Հավատով ու վստահությամբ լցված…

0
50
Համախմբում

  Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում ՀՀ նախագահի ընտրություններում հաղթեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ գյուղացին իր ձայնը տվեց իշխանական թեկնածուին` ելնելով կատարված աշխատանքներից: Փոփոխությունները տեսանելի են, ինչի համար էլ բնակիչներն իրենց հույսը կապում են նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հավատում, որ առաջընթացի քայլերը կշարունակվեն և հաջողություններն առավել ակնառու կլինեն: Հուսով են, մասնավորապես, որ առաջնահերթ լուծում կտրվեն գյուղի առջև ծառացած գլոբալ հիմնախնդիրներին` կենտրոնական փողոցի ասֆալտապատմանը և ոռոգման ջրի բարելավմանը: 
  Համայնքապետ Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ ոռոգման ջրի հարցը քննարկման փուլում է, խորքային նոր հոր պետք է հորատվի, ինչի արդյունքում գրեթե 70 տոկոսով կլուծվի ոռոգման ջրի խնդիրը: Անելիքներ, առհասարակ, շատ կան, որոնք աստիճանաբար իրենց լուծումը կստանան: Պարոն Գրիգորյանի խոսքերով, ինքը միայնակ չէ, իր կողքին է ողջ գյուղը: Բնակիչները պատրաստակամ են իրենց հնարավորությունները ծառայեցնել այս կամ այն խնդրի լուծմանը` ի շահ համայնքի զարգացման: Գրիբոյեդովցին շատ աշխատասեր է, հողին կպած, հողից առավելագույն բարիք արարելու հաստատակամությամբ լցված: Զարգացած են ջերմոցային տնտեսությունները, մշակում են հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, վարունգ, պղպեղ: Պետք է կանգնել գյուղացու կողքին, աջակցել նրան, օգնել խնդիրները հաղթահարելու: 

  Երիտասարդ գյուղապետն այս առաջնահերթությամբ էլ կառուցում է իր գործունեությունը` պատրաստ ցանկացած պահի կանգնելու համագյուղացու կողքին և աջակցելու հնարավոր ամեն ինչով: Նրա ուշադրությունից չի վրիպում որևէ հարց, բոլոր խնդիրներն էլ կարևոր ու առաջնային են, յուրաքանչյուրի հոգս ու ցավին պետք է հաղորդակից լինել, գոնե բարոյապես ու հոգեպես նեցուկ դառնալ կարիքավորին: Մարդկանց հույսն ու հավատը պետք է ամեն գնով պահել-պահպանել…
    Համայնքի ղեկավարի հավաստիացմամբ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աջակից է իրենց շատ հարցերում: Նրա անմիջական ջանքերով մատչելի գներով գյուղում 38 հազար կգ պարարտանյութ, 17950 լ դիզելային վառելիք է բաշխվել: Գյուղապետարանի աշխատակազմը, ամուր թիմ կազմած, պատշաճորեն կազմակերպում է բոլոր աշխատանքները: Շատ հարցերում օգնության են գալիս նաև Վահե Գրիգորյանի ընկերները: Ընկերական մեծ շրջապատ ունի համայնքի ղեկավարը, ընկերներ, որ միշտ նրա կողքին կանգնած են, և ցանկացած հարցում կարելի է ապավինել նրանց: Ահա թե ինչու հպարտ է ընկերներով և շնորհակալ նրանցից: Առաջնորդվում է <<Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու>> ժողովրդական խոսքով և ճիշտ համարում որքան ընկեր ունես, այնքան մարդ ես հանրահայտ արտահայտությունը:
  -Ջանք ու եռանդ չենք խնայում,- շարունակեց խոսքը համայնքապետը,- համատեղելով մեր ուժերն ու հնարավորությունները, որպեսզի գյուղն ընթանա առաջընթացի ու զարգացման ուղիով: Ամենակարևորը` լցվենք հույսով ու հավատով, որ վաղն ունենալու ենք ավելի բարեկեցիկ ու ապահով համայնք, զարգացած ու շեն երկիր, և հայրենիքը ժամանակավորապես թողած մարդիկ կբռնեն տունդարձի ճանապարհը…
  Նշենք, որ Վահե Գրիգորյանը գյուղապետ է ընտրվել 2012 թ. հուլիսին, և կարճ ժամանակահատվածում նշանակալի աշխատանք է կատարվել համայնքում: Մասնավորապես, վերանորոգվել է գյուղի 3 կամուրջներից 2-ը, որոնք անմխիթար ու գրեթե անանցանելի վիճակում էին հայտնվել: Լուսավորել են գյուղի կենտրոնական փողոցը, մաքրել են աղբավայրերը, ճաղավանդակներ են տեղադրել մշակույթի տան պատուհաններին, մասնակի վերանորոգել են գյուղապետարանի շենքը: Կարևոր է հատկապես այն, որ համայնքի ընդհանուր ջանքերով գյուղն աղբից մաքրել են: Մանկապարտեզն է գործում: Կատարվածի կողքին դեռևս շատ են անելիքները: Այն, ինչ համայնքի հնարավորությունների սահմաններում է, արվում է և հաջողությամբ կշարունակի արվել: Մնում է, որ պետական ակտիվ մասնակցություն ապահովվի այն խնդիրների լուծման գործում, որոնք ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում…    
SHARE