Հաջող սկիզբ

0
17

Այն նաև հաջող շարունակություն, հաջող ավարտ է պահանջում…
ՏԻՄ
    2009 թվականից ղեկավարելով Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքը, Արթուր Մանուկյանը /ՀՀԿ անդամ/ կրկին իր թեկնածությունն է առաջադրել մայիսի 26-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: 
  Մեր զրույցում խոսելով այս տարիներին կատարված աշխատանքների մասին, պարոն Մանուկյանը նշեց, որ համայնքապետարանի միջոցներով հիմնանորոգել են ոռոգման երկու խորքային հոր, ցերեկային լույսեր են անցկացրել մինչև գերեզմանատուն, 6 ինքնաբուխ հորերի վրա պոմպեր են տեղադրել շուրջօրյա խմելու ջուր ապահովելու համար: Եթե մինչև իր պաշտոնավարումը խմելու ջրի խնդիր կար համայնքում, ապա այսօր արդեն ջրամատակարարման գրեթե 80 տոկոսով ապահովում կա: 2 հորը շուրջ 150 հեկտար հողատարածք արդեն իսկ ապահովում է ոռոգման ջրով: Ներկայումս ոռոգման մեկ խորքային հոր ԾԻԳ-ի միջոցներով է վերանորոգվում, մյուսն էլ` գյուղապետարանի ուժերով, ինչի արդյունքում ողջ գյուղը կապահովվի ոռոգման ջրով: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: 
     Խմելու ջրի համակարգն անմխիթար վիճակում է: Առայժմ ընդամենը 400 գծամետր նոր խողովակ է անցկացվել, մնացածը ևս հիմնանորոգման կարիք ունի: Թեև համայնքապետարանի ֆինանսական  հնարավորությունները սուղ են, բայց մտադիր են մինչև տարեվերջ այդ խնդիրը լուծել: Տվյալ խնդրին քաջատեղյակ է նաև մարզպետը, այնպես որ սպասում են ինչ-որ միջոց, հնարավորություն ստեղծվելուն: Որոշակի խնդիրներ լուծելիս ներդրվում են նաև համայնքապետարանի աշխատակազմի անձնական միջոցներից: 

    1100 գծամետր գազատար խողովակաշար են անցկացրել, փողոցների խճապատում է կատարվել: Դպրոցին են աջակցել նախակրթարանի վերանորոգման համար, այդ նպատակով համայնքի բյուջեից 2 մլն 185 հազար դրամ հատկացում են արել: Հրաշալի նախակրթարան ունեն, որն սկսել է  գործել Ա. Մանուկյանի պաշտոնավարման օրոք: Մարզպետարանի տրամադրած գումարներով նախորդ տարվանից սկսել են դպրոցի վերանորոգումը: Փոխել են տանիքը, դռներն ու պատուհանները, ներկայումս գազաֆիկացումն է տարվում: Մշակույթի տունն անմխիթար վիճակում է: Մի հատված նորոգել են, որպեսզի մարդիկ ձմռանը զբաղմունքի տեղ ունենան: Այդ խնդիրն էլ է բարձրացվել պատկան մարմինների առջև: 
  Այդպիսով, համայնքի ղեկավարն իրեն առաջադրված խնդիրներից մի մասը հաջողությամբ լուծել է, մնացածի լուծումն ընթացքի մեջ է, և ժամանակ է պահանջվում: Ուստի և վերընտրվելն անհրաժեշտ ու կարևոր է համարում, որպեսզի ավարտին հասցնի կիսատ գործերը: 3 կմ ոռոգման ջրագիծ ունեն նաև, որը պետք է փոխարինվի երկաթբետոնե խողովակներով: Դրանից հետո արդեն ոռոգման վիճակը բավարար կլինի:
    Պարոն Մանուկյանի համոզմամբ, իր չորս տարիների աշխատանքը բավարար է, որպեսզի ժողովուրդն ընտրություն կատարի թեկնածուների միջև: Ընդ որում, քարոզարշավը բնականոն հունով է ընթանում: Գործող համայնքապետը, ըստ էության, իր կողմից քարոզարշավ ծավալելու անհրաժեշտություն չի տեսնում: Գյուղացին իր քվեն կտա նրան, ում նախընտրում է: 
   Գյուղապետարան մտնող ցանկացած գյուղացի ստանում է իրեն հուզող  հարցերի պատասխանները: Դպրոցի առաջին դասարանցիները, շրջանավարտները համայնքի ղեկավարի կողմից խրախուսվում են, նվերներ ստանում: Հաջորդ տարվանից գյուղապետարանն իր վրա կվերցնի բուհերում սովորողների վարձավճարի 50 տոկոսի վճարումը: Ծնելիության խրախուսման նպատակով 50 հազարական դրամ է հատկացվում նորածնի ծնողներին: Ֆինանսական օգնություն է հատկացվում նաև դժբախտ դեպքերի առիթով: 
    Գործող գյուղապետի խոսքերով, համայնքի ղեկավարը պետք է ժողովրդի կողքին լինի, կիսի նրա առօրյա հոգսերը, համագյուղացու դարդ ու ցավով ապրի, ճիշտ հասկանա ու ճիշտ մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուրի հանդեպ: Պարտավոր ես, ուղղակի, սատար լինել քո բնակչին, որ գիշեր-ցերեկ տանջվում, չարչարվում է` շատ հաճախ Աստծո ողորմածությանն ապավինելով: Վարդանաշենը 1358 բնակիչ ունի, ընտրողների թիվը` 790: Գյուղացին մշակում է բանջարաբոստանային կուլտուրաներ, հիմնականում` ձմերուկ և պղպեղ: Բերքի իրացման խնդիրը դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ: Հարկ է կանոնակարգել այս կարևոր գործընթացը, ընդ որում` պետականորեն, որպեսզի գյուղացուն ձեռնտու լինի հողագործությամբ զբաղվելը: Ջրառատում արդեն շուկա է գործում: Գյուղացու վիճակը վատացել է` վերցրած վարկերը փակել չկարողանալու պատճառով: Գյուղապետը նաև  այս խնդիրներում, հնարավորության սահմաններում, սատար է կանգնում իր բնակչին` հաճախ դիմելով նաև ընկերների օգնությանը, խորհրդակցելով փորձառու համայնքապետերի հետ: 
    Ընկերություն է անում հարևան Երասխահունի, Մարգարայի, Արազափի, Եղեգնուտի և Զարթոնքի գյուղապետերի հետ: Շփումը գրեթե ամենօրյա է: Ընկերները շատ են, բոլորն էլ` լավը: Հարց կամ խնդիր առաջանալիս ընկերները կողքին են, համատեղ լուծման ուղիներ են գտնում: Ընկերոջը փորձության պահին մենակ չեն թողնի: Որքան ընկեր, խորհուրդ, այնքան խնդիրների բարեհաջող լուծում, առաջընթաց: Ընկերներից երկուսը գյուղապետարանի աշխատակազմում են: Էդիկ Զաքարյանը տեղակալն է, Սարգիս Բարսեղյանը` մշակույթի տան վարիչը: Բնականաբար, ընկերոջ հետ ավելի վստահելի է աշխատելը, պատասխանատվությունն է բարձրանում, արդյունավետությունը մեծանում: Որտեղ լավ, բարի գործ կա, այնտեղ  ընկերներն անպակաս են…
    Մեր զրույցի պահին ներս եկավ Երասխահունի համայնքապետը, ով, մասնավորապես, ասաց. <<Արթուրի ղեկավարման տարիներին համայնքի  դրական տեղաշարժն ակնհայտ ու նշանակալի է: Ջանում է անգամ անլուծելի թվացող հարցին լուծում գտնել: Անում է ամեն հնարավորը, որ գյուղը զարգանա, առաջ գնա: Այստեղ խնդիրները մի փոքր ավելի շատ են, ահա թե ինչու մենք ևս, որպես գործընկերներ, մեր հերթին կանգնած ենք Արթուրի կողքին, որպեսզի հնարավորինս շուտ լուծվեն դրանք: Այսպես թե այնպես, մեր աշխատանքով կապված ենք իրար, նույն խնդիրների առաջ ենք կանգնած, նույն հոգսն ու ցավն ունենք… Որպես մարդ, նա առանձնանում է իր ջանասիրությամբ, ազնվությամբ ու աշխատասիրությամբ: Արժանի համայնքապետ է, արժանի ընկեր ու անձնավորություն>>:
   Խոսք գնաց նաև այն մասին, որ համատեղ աշխատանք է տարվում, որպեսզի Մարգարայից մինչև Ջրառատ հատվածի քանդված ճանապարհահատվածում  ասֆալտապատում իրականացվի…      
SHARE