Հանուն Գորիսի, ի շահ գորիսեցու

0
19

ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԻ ՀԵՏ, ՆԵՐԴՆԵԼՈՒ ԱՄԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ…

<<Ընկեր>>-ի զրուցակիցը Գորիսի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ ՎԱՉԻԿ ԱԴՈՒՆՑՆ է

Դիրքորոշում

 -Պարոն Ադունց, առաջիկա կիրակի կայանալիք ՏԻՄ ղեկավարի ընտրությանն առաջադրել եք Ձեր թեկնածությունը: Չէիք ասի, ինչո՞վ է դա պայմանավորված:
 -Նախ, ես չեմ առաջադրել, այլ Հայաստանի հանրապետական կուսակցությունն է առաջադրել իմ թեկնածությունը: Իսկ թե ինչու է առաջադրել, ապա դժվար չէ, թերևս, հասկանալ` որպեսզի, ընտրվելով այդ պաշտոնում, լավագույնս ներկայացնեմ ու ղեկավարեմ քաղաքը: Բնականաբար, հենց դա էլ տվյալ քայլի շարժառիթն ու նպատակն է:
 -Նախկինում եղե՞լ է նման փորձ, թե՞ առաջին անգամն է:
 -2003-ին ինքնառաջադրվել եմ, քանի որ ՀՀԿ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն էր: Նման իրավիճակում նպատակահարմար չգտա շարունակելու ընտրապայքարը և որոշեցի չխանգարել կուսակցիս` ինքնաբացարկ հայտնելով: Այս անգամ, մինչև առաջադրումս հանդիպում-քննարկումներ են եղել ինչպես շրջանային,  տարածքային կազմակերպություններում և կուսակցության ներկայացուցիչների բարձր մասնակցությամբ, այնպես էլ հասարակայնության լայն շերտերի հետ, ինչի արդյունքում եմ առաջադրվել որպես միասնական թեկնածու: Այնպես որ, լայն ու բազմակողմանի քննարկումների արդյունքում է նման որոշում կայացվել: Հարկ եմ համարում նշել, որ 2003-ից հետո էլ շարունակել եմ իմ ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին և օրակարգից, այսպես ասած, երբևէ չի հանվել իմ թեկնածության առաջադրման հարցը:
 -Տվյալ հարցում ինչպիսի՞ն է եղել ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Սուրիկ Խաչատրյանի դերակատարումը:
 -Ցանկացած կառույցի ղեկավար, բնականաբար, իր ազդեցությունը, դրական առումով, ունենում է նման գործընթացներում` թե՛, առհասարակ, աշխատանքների և թե՛, մասնավորապես, համապատասխան քննարկումների, հանդիպումների ու տվյալ  թեկնածուի առաջադրման  կազմակերպման հարցերում: Այսինքն, ուզում եմ կրկին ընդգծել, որ միանձյա կամ կամայական որոշման արդյունք չէ իմ առաջադրման փաստը, բայց միաժամանակ պիտի ընդունել, որ դրանում իր գնահատելի դերակատարումն է ունեցել կառույցի ղեկավարը` պարոն Խաչատրյանը:
 -Ի՞նչն է առավելապես հաշվի առնվել այդ քննարկումների արդյունք հանդիսացող նման որոշման ընդունման համար:

-Այնքան էլ կոռեկտ չէ, որ այդ հարցի պատասխանը ես տամ, բայց, համենայնդեպս, կփորձեմ իմ չափով բավարարել Ձեր հարցասիրությունը: Ես 1994-ից, արդեն շուրջ 20 տարի, Գորիսում տարբեր, ընդ որում` սպասարկման ոլորտի, հիմնարկ-ձեռնարկություններ եմ ղեկավարում: Ընդհանուր հաշվով, 25 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, ինչն անխզելիորեն շաղկապված է Գորիսի նորօրյա  տարեգրության հետ: Այնպես որ, իմ հանդեպ դրսևորված նման վերաբերմունքն ու վստահությունը, ուղղակի թե անուղղակի, պիտի տարիների այդ աշխատանքի, ունեցածս ներդրման արժանի գնահատական համարել: Իմ քաղաքի բնակչության նկատմամբ որդիական պարտք ու նվիրվածություն եմ հանդես բերել ու շարունակում եմ այսօր էլ առավելագույնն անել նրա կյանքն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար: 3 անգամ Գորիսի ավագանու անդամ եմ ընտրվել և մշտապես արդարացրել ընտրողներիս վստահությունը` հնարավորինս նպաստելով քաղաքի բնականոն կենսագործունեության ապահվմանը: 7 տարի սոցիալական ոլորտն եմ ղեկավարել, շփվել բնակչության առավել զգայուն խավի հետ, հոգացել նրա  կենսական կարիքները, ինչի անմիջական արտահայտությունն այն ջերմ վերաբերմունքն է, որին արժանանում եմ հատկապես կենսաթոշակառուների կողմից: Համակարգի նկատմամբ բնակչության վստահությունն ու հավատն էլ կատարածս աշխատանքի ամենաբարձր գնահատականն եմ համարում: Այնուհետև, դարձյալ 7 տարի, ղեկավարել եմ Գորիսի գազի տեղամասը, և այդ ընթացքում քաղաքի ու գյուղերի գազամատակարարման վերականգնումը լայն թափով է առաջ տարվել, հազարավոր նոր գազասպառողների է հնարավորություն ընձեռվել օգտվելու այդ  վառելիքից: Բնակչի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն ամեն պարագայում առաջնային ու վճռորոշ է եղել: Դա էլ, հավատացած եմ, փոխադարձաբար իր արտահայտությունն է գտել մեր ընդհանուր մոտեցումների ու  հարաբերությունների ձևավորման առանցքում: Ապա ջրմուղկոյուղու համակարգ եմ տեղափոխվել և 2009-ից ղեկավարում եմ Գորիսի տեղամասը: Արդյունքն առավել քան ակնհայտ է` 24-ժամյա ջրամատակարարման ապահովում, սպասարկման որակի բարելավում և այլն: Ձեր հարցադրումը, թերևս, ինձ ստիպեց մի քիչ անհամեստ գտնվելու և ինքս ներկայացնելու իմ արածն ու դրածը, բայց, այնուհանդերձ, ճշմարտություն է այդ ամենը, պարզ ու տեսանելի, բոլորի աչքի առաջ: Ի վերջո, այս ամենի արդյունքում է, որ ես այսօր քաղաքի ղեկավարի թեկնածուի կարգավիճակում եմ: Իմ պարագայում պատահական կամ չարդարացված ոչինչ չկա և չի էլ կարող լինել: Ես զավակներիս էլ նույնն եմ ասել` ցանկացած պարագայում, ինչ էլ լինի, մեզ համար գերակայողը մարդկայինը պետք է լինի, առաջին շարքում` մարդը: Մարդ հասկացողությունն առաջնահերթ է, ամեն ինչից վեր ու գերադասելի: Շնորհակալ եմ իմ բնակչին, որ իրատես ու գիտակցող է, որ կարող է արդարացիորեն նկատել, որ ես <<մերժելուց էլ այնպես եմ մերժում, որ շնորհակալ են լինում…>>: Դա, իրոք, բարձր  գնահատական է` անկեղծ, մարդկային: Հետևաբար, քաղաքապետի աշխատանքում  ինձ համար էլի մարդն է մնալու ամենավերին նիշում, բնակչի նկատմամբ պատշաճ մոտեցման ու վերաբերմունքի ապահովումն է լինելու իմ գործունեության հիմքում: Առաջնորդվելու եմ նրա կարծիքը հաշվի առնելու և իրավունքներն ու շահերը պաշտպանելու անկեղծ մղումով, գործելու եմ խղճիս թելադրանքով:
 -Ըստ Ձեզ, համայնքի ղեկավարից առաջնահերթ ինչպիսի՞ որակներ են պահանջվում:
 -Ես, ընտրվելու դեպքում, առաջին հերթին փորձելու եմ քաղաքի, այսպես ասած, հնարավորությունները գույքագրել: Խոսքը ֆինանսական, գույքային և պոտենցիալ այլ կարողությունների հաշվառման մասին է, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել հետագա անելիքների ու ձեռնարկվող քայլերի մասին: Առանց իրավիճակի պատկերացման որոշումներ ընդունելն անօգուտ ու աննպատակ կդառնա: Եվ ապա` մեծապես կարևորում եմ կոլեգիալության սկզբունքով, համակողմանի  քննարկումների արդյունքում որոշումներ ընդունելու խիստ անհրաժեշտությունը: Միանձնյա որոշում կայացնելուն դեմ եմ: Ավագանու ներուժը միանշանակ պետք է օգտագործել, ավագանի-քաղաքապետ հարաբերությունը ճիշտ հիմքի վրա կառուցել: Անպայման ջանալու եմ նաև առանձին ոլորտների հետ կապված հասարակական կամ հանրային /անվանումն այստեղ այնքան էլ կարևոր չէ/ խորհուրդներ ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն քաղաքի վաստակ, փորձառություն ունեցող մարդիկ, ինչպես և երիտասարդ, կարող ուժեր` համատեղ քննարկումների արդյունքում համայնքին վերաբերող կարևորագույն խնդիրների շուրջ ընդհանուր մոտեցում, կարծիք ձևավորելու համար: Երիտասարդության հետ շփումները հնարավորինս պետք է մեծացնել, քանի որ Գորիսը նաև ուսանողական քաղաք է, և այդ խավի տեղն ու դերը մեր ընդհանուր ձեռնարկումներում պետք է նույնքան էլ նշանակալի լինեն: Դա մեր աշխատանքի, ապագա հաջողությունների կարևոր նախապայման պիտի համարել: Մարզամշակութային կյանքի աշխուժացումը նույնպես առանձնահատուկ մոտեցման կարիք ունի, մեծ ջանքեր է պահանջում: Այդուհանդերձ, առաջին քայլերս նպատակաուղղված են լինելու համայնքում առողջ աշխատանքային մթնոլորտի, վստահությա՛ն մթնոլորտի ձևավորմանը, քաղաքապետարանի աշխատակազմի յուրաքանչյուր անդամի պատասխանատվության առավել բարձրացմանը, ինչից էլ արդեն ուղղորդվելու են մեր հետագա քայլերն ու ձեռնարկումները:
  -Կարելի է մտածել, որ նոր թի՞մ եք ձևավորելու:
 -Որտեղ էլ աշխատել եմ, այնտեղ ինձ համար գերնպատակ չի եղել աշխատակազմի փոփոխությունը: Նախընտրել եմ ավելի շատ հին աշխատակազմը` միաժամանակ կարևորելով նոր աշխատաոճով գործելու, ժամանակակից պահանջներով առաջնորդվելու անհրաժեշտությունը: Այդ պահանջին չհարմարվողներն իրենք են կամովին, բարեկամաբար հրաժարվել զբաղեցրած պաշտոններից: Ամենակարևորը, որ գիտակցել են, հասկացել`դա ինքնանպատակ, կամայական չի արվում: 
 -Խոսենք ապագա ծրագրերից, անելիքներից, հատկապես` երիտասարդ սերնդի զբաղվածության խնդրի լուծման, ժամանցի կազմակերպման տեսանկյունից:
  -Ինչպես ինքներդ եք հասկանում, քաղաքապետն աշխատատեղեր ստեղծելու առանձնակի գործառույթ, հնարավորություն չունի: Նրա խնդիրն ավելի շատ ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումն է, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելը: Պետք է հաշվի առնել, որ Գորիսն արդյունաբերության զարգացման մեծ պոտենցիալ չունի` զրկված լինելով հանքահումքային բավարար պաշարներից, ուստի մեր հիմնական հույսը մնում են դրսից ակնկալվող ներդրումային հոսքերն ու տեղի ձեռներեցները: Հատկապես արտերկրում գտնվող մեր համաքաղաքացիների հետ պետք է խորացնել, ակտիվացնել շփումները և զուտ մարդկայնորեն, բարոյապես ու ընկերաբար նրանց տրամադրել այստեղ որոշակի բիզնես գործունեություն ծավալելուն: Բիզնեսն, ինչ խոսք, մնում է բիզնես, բայց հայրենասիրությունն էլ այն արժեքն է, հանուն որի արժե, թեկուզ, սկզբնական շրջանում որոշ զոհողությունների գնալ` վստահ լինելով, որ ոչինչ հենց այնպես չի կորչելու, որ, ի վերջո, ժամանակին ներդրածն անպայման արժանիորեն փոխհատուցվելու է: Զբոսաշրջության ոլորտի խթանման առումով մենք բավականաչափ առավելություններ ունենք. չմոռանանք, որ Գորիսը հին բնակավայր է և մեծ հետաքրքրություն ու գրավչություն ունի: Անհրաժեշտ ենթակառուցվածքները զարգացնելով և բավարար պայմաններ ստեղծելով, հավատացած եմ, կկարողանանք ցանկալի արդյունք ապահովել: Այստեղ պիտի առանձնահատուկ կարևորենք մեր քաղաքին բնորոշ արհեստագործության ճյուղի դերն ու նշանակությունը և ամեն գնով զարկ տանք նման փոքր տնտեսությունների, արհեստանոցների գործունեությանը, թև ու թիկունք լինենք հնամենի արհեստների վերականգնմանը նախանձախնդիր անհատներին: Ավանդույթները չպետք է կորչեն, Գորիսն իր դեմքը պիտի կարողանա հնարավորինս անաղարտ պահել ու այդպես էլ ներկայանալ քաղաք ոտք դնողին: Զուտ ժամանցի կազմակերպման առումով հարկ է նշել, որ վերջին տարիներին մենք քաղաքում այդ տեսանկյունից որոշակի հետընթաց ունենք, նախկին աշխուժությունը, կարծես, նվազել է: Մինչդեռ, ըստ իս, շատ կարևոր է, որ սպորտն ու մշակույթը մշտապես իրենց արժանի տեղն ունենան մեր երիտասարդության կյանքում, նրա առօրյայի անբաժանելի մաս կազմեն: Ի դեպ, դա իմ ծրագրային կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս գործում զգալի անելիք ունի քաղաքապետարանը, այն առումով, որ կարողանա համախմբել ունեցած ուժերն ու հնարավորությունները և կապող օղակ հանդիսանա:
 -Ի՞նչ նկատի ունեք կապող օղակ ասելով:
 -Ես 1983-88 թթ. սովորել եմ Երևանում` գյուղատնտեսական ինստիտուտում, ընդ որում, սովորել եմ գերազանց, անվանական թոշակառու եմ եղել: Այդ հանգամանքն ամենևին էլ չի խանգարել, որ շարունակեմ պահպանել կապը համաքաղաքացի ուսանող ընկերներիս, ծանոթներիս հետ և նրանց մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպեմ: Երիտասարդության պալատում 3 անգամ մեծ միջոցառում եմ անցկացրել` մոտ 170 գորիսեցի ուսանողի մասնակցությամբ: Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում Երևանում սովորող գորիսեցի և թե ինչպիսի ներուժի տեր է նա: Գորիսում էլ, փառք Աստծո, կան ուսումնական հաստատություններ, հեռահաղորդակցության միջոցներն այսօր առավել քան զարգացած են, և մնում է, ըստ իս, շահագրգիռ կապ ստեղծել, փոխադարձ հետաքրքրություն առաջացնել, որպեսզի դրսում ուսանող մեր համաքաղաքացին ձգտի անպայման վերադառնալ և ստացած ուսումը ծննդավայրի շենացմանն ու զարգացմանը ծառայեցնել: Քաղաքի ղեկավարությունն այստեղ մեծ դերակատարում կարող է ունենալ ու խթանող ուժ, միջոց դառնալ: Արդեն առիթ ունեցա նշելու, որ մենք այսօր շատ կարևոր խնդիր ունենք` համախմբելու մեր համաքաղաքացիներին, աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն, և ունեցած ներուժն ու կարողությունը նպատակաուղղելու մեր ծննդավայրի առջև կանգնած հիմնախնդիրների լուծմանը: Գորիսը, ինչպես գիտենք, արցախյան պատերազմի թեժ թոհուբոհի մեջ է եղել, դիմակայել ականների պայթյունի տակ: Այն ծանրագույն ժամանակահատվածում գորիսեցին, փառք ու պատիվ իրեն, չլքեց հայրենի տունը, ինչը, ցավոք, չես ասի այսօրվա համար, երբ նման անցանկալի դեպքերի ենք ականատես լինում: Մենք ամեն ինչ, ամեն միջոց պիտի գործադրենք, որպեսզի պատերազմի ահուսարսափը տեսած հերոս գորիսեցին այսօր երես չթեքի հարազատ քաղաքից, մնա ու լծվի նրա շենացման գործին: Որդիս էլ այսօր ծառայում է ազգային բանակում, և ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում բանակ, պաշտպանություն, ահա թե ինչու մեծապես կարևորում եմ նաև մեր զինված ուժերին զորավիգ կանգնելու, նրա մարտունակությունն էլ ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը: Հզոր թիկունք` հզոր բանակ: Գիտակցելով այս, պիտի շարունակել խթանել քաղաքում կատարվող ներդրումները, նորերը ներգրավել, որպեսզի Գորիսը վերագտնի բնականոն կենսագործունեությունը, կայուն ու ապահով առաջընթաց ապրի: Այն ամենը, ինչ պահանջվում է տեղի իշխանությունից, անպայման պիտի արվի, անհրաժեշտ ու հնարավոր բոլոր պայմանները պետք է ստեղծել, որպեսզի մարդիկ պատրաստակամ լինեն որևէ գործ ձեռնարկելու, լուրջ  ներդրումներ անելու և, ի վերջո, կապվելու ծննդավայրի հետ, ապրելու նրա հոգսերով ու ուրախություններով:  Նրանց ոգևորել, ոգեշնչել է պետք: 
  -Սյունեցու քաջ ու հերոսական կերպարը հայտնի է բոլորիս: Կերպար, որն ամբողջացնելու են գալիս այս լեռնաշխարհում ապրող մարդու արարելու, կերտելու անսահման ձգտումն ու արժանապատիվ, խրոխտ կեցվածքը, նախանձախնդրությունն ու ազգասիրությունը: Բնականաբար, այս հրաշք երկրամասի զավակ լինելով, հպարտության զգացում ունեք, ինչպես և, միաժամանակ, յուրահատուկ պարտավորվածություն` արժանիորեն շարունակելու նախնիների լավ ու բարի ավանդույթները, պահպանելու ձեր տեսակի գոյությունը: Այդպես չէ՞:
  -Այո, ընկերությունը յուրօրինակ տղամարդկություն է, ինչ-որ առումով` անգամ ավելի վեր դրանից: Բնականաբար, ունեմ ընկերներ` սկսած մանկությունից, դպրոցից, ապա գալիս են ուսանողական ընկերները և այդպես շարունակ: Ընկերներ, ում կարոտում ու հիշում եմ, ում հետ շարունակում եմ հանդիպել: Ավանդույթներ կան, որ սրբորեն պահպանում ենք: Թե՛ Գորիսում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ընկերությունը սահման, ժամանակ չի ճանաչում, դրա համար էլ, համոզված եմ, այդքան հզոր ու անկրկնելի է: Ընկերներս այսօր հպարտ են, որ փորձում եմ այդ ծանր բեռն ուսերիս վերցնել, որ նման ռիսկի եմ գնում: Կողքս կանգնած են` պատրաստակամ ամեն կերպ աջակցելու: Առաջին հերթին` իրականացնելու ծրագրերս: Ընկերներ ունեմ, որ մեր քաղաքում իրենց ուրույն տեղն ու դերն ունեն, հիմնարկ-ձեռնարկություններ են ղեկավարում կամ սեփական բիզնեսն ունեն: Աստված չանի, եթե ինչ-որ հարցում թերանամ կամ մի բան այն չլինի, ապա առաջին ու խիստ քննադատներս նրանք են լինելու, նրանց առջև եմ պատասխան տալու: Ըստ էության, պատասխանատվություն եմ ստանձնելու նաև ընկերներիս հանդեպ, ինչը, թերևս, առավել պարտավորեցնող է: Ընկերությունը նաև պատասխանատվություն է, բա՛րձր պատասխանատվություն: Առհասարակ, ինչպես կարող էիք հասկանալ իմ խոսքերից, մարդը, մարդկային արժեքն ինձ համար մնում են որպես հիմնական գերակայություն: Ես երբևէ իմ դեմ կանգնած մարդուն, ով կամ ինչպիսին էլ նա լինի, ինձանից ցածր չեմ դասել, վերաբերվել եմ այնպես, ինչպես հավասարը` հավասարին: Մարդն ինձ համար կարևորագույն արժեք է: Բացարձակապես դեմ եմ ստին: Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Այն աստիճանի է հասնում այդ մերժելի երևույթի հանդեպ իմ անհանդուրժողականությունը, որ երբեմն ընկերներս, տանեցիներս կատակում են` եթե չգիտես սուտ խոսել, ապա ինչպես ես ղեկավարելու համայնքը… Ահա, այսպիսի թյուր կարծիք կա մեզանում: Հետաքրքիր է, եթե մի պահ, ասենք, ընդունենք, որ այդպես է, որ առանց ստի անհնարին է, ապա այսքան տարի ես ինչպե՜ս եմ կարողացել ղեկավար լինել: Տղամարդու համար առավել ևս անընդունելի է սուտը: Կարծում եմ նաև, որ շատ ավելի հեշտ է գործը կատարել, քան չկատարածի համար պատճառաբանություններ փնտրել: Միշտ այս սկզբունքով եմ աշխատել: Ընկերս էլ պիտի այս մտածելակերպով առաջնորդվի: 
  -Պատահում է, որ ոմանք, բախտի աստիճաններով վեր բարձրանալով, մեծ շրջապատում հայտնվելով, մեծամտանում են, անտեսում իրենցից ներքևում գտնվածներին: Մոռանում են, որ երբ երբեմնի բարձունքից ներքև իջնելու լինեն, ապա մարդ չեն տեսնի իրենց շրջապատում: Ի՞նչ կասեք:
   -Դուք ինձ ստիպում եք, որ անձիս մասին կրկին խոսելու առիթ ունենամ: Եղել է, որ պաշտոն չեմ զբաղեցրել, սակայն ընկերներիս վերաբերմունքի մեջ որևէ փոփոխություն չեմ նկատել, ջերմության պակաս չեմ զգացել: Շրջապատիս մարդկանց խոսքերով, այն եզակի պաշտոնյաներից եմ, որ պաշտոնի բերումով չեմ փոխվում, ինձ չեմ բարձրացնում: Երբևէ չեմ հպարտացել իմ պաշտոնով, այն իմ պարագայում համարել եմ ոչ թե միջոց, այլ պատասխանատվություն: Եթե միջոց, ապա ավելի շատ ժողովրդին ծառայելու, քան իմ անձը բարձրացնելու, ներկայացնելու: Դա նկատել են ոչ միայն ընկերներս, այլև հասարակ բնակիչները: Նկատել են ու գնահատում են: Ինչպես ես տարբերություն չեմ դնում մարդկանց միջև, այնպես էլ նրանք իմ նկատմամբ իրենց վերաբերմունքը չեն փոխում` անկախ այն բանից, պաշտոնյա եմ, թե ոչ: Ընկերներս նաև ինձ հետ աշխատելու առիթ են ունեցել: Շարունակում են այսօր էլ աշխատել: Ունեմ լավ ընկերներ և նրանցով հպարտանում եմ: Իմ համաքաղաքացիները հարգում ու ճանաչում են այդ մարդկանց:
 -Չնայած արդեն մեր զրույցում առիթ ունեցանք անդրադառնալու, բայց, համենայնդեպս, ընտրվելու պարագայում ո՞ր խնդիրն եք առաջնահերթ կարևորելու թե՛ Ձեզ, թե՛ Գորիսի համար:
  -Այո, ես իմ ծրագիրը ընդհանուր գծերով ներկայացրի և ինչ-որ կերպ անդրադարձա նաև Ձեր այդ հարցադրմանը: Այդուամենայնիվ, ընդգծեմ, որ տեղի իշխանության` քաղաքապետարանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության լուրջ անհրաժեշտություն եմ տեսնում, մասնավորապես` վստահության վերականգնում: Գործող քաղաքապետն ու նրա թիմը քաղաքի համար շատ բան են արել, սակայն վերջին շրջանում, կարծես, ինչ-որ չափով տեղի իշխանության նկատմամբ վստահության նվազման միտում է նկատվում: Ամեն ջանք գործադրելու եմ, որպեսզի բնակիչն իր իշխանությանը հույսով ու հավատով մոտենա, վստահի: Խստապահանջ եմ լինելու ընդհանուր կարգապահության հարցում: Գորիսը միշտ փայլել է իր մաքրությամբ, արտաքին գեղեցիկ տեսքով, այսօր էլ հպարտանալու իրավունք ունի ասֆալտապատ ու բարեկարգ փողոցներով, բայց դեռևս մտահոգող է աղբահանության խնդիրը` աղբավայրի հետ կապված: Ահա, այս խնդիրն առաջնահերթ ուշադրություն և լուծում է պահանջում: Հաջորդ ոչ պակաս կարևոր խնդիրը գիշերային լուսավորության ապահովումն է, որ շատ ջանքեր կպահանջի մեզանից: Շատ այլ խնդիրներ կան, որոնց լուծման ուղիները մատնանշված են իմ նախընտրական ծրագրում: 
  -Գորիսն իր արտաքին գրավչությամբ և շատ առումներով բոլորովին տարբերվում է մեր  մյուս քաղաքներից: Միակ քաղաքն է, թերևս, որ հենց ի սկզբանե ունեցել է կոյուղի, իր կառուցվածքով, շենքերի ճարտարապետական տեսքով էապես առանձնանում է այլ քաղաքներից: Ի՞նչ եք անելու, պարոն Ադունց, որպեսզի եղածը պահպանվի, չէ՞ որ քաղաքը գրեթե ամբողջովին սեփական առանձնատներով է կառուցապատված, ինչը շատ կոլորիտային է, յուրօրինակ և արտասովոր գեղեցիկ: Ինչպիսի՞ մոտեցում պետք է ցուցաբերեք, որ քաղաքն իր տեսքը, կոլորիտը չփոխի, եղածը պահպանի և միաժամանակ զարգացում ապրի:
 -Ես, ասեմ Ձեզ, կստորագրեի Ձեր այդ ասածի տակ, շատ հիանալի ներկայացրիք Գորիսն ու այստեղ առկա իրավիճակը: Գորիսեցիներս հպարտանում ենք մեր քաղաքով առաջին հերթին հենց իր ճարտարապետական յուրօրինակ տեսքի, կոլորիտի համար: Այդ առումով այն աշխարհում, թերևս, եզակի բնակավայրերից է: Առհասարակ, հնի ու նորի պայքար է ընթանում, նաև` ճարտարապետության, շինարարության ոլորտում: Գտնում եմ, որ նորը չպետք է իր առկայությամբ խեղճացնի հնին և փորձի դուրս մղել նրան: Այո, նորը պիտի կառուցել, բայց ոչ հնի հաշվին, այլ նրա հետ կողք-կողքի, եթե կուզեք` հենց նրա հենքի վրա: Այս մոտեցումը Գորիսում առավել ևս պետք է կարևորվի, քանի որ այն չունի իրար նման թեկուզ 2 շենք: Ցանկացած առանձնատուն յուրովի է, առանձնահատուկ: Դա մեզանից պահանջում է քաղաքաշինական խնդիրներում այնպիսի մոտեցում որդեգրել, որպեսզի երբևէ չվնասվի եղածը, իսկ նորը կառուցելիս անպայման պահպանվի համաչափության սկզբունքը: Մասնավորապես, անհրաժեշտության դեպքում, շենքի  ներսում ձևափոխություններ, վերանորոգումներ կատարել` առանց արտաքին տեսքին ձեռք տալու: Ինչպես արդեն առիթ ունեցա վերևում նշելու, ես մեծ կարևորություն եմ տալու քաղաքապետարանին առընթեր հասարակական խորհուրդների ձևավորմանը, իսկ կոնկրետ այս դեպքում, օրինակ, ճարտարապետության խորհուրդը, որտեղ կընդգրկվեն ինչպես հեղինակավոր, վաստակաշատ մարդիկ, այնպես էլ մասնագետներ, կարող է կանոնակարգել ոլորտը, նպաստել ընդունելի որոշումների  կայացմանը: Այսինքն, քաղաքի համար կենսական նշանակության խնդիրները լոկ կաբինետային որոշման արդյունք չեն լինելու,  համակողմանի քննարկումներ են ընթանալու` հասարակության լայն խավերի ներկայացուցիչների գործուն մասնակցությամբ, լուրջ վերլուծություններ են կատարվելու և այլն: Համատեղ, միասնական ենք գործելու` կառավարման սուբյեկտիվ դրսևորումների անցանկալի դեպքերը հնարավորինս բացառելով: 
 -Նման գործելաոճի արմատավորման արդյունքում, անշուշտ, դրական փոփոխությունների իրական երաշխիքներ կստեղծվեն, առավել ևս, որ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է էապես բարելավվել: Համամի՞տ եք:
  -Միանշանակ: Առիթից օգտվելով, ասեմ, որ Գորիսում մթնոլորտն այդքան էլ վատ չէ, որքան ջանում են ներկայացնել որոշ լրատվամիջոցներ: Շատ կուզեի, որ մեր ԶԼՄ-ներն աշխատեին կառուցողական դաշտում, լավն ավելի շատ տեսնեին, քան փնտրեին թեկուզ չնչին առիթներ` մարդկանց, երևույթները չափից դուրս սևացնելու համար: Ինչևէ, Գորիսում միշտ էլ մթնոլորտն առողջ, հանգիստ է եղել: Որևէ լարվածություն չկա, առանձնահատուկ իրավիճակ գոյություն չունի: Խանգարող ինչ-որ հանգամանքներ ու դրսևորումներ, բնական է, կարող են լինել, ինչը ես ջանալու եմ հարթել, համայնքում առկա համերաշխության մթնոլորտն ավելի խորացնել: Ինքս երբևէ անձնական խնդիրներ որևէ մեկի հետ չեմ ունեցել, աշխատել եմ առանց կոնֆլիկտների, վատ փոխհարաբերություններից հնարավորինս հեռու եմ եղել: Բոլոր գորիսեցիներն էլ ինձ հարազատ ու բարեկամ են, և այդպես էլ մնալու են միշտ: Նշանակություն չունի` ինձ կընտրեն, թե ոչ, ես բոլորին էլ հարգելու եմ, բոլորի հետ էլ համագործակցելու եմ: 
  -Համագործակցությունը, մասնավորապես, ՀՀԿ տարածքային կազմակերպության, նրա ղեկավարի հետ ևս, անշուշտ, դրական արդյունք և լավ պտուղներ է տալու: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունը:
 -Կուսակցության տարածքային կառույցի ղեկավարի` Սուրիկ Խաչատրյանի հետ արդեն 20 տարի աշխատում եմ: Այդ ընթացքում տարբեր հիմնարկներ եմ ղեկավարել, իսկ պարոն Խաչատրյանը նախ քաղաքի, ապա մարզի ղեկավարն է եղել: Մեր համագործակցությունը շատ սերտ է եղել` փոխադարձ հարգանքի ու գործնական հարաբերությունների մթնոլորտում: Այսօր էլ վստահորեն կարող եմ ասել, որ Սուրիկ Խաչատրյանն իր ուրույն տեղն ու դերն ունի մարզում, անուրանալի է նրա ներդրումը Սյունիքի պաշտպանության, զարգացման ու առաջընթացի գործում: Համոզված եմ, որ նա հնարավոր ամեն ինչով աջակցելու է քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունն առավել բարձրացնելուն, ավագ ընկերոջ, օգնողի դերում է լինելու: Դրանից մեր աշխատանքը, Գորիսն ու նրա բնակիչը միմիայն կշահեն: Բոլորս էլ լավ գիտենք, որ նա Սյունյաց աշխարհի նվիրյալներից է և, հավատացած եմ, այսուհետ ևս կշարունակի իր ազգանվեր գործունեությամբ նպաստել հայրենի եզերքի ծաղկմանն ու բարգավաճմանը: Ես տեսել եմ պատերազմի տարիներին նրա նվիրումն ու անձնազոհությունն ինքնապաշտպանության կազմակերպման, հայրենիքի և նրա սահմանների անվտանգության ապահովման գործում: Հետո արդեն նույն նվիրմանն ու կազմակերպչական ունակությունների դրսևորմանն ականատես եղա խաղաղ պայմաններում, համատեղ աշխատանքի ընթացքում: Սուրիկ Խաչատրյանի այդ ժամանակաշրջանի գործունեությունը գնահատվել է և հետո էլ, հավատած եմ, առավել արժանիորեն կգնահատվի: Էլի շատ առիթներ են եղել` կրկին համոզվելու, որ Խաչատրյանն այս հողի նվիրյալ զավակներից մեկն է, ուժեղ ու անկոտրում անձնավորություն, հայրենասեր գործիչ: Ի տարբերություն ոմանց, որ ամեն գնով փորձում են թերագնահատել նրա հնարավորություններն ու արժանիքները և հանիրավի վարկաբեկել նրա անձը, ես միմիայն ուրախ կլինեմ նրա հետ համագործակցելուց: Էլի եմ ասում` դրանից կշահենք բոլորս: Նշեմ, որ ոչ միայն ՀՀԿ տարածքային կազմակերպության, այլև գլխավորապես մարզպետարանի և մյուս բոլոր իրավասու կառույցների հետ եմ համագործակցելու: Հանդիպել եմ նաև մարզպետ Վահե Հակոբյանի հետ, երկուստեք շահագրգիռ խոսակցություն ունեցել: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Գորիսի ապագայով և իրապես նրա զարգացումն ու առաջընթացն են ցանկանում, ինձ ցանկալի ու հոգեհարազատ մարդիկ են: Հանուն Գորիսի, ի շահ նրա բնակչի` պատրաստակամ եմ համագործակցելու բոլոր-բոլորի հետ… Ավարտելով խոսքս, ուզում եմ անկեղծ խոստովանանքի պես հնչեցնել այն միտքը, որ Գորիսն ու գորիսեցին ինձ համար ամենաթանկ արժեքն ու ամենահոգեհարազատն են այս աշխարհում, և ես նրանց համար ներդնելու եմ ամեն, ամեն ինչ` ողջ ներուժս, ունակություններս ու հնարավորություններս: Քաղաքապետի պաշտոնում ընտրվելիս անելու եմ այնպես, որ Գորիսն` իր մարդկանցով ու մշակույթով, ճարտարապետությամբ ու կենցաղով անկեղծ հիացմունքի պահեր պարգևի ցանկացածին, ով ոտք կդնի մեր հինավուրց ու սրբազան հողի վրա…  
Ռուզաննա Մանուկյան
SHARE