Հավատարիմ` թողած ավանդներին

0
26

Եվ կյանքն արժանապատիվ շարունակելու կամք ու վճռականություն…


Ժառանգություն
    Կարեն Ղազարյանը, 2012 թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստանձնելով Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնը, իր առջեւ նպատակ է դրել օգտագործել ունեցած բոլոր հնարավորություններն ու ճանապարհները` գյուղի առաջընթաց զարգացումն ապահովելու գործում: 
  Առաջին գործը հաշմանդամներին, սոցիալապես անապահովներին օգնություն ցուցաբերելն է եղել: Ամանորին 9 զոհվածի ընտանիքների 50 հազարական դրամի օգնություն է տվել, տոնական միջոցառմանը 700-ից ավելի նվերներ է բաժանել մանկապարտեզի ու դպրոցի երեխաներին: Մահացածի ընտանիքին համայնքի միջոցներից 50 հազար դրամով են օգնում, բացի դա, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է օգնում (այս օգնությունը լինում է նաեւ ուրախության առիթներին): Գյուղի մի քանի փողոցներում խճապատման աշխատանքներ են կատարվել, ինչը շարունակաբար բոլոր փողոցներում էլ կատարվում է: 
   Մինչ իր պաշտոնը ստանձնելը, թունավորման դեպքերի գրանցման պատճառով մանկապարտեզը փակվել էր, չէր գրծում: Իր պաշտոնավարման սկզբում ստուգումների արդյունքում թերություններ են հայտնաբերվել: Թերությունները, որոնք կապված են եղել սպասքի, անկողնային պարագաների եւ այլնի հետ, կախված շենքային պայմաններից, հնարավորինս վերացվել են: Նոր սպասք են ձեռք բերել, մահճակալ ու պահարաններ են ավելացրել, մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարել, լուծել են տաք ջուր ունենալու հարցը, պրն Գրիգորյանը 3 խմբի ննջասենյակներին օդափոխիչ է նվիրել: 

    Մանկապարտեզի շենքը նախատեսված է 70 երեխայի համար, շենքային պայմանները թույլ չեն տալիս, բայց 100 երեխա է հաճախում: Գյուղապետի խոսքով, չի կարող որեւիցե մեկին ասել` քո երեխային մանկապարտեզ մի բեր, և որպեսզի ոչ մեկին չնեղացնի, նախատեսել է երկրորդ մասնաշենքը վերանորոգել: Մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը վերանորոգելու հնարավորություն տալու խնդրանքով նախագահական ընտրությունների քարոզարշավին դիմել է երկրի նախագահին: Գյուղապետի խնդրանքով պատգամավորն է ԱԺ-ում բարձրացրել այս հարցը: Նախագահը խոստացել է, արդեն աշխատանքներն ընթացքի մեջ են, չափագրման աշխատանքներ են կատարվում: Մինչեւ գարնան վերջ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, 10 տոկոս համայնքի ներդրմամբ, կսկսվեն իրականացվել շինարարական աշխատանքները: 
   Սրանից զատ, նախատեսված է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանն ու տարածքը բարեկարգել, այն դարձնել բնակիչների համար հանգստի վայր: Գիշերային լուսավորություն մեծամասամբ գյուղն ունի, մնացած մասը մոտ օրերս կանցկացնեն: Նախատեսված է գյուղի մուտքի կամար կառուցել: Այդ մուտքի ճանապարհի ասֆալտապատման խնդիր ունեն, ինչը միայն պետբյուջեով է հնարավոր անել: Գյուղում խմելու ջրի խնդիրներ ունեն: Փողոցներ կան, որ ջրաֆիկացված չեն, ցանց չկա, որոշ տեղերում քայքայված է ցանցը: Ջրմուղկոյուղու հետ պայմանավորվածություն կա, որ այս տարի մոտ 13 կմ խմելու ջրի ներքին ցանց փոխվի: Ջրի ներքին ցանցը ամբողջությամբ փոխելուց հետո միայն ասֆալտապատում կարվի: Ունեն նաեւ ջրահեռացման խնդիր, մաքրման կայան չունեն, որը մեծ խնդիր է առաջացնում: Այս հարցը նույնպես համայնքի ղեկավարը բարձրացնելու է: Ոռոգման խնդիր ունեն, ՋՕԸ-ի հետ բանավոր պայմանավորվածություն կա, որպեսզի աշխատանքները ճիշտ կազմակերպվեն, գյուղացին ժամանակին ոռոգման ջուր ունենա:
  Անկախ դժվարություններից, կատարվելիք աշխատանքներից, սարերից եկող ձնհալի ջուրը, որը Արաքս գետն է թափվում, պետք է բերել, հասցնել գյուղացուն: Կ.Ղազարյանը, ունենալով այլ ոլորտներում աշխատանքի փորձ, այն կներդնի իր կողմից խոստացված ծրագրերի կատարման գործում:
 Աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում, նախ` առաջատար մասնագետ, այնուհետև զբաղեցրել է բաժնի պետի պաշտոնը, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ-ում` Արարատի տեղամասի պետ: Կարենի հայրը` Յուրա Ղազարյանը, շատ սիրված ու հարգված մարդ է եղել թե՛ գյուղում եւ թե՛ ողջ հանրապետությունում: Նրան բոլորն են ճանաչել: Շատերը նրա խորհուրդներով, տրված ուղղություններով շատ բանի են հասել: Շրջապատում ճանաչում են <<գազի Յուրա>> անունով: Եղել է պատվավոր որսորդ: ՏԻՄ ընտրություններին Կարենին ընտրել են` հաշվի առնելով հոր հարգանքն ու հեղինակությունը: Կարենի նպատակը մեկն է` հոր ունեցած բարձր պատիվը միշտ բարձրացնել ճիշտ ապրելակերպով,  արած գործերով: Ժողովրդին պիտանի մարդ լինել, ապրել նրանց դարդ ու ցավով, հոր թողած ավանդի կողքին իրենը ունենալ եւ փոխանցել զավակներին: 
  Ամեն առումով վստահում են գյուղացիները իրենց գյուղապետին: Այս վստահությամբ ու գյուղում մեծ առաջընթաց ունենալու սկզբունքով բոլորը համախմբված, միասնաբար եւ ակտիվ մասնակցություն ունեցան նախագահական ընտրություններին եւ բարձր ցուցանիշներով ընտրեցին գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Սրանով նախընտրեցին ստեղծել ապահով Հայաստան:
 Կ.Ղազարյանը ընկերական հարաբերություններում գնահատում է մաքրությունն ու ազնվությունը: Ընկերասեր է, շրջապատված ընկերներով: Նրա կարծիքով, ամեն ինչի հիմքում եթե մաքրությունը դրված լինի, ամեն ինչ կկառուցվի շատ լավ: Այս ամենին տեղեկացանք` զրուցելով նաեւ գյուղացիների հետ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-ամյակին նվիրված գյուղապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը: Գյուղացիները, հայտնելով իրենց կարծիքը, միաբերան նշեցին, որ իրենց քվեն տվեցին Կարենին` ճանաչելով հորը:
  Նշենք, որ եկեղեցու բակում մատաղի արարողակարգ մատուցվեց համայնքի ուժերով: Հաջորդ օրը միջոցառումը շարունակվեց մշակույթի տանը, որը հագեցած էր Վազգենի մասին հուշերով, համերգային, ասմունքային ծրագրերով…
SHARE