Հարգանքն ու հեղինակությունը

0
7

Ձեռք են բերվում ստեղծելով, մարդկանց օգտակար ու աջակից լինելով

Համոզմունք

-Համայնքապետ եմ 2016թ. հոկտեմբերից,- <<Ընկեր>>-ին ասաց Կամարիս համայնքի ղեկավար Գոռ Հակոբյանը:- Այս կարճ ժամանակահատվածում  բավականին աշխատանք ենք հասցրել կատարել: Ավարտեցինք մանկապարտեզի ջեռուցման աշխատանքները, ինչի շնորհիվ այն ձմռանը կարողացավ գործել: Այս պահին խմելու ջրի ցանցի նորոգումներ ենք կատարում: Նորոգում ենք նաև մանկապարտեզի դիմացի հրապարակի կայանատեղին: Ի դեպ, 3-րդ խումբն ենք բացում մանկապարտեզում, անհրաժեշտ գույքն արդեն ձեռք ենք բերել, պայմաններն ապահովված են: Հարևան համայնքներից էլ ենք երեխաների ընդունում: <<Կարոշին>> ընկերության հետ գյուղի հատակագիծն ենք կազմում: Դժվարին ու կարևոր մի աշխատանք, որն օգոստոսին կավարտենք: Բարեկարգել ենք գերեզմանատան անանցանելի ճանապարհը /շուրջ 1 կմ/, ինչն արվել է մեր բնակիչների համախմբված ջանքերով: Ունենք դեպի խոտհարքներ տանող ճանապարհի լուրջ խնդիր, մոտ 5 կմ հատված պիտի բարեկարգենք: Կառավարութան ղեկավարի հորդորն ու հանձնարարականը շատ տեղին ու ժամանակին եմ հանարում` գյուղացուն կապել իր հող ու ջրին, դրա համար բավարար պայմաններ ստեղծել: Հողատարածքները բարձիթողի վիճակում են, տարիներ շարունակ չեն մշակվել: Պիտի մարդկանց աջակցենք հնարավոր ամեն ինչով, որպեսզի կարողանան եկամուտ ստանալ: Էլ չեմ ասում, որ ի վիճակի լինեն անգամ չնչին չափերի հարկերը վճարել: Աշխատում ենք նաև ներդրողներ գտնելու ուղղությամբ: Մի քանի առաջարկ արդեն պատրաստ է, մասնավորապես` ջերմոցային տնտեսություններն ենք ուզում զարգացնել: Շատ կարևոր է ոռոգման խնդրի բավարար լուծումը, որպեսզի մարդկանց մոտ հիասթափություն չառաջանա: Իրոք, վարչապետի խոսքով, մարդկանց հնարավորություն պետք է տալ, նրանք կաշխատեն ու կստեղծեն: Այդ ճիշտ մոտեցմամբ էլ ջանում ենք մեր ամենօրյա աշխատանքում առաջնորդվել: Այլապես մարդը կլքի հայրենի տունը և ապրուստի միջոց կփնտրի դրսերում: Հետևանքը պարզ է` գյուղերը գնալով կդատարկվեն: Այնպես որ, մեր ամենաառաջնահերթ խնդիրն այսօր գյուղի շենացմանն ու զարգացմանը նպաստելն է, այլ ոչ թե հակառակը…

Այս պահին, ինչպես այնուհետև շարունակեց պարոն Հակոբյանը, մշակույթի տունն են վերանորոգում: Գյուղում սկսել են խմբակներ /պարի, դհոլի, երգի, դաշնամուրի, շախմատի/ գործել, ինչի համար համայնքապետարանը միջոցներ է տրամադրում: Վարձավճարների մի մասը համայնքի ղեկավարն անձնական միջոցներից է հատկացնում: Առաջընթաց կա այդ գործում: Ծրագրում են նաև ոռոգման ջրի խնդիրը լուծել: Պոմպ են տեղադրելու, որի միջոցով ջրամբարից ջուրը մղելու են դեպի գյուղ: Ջրի բացակայության պատճառով ծառերը չորացել են, մարդիկ հիասթափված են և չեն զբաղվում հողագործությամբ: Այսօր արդեն հույս է արթնացել` կապված տվյալ ծրագրի իրագործման հետ, ինչի շնորհիվ վերջապես կլուծվի այդ շատ կարևոր ու կենսական խնդիրը: Ամենակարևորը, մարդիկ փոփոխություն տեսնում են` դեպի լավը, դրականը, ինչը ոգևորություն է ներշնչում: Մի կարևոր խնդիր ևս լուծվել է այս ընթացքում: Խոսքն արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման մասին է` կապված էկոնոմ լամպերի տեղադրման հետ: Աստիճանաբար կհասնեն այն բանին, որ ողջ գյուղը գիշերային լուսավորությամբ ապահովված լինի:

Գոռ Հակոբյանը, լինելով նախկին մարզիկ, մեծ ուշադրություն է հատկացնում սպորտին, մշակույթին: Դրամական օգնություն է ցուցաբերում մրցաշարերի մեկնող մարզիկներին, ապահովում տրանսպորտային միջոցներով և այլն: Այս հարցում օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև դրսի մարդիկ: Նաև բարերարների աջակցությամբ կարողանում են տոների առթիվ խրախուսել երեխաներին, հաճելի պահեր պարգևել: Համայնքի ղեկավարն այն համոզմանն է, որ մարզամշակութային շփումները բարերար ազդեցություն են ունենում երկրի վաղվա քաղաքացու ձևավորման գործում, նպաստում նոր ընկերներ ձեռք բերելուն.

-Սեփական փորձն է ինձ այդ համոզման բերել: Եթե ժամանակին սպորտով չզբաղվեի, ապա չէի ունենա այն ընկերական շրջապատը, որն այսօր ունեմ: Առհասարակ, ընկերությունը ձեռք է բերվում տարատեսակ շփումների միջոցով: Այս տարի Հաղթանակի տոնի առթիվ ընկերոջս` Արտակի նախաձեռնությամբ դպրոցի 5 լավ սովորող աշակերտ մեկնեցին Ղրիմ և մասնակցեցին տոնական միջոցառումների: Թատրոնների տոմսեր ենք ձեռք բերում մեր երեխաների համար և այլն:

Բնակիչների հետ փոխհարաբերությունները շատ լավ հիմքի վրա են կառուցված: Ցանկացած խնդիր հնարավորության սահմաններում լուծվում է, բնակիչը վստահ է, որ համայնքի ղեկավարն իր կողքին կանգնած է: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի Գոռ Հակոբյանը համայնքին վերաբերվում է` ինչպես հարազատ տանը, ընտանիքին: Ահա թե ինչու գյուղին առնչվող բոլոր հարցերում նրա կողքին են և՛ համագյուղացիները, և՛ ընկերները: Համայնքապետը մատնանշեց համագյուղացի Աշոտ Արշակյանին, որ մշտապես պատրաստակամ օգնում է իրենց: Մարդիկ տեսնում են, որ շարժ, առաջընթաց կա գյուղում` ոգևորված իրենց ծառայությունն են առաջարկում, ուզում են իրենք էլ մասնակցել լավ ու բարի գործերի իրականացմանը: Հարգանքն ու հեղինակությունն, անշուշտ, ձեռք են բերում կառուցելով, մարդկանց օգտակար ու աջակից լինելով:

Համայնքապետը դպրոցի հարցով դիմել է երկրի նախագահին, ում աջակցությունը չի ուշացել. զարգացման հիմնադրամի միջոցներով շուտով կսկսվի անմխիթար վիճակում գտնվող շենքի վերանորոգումը: Ունեցած ֆինանսական սուղ միջոցները խիստ նպատակային են օգտագործվում, խնայողաբար: Ջանում են առաջ մղել գյուղատնտեսական ծրագրերը, աշխատատեղերի խնդիր լուծել:

-Լավ օրերին բոլորն էլ ընկեր են դառնում,- անդրադառնալով ընկերության թեմային, ասաց Գոռ Հակոբյանը:- Ընկերը նեղ պահերին պետք է կողքիդ լինի: Ամենամեծ ուրախությունն եմ ապրում, երբ ընկերս առաջ է գնում, հաջողության հասնում: Մանկական ընկերներիցս Անդրանիկ Հարությունյանը և Անդրանիկ Կարապետյանն Ազգային ժողովի պատգամավորներ են ընտրվել, ինչից շատ հպարտ եմ…

Այո՛, Գոռ Հակոբյանը շատ ընկերասեր է, այնքան, որ հայրը մի առիթով ասել է. <<Էս մի տղաս ոնց որ իմը չի, շրջապատինն է…>>: Ընկերներից Սարգիս Մելիքջանյանն առաջարկել է իր միջոցներից ամեն տարի վճարել գյուղի ուսանողներից մեկի ուսման վճարը: Այսպիսի օրինակներ էլի կան, ինչի շնորհիվ նաև Կամարիսը լիարժեք իրավունք ունի հավակնելու լավագույն համայնք կոչմանը:

Կամարիսցի Ազատ Սիմոնյանը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից է, ում <<Ընկերն>> անդրադարձել է: Հերոսի հիշատակին բռնցքամարտի առաջնություն է կազմակերպվել գյուղում, ինչպես նաև ցայտաղբյուր կկառուցվի և խաչքար կկանգնեցվի:

Հավելենք, որ Գոռ Հակոբյանը ՀՀ նախագահի կողմից 2016 թ. դեկտեմբերին շնորհակալագրի է արժանացել` կուսակցական, հասարակական, քաղաքական ակտիվ գործունեության համար:

SHARE