Հավատարիմ արմատներին և ազգային երգարվեստի ավանդներին

0
43
Ժառանգություն
  Աշուղական արվեստի և դրան առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը երաժշտագետ, <<Նուբար>> անսամբլի ղեկավար, հանրային ռադիոյի <<Արմատներ>> հաղորդաշարի հեղինակ Լուսինե Նազարյանի հետ:
  -Այսօրվա աշուղական արվեստի մասին դատելու համար,- մեր զրույցի սկզբում ասաց նա,- թերևս, պիտի հեռվից գանք: Հայտնի փաստ է, նորություն ասած չեմ լինի, որ ժամանակի մեջ փոխվում է ոչ միայն մեկ մարդու, այլև մարդկության մտածողությունը, և, հետևաբար, փոխվում են նաև որոշ արժեքներ: Որոշ արժեքներ էապես չեն փոխվում, բայց ինչ-որ փոփոխություններ կրում են` կապված մտածողության փոփոխության հետ: Այսօրվա աշուղական արվեստը չի կարող նույնը լինել, ինչ որ Ջիվանու, Նաղաշ Հովնաթանի կամ Սայաթ-Նովայի ժամանակներում էր, բայց այդ արվեստի ներկայիս կրողները փորձում են, իմ կարծիքով, լինել այդ մեծ աշուղների հետևորդները, այսինքն` փորձել ստեղծագործել այն տեսակների, այն մտածողության մեջ, ինչում ժամանակին եղել են տվյալ ստեղծագործողները: Բայց, բնականաբար, ժամանակ է անցել, ժամանակի մեջ փոփոխություն է կրել մարդկանց մտածողությունը, ուստի և այսօրվա մարդու համար դժվար կլինի 18-րդ, 19-րդ դարերի մտածողությամբ առաջնորդվել: Միտքը գնում է առաջ, միտքն իրենն է թելադրում, և կարծում եմ, որ ամեն դեպքում պետք է մնալ արմատներին մոտ և փորձել նոր բան անել: Նոր բան` ոչ նորամուծության մարմաջով, այսինքն, ինքնաբերաբար պետք է լինի զարգացումը, բնականոն ճանապարհով, ինչի համար լավ հիմք պիտի ունենալ, այդ հիմքին հիմնավորապես տիրապետել: Լավ պետք է իմանալ Սայաթ-Նովա, որպեսզի առաջ գնալ կարողանալ: Պետք է իմանալ Ջիվանի, որպեսզի փորձել, չեմ ասում` նրանից լավ բան անել, բայց Ջիվանուն կրկնելն էլ արդեն ճիշտ չէ: Էլ չասեմ, որ չարժե ավելի վատ գրել, ավելի պակաս ստեղծագործություն ստեղծել… Այսօր, բոլորի նման ես էլ ասեմ, չլիներ Թովմաս Պողոսյանը, այս արվեստը, մշակույթի այս տեսակը կմնար անտեր: Էլի շատ լավ վիճակում չեն, թող ներեն ինձ բոլորը, բայց այսօր մեր աշուղական արվեստի կրողները, աշուղական արվեստը շատ խղճալի վիճակում են: Ոչ այն պատճառով, որ այդ մարդիկ լավ գործեր չեն ստեղծում: Շատ սիրում եմ Աստղանուշի, Նազելիի, Երամի, Ռազմար Սասունցու երգերը և էլի մյուսներինը, որ խենթանալու լավ երգեր ունեն: Հրաշալի երգեր են ստեղծում այդ մարդիկ, բայց իսկապես շատ խղճալի վիճակում են: Դրան հակառակ, այսօր կան մարդիկ, ում երգերը մոդայիկ լինելով, որակապես զգալիորեն զիջելով նշածս աշուղների երգերին, բավականին մեծ գումարներով վաճառվում են, տարածվում ու ճանաչվում: Մինչդեռ այն երգերը, որոնք ավելի արժեքավոր են, ըստ իս, շատ ավելի հետաքրքիր, շատ ավելի հայեցի, ցավալիորեն մնում են ստվերում: Խոսքս նշածս աշուղների, շատ այլ ստեղծագործողների գործերի մասին է, նրանց, ում գիտեմ, ովքեր հաճախում են Ջիվանու անվան դպրոց և առնչվում են <<Սայաթ-Նովա>> անսամբլի գործունեությանը, ովքեր այստեղ Էլինար Շահենի և մյուսների մոտ ուսումնասիրում են աշուղական տաղաչափությունը, ապրում են առհասարակ այդ արվեստով: Եթե նրանք իրենց միջոցներով կարողանան մեկ, երկու կամ երեք երգ հրապարակ հանել, ապա դա դեռ չի նշանակի, որ նրանք լավ վիճակում են, որ բավարար տեղ ունեն: Շատ լավ կլիներ, որ այդ մարդիկ ըստ արժանվույն գնահատվեին այսօր: Թովմաս Պողոսյանը չի կարող հրաշագործ լինել, ինչքան էլ որ, ինչ էլ որ կարողանա անել, չի կարող բոլորի համար անել ամեն անհրաժեշտը, քանզի խնդիրները շատ են, բազում, և մեկ մարդու համար անհնարին է նման ծավալի գործ կատարելը: Ահա այստեղ էլ ուժեղը կարողանում է ինչ-որ կերպ իրեն հաստատել, առաջ գնալ, իսկ պակաս ուժեղը, ավելի թույլն այդպես էլ մնում են ստվերում ու անտեսված: Միանշանակ չեմ կարող ասել, որ բոլորն իսկապես ուշադրության արժանի են, չեմ ուզում որևէ մեկի վիրավորած լինել, բայց կան աշուղներ, ում իրար չես համեմատի: Մեկն ավելի լավ խոսք կարող է ստեղծել, մեկն ավելի հետաքրքիր մեղեդիներ է երկնում, մեկը հրաշալի երգիչ է, մեկ ուրիշը` լավ նվագող, և պիտի հասկանանք, որ աշուղը  ստեղծագործողի այն համահավաք կերպարն է, որ այդ ամենը կարող է ներառել իր անձի մեջ և, առհասարակ, նա համամարդկային արժեքների փոխանցող է: Չգիտեմ, թե վաղն ինչպես կլինի, բայց արմատից հեռացած վիճակը լավ բանի չի հանգեցնի: Ծանոթ չլինել մեր ժողովրդական ստեղծագործությանը և փորձել անհատական ինչ-որ բան անել, այսինքն` ընդհանրական մտածողությունը չճանաչել և փորձել անհատական խոսք ասել, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ և ոչ էլ իրական ու լիարժեք նորարարություն… Ինձ համար աշուղի ավանդական կերպար էր Անդրանիկ Ուջանցին: Նա իսկական աշուղ էր, կոլորիտային յուրահատուկ կերպար, որ և՛ նվագում էր, և՛ երգում, շատ սիրավեպեր գիտեր, դասական մեղեդիներ և այլն: Մնացածներին ևս կարող եմ անհատապես բնորոշել: Օրինակ, Լեյլիի մեղեդին հորդում է, բայց թող ներեն ինձ նրանք, ովքեր Լեյլիի արվեստը գնահատում են, չեմ կարող նույն կերպ հիանալ նրա բանաստեղծական ձիրքերով: Ինձ համար Աստղանուշի գրիչը շատ բեղուն է, շատ եմ սիրում նրա երգերը: Շատ երաժշտական է նա` հրաշալի բանաստեղծուհի լինելով հանդերձ: Երամի երգերն ինձ համար չամիչ են, շատ համով, գեղեցիկ երգեր ունի, շատ հետաքրքիր է: Ռազմարը երկու անհատի համատեղություն է` աշուղ Ռազմար և Ռազմար սասունցի, որոնց մեջ ինձ համար առաջնայինը և միակը վերջինս է: Շատ գեղեցիկ աշուղական երգեր ունի, բայց իր <<Նարեն>>, <<Մարիամը>> կամ Չոլոյին նվիրված երգը անհամեմատելի արժեքներ են: Նազելիի Չինար ծառի` այդ հայուհու գովքն աննման է: Շատ հետաքրքիր երանգ ունի Մախմուրը: Զարուհու մղումներն են ինձ համար շատ հետաքրքիր: Շատ եմ սիրում Երազին, նրա պարզ մեղեդիների մեջ բանաստեղծական այնպիսի նրբերանգներ, այնպիսի խորքեր կան` պարզ բառերով արտահայտված… Մի քանի տարի առաջ շատ ավելի էի շփվում, անմիջական էր իմ շփումը: Հիմա այդպես չէ, միայն ժամանակ առ ժամանակ առիթ եմ ունենում նոթագրելու նրանց երգերը: Շատ սիրում եմ Բարսեղի երգեցողությունը, հրաշալի ձայնեղ է, հրաշալի ձայն ունի: Այսպիսի բան եմ նկատել, և դա միայն իմ նկատառումը չէ` աշուղը, որքան լավ երգիչ է, այնքան ավելի հետաքրքիր մեղեդիներ է հորինում, որքան նրա երգչական կարողությունները համեստ են, այնքան համեստ են իր մեղեդիները, իհարկե, մտածողությունը չհաշված: Թող ինձ ներեն նրանք, ում այստեղ առանձին չեմ հիշատակում: Աշուղ Գևորգը առանձին պատմություն է: Շատ եմ սիրում, երբ բարբառ կրողը հորինում է բարբառով, ինչպիսին Գևորգն է…  

  -Շատ կարևոր է, անշուշտ, ստեղծագործողի գնահատված լինելու հանգամանքը: Եթե աշուղական արվեստը գնահատվում է, ապա նույնպիսի վերաբերմունք պիտի ակնկալել նաև անհատ կատարողների պարագայում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ցավոք, ոչ բոլորն են գնահատված: Ժողովուրդը մի խոսք ունի. <<Տերովին տերն է տարել, անտերին գելն է կերել>>: Ես պաշտում եմ մեր հայկականը, ինձ համար պաշտամունք է հայ աշուղական արվեստը, հատուկ թուլություն ունեմ նրա հանդեպ: Դողում եմ ամեն հայկական պատառիկի համար: Բոլորս էլ պիտի ձգտենք պահել, պահպանել այս պատառիկները, յուրաքանչյուր ոք, ով ինչ կարողանում է, պիտի անի: Բացի պահելը, պիտի նաև փոխանցել և հետևել, որ այն ճիշտ տեղ հասնի: Աստղանուշն, օրինակ, շատ նախանձախնդիր է իր երգը փոխանցելու հարցում, միաժամանակ` հետևողական: Չպիտի եկող սերունդներին թողնենք, ինչ որ անենք` մենք պիտի անենք, այսօր պիտի անենք: Այսօրվանը վաղվան չթողնենք: Մեծապես գնահատում եմ պետական հովանավորչության դերը: Արժանին իրենը պիտի ստանա: Ամեն մեկն իր տեղում պիտի լինի: Թովմաս Պողոսյանն իսկապես տեր կանգնեց աշուղական երգարվեստին ու աշուղներին:
  -Ի դեպ, տարին հոբելյանական է Թովմաս Պողոսյանի համար: Լրանում է նրա 60-ամյակը…
  -Ընդհատեմ, ներողություն, Ձեզ և ասեմ իմ խոսքը: Ինչ կարող եմ ասել իմ ուսուցչի մասին, ում աշակերտել սկսել եմ դեռևս 5 տարեկանից: Տարիներ հետո մենք կրկին հանդիպեցինք, երբ պիտի ընդունվեի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Հետո կրկին հանդիպում` այս անգամ կոնսերվատորիա ընդունվելիս: Այդ ժամանակ ինձ ընդամենը մի բան ասաց. <<Ինչով կզբաղվես, ինչ կանես, արմատներից հեռու չգնաս, ազգայինից հեռու չգնաս, որովհետև միակ ճշմարտությունը դա է>>: Կոնսերվատորիան ավարտելուց հետո ցավոտ բախում ունեցա իրականության հետ` չիմանալով ինչով զբաղվել: Մենք կրկին հանդիպեցինք, այս անգամ հանդիպեցինք այն ժամանակ, երբ փորձեր էին արվում աշուղագիտության կենտրոն ստեղծելու ուղղությամբ: Կար բազա, կար նյութ, որը պետք էր մշակել, կային էնտուզիաստ մարդիկ, երիտասարդ մասնագետներ, ովքեր պատրաստ էին աշխատելու: Ես մուտք գործեցի այդ իրականություն, ես մտա այդ կաթսայի մեջ, որտեղ եռում էր այդ արվեստը, այդ մշակույթը: Ամեն օր` <<Սայաթ-Նովա>> անսամբլի հետ, աշուղների հետ, ամեն օր` մեկ նոր անուն, մեկ նոր ստեղծագործող… Թովմաս Պողոսյանը կարողանում էր բոլորին ուշադրություն հատկացնել, բոլորի հետ <<խաթրով>> լինել, սիրալիր, առանց որևէ մեկի նեղացնելու: Նրա շուրջը սիրո մթնոլորտով է պատված, բոլորը սիրում են նրան: Այն մարդիկ, ովքեր այսօր նրա կողքին են, սիրում են և՛ իրեն, և՛ այն մշակույթը, որի պահապանն է, որի մատուցողն է, որով ապրողն է Թովմաս Պողոսյանը: Այդ մարդը ոչ ձեռնարկություն ունի, ոչ մեծ գումարներ, որպեսզի մարդկանց օգնի նյութապես, այդ կերպ մարդկանց պահի իր կողքին: Այդ բացը լրացնում է սերը, դրան փոխարինում է սերը, որով նա մարդկանց համախմբել է իր շուրջը, սերը դեպի հայ աշուղական արվեստը, հայ երգը, հայ մշակույթը, այդ սիրով կարողանում է վարակել իր կողքիներին, և հենց այդ կողքի մարդիկ էլ դրանով վարակված մնում են այդ մշակույթի մեջ: Թովմաս Պողոսյանն իր տեսակով ուսուցիչ է, իսկ ուսուցիչն ամենամեծ, ամենաբարձր գնահատականին է արժանի, որովհետև հենց նա այն պահապանն ու փոխանցողն է այդ սրբազան կրակի, որ կոչվում է ազգային մշակույթ, ազգային երգարվեստ: Նրա կողքին անսամբլում կան տաղանդավոր մարդիկ, իրենց գործի նվիրյալներ, ում նույնպես պետք է գնահատել: Օրինակ, Մխիթար Քեթցյանը, ում ես շատ եմ սիրում` որպես երգչի, ստեղծագործողի, մանկավարժի, մարդու, ընկերոջ: Մեր սիրելի Մխոն, բոլորիս սիրելի Մխոն: նա էլ է պահապան ու փոխանցող: Հրաշալի մտավորականներ, արվեստագետներ կան այս անսամբլում, եղել են: Բոլորն էլ` հրաշալի երաժիշտներ, բոլորին միավորողը հենց նվիրումն է հայ երգին: Իմ ուսուցիչը` Թովմաս Պողոսյանը, չծերացող մարդկային տեսակից է, ժամանակը միշտ կողքով է անցնում, կուզենամ այդպես էլ շարունակվի, այդ չծերացող տեսակը, մարդը, մտավորականը, արվեստագետը մեզանից անպակաս լինի… Ընկեր բառը ինձ համար այս աշխարհի ամենասուրբ բառերից մեկն է, որովհետև մինչև հիմա ինչի հասել եմ, ընկերներիս շնորհիվ է: Նրանցից ամեն մեկն իր հերթին հայ մշակույթի կրողն ու պահապանն է` իր չափով, իր առաքելությամբ: Իսկ եթե մի թերթ, որ ունի նման անվանում, նման սուրբ խորագիր, անդրադառնում է ազգային մշակույթին և նախանձախնդիր է այդ հարցում, արդեն իսկ ամենաբարձր գնահատականի է արժանի: Շատ եմ ուզում, որ մենք երեկով չապրենք, այսօր էլ հպարտանալու բաներ ունենք: Եթե մենք այսօրն էլ ձեռքից բաց թողնենք, ապա վաղվա մասին խոսելն ավելորդ է դառնում: Պահպանենք այն մարդկանց, ովքեր ի վիճակի են և պատրաստ պահպանելու այն, ինչը մեզ հայ է պահում, ինչպիսին Թովմաս Պողոսյանն է…
  -Այո, Թովմաս Պողոսյանին արժանվույնս գնահատել է պետք իր վաստակի, իր մարդկային արժանիքների համար, բայց և իր կողքին կան մարդիկ, ովքեր հովանավորում են իր գործը: Նրանցից են մոսկվաբնակ Շուշանիկ և Հարություն Սարգսյանները, ովքեր, մեր համոզմամբ, ոչ պակաս հայրենասերներ են, հայ մշակութային ժառանգության պահպանման իսկական նվիրյալներ: Ի՞նչ կուզենաք ավելացնել:
 -Միանշանակ, այդպես է: Ես նրանց անձնապես չեմ ճանաչում, բայց հիանում և հպարտանում եմ յուրաքանչյուր նման հայորդու անուն լսելիս: Պարզապես, հրաշալի է, երբ մարդը կարողանում է կանգնել ազգանվեր գործի կողքին: Կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրում անելու մշակութային ճշմարիտ արժեքների մեջ, միայն պետք է նրանց հստակ մատուցել անելիքը, իրապես ու ճշմարտացի տրամադրել, որպեսզի այդ մարդիկ իմանան իրենց խնդիրը և տրամադրեն միջոցներ ազգանվեր գործերում: Կեցցեն նման մարդիկ, ովքեր մշակույթի, նրա մարդկանց կողքին են, հովանավորում են, նեցուկ դառնում: Նման բարերարներն արժանի են բոլորի հարգանքին, համակրանքին, բարձր գնահատանքի: Պետք է գնահատել և շնորհակալ լինել նման մարդկանցից, ովքեր <<Սայաթ-Նովա>> անսամբլին կարող են հասցնել Մոսկվա` Կրեմլում ներկայանալու, այդ մարդկանց  հայրենասիրության դրսևորումն է` արտահայտված այս կերպ: Ամեն մեկի պիտի գնահատել իր տեսակի մեջ, իր չափով: Իսկապես, կեցցեն այդ մարդիկ, կեցցեն Շուշանիկ և Հարություն Սարգսյանները: Վերջում կուզենամ մեր հաղորդաշարի կարգախոսը հիշեցնել. <<Ճանաչենք, գնահատենք, պահպանենք մեր արմատները, ընդառաջ գնանք գալիքին` առանց ուրանալու անցյալը>>…
   Զրույցի ընթացքում մեր կողքին էր նաև աշուղ Աստղանուշը, ով լսելով Շուշանիկ և Հարություն Սարգսյանների մասին, չկարողացավ զսպել հոգու պոռթկումը և ցանկացավ սրտի շնորհակալական խոսքը հղել նրանց. <<Շնորհակալ պիտի լինենք Սարգսյանների նման անձանց, մեր օրերում ճրագով պիտի ման գալ նրանց նմաններին: Ես իրատես մարդ եմ և շնորհակալ եմ Աստծուն, որ անգամ այս դաժան իրականության մեջ, եթե շատ-շատերը իրենց պահում են Հյուգոյի թշվառների պես, ապա ես միշտ վեր եմ կանգնում այդ նյութեղենից և գիտեմ` ինչ եմ անում, ուր եմ գնում, գիտեմ նաև` վերջում ինչն է հաղթելու: Եվ ճշմարիտ մշակութային արժեքի կրողն եմ, ինքս վերապահապանն եմ, ինքս քարոզիչն եմ, ինքս փոխանցողն եմ: Միաժամանակ, ինչո՞ւ եմ շնորհակալ այն մարդկանց, ովքեր կանգնեցին <<Սայաթ-Նովա>> անսամբլի կողքին, որովհետև այդ մարդիկ իրավամբ արժևորեցին այս արվեստը, աշուղական արվեստի մերօրյա կրողը, համահավաք ձևով, որ <<Սայաթ-Նովա>> անսամբլն է, ասել եմ ու ասում եմ` էպոնիմն է այդ արվեստի, չափանիշը, չափորոշիչը: Տիար և տիկին Սարգսյանները, տեր կանգնելով մեր անսամբլի այդ օրվա կրեմլյան ելույթին, ի լուր աշխարհի, ի լուր մարդկության ազդարարեցին պրոֆեսիոնալ բարձր արվեստին աջակցելու մասին: Պերճաշուք համերգ էր, և ես կուզեի, որ դա լիներ շարունակական, ավելի ընդգրկուն: Անձնապես շնորհակալ եմ այդ մարդկանց, ովքեր արժևորում են մեր արվեստը: Այո, աշուղական արվեստը բարձր արվեստ է, և ես համբուրում եմ բոլոր նրանց ազնիվ ճակատը, ովքեր դույզն-ինչ նպաստում են մեր դժվարին օրերում այդ արվեստի կայացմանն ու զարգացմանը: Նաև շնորհակալ եմ <<Ընկեր>> թերթին, որ նման հայրենասիրական մղում ու նպատակադրում ունի: Քանի որ այս թերթն ինձ շատ հարազատ եմ համարում, ուստի կուզենայի նրա ընթերցողների հետ կիսվել ինձ մտահոգող մի հարցի շուրջ: Մեր օրերում Ստենդալի ասած կարմիրն ու սևը դեռևս կան, և, ցավոք, սևը դեռևս շատ է ընդգծված: Եվ ես ուզում եմ հային հատուկ հետգրության օրենքով չմտածեն և աշուղը մեռնի, որ գնան տեսակ-տեսակ ծաղիկներ շաղ տան, իրենց են ուզում փառավորեն աշուղի մահով: Ոչ, այդպես չէ, աշուղն իր կենդանության օրոք պիտի արժևորվի, աշուղին հետմահու խոսքեր պետք չեն: Մեծ պիտի լինես, որպեսզի մեծությունը արժևորես: Ուզում եմ, որ այդ մեծությունը մեր պետական համակարգն իր մեջ կրի: Պետական արժանի մոտեցում ցուցաբերվի աշուղական արվեստի նկատմամբ, աշուղն իր թիկունքին պետության հոգատար ձեռքը տեսնի: 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Թովմաս Պողոսյանին կօրհնեմ իր իսկ բառերով. <<Աստված պահապան լինի իր թե՛ անձնական տանը, թե՛ անանձնական տանը, որ արդեն բոլորինս է, իր ժողովրդինն է, որ կոչվում է Ջիվանու անվան աշուղական դպրոց, որտեղ և <<Սայաթ-Նովա>> անսամբլն է փորձ անում, նաև <<Նուբար>> անսամբլն է, և թե մանկտիք… Մեկ է, այս երկիրը պահողը ցնցոտիներով ծածկված մանկտիք են լինելու, ռամիկի, շինականի ծոցից ելած, գեղջուկ ծոցից ելած տղան է գնալու այս հայրենիքի սահմանները պաշտպանելու, և չմոռանանք, որ մշակույթն է ազգապահպան գործոնը>>>>…
SHARE