Հարազատի սրտացավությամբ

0
57

Բնակավայր

   <<Գետարգել համայնքի ղեկավար դառնալուս /2011 թ./ հիմնական <<մեղավորը>> ընկերությունս է,-մեր զրույցի սկզբում նշեց Արսեն Կարապետյանը:-Իհարկե, իմ ցանկությունն էլ կար, բայց մեծ դեր խաղաց ընկերության գործոնը: Այսօր ընկերությունս մեջքիս կանգնած է: Ընկերներս նաև համայնքի ավագանու անդամներ են: Ցանկացած գործ ձեռնարկելիս առաջինը տեղեկացնում եմ ընկերներիս: Համատեղ քննարկում ենք, ընդհանուր հայտարարի գալիս և ձեռնամուխ լինում դրա իրականացմանը: Անգամ կենցաղային հարցերում են ընկերներս կողքիս կանգնած: Որոշակի աշխատանք արդեն կատարվել է, ինչը գնահատվում է գյուղացիների կողմից: Դա, բնականաբար, ինձ ավելի է ոգևորում, ավելին անելու պատրաստակամություն ծնում մեջս: Ընկերների օգնությամբ այս տարի ոռոգման նոր ջրագիծ կառուցեցինք, ինչից օգտվեցին մեր գյուղացիները: 120 մետր խմելու ջրի ջրագիծ ենք անցկացրել: Այսօր շուրջօրյա ջրամատակարարում ունենք: Ընկերներս աջակցեցին նաև աղբահանության իրականացման հարցում, ինչպես նաև գիշերային լուսավորություն անցկացրեցինք: Գյուղապետարանի բյուջեով ասֆալտապատում է իրականացվել: Փողոցների բարեկարգում ենք արել, մասնավորապես` գազոններ պատրաստելով: Նախ, ինքս եմ խնամում, ապա պահանջում մյուսներից խնամելու իրենց տան հարևանությամբ գտնվող գազոնները: Ընդհանրապես, մնացած հարցերում ևս օրինակ եմ ծառայում, որպեսզի մարդիկ պարտավորված զգան: Ճամփեզրերին դեկորատիվ ծառեր ենք տնկել: Գյուղի այգին ենք բարեկարգել, ծառեր տնկել և մարդկանց  հանգստի կազմակերպման հաճելի վայր դարձրել:

Ընկերներս սրտացավ են գյուղի խնդիրների նկատմամբ, շատ բան իրենց սեփական նախաձեռնությամբ կանեն: Աշխատանքներում կամովի ներգրավվում են նաև դպրոցի աշակերտները, մասնավորապես` կանաչ զանգվածի ու մաքրության պահպանման հարցում: Նրանց սրտացավությունն առավել քան զգալի է ամեն ինչում: Համայնքում այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծված, որ ընդհանուր շահագրգռություն ու միասնություն կա: Թե՛ ուրախության, թե՛ տխրության առիթների դեպքում միմյանց անշահախնդիր ձեռք մեկնելու, միմյանց սատար կանգնելու գովելի ավանդույթ է ձևավորվել: 2013-ին նախատեսում ենք հանդիսությունների սրահ կառուցել, ինչում պատրաստակամ են օգնության ձեռք մեկնելու մեր բնակիչները: Ամենակարևորը` մեծ է մարդկանց ցանկությունը զարգացնելու հարազատ համայնքը, կառուցելու, լավ օրինակ դառնալու: Ճանապարհի ասֆալտապատումից հետո մեծացել է մարդկանց հետաքրքրությունը գյուղի զարգացման, առաջընթացի ու բարենորոգ ապագայի նկատմամբ: Ձգտում են անգամ մայրաքաղաքից տեղափոխվել այստեղ` ապրելու: Ձգտում են իրենք էլ բաժին ունենալ, ներդրում անել նրա զարգացման գործում: Ավելի մեծ է գյուղաբնակ 4-5 ընտանիքների, որ մեծ կարողությունների տեր են, օգնությունը համայնքին: Մեր գյուղում սեփականություն ունեցող ամերիկաբնակ Լյովան ներդրում է արել այստեղ: Շատ սրտացավ է մաքսային տերմինալի պետ, մեր համագյուղացի Վազգեն Ազիզյանը, որ իմ ընկերն է: Իր վերաբերմունքով ստիպում է, որ գիշեր-ցերեկ աշխատես համայնքի համար: Ոչ միայն սրտացավ է, ներդրում է անում, այլև օգտակար խորհրդատու է: Անձնական օրինակով <<վարակում>> է շատերին: Շատ հարգված ու օրինակելի անձնավորություն է: Դպրոցին է օգնում, ոգևորում ու աջակցում աշխատող, նախաձեռնող մարդկանց: Հարազատի պես մեր կողքին կանգնած է…>>:
    Պարոն Կարապետյանից այնուհետև տեղեկացանք, որ գյուղում դեռևս շատ անելիքներ ունի: Մանկապարտեզ չունեն, ինչը հրատապ լուծում պահանջող խնդիր է: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է այդ հարցում իրենց օգնելու: Ասֆալտապատման խնդիր ունեն: Եկող տարվա ծրագրում առաջնահերթ է նոր էլեկտրաենթակայանի կառուցումը: 
   Կոտայքի մարզի Գետարգել համայնքն աստիճանաբար զարգանում է: 840 բնակիչ ունեցող գյուղից այսօր մոտ 120 մարդ բացակայում է: Ինչպես ասում են, լավ օրից չէ, որ նրանք թողել են հայրենի գյուղը: Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի մարդիկ վերադառնան և շենացնեն հայրենի տունը: Հարկ է վերականգնել նաև ավերված վիճակում գտնվող մշակույթի տունը: Այստեղ նախկինում ավանդույթ է եղել շաբաթվա մեկ օրը դրսում պարի հրավիրել բոլորին: Այս ավանդույթը շարունակվում է նաև այսօր: 
     Ա. Կարապետյանի խոսքերով, մարդը չպետք է եսասեր լինի: Դիմացինին ավելի շատ պիտի սիրի ու հարգի, որպեսզի կարողանա ընկեր լինել: Չպետք է իրեն մեծարի, որպեսզի ընկերոջ աչքից չընկնի: Հասնող պետք է լինի, պատրաստակամ` ունեցած վերջին պատառը ընկերոջ հետ կիսելու: Ընկերոջն անպայման պետք է ձեռք մեկնի: Ինչպես վարվեցիր ընկերոջդ հետ, այնպիսի պատասխան վերաբերմունք էլ կստանաս: Մարդը պետք է նպատակասլաց լինի` համոզված է մեր զրուցակիցը: Ձգտում ունենա, ընկերների միջոցով, հասնելու փայփայած նպատակներին: Անընդունելի միջոցները պետք է բացառել: Կողքիդ մարդկանց պիտի ունենաս, որպեսզի ցանկացած պարագայում քեզ ապահով ու ուժեղ զգաս: Եթե նպատակները համընկնում են, ապա միանշանակ հաղթող կլինես, իսկ դրանից համայնքը միմիայն կշահի: Ընկերոջդ հանդեպ պարտադիր առատաձեռն պիտի լինես, ազնիվ ու անկեղծ: Չպետք է անտեսել մարդու ստացած կրթությունը, ընտանեկան ծագումը և այլն:
SHARE