Հավետ քնարերգություն սփռող, լույս ճառագող բանաստեղծի սրտով Աշոտը միշտ կապրի ջահել …

0
38

     Բանաստեղծ, երաժիշտ, բանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Մելիքբեկյանը ծնվել է 1957թ-ի հոկտեմբերի 21-ին, Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում՝ ճանաչված մտավորականների, երաժիշտների ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Հայրենի գյուղում աշխատել է, որպես ուսուցիչ՝ եղել սիրված մանկավարժ և հասարակական գործիչ: 1986թ-ի օգոստոսին սոսկալի ավտովթարից, 28 տարեկան հասակում,  նա հեռացավ իր ծաղկող կյանքից… 
      Արդեն 55 տարեկան է… Նաթելայի, Մանեյի և Դավթի Հայրը՝ 28 տարեկան Աշոտ Մելիքբեկյանը, բայց, ինչպես ասում է Լյուդվիգ Դուրյանը. <<Հավետ քնարերգություն սփռող, լույս ճառագող բանաստեղծի սրտով Աշոտը միշտ կապրի ջահել>>…
    Դեռևս մանուկ օրերից, ակորդեոնահար և շվիահար Աշոտը հանրապետական մրցույթ-ստուգատեսներից վերադարձել է Իջևան հաղթանակի դափնիներով: Իսկ այդ դափնիները բերել է քրոջ՝ Աստղիկ Մելիքբեկյանի, այժմ մեծանուն ճանաչում ունեցող Աշուղ Աստղանուշի հետ միասին:
      Աշոտը ստեղծագործել սկսել է դպրոցական տարիներից, տպագրել՝ Իջևանի շրջանային և հանրապետական մամուլի էջերում: Նրա մի քանի բանաստեղծություններ զետեղված են 2006թ-ին պետական պատվերով հրատարակված <<Գրական Տավուշ>> ժողովածուի մեջ: Այս տարի լրացավ բանաստեղծի 55 ամյակը: Այդ կապակցությամբ տպագրության է պատրաստվում Աշոտի <<Ոսկե առավոտ>> անտիպ բանաստեղծությունների ժողովածուն՝ իր իսկ նկարչական ձևավորմամբ: Գիրքը նախապատրաստվում է տպագրելու քույրը՝ Աշուղ Աստղանուշը, կատարելով իր հոգու պարտքը: 

<<<<Ամենքի համար իրենն ուրիշ է, եկեք ամենքս էլ ուրիշ լինենք, ամենքինը լինելու համար>>: Սա եղբորս կարգախոսն է, ինքն այդպես ապրեց, և ամենքինը դարձավ: Շատ անգամ ինքս ինձ հարց եմ տալիս, արդյո՞ք նրա իմ եղբայրը լինելը շա՞տ է ինձ տոգորում ավելի վառ, ընդգծված տպավորություններով իր մասին ունեցած կարծիքով, պարզապես ոչ: Երբ որ ուզում եմ նրան նայել անկողմնակալ հայացքով, ոչ որպես քույր, նրան նայում եմ որպես հայորդու, որպես մարդու, որպես մանկավարժի, որպես բանաստեղծի, որպես բանասերի, ինքը մի համահավաք կերպար էր՝ յուրօրինակ ու ինքնատիպ: Միշտ զարմացել եմ այն հանգամանքից, թե ինչպես կարող է տղամարդը լինել այդքան հեզ, հեզահամբույր ու այդքան խոնարհ: Պարզապես դա պահվածք չէր, նրա հոգու հեզությունն էր: Հեզությունը նաև ուժեղության արտահայտություն է: Աշոտը դեռևս այդ տարիքում գիտեր իր անելիքը, ասես հասուն էլ ծնված էր: Գուցե ճակատագիրը պետք է այդպիսի խաղ խաղար իր գլխին, նա ժամանակից շուտ հասունացած էր: Եղբայրս համակուրսեցիս էր: Իր բանաստեղծությունները անգիր էի անում հենց այնպես, առանց հասկանալու: Ես իրապես իր պոեզիան հասկանում եմ հիմա՝ իրենից հետո: Նոր եմ մտել նրա աշխարհը: Պիտի խոստովանեմ, իրենից հետո եմ դարձել բանաստեղծ, գուցե Աստծո մատն է խառը, Աստված է ուզել, որ չկորչի եղբորս տաղանդը, այն տեղափոխել է իմ մեջ: Դարձել եմ Աշոտի խոսափողը, որովհետև ես այս խոսքը, բառն ու բանը չեմ ունեցել: Աշոտը ասուպի պես եկավ, ասուպի պես անհետացավ:  Իրապես կիսատ մնաց նրա ուղին, որովհետև նա անելիք ուներ և անգամ առ այս պահը նրա գրածը շատ հանրաճանաչ բանաստեղծներ /Լյուդվիգ Դուրյանը, Սասուն Գրիգորյանը և այլոք/ լուրջ պոեզիա են համարում: Աշոտի մասին խոսում եմ ոչ թե նրա քույր, այլ, որպես բանաստեղծ, Աշուղ Աստղանուշ, մշակույթի ոլորտի երկար տարիների ղեկավար, մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության երբեմնի մասնագետ, ինքս եմ գրել մեր երկրում գործող մշակութային քաղաքականության հայեցակարգային հիմնադրույթներ և լավ եմ պատկերացնում այդ ոլորտը, Աշոտը իսկապես ճշմարիտ բանաստեղծ է:  Նա իր գրչով դուրս է եկել հայրենի Աչաջրի, Տավուշի եզրագծերից, և իր պոեզիայով Հայաստանինն է, հայ մշակույթինն է և աշխարհինն է ընդհանրապես: Անգամ այդքան երիտասարդ լինելով: Իմ եղբորն էլ այն դաժան ճակատագիրը վիճակվեց, ինչ ունեցել են Միսաք Մեծարենցը, Պետրոս Դուրյանը, կյանքից հեռացավ դեռևս կյանք չմտած: Քանի ես կամ, ինձ հետ է նրա անունն ու պոեզիան:  Որ բեմահարթակից էլ խոսեմ ու երգեմ, Աշոտն ինձ հետ է, նրա բանաստեղծությունները պիտի շնչեն իր փոխարեն ու դառնան իրեն փոխարինող ոգեղեն արժեք: Մարդն անմահանում է իր թողած գործով: Եղբորս 55 ամյակի առթիվ ուզում եմ տպագրել նրա անտիպ թողած, ձեռագիր բանաստեղծությունները:  Դեռևս կենդանության օրոք իր նկարչական ձևավորմամբ Աշոտը երկու ձեռագիր գիրք է ստեղծել. <<Ոսկե առավոտ>> և <<Բանաստեղծություններ>> վերնագրերով՝ իր բոլոր բանաստեղծությունները գրի առնելով դրանց մեջ: Այս ձեռագիր գրքերից ծաղկաքաղ անելով տպագրելու եմ բանաստեղծությունների ժողովածու՝ խորագիրը դնելով <<Ոսկե առավոտ>>: Իր ստեղծագործությունների մեջ կան բնությանը նվիրված, սիրային, ու խոհափիլիսոփայական բանաստեղծություններ: Վերջինս հակառակ իր երիտասարդ տարիքին, ավելի մեծ թիվ է կազմում, ինչն ահավասիք իր հասուն լինելու ապացույցն է: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ Ռոմանսի վարպետ Սիրանուշ Եղիազարյանը եղբորս <<Թե այս աշխարհում կարոտ չլիներ>> սկզբնատողով բանաստեղծությունը երգի է վերածել, այն վերնագրելով <<Կարոտ>>, ինչը հնչեցնում է մեծ բեմահարթակներում: Ուզում եմ զրույցում մեջբերեմ երգի տողերը.

Թե այս աշխարհում կարոտ չլիներ,
Հիշողությունս կրակ չէր դառնա,
Եվ ինձ չէր այրի:

Թե այս աշխարհում տարիք չլիներ,
Իմ մանկությունը ինձնից չէր փախչի,
Չէր դառնա վայրի:

Թե այս աշխարհում կորուստ չլիներ,
Էլ ունեցածիս գինը աշխարհում
Ինչպե՞ս կզգայի:

Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս ես էլ կուզեի
Կորցրածիս կարոտն առնելու համար
Մեկ անգամ, մե՛կ էլ այս աշխարհ գայի:

     Ունեմ նաև եղբորս նվիրված , իմ կողմից գրված բանաստեղծություն: Այն վերնագրել եմ <<Ծով Աշոտ>>: Բանաստեղծությունը գրել եմ իր բառ ու բանով>>: Այս խոսքերով ավարտեցինք Աշուղ Աստղանուշի հետ զրույցը և ուզում ենք ներկայացնել նաև եղբորը նվիրված իր բանաստեղծությունը:

…Այս սուրբ երեկոն դո՛ւ ես արարել,
Վարդ-սրտի տոն է , հավերժության երթ,
Աշո՛տ, դե՛, խոսի՛ր, քեզ ո՞վ է տարել,-
Կարոտի երգ է, հուշերի շքերթ:

Երբ լռելը խոսել գիտենար,
Սիրտս չէր դառնա աշուղի քնար,
Հորովե՞լ կանչեմ, թե՞ երգեմ հոյնար,
Այս մեծ աշխարհցուն ի՞նչ ասեմ, աշխարհ:

Կորցրածիդ կարոտն առնելուհամար
Մո հին հեքիաթով դարձի՛ր, ո՜վ Աշոտ,-
Դու ուրի՜շ էիր ամենքի համար,
Եվ անեքի՛նը դարձար, ԾՈ՛Վ Աշոտ…

      Իր պոեզիայով Աշոտ Մելիքբեկյանը իրոք դուրս է գալիս իր ծննդավայրի՝ Աչաջրի, Իջևանի շրջանակներից ու դառնում՝ ազգինն ու աշխարհինը: Կգա ժամանակը, երբ իրականություն կդառնա Աշոտ Մելիքբեկյան – բանաստեղծի մարգարեությունն իր իսկ պոեզիայի մասին. <<Իր ապրած կյանքի պարանը լույսի մի օր հույսի ճշմարտությունը հավիտենության պարանին կհյուսի>>:
SHARE