Հավատարմությունը գնահատվել է միշտ

0
24

Խելացի, փորձառու ու գրագետ մարդը,
 անկախ հասարակարգից, 
իր արժանի տեղը պետք է ունենա…
    Մեր զրույցը Ե. Թադևոսյանի ընկերներից մեկի` կուսակցական, պետական գործիչ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Բաբկեն Վարդանյանի հետ է:
  – Ընկեր Վարդանյան, օրերս Ձեր ընկերոջ` Եփրեմ Թադևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Ովքե՞ր էին կազմակերպիչները և, առհասարակ, ի՞նչ կասեք այդ մասին:
 -Միջոցառումը կազմակերպվել էր ընկերների և նախաձեռնող խմբի կողմից: Հաշվի ենք առել նրա կուսակցական, գիտական գործունեությունը, անցած արգասավոր ճանապարհը: Հրավիրել էինք մեր կուսակցական ընկերներին, նրան ճանաչողներին: Թադևոսյանը կյանքի մեծ ճանապարհ է անցել: Խորհրդային կարգերի շնորհիվ էր, կարելի է ասել, որ նա հեռավոր Խաչիկ գյուղում ծնվելով, ստանալով այնտեղ կրթություն, հետագայում կյանքի մի զգալի հատվածն անցկացրել է Ուկրաինայում, ծառայել բանակում, ապա անցել է մակավարժական, գիտական աշխատանքի: Ինստիտուտում եղել է պրոռեկտոր, որից հետո վերադարձել է հայրենի Եղեգնաձորի շրջան և այնտեղ աշխատանքի է անցել շրջանային կոմիտեում` բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար: Իր անբասիր աշխատանքով, մեծ նվիրումով նպաստել է շրջանի առջև կանգնած խնդիրների լուծմանը: Լայնախոհ մտածողության տեր մարդ է, մարդկանց հետ ճիշտ վարվեցողության օրինակ: Ակտիվ գործունեությամբ իր շուրջն է համախմբել շրջանի ակտիվին, մարդկանց, ովքեր մինչև օրս էլ պահպանում են ջերմ կապվածությունը: Մեծ գործ է արել շրջանի կրթական հաստատությունների և մշակութային օբյեկտների գործունեության ակտիվացման ուղղությամբ: Այդ ամենի համար նրան արժանին է մատուցվել` ընտրվել է Եղեգնաձորի պատվավոր քաղաքացի: Այսօր էլ սերտորեն կապված է հայրենի եզերքի ու նրա մարդկանց հետ, ապրում է նրանց հոգսերով ու ուրախություններով: Զանազան գրավիչ ու հետաքրքրական ծրագրեր է իրականացնում ինչպես ծննդավայր Խաչիկ գյուղում, այնպես էլ Եղեգնաձորում: Ակտիվորեն մասնակցում է մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքին: Նա կոմունիստ է, այն կոմունիստների շարքում, ովքեր երբեք չդավաճանեցին իրենց դավանած գաղափարներին և հավատափոխ չեղան: Դրանից, իհարկե, տուժեցին, բայց, այդուհանդերձ, մնացին իրենց սկզբունքներին հավատարիմ: Ամենակարևորը` մարդկային ու ընկերական հարաբերություններում մնացին ազնիվ ու պարզ ճակատով: Մեր կազմակերպած միջոցառումը վկայեց այդ մասին, նաև այն մասին, թե ինչպես են մարդիկ հավատարմորեն ծառայել ու այսօր էլ շարունակում են ծառայել իրենց երկրին, իրենց կուսակցությանն ու  ժողովրդին: Դա մեր սերնդի պատմությունն է, պատմություն, որ ներկայով ներշնչված նաև դեպի ապագա է գնում: Շարունակում ենք Եփրեմ Թադևոսյանի հոբելյանի առթիվ նորանոր շնորհավորանքներ ստանալ ինչպես մեր երկրի տարբեր վայրերից, այնպես էլ Ռուսաստանից և Ուկրաինայից: Եթե մարդն իր գործունեության հիմքում առաջնային չի համարում շրջապատի մարդկանց օգտակար լինելու ձգտումը, ուրեմն նրա ապրելն անիմաստ է դառնում: Մարդկային էությունը պիտի միտված լինի բարի ու շնորհակալ գործ կատարելուն: Այդպիսի մարդ է մեր Եփրեմ Թադևոսյանը: Գնահատելի է մարդկանց նվիրվելու նրա մեծ ցանկությունը: 20 տարուց ավելի նա մեր Անձի սոցիալական պաշտպանության <<Հույս>> բարեգործական կազմակերպությունում ակտիվ գործունեություն է իրականացնում: Որպես քաղաքական գործիչ, իր համոզմունքների, հայացքների անդավաճան կրողն է, հավատարիմ զինակիցը: Ընկերական հարաբերություններում` վերին աստիճանի նվիրված ու անձնազոհ, մարդկային արժանիքների լավագույն ու հրաշալի օրինակ: Մեր այսօրվա համատեղ գործունեությունը կոչված է նպաստելու մարդկանց հոգսերի թեթևացմանը:

 -Լինելով մտավոր ունակությունների ու կազմակերպչական մեծ հնարավորությունների տեր անձնավորություն, ի՞նչ եք կարծում, Եփրեմ Թադևոսյանն ավելին չէր անի իր երկրի ու ժողովրդի համար, եթե…
  -Միանշանակ` կարող էր: Մեզանում մի սխալ մտածելակերպ ձևավորվեց` անտեսել նախկիններին, չգնահատել լավն ու օգտակարը: Դրա դառը պտուղները քաղել ենք ու դեռ շատ կքաղենք: Նա կարող էր շատ ավելի մեծ գործ անել, ակտիվ գործունեություն ծավալել, սակայն նոր իշխանություններին դա, կարծես, հարկավոր չէր: Եփրեմ Թադևոսյանի պես շատ արժանավորներ են անտեսվել, չեն գնահատվել նրանց խելքը, փորձառությունը և վաստակը: Սկզբունքային, ազնիվ ու խելացի մարդիկ, ցավոք, հայտնվել են խաղից դուրս վիճակում: Մորթապաշտներն ավելի շատ տեղ ու բարձր դիրք ունեն մեր հասարակարգում: Հավատարմությունը բոլոր ժամանակներում գնահատվել է, անգամ բռնապետներն են դա հասկացել ու կարևորել: Եթե մենք այսօր երկրում բազմակուսակցականություն, բազմակարծություն ենք հռչակել, հետևաբար, պետք է բարի լինենք պետական կառույցներում ընդգրկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Բայց ներկա իրավիճակը բոլորիս աչքի առաջ է և տեսնում ենք, թե ինչպես են վերաբերվում այլակարծությանը… Քանի որ Ձեր թերթը կոչվում է <<Ընկեր>>, ուզում եմ ընկերական հարաբերություններից խոսել: Մարդկային հարաբերություններում, թերևս, այն ամենաանկաշառն է ու չպարտադրվածը: Մարդը մարդուն տալիս է իր հոգու տվայտանքը, դիմացինին օգնելու, նրա հետ  հաղորդակցվելու իր կարողությունը: Մարդիկ ընկեր են դառնում  գաղափարների ու հայացքների միասնությամբ պայմանավորված, և միայն այդ դեպքում է ընկերությունը շարունակվում: Ասում են` կոնյակի և ընկերոջ հինն ու հնագույնն է ընդունելի: Ընկեր լինելու համար նախ ինքդ պետք է ընկեր լինես, ինչը շատ վառ է արտահայտված Եփրեմ Թադևոսյանի պարագայում: Եթե ինքդ լավ ընկեր չես, իզուր մի փնտրիր քո շրջապատում լավ ընկերների: Բոլորը ընկերը փոխեցին պարոնով, ավելի ճիշտ` պարոնափոխվեցին: Ձեր թերթը հավատարիմ մնաց ընկեր անվանը: Պարոն բառը չի արտահայտում այն իմաստը, ինչ ընկերն ունի: Այսօր հանրապետությունում չունենք սոցիալիստական ուղղվածության որևէ թերթ կամ պարբերական, ոչ էլ հեռուստատեսային ալիք կամ հաղորդում: Ահա այս բացը կա, և այդ գաղափարը կրող մարդիկ, կամա թե ակամա, լուսանցքում են հայտնվել: Մտածում եմ, որ <<Ընկեր>>-ը այն թերթն է, որը կարող է հենց այդ գաղափարի մարդկանց համախմբողը լինել, ինչու չէ` նաև կազմակերպիչը: Պետք է սատար կանգնենք <<Ընկեր>> թերթին և նրա միջոցով իրականացնենք մեր գաղափարների տարածումը… Մոտեցող Ամանորի առթիվ, Ձեր թերթի միջոցով, մեր բոլոր ընկերներին մաղթում եմ ամենալավ ցանկությունները` հուսալով, որ գալիք տարիներն առավել կընդլայնեն մեր ընկերական շրջապատն ու կապերը…
SHARE