Հարգալից, արդարացի վերաբերվել մարդկանց,

0
29
որպեսզի նրանց հոգսերի բեռը հնարավորինս թեթև լինի…

Համայնք

   Արարատի մարզի 2800 բնակչությամբ Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանի համար ընկեր կարող է լիել ազնիվ, պարկեշտ, մաքուր ու  անշահախնդիր մարդը.<<Ավելի լավ է քիչ ընկերներ ունենաս և այդ քիչ ընկերներդ վստահելի լինեն: Չթողնեն, որ ընկերոջը թիկունքից խփեն, որ ամեն իրավիճակում կանգնած լինեն ընկերոջ կողքին: Ընկերությունն, ինչ խոսք, միակողմանի չի կարող լինել` փոխադարձություն է ենթադրում: Ինչպես որ նրանից պահանջում ես, այնպես էլ նրա հանդեպ պիտի լինես: Պարտադիր չէ, որ փոխադարձությունը միայն նյութական առումով լինի, ավելի կարևոր է հոգևոր ու բարոյական նվիրումը: Ընկերության հարցում շատ ու քիչ չկա: Եթե ազնիվ ու մաքուր ես, ուրեմն դրանով ամենակարևորն ես ապահովում: Ֆինանսական հնարավորություններ ունենալը վճռորոշ չէ, ազնիվ ընկերը հոգին էլ կտա քեզ համար: Առանց ընկերոջ տխուր ես ու միայնակ, ահա թե ինչու առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտում ես նրան: Երկար տարիների ընթացքում շատ մտերիմ ընկերներ եմ ձեռք բերել: Մեր այդ ընկերությունը պահպանվել է փոխադարձ վստահության ու մաքրության շնորհիվ: Ընտանիքներով ընկերություն անելու կողմնակից եմ:

Այս դեպքում երեխաներն էլ են փոխադարձ մտերմանում, ընկերներ դառնում: Այն մարդկանցից չեմ, որ ընկերության ձգտի հանուն սեփական շահի, հանուն նյութական ակնկալիքների: Ինձ ընկեր կարող է լինել նաև հասարակ աշխատավորը, կարևորը, որ մաքուր ու ազնիվ լինի: Եթե պաշտոնի ես հասել, ապա չպիտի մեծամտանաս: Պաշտոնը ժամանակավոր է, մարդը` հավերժ: Քաջություն պետք է ունենալ բոլոր ժամանակներում, անկախ իրավիճակից, մարդ ու ընկեր մնալ: Իմ շրջապատի մարդկանց այնպես եմ վերաբերվում, որ գյուղապետ չլինելու պարագայում որևէ տարբերություն չզգացվի, վերաբերմունքն իմ հանդեպ նույնը մնա: Ընկերներս կողքիս են նաև գյուղին վերաբերող հարցերում, իրենց օգնությունն ու լուման են բերում առաջացած խնդիրների լուծման գործում: Աջակցում են, ձեռք են մեկնում` ինչով կարողանում են…>> :

  Մեր զրույցը, որ գյուղապետի առանձնասենյակում էր, հաճախակի ընդմիջվում էր` գյուղացիներ էին ելումուտ անում, զանազան հարցերով դիմում: Պարոն Հակոբյանն առաջնահերթ ընդունում էր մարդկանց, ջանում հնարավորինս լուծում տալ նրանց խնդիրներին: Ամենակարևորը` ոչ մեկի ոչ մի րոպե սպասեցնել չտվեց: Հարգալից վերաբերմունքն ու մոտեցումը երկուստեք էր: Դժվար չէր նկատել, որ լուսառատցիները շատ սիրում ու հարգում են իրենց ղեկավարին.<<Մինչ այս պաշտոնին անցնելը, ես էլ նրանցից մեկն եմ եղել: Զբաղվել եմ հողագործությամբ, լավ գիտեմ գյուղացու հոգսն ու ցավը: Նպատակս է, որ հնարավորինս մեղմեմ նրա հոգսերի բեռը: Անկախ ամեն ինչից, անչափ կարևոր է մարդկային լավ  վերաբերմունք ցուցաբերելը: Ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր գյուղացին իր հոգս ու ցավի հետ միայնակ չմնա…>> : 
     Նրա խոստովանությամբ, գյուղապետ աշխատած տարիներին էլ շատ ընկերներ է ձեռք բերել: Հատկապես համայնքների ղեկավարներով են մտերիմ ու ընկերական: Դա նաև փորձի փոխանակման յուրօրինակ միջոց ու հնարավորություն է: Ցանկացած հարցի շուրջ խորհրդակցում է ավագ ու փորձառու գործընկերների հետ: Աջակցում են միմյանց, ձեռք մեկնում: Առհասարակ, համայնքների ղեկավարների միջև ստեղծված ընկերությունը ի շահ գյուղացու է, համայնքի բնակչի: Նպաստում է համայնքների զարգացմանն ու առաջընթացին: 
   Դանիել Հակոբյանի հավաստիացմամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը բոլոր հարցերում ընդառաջում է գյուղապետերին, կանգնած է աշխատողների կողքին, բարձրացված հարցերին ժամանակին լուծում է տալիս: Հետևողական է, որպեսզի նախանշված ծրագրերն ու աշխատանքները ժամանակին ու անթերի կատարվեն: Մարզպետը նախանձելի աշխատասիրություն ու կենսունակություն ունի, անգամ ոչ աշխատանքային օրերին է այցելում համայնքներ, տեղում ծանոթանում իրավիճակին, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականներ տալիս: Բնական է, որ այդ աշխատաոճը պահանջում է նաև համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներից: Ժողովրդի կողքին կանգնած է…
     Կատարած աշխատանքների մասին Լուսառատի համայնքապետը չցանկացավ ինքը խոսել: Հենց գյուղաբնակներից տեղեկացանք, որ նրա պաշտոնավարման շրջանում բազում աշխատանքներ են կատարվել: Ամբողջությամբ վերանորոգվել է մշակույթի տունը, որտեղ գործում են երգի, պարի, դաշնամուրի և մարզական խմբակներ: Գործում է նաև մանկապարտեզը /3 խումբ, 90 երեխա/: Վերանորոգվել է բուժամբուլատորիան, դպրոցի շենքի առաջին հարկը: Լուսառատցիների պատմելով, գյուղապետի ուշադրությունից չի վրիպում նաև ազգային ավանդական տոների, ծեսերի պատշաճ անցկացումը: Անպայման նշվում են տոները` ընդհանուր մասնակցություն ապահովելով, նվերներ են բաժանվում և այլն: Այդ ամենն, ի վերջո, համայնքի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի վրա է դրականորեն ազդում: 
   Աշխատանքներն, ինչ խոսք, շատ են, որոնց առանձին, մանրամասն անդրադառնալուց առայժմ ձեռնպահ կմնանք: Կան նաև հիմնախնդիրներ: Հատկապես` ոռոգման ջրի հարցում: Այս խնդրի մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է երկրի բարձրագույն իշխանությանը, և հույս ունեն, որ առաջիկայում այդ խնդրի լուծումը կգտնվի…
SHARE