Հարգանքն ու հեղինակությունը` աշխատանքով

0
38

Պատրաստակամ

-Մենք մեծ քանակի կարտոֆիլ ենք արտադրում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Ծիածան համայնքի ղեկավար Խաչիկ Գևորգյանը:- Բացի այդ, նաև` կանաչ լոբի, ջերմոցի լոլիկ, ինչը կարելի է արտահանել: Վաղահաս կաղամբը գրեթե թափեցինք, որովհետև արտահանող չեղավ: Թեև ցրտահարությանը, ծիրան էլ ունեցանք: Տեղում զբաղվում ենք նաև ծաղկի մշակմամբ, նույնպես արտահանում` ՌԴ, Վրաստան: Գյուղացին գյուղմթերք  արտադրում է` որքան հնարավոր է, միայն թե սպառման խնդիր ունի: Ամեն անգամ այդ մասին բարձրաձայնում ենք, ահազանգում: Գյուղացին պիտի արտադրելու տերը լինի, մթերողը գա, հարմար գին վճարելով` տանի: Ահա այս հարցն այդպես էլ դեռևս չի լուծվում: Երևանում գյուղմթերքի շուկաներ` որքան ասես, բայց դա փրկություն կամ ելք չէ, քանի որ գյուղացին չի կարողանում տոննաներով իր ապրանքն այնտեղ վաճառել: Ձեռնտուն տեղում վաճառելն է մնում: Մենք տարվա մեջ երկու անգամ ենք վար ու ցանք անում, երկու բերք ստանում, և այդպիսով մեր աճեցրածի ձեռքը կրակն ենք ընկել: Իրացման խնդիրն, էլի եմ ասում, մեզ շատ է խանգարում: Ծիածանցին շատ աշխատասեր է, գյուղում անմշակ հող չունենք…

Խաչիկ Գևորգյանը համայնքը ղեկավարում է 2008 թվականից: Աշխատանքներ այդ ընթացքում, ինչ խոսք, կատարվել են: 2010-ին նոր վերանորոգված, կահավորված բուժկետի բացումն արեցին: Դա կյանքի կոչվեց <<Սեյվ դը չիլդըրն>>  կազմակերպության հետ համատեղ ներդրումով: Նույն տարում նաև հուշարձանի բացումն էր. երեք խաչքարով հուշակոթողը նվիրված է Սարդարապատի ճակատամարտի մասնակից ծիածանցիների, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Այնուհետև ամերիկյան կազմակերպությունների միջոցով և համատեղ ներդրումով իրականացվեց խաղահրապարակի կառուցումը:

Հաջորդը` գրադարանի վերանորոգումն էր, կահավորումը, ինչպես նաև մշակույթի տան տանիքի նորոգումը: Եվ վերջին աշխատանքը, որ կատարվեց, մշակույթի տան շենքի ամբողջական նորոգումն էր և գույքով ապահովումը: Բացի այդ ամենը, դաշտամիջյան ճանապարհներն են հողային ծածկույթով լցնում, փողոցները խճապատում: ԾԻԳ-ի հետ միասին դպրոցի մի հատված վերանորոգվեց, որտեղ սկսեց գործել նախակրթարանը: Դպրոցի երեխաներին առանձնակի ուշադրության կենտրոնում են պահում, տոներին նրանց հաճելի անակնկալներ մատուցում: Թոշակառուներին /մոտ 90/ ամեն տարի հանգստի են տանում Սևան:

Համայնքի ղեկավարի խոսքերով, հնարավոր ամեն ինչով կանգնած են իրենց գյուղացու կողքին: Մեկ փողոց գիշերային լուսավորությամբ է ապահովվել, չնայած բոլոր փողոցները պետք է նման հարմարավետություն ունենան: Ասֆալտապատման խնդիր կա, թեև ճանապարհներն անընդհատ հարթեցվում են: Մշակույթի տունը բավարար կյանքով է ապրում, այստեղ գործում են մի շարք խմբակներ: Մտահոգողը մնում է ասֆալտապատումը, ինչը համայնքի ուժերից վեր է: Առաջիկա ծրագրերում փողոցներից մեկի գազաֆիկացումն է: Ոռոգման և խմելու ջրի խնդիր չունեն:

Ինչպես պարոն Գևորգյանը նշեց, գյուղապետը պետք է միշտ հասանելի լինի: Իր դուռը բաց է գյուղացու առաջ, անհրաժեշտության դեպքում ինքն է այցելում իր բնակիչներին: Իր աշխատանքով, նվիրումով պատիվ ու հարգանք է ձեռք բերել, ազնվորեն ծառայում է իր ժողովրդին:

Գյուղապետի տեղակալ Գեղամ Խաչատրյանը նշեց, որ իրենց համայնքապետը  շատ բարի մարդ է, մինչև գյուղապետ ընտրվելն էլ մարդկանց թև ու թիկունք է եղել, օգնել իր հնարավորությունների սահմաններում: Մարդկային վերաբերմունքի շնորհիվ արժանացել է համագյուղացիների բարձր վստահությանը: Մինչ այդ գյուղապետի տեղակալ է աշխատել: Իր գալով բարեփոխեց գյուղապետարանի աշխատանքը` առաջին պլան մղելով մարդկանց նկատմամբ ճիշտ, արդարացի վերաբերմունքի առկայությունը. <<Բնակիչնեը մեզ կարող են դիմել գիշեր թե ցերեկ: Երբ գյուղացին է դիմում, ապա չլուծվող հարց չի լինում: Մեր գյուղացին աշխատող է, տքնող ու ստեղծող: Ոչ մի բանում նրան չենք մերժում, անպայման որևէ կերպ օգտակար ենք լինում նրան: Ժամանակին ապահովում ենք կոմբայնով, ժամանակին աղբահանություն իրականացնում: Գևորգյանն ինքն իրեն բարձր չի գնահատում ոչ մեկից, բոլորին հարազատի պես է վերաբերվում: Գյուղի բարոյահոգեբանական մթնոլորտը բարվոք է, հարգանք կա միմյանց նկատմամբ…>>:

SHARE