Հասկանալ` անգամ կես խոսքից

0
23

Դիմացինի դրության մեջ մտնել, նրան օգնական ու աջակից լինել…

Նվիրվածություն

  -Ես շատ եմ գնահատում ընկերությունը,- ասաց Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը: – Ունեմ մանկության, ուսանողական, բանակի ընկերներ: Ընկերոջս ինձանից առավել եմ համարում, և ընկերներս բոլորն էլ ազնիվ են եղել, ինչն ինձ համար կարևոր հանգամանք է: Ընտանիքիս էլ եմ ընկեր համարում, որդուս էլ: Ընկերության մեջ տարիքը կապ չունի: Երիտասարդ հասակում ընկերություն եմ արել ինձանից տարիքովների հետ, նրանցից մեծ փորձ ձեռք բերել: Նրանց շատ պարտական եմ: Ազնիվ ընկերությունն ինձ համար թանկ ու քաղցր է: Ընկերներով միմյանց նվիրված ենք, ցանկացած պահի իրար կողք կանգնած` օգնելու պատրաստակամությամբ: Ունեմ մանկության ընկերներ, որ այսօր հայրենիքից հեռու են` Ռուսաստանում, և նրանց հետ կապը չի ընդհատվել: Ինձ համար առաջվա ընկերությունը լրիվ ուրիշ համ ու բույր ունի, մարդիկ այն ժամանակ ուրիշ էին: Ընկերությունը մարդուն շատ բան է տալիս: Որդիներս էլ ընկերական մեծ շրջապատ ունեն, ինչում ես էլ իմ բաժին ներդրումն ունեմ: Ընկերներից նեղանալը կարող է ընդամենը պահի ազդեցությամբ լինել, նստվածք և անցանկալի հետևանքներ չունենալ: Մտերիմ ընկերներով 13-ն ենք, ավագը /տարիքային առումով/ ես եմ: Ամիսը 2-3 անգամ պարտադիր հավաքվում ենք: Ազնվությամբ ու մաքրությամբ միայն կարող ես ընկերությունը պահել-պահպանել: Մեր տարածաշրջանի 21 համայնքների ղեկավարների հետ էլ ընկերներ ենք: Այդ մտերմությունը նաև ընտանեկան հարթությունում է: Նման շփումներն, ընդհանուր առմամբ, ի նպաստ համայնքների և նրանց բնակիչների են…

  Նշենք, որ երկրաշարժի հետևանքներն այստեղ գրեթե վերացված են: Բնակարան կորցրածներն արդեն ապահովվել են հարմարավետ կացարաններով: Մնացել է լուծել ՌԴ-ում գտնվողների, ինչպես նաև վթարային շենք-շինություններում ապրողների բնակարանային խնդիրը: Ունեն նաև 300-400 երիտասարդ ընտանիքներ, ովքեր տնակներում են բնակվում: Համայնքի ղեկավարին ամենամտահոգողն այսօր սա է` բնակարանաշինությունը: Ճանապարհի ասֆալտապատման խնդիր ունեն: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված խմելու և ոռոգման ջրով: Գյուղի ղեկավարումն ստանձնելուց /1999 թ./ երկու տարի անց Վահան Ուռուսյանը լուծեց այդ կենսականորեն կարևոր խնդիրները: Կենտրոնական ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է, մնացել է 3 կմ-ի խնդիրը: Մանկապարտեզ ու համայնքային կենտրոն չունեն, ինչի առթիվ ահազանգել են իրավասու մարմիններին: Մասնավորապես, հույս ունեն, որ կենտրոնի կառուցումը կիրականացվի ՀՀ նախագահի հանձնարարականով, ԾԻԳ-ի միջոցներով, իսկ մանկապարտեզի խնդրում ակնկալում են բարերարների օժանդակությունը: Բուժամբուլատորիան երեք գյուղի է սպասարկում: 
   Ջրաշենցին շատ աշխատասեր է: Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են կարտոֆիլի և կաղամբի մշակությամբ: Գյուղը հիմնադրվել է 1827 թ.: Նշվում են ավանդական բոլոր տոներն ու ծեսերը: Բնակչության թվով /3600/ մարզի 3-րդ գյուղն է, Սպիտակի տարածաշրջանում` առաջինը: Գյուղապետը լավատեսորեն է նայում համայնքի վաղվա օրվան և լիահույս է, որ գյուղացին ժամանակի հետ ավելի լավ է ապրելու: Գյուղն, ընդհանուր առմամբ, արժանի է ավելի մեծ ուշադրության: Պարոն Ուռուսյանի պաշտոնավարման առաջին տարիներից սկսած դպրոցական դասագրքերի վարձավճարների հարցը  հոգում է գյուղապետարանը: Դպրոցին նաև այլ հարցերում են օգնում: Իսկ, ընդհանրապես, համայնքապետարանի օգնությունն ընդգրկում է ողջ համայնքը, առավելապես` սոցիալապես անապահով ընտանիքներին, կարիքավորներին, դժբախտ դեպքերում: Գյուղապետը մշտապես իր բնակիչների կողքին է: Անգամ եթե խնդիրն իր իրավասությունից դուրս է կամ ուժերից վեր, միևնույն է, ճանապարհ կգտնի մարդուն օգտակար լինելու համար: Կդիմի մարզպետ Արթուր Նալբանդյանին, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ընկեր-բարեկամներին… 
    Առիթ ունեցանք հանդիպելու Վահան Ուռուսյանի մտերիմ ընկերներից մեկի, բանիմաց ու խելացի մի մարդու` Անաստաս /Վիտո/ Հարթենյանի հետ: Մանկուց են ընկերություն անում, վերջին 15-20 տարիներին ավելի են մտերմացել: Այսօր ամեն պահի իրար կողքի կանգնած են, Անաստասի խոսքերով, Վահանն ավելի շատ է հասնում բոլորին, որովհետև և՛ պաշտոն, և՛ մեծ հնարավորություններ ունի: Նա է իրենց հանդիպումների հիմնական կազմակերպողը և ամենակարևորը` շատ կամեցող է. <<Ընկերության մեջ ամեն մեկը չի կարող տեղավորվել: Դա դժվար գործ է: Արդեն թոռներ ունենք և շարունակում ենք մեր ընկերությունը: Վահանը նեղին հասնող ընկեր է: Իր ունեցածը միշտ կիսել է գյուղացու հետ, ահա թե ինչու մինչև օրս գյուղապետ է: Ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն է վայելում: Շատ ընկերասեր է: Հաց տվող է, իսկ հացը սրբություն է: Կամեցող է, մեծ հոգու տեր: Շիտակ է, ուղղամիտ, խոսքը դիմացինի ճակատին ասող: Յուրաքանչյուրի դարդ ու ցավին տեղյակ է և գիտի, թե ինչպես, ինչ կերպ հասնել մարդուն ու օգնել նրան: Այսքան տարի ղեկավարելով, նաև հոգեբանի հատկանիշներ է ձեռք բերել: Ուշքն ու միտքը գյուղն է, նրա մարդիկ և ամեն ջանք գործադրում է, որ լավ լինի բոլորի համար էլ: Մեր ընկերությունն էլ իր հերթին է օգնում, որ գյուղն աստիճանաբար զարգանա, մարդկանց ապրելակերպը նոր որակ ձեռք բերի: Ընկերությունն անգին պարգև է և մեզ բոլորիս օգնում է իմաստալից ու բովանդակալից կյանքով ապրել: Ամեն ինչ, ըստ էության, փոխադարձ է, միակողմանի ոչինչ չի լինում…>>:
   Վահան Ուռուսյանն իր հերթին արտահայտվեց ընկերոջ հասցեին. <<Վիտոն մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել մի շաք մարտական մեդալներով: Զարգացած, բազմակողմանի անձնավորություն է, կարդացած ու լայն մտահորիզոնի տեր: Հումորով է…>>: Ընկերների համար ավանդույթ են   դարձել շատ իրադարձություններ, հատկապես` ծննդյան տոներ, համատեղ նշելը, միմյանց հաճելի անակնկալներ մատուցելը: Համախմբված են, մեկը մյուսի հանդեպ պարտավորված: Նշեցին, որ ընկերների խորհրդի նախագահ են ընտրում, ընդ որում` ամեն տարի… Ընկերության մեջ շահ փնտրելը նրանց պարագայում բացառվում է: Ընկերությունը կյանք է…      

SHARE