Հավատացել են ու վստահել

0
33

Ոգևորություն

Եվ այսօր արդեն տեսնում են գոհացնող արդյունքը

Ջանֆիդան /Արմավիրի մարզ/ ճանաչված գյուղ է, ժամանակին բարի համբավ ու հեղինակություն է ունեցել: Համայնքապետ Կամսար Ղորղանյանի մեծագույն ցանկությունն է, որ գյուղի վիճակն էապես բարելավվի, համայնքը վերագտնի իրեն և զարգացման ու առաջընթացի հաստատուն քայլերով առաջ շարժվի: Համատեղ, համախմբված ուժերով:

Գյուղն առաջնահերթ տարիներով կուտակված աղբից է մաքրվում: Բուժամբուլատորիան, զրկված լինելով ջրից, տաք և սառը ջրամատակարարումով է ապահովվել: Գյուղապետարանում է սանհանգույց անցկացվել: Բարեկարգվել է հուշարձանի տարածքը: ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի խնդրանքով և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությամբ ընդգրկվել են համապատասխան ծրագրում, ըստ որի իրականացվում է 2700 մ ճանապարհի ասֆալտապատում: Փլված, անմխիթար վիճակում է մշակույթի տունը, որի վերակառուցման համար հսկայական դրամական միջոցներ են անհրաժեշտ: Միմիայն դրսի օգնությամբ հնարավոր կլինի այդ կարևոր խնդրի լուծման ճանապարհ գտնել:

Առավել անհանգստացնող է խմելու ջրի մատակարարման խնդիրը. համակարգն ամբողջությամբ մաշված է: Աշխատանքներ նաև այս ուղղությամբ են տարվում: Բուժամբուլատորիայի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման առումով խնդիր ունեն: Վերանորոգման կարիք ունեն նաև դպրոցը, մանկապարտեզը: Համայնքի ղեկավարը վստահ է, լավատես, որ այս և մյուս խնդիրները ժամանակի ընթացքում, իրենց հետևողական ու սրտացավ ջանքերի արդյունքում, կլուծվեն, և գյուղն աստիճանաբար կբարգավաճի: Այդ ամենով հանդերձ, պարոն Ղորղանյանի համոզմամբ, նախ հարկավոր է ժողովրդին բարոյահոգեբանական առումով լավատեսություն ու վստահություն ներշնչել, ամրապնդել ապագայի նկատմամբ ունեցած նրա հավատը: Կանգնած է իր գյուղացու, հատկապես կարիքավորի կողքին, անում է հնարավորն ու անգամ անհնարինը:

Այս մասին ինքներս էլ համոզվեցինք` զրուցելով գյուղացիների հետ: Ջանֆիդայում մեծ հույսեր են կապում նորընտիր համայնքապետի հետ, հավատում են, որ նրա ջանքերով կլուծվեն շատ ու շատ հիմնախնդիրներ. <<Երիտասարդ է, եռանդուն, կարող ու շնորհալի: Համայնքի շուրջ 90 տոկոսը ձայն է տվել նրա օգտին, նրա կողմնակիցն ենք: Գոհ ենք, շատ լավ սկսել ու աշխատում է: Կազմակերպչական, աշխատանքն առաջ մղելու, գործը տեղից շարժելու ջիղ ունի: Ընդունակ է լավ ու բարի գործերի, գյուղն առաջ տանելու շատ մեծ ցանկություն ունի, անշահախնդիր ձգտումը տեսնում ու գնահատում ենք: Շատ կարճ ժամանակում այնպիսի աշխատանք է արել, որ բոլորս էլ անչափ ոգևորված ու հուսավառված ենք: Վստահ ենք, որ դեռ շատ ավելին է անելու: Գյուղը կամաց-կամաց տեսքի է բերվում: Ջանֆիդան արթնանում է…>>:

Համայնքի ավագանու անդամ Ալբերտ Ղազարյանի ոգևորությունն էլ հասկանալի ու բնական էր. <<Մեր գյուղապետը ժողովրդի կողմից ընտրված անձնավորություն է, նա և՛ հնարավորություն, և՛ մեծ ցանկություն ունի գյուղն առաջընթացի ճանապարհով տանելու: Բոլորս էլ հավատում ենք, որ արժանի գործեր է ձեռնարկելու համայնքի համար, շարունակելու է նույն ոգով լծվել գյուղի առաջընթացի ապահովմանը: Նրա խոսքն, իրոք, գործ է: Գյուղապետերը եկել ու գնացել են, բայց այն, ինչ այսօր ենք տեսնում, ապացուցում է, որ Կամսար Ղորղանյանը մի քանի գլխով բարձր է իր նախորդներից: Գյուղացուն, բոլոր իրեն դիմողներին ընդունում է ինչպես հարկն է: Մինչև գյուղապետ ընտրվելն էլ գյուղի մուտքի մոտ խաչքար է տեղադրել, էլ չեմ ասում, որ օգնել է բոլորին, լուծել առաջացած խնդիրները: Շատ այլ նպատակներ ու ծրագրեր ունի, որոնց իրականացումով, հավատացած ենք, Ջանֆիդայի դեմքը կտրուկ կփոխվի, կբարելավվեն մարդկանց ապրելակերպի պայմանները: Ջանում ենք համատեղ ուժերով, համայնքապետի գլխավորությամբ, մեր գյուղը դարձնել ցուցադրական, որպես լավ օրինակ շատերի համար…>>:

 

SHARE