Հարգանքն ու հեղինակությունը

0
14

համառ ու հետևողական աշխատանքի գնահատական են և ժամանակի ընթացքում են ի հայտ գալիս…

Վստահություն

watermarked_Harij Roland Nazaretyan

  Գործող գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը, ով 2001 թվականից ղեկավարում է համայնքը, կրկին առաջադրել է թեկնածությունը Հառիճում մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրությանը: Ինչպես զրույցում ասաց նա, որքան էլ աշխատանքներ կատարվեն, միևնույն է, գյուղի գործերին ու հոգսերին վերջ չկա:

  Բավականին աշխատանք կատարել են, բայց անելու գործեր էլ շատ կան: Ճանապարհների վերանորոգում, ասֆալտապատում են կատարել: Գազաֆիկացումն այսօր մոտ 90 տոկոսի է հասնում, սակայն ծախսի առումով չեն կարողանում օգտվել: Սարերից եկող 20 կմ-անոց խմելու ջրի ջրագծի 10 կմ հատվածն են վերանորոգել, հիմնանորոգել են գյուղապետարանի շենքը, բացել են մանկապարտեզը, արվեստի դպրոցը: Մշակույթի տան մի հատվածն են շահագործում: Առաջնահերթ ծրագրերում է մշակույթի տան ամբողջական նորոգումը: Դպրոցը մարզադահլիճ չունի: Համայնքում, առհասարակ, չկա որևէ մարզակառույց: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերն առայժմ ապարդյուն են մնացել: Պարոն Նազարեթյանը հպարտությամբ նշեց, որ իրենց համայնքից 32 երիտասարդ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներ են, այսօր ծառայում են ՀՀ բանակում:

  Նրա խոսքերով, համայնքի տարեկան բյուջեն շատ քիչ է, եղածի 90 տոկոսն աշխատավարձ են վճարում, մնացածն էլ այնպես են տնօրինում, որ կատարվածից գյուղացիները գոհ մնան /դրանում մենք ինքներս համոզվեցինք/: Օգնում են սոցիալապես անապահովներին, խիստ կարիքի մեջ գտնվող ընտանիքներին: Համայնքապետի համոզմամբ, այսօրվա պայմաններում ղեկավարից ավելի շատ մարդկային մոտեցում, գնահատելու կարողություն ու ջերմ վերաբերմունք է պահանջվում: Հառիճում ձմեռը շատ խիստ է ու երկարատև, ինչը բավականին աշխատանք ու ջանքեր է պահանջում համայնքի ղեկավարությունից: Մնացած հոգսերն ու խնդիրներն էլ պակաս չեն:

  Միայնակ, իհարկե, դժվար է ցանկալի արդյունքի հասնել, և այստեղ է, որ կարևոր դերակատարում ունի ընկերությունը: Ռոլանդ Նազարեթյանի կողքին են ընկերները` համայնքի առջև ծառացած խնդիրները լուծելիս: Ընկերական մեծ շրջապատ ունի, նաև համայնքի փոքրից մեծն են իրեն ընկեր: Բոլորին որպես ընկերոջ է վերաբերվում, ընկերաբար լուծվում են առկա խնդիրները: Գյուղապետի խոսքերով, բոլոր հարցերի լուծողն առաջին հերթին ընկերական շրջապատն է: Եվ մարդը չի կարող լիարժեք լինել, եթե ընկերական շրջապատ չունի: Անգամ չի կարողանա լուծել իր, էլ ուր մնաց` գյուղի հարցերը: Անձրևաջրերը, հալոցքները քանդում են հատկապես շատ թեքություններ ունեցող ճանապարհները, անգամ` ջրահեռացման ցանցերը, և այս ամենի լուծումը տրվում է ընկերական ջանքերի արդյունքում: Համայնքի բնակիչները ևս մասնակցում են այս աշխատանքներին:

  Գյուղապետը գտնում է, որ համայնքը կայացած է, համախմբված, ղեկավարն էլ հարգանք ունի, եթե ընդունվում է բնակչության լայն շրջանում: Իսկ հարգանքն ու վստահությունը ժամանակի ընթացքում են ձեռք բերվում: Հառիճը եղել է ազգային կրթության բնօրրաններից մեկը, կենտրոն: Եթե ցարական կառավարության օրոք փակվել են Շիրակի դաշտավայրի դպրոցները, ապա այստեղ գործել է գավառական դպրոցը: Հառիճում սովորել են շատ մեծանուն մարդիկ: Պատահական չէ, որ Էջմիածնի հոգևոր դպրոցը Հառիճում է: Կրթական մակարդակը միշտ բարձր է եղել բնակավայրում: Ռ. Նազարեթյանն էլ մանկավարժի ընտանիքում է մեծացել: Եղբայրներով բարձրագույն կրթություն ունեն: Եղբայրը դոկտոր-պրոֆեսոր է, ակադեմիկոս: Կրթական մակարդակի շնորհիվ էլ մարդիկ այստեղ շատ կշռադատված են, կազմակերպված, հարգանք ունեն թե՛ ղեկավարի, թե՛ մանկավարժի նկատմամբ:

  Պարոն Նազարեթյանի հասցեին համագյուղացիները շատ լավ արտահայտվեցին, ցանկացան, որ կրկին ղեկավարի համայնքը, քանի որ շատ բան է արել իրենց համար: Վստահ են, որ ավելին է անելու: Նա, իրոք, ընկերական է, ընկերությամբ ապրող: Համայնքների ղեկավարներից գրեթե բոլորի հետ էլ ընկերություն է անում, բոլորի կողմից էլ հարգանք է վայելում…