Հանդուրժող ու բարյացակամ

0
222

Փոխըմբռնում

Ընդառաջ գնալով լավին և տեղ տալով արժանավորին

-ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների վարկանիշային ցուցակում եմ,- <<Ընկեր>>-ին ասաց Լանջազատ համայնքի ղեկավար Հրայր Հակոբջանյանը:- Կուսակցությունն է այդպես որոշել, ինչը, կարելի է ասել, օրենք է ինձ համար, որին պարտավոր եմ ենթարկվել: Իմ կուսակցության կողքին կանգնած եմ և հնարավոր ամեն ինչ պիտի անեմ` նպաստելու նրա հաջողությանը: Առաջիկա ընտրությունները, ինչ խոսք, կարևոր իրադարձություն են մեր երկրի համար, և շատ կարևոր է, որ դրանք անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Դա ամենակարևորն է, իսկ ինչ վերաբերում է հաջողության դեպքում խորհրդարանի կազմում, որպես պատգամավոր, ընդգրկվելուն, ապա դա արդեն կուսակցության որոշելիքն է: Ինչպես որոշեն, այնպես էլ կարվի: Մինչ այդ պիտի ջանանք մեր գործը, խնդիրը պատվով կատարել: Ես իմ գյուղը, գործը շատ եմ սիրում և պատրաստ եմ իմ ծառայությունն այս ոլորտում շարունակել: Արդեն 12 տարի համայնքապետ եմ և դրանից մի փոքր ավելի` ՀՀԿ անդամ: Որքան ուժերս ու հնարավորություններս ներել են, այնքան ծառայել եմ ժողովրդիս, գյուղիս: Ի վիճակի եմ, անշուշտ, ավելին անելու և այլ, կառավարման ավելի բարձր ոլորտներում նույնպիսի հաջողությամբ շարունակելու գործունեությունս: Ունակություններս ու կարողություններս պատրաստ եմ ներդնելու մեր երկրի, պետության առաջընթացի ապահովման մեծ ու շնորհակալ գործում: Այն հարգանքն ու հեղինակությունը, որ ունեմ ոչ միայն գյուղում, այլև նրա սահմաններից դուրս, պատահական չեն: Ամեն տեղ էլ ընկերներ ու բարեկամներ ունեմ, ինչպես նաև, պարզապես, ծանոթ մարդիկ, որ պատրաստ են լսելու իմ խոսքն ու հետևելու իմ խորհրդին: Ընտրությունների արդյունքները, հավատացած եմ, դրա ցայտուն արտահայտությունը կլինեն…

Անկախ ամեն ինչից, Լանջազատի համայնքապետի ամենամեծ ցանկությունն այն է, որ ոչ մի պարագայում չխախտվեն գյուղի անդորրն ու համերաշխությունը, որ համայնքը ինչպես մի ընտանիք եղել է, այդպիսին էլ պահպանվի: Դրանում, իհարկե, վստահ է պարոն Հակոբջանյանը, հավատացած, որ մարդկային ու ընկերական հարաբերությունները երբևէ չեն տուժի, մարդիկ ըմբռնումով ու գիտակցաբար կմոտենան իրենց քաղաքացիական պարտքի կատարմանը: Պետք է հանդուրժող ու բարյացակամ լինել միմյանց նկատմամբ, ընդառաջել լավին և տեղ տալ արժանավորին:

-Իմ կողմնակիցներին,- շարունակեց ՀՀԿ-ի թեկնածուն,- հորդորում ու խնդրում եմ ոչ ոքի նկատմամբ անարդարացի ու կոպիտ չլինել, ոչ ոքի չնեղացնել կամ չվիրավորել: Խառնակչությունից ամեն կերպ հեռու մնալ, տեղի չտալ հնարավոր սադրանքներին ու զանազան պրովոկացիաներին: Ես արդարության, ճշմարտության կողմնակից ու ջատագով եմ: Խոստումներ տալ չեմ սիրում, քանզի իմ ապրածը, արածն ու դրածը լրիվ բավարար են, որպեսզի դիմացինս առանց դրա էլ ինձ հավատա, իմ նկատմամբ հույսով ու վստահությամբ լցվի: Այնպես որ, ավելորդ եմ համարում ինչ-որ բան խոսքով կամ հենց այնպես արտահայտելը, մարդկանց սիրաշահելու փորձերն ու դիվիդենտներ շահելը: Միշտ ազնիվ ու թափանցիկ եմ աշխատել և նույն կերպ էլ շարունակելու եմ: Իմ գործը լավ գիտեմ և գլուխս կախ, ոչ ոքի չվնասելով, քայլելու եմ առաջ, ամեն ինչ անելու եմ հոգուս, խղճիս թելադրանքով ու պարտքի, պատասխանատվության բարձր գիտակցումով: Աշխատելու եմ հանուն, այլ ոչ ընդդեմ: Դժվարություններ, ինչ խոսք, կան, և մեզ մնում է պատվով հաղթահարել դրանք…

Մեր զրույցի ընթացքում Հրայր Հակոբջանյանը չէր կարող չհիշել երջանկահիշատակ հորը` Ռոբերտին, ում շատ բանով է պարտական և ում իսկական ժառանգորդն ու հավատարիմ հետևորդն է.

-Հայրս ինձ կյանք պարգևելուց բացի նաև իր անունն ու հարգանքն է տվել: Հպարտ եմ նրանով: Նա, անգամ ֆիզիկապես բացակայելով մեզանից, շարունակում է ինձ օգնել ու ոգի ներշնչել: Ե՛վ հեշտ է, և՛ դժվար լավ մարդու որդի լինելը: Մարդն իր արժանապատվությունը պիտի միշտ բարձր պահի: Հայրս Արցախյան շարժմանն է մասնակցել. հրամանատար էր, և լավ հիշում եմ, որ զինակից ընկերներով շատ էին հավաքվում մեր տանը: Պատիվ եմ ունեցել մեր օջախում բազմիցս տեսնելու նաև Աշոտ Նավասարդյանին, Վազգեն Սարգսյանին: Ընկերներ էին, մտերիմներ: Ահա այս միջավայրում եմ հասակ առել, նրանց պատգամներով կյանք մտել: Մակիդոն պապս էլ մասնակցել է ֆիդայական շարժմանը, այնպես որ հայրենասիրությունը, ազգասիրությունն արյանս մեջ են, իմ գեներում: Հանուն մեր պետականության ու պետության ամրապնդման կանգ չեմ առնի ոչնչի առաջ և պատրաստ եմ զոհողությունների: Հայրենիքը սրբազան սեր ու նվիրում է պահանջում: Պետք է երախտապարտ լինենք, տեր լինենք հայրենի երկրին ու հարազատ հողին, հավատարիմ մնանք այն գաղափարախոսությանը, որին դավանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Գաղափարախոսություն, որը հայ ազգի պահպանությանն ու հարատևմանն է կոչված, հայոց պետության հզորացմանն ու բարգավաճմանը…

SHARE