերություն անելը, և, առհասարակ, ընկերության հարցում պիտի երեխային լավ օրինակ ծառայել: Նույնը` մարդկայնության, հյուրընկալության և հյուրասիրության առումով: Իրեն շատ է ուրախացնում այն, որ ավագ որդին էլ ընկերների հետ հավաքվում է իրենց տանը, հյուրասիրություն է կազմակերպում: Այսինքն, հայկական ձևով ընկերներին օջախ է բերում, հյուրասիրում և պատվով ճանապարհում: Կրտսեր որդին` Տարոնը, նույն ոգով է առաջնորդվում: Գ. Բաղդասարյանը հուսով է, որ որդիները նույն կերպ կշարունակեն` հոր օրինակն աչքի առաջ ունենալով: 
     Յուրաքանչյուր ոք կյանքում հաջողության հասնելով, պիտի ընդունի, որ դա կիսով չափ ծնողների և կիսով չափ էլ` շրջապատի ու ընկերների շնորհիվ է: Սա, ըստ նրա, շատ կարևոր է կյանքում, որովհետև մենակ մարդը ոչ մեկի պետք չէ. <<Ես երեխա շատ եմ սիրում, անգամ անծանոթ երեխան, որ խուսափում է շրջապատից, շատ հեշտ իմ գրկում է հայտնվում: Մեջս բնականից տրված սեր կա երեխաների նկատմամբ: Ուստի շատ երեխա ունենալը ինձ համար հաճելի է, հաճելի է, երբ տունդ ուրախ է, երբ եռուզեռ կա: Ընտանիքը կարևորագույն արժեք է: Կողմնակից եմ, որ մարդ ամեն ինչ չափի մեջ պահի` թե՛ ընտանիքը, թե՛ ընկերությունը, թե՛ աշխատանքը: Ամեն ինչից պիտի օգտվել, բայց չափավոր: Ոչ մեկի չպիտի նեղացնել, ամեն ինչ ժամանակին պիտի կարողանալ հասցնել, հավասարակշռությունը պահել: Ուշադրությունը մշտապես պիտի պահել սիրելիների հանդեպ: Գոհ ու երջանիկ եմ իմ ընտանիքով: Մեծ հույսեր եմ կապում դստերս հետ. բավականին մեծ առաջադիմություն ունի ուսման մեջ, հաջողություններն ակնհայտ են: Համոզված եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում: Դա և, առհասարակ, զավակներիս հաջողությունը ինձ համար մեծ ու անգնահատելի նվաճում կլինի: Հայկական հարցում էլ միշտ ակտիվ եմ եղել, հայ դատի մարտիկների առաջին շարքերում: Դա իմ արյան մեջ է, իմ գեներում: Մերոնք մշեցի են, պապս կոտորածի տարիներին զինվոր է եղել, կռվել է թուրքերի դեմ… Ես ընկերությանը մեծ տեղ եմ տալիս: Հայաստանի ընկերներիս հետ ինձ շատ հանգիստ եմ զգում: Այստեղի կյանքը ինձ դուր է գալիս, ինձ զգում եմ` ինչպես իմ հարազատ տանը: Ապրելաձևը, մարդկանց հետ շփումները շատ ընդունելի են:  ՀՀ անձնագիր պիտի ստանամ: Տարեցտարի Հայաստանի վիճակի բարելավում եմ տեսնում: Լավատես եմ, Հայաստան երկրի հզորացումը շատ կարևոր է բոլորիս համար: Երկիրը հզոր է իր բանակով, պիտի մեր զենքը միշտ մեր ձեռքին լինի: Հզոր պիտի լինենք, որպեսզի մեր շահերն ու իրավունքները կարողանանք պաշտպանել…>>:
    Գագիկ Բաղդասարյանը բազում գաղափարներով, մտահղացումներով ու ծրագրերով լեցուն անձնավորություն է: Ընկերության դերը մեծապես կարևորող անհատ, որ ընկերների միասնության, հասարակության համախմբման մեջ է տեսնում մեր ընդհանուր հաջողությունը և, առհասարակ, մարդկության ապագան: Պարոն Բաղդասարյանը չմոռացավ իր հիացմունքն արտահայտել մեր` <<Ընկեր>> թերթի հասցեին: Նրա խոսքերով, հզոր թերթ ենք ստեղծել, լոկ անվանումն իսկ արդեն այդ  հզորության մասին է վկայում: Այսօր ընկերության շնորհիվ անգամ պետություններ են գոյատևում: Եթե այդպես է, ապա ինչու ինքներս էլ չստեղծենք <<Ընկեր>>-ական մեր յուրահատուկ պետությունը, մեր անխորտակ ու անգերազանցելի <<Ընկեր>>-ական միությունը…
  -Ընկերությունը մարդու սեռ չի ճանաչում,- համոզված է Գագիկ Բաղդասարյանը:- Ընդունված է կարծել, որ ընկերությունը միայն տղամարդկանց դասին է բնորոշ, ինչը սխալ կարծիք է: Շատ, այսպես ասած, թույլ սեռի ներկայացուցիչներ կան, որ հարյուր տղամարդ արժեն: Դա ես մեծապես կարևորում ու գնահատում եմ: Միշտ էլ կին ընկերներ ունեցել եմ և ունեմ: Տղամարդիկ պիտի փնտրեն լավ կին ընկերների: Եթե փնտրեն, ապա, համոզված եմ, անպայման կգտնեն: Կինն էլ կարող է հալալ ընկեր լինել, նվիրված ու հավատարիմ: Ընկերուհիներ ունեմ, որ ընկեր են` բառիս բուն իմաստով: Անգամ կարող է ունեցածս գաղտնիքը նախընտրեմ կին ընկերոջս հետ կիսել…                     
Ռուզաննա Մանուկյան
  <<Ընկեր>>-ական նշում.- Ինչպես արդեն առիթ ունեցանք ասելու, մեր հերոսի` Գագիկ Բաղդասարյանի, ծննդյան տարեդարձը մեծ իրադարձություն էր նաև ընկերների ջերմ ու  մտերմիկ շրջանակի համար: Այդ առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը բախտ ունեցանք ծանոթանալու նրանց հետ: Ավելին, հնարավորություն ստեղծվեց առանձին զրուցելու ընկերներից Պետրոս Ղազարյանի, Սերգեյ Ազատյանի, Մուշեղ Մկրտչյանի, Ներսիկ Իսպիրյանի, Օնիկ Աբրահամյանի, Հակոբ Համբարձումյանի և Վարդան Թադևոսյանի հետ, նրանց միջոցով ավելի մոտիկից ու հանգամանալից առնչվելու, առհասարակ, այս հրաշալի ընկերաբույլի և, մասնավորապես, Գագիկ Բաղդասարյանի կենսագրության հիշարժան էջերին: Բայց այս ամենի մասին արդեն` թերթի հաջորդ համարում:  
SHARE