Հարգանք, պատիվ, ճանաչում

0
21

Հանրագումար

խատանքից ոչ պակաս կարևոր են մարդկային մոտեցումն ու վերաբերմունքը

-Ունեմ ժողովրդի վստահությունը, ինչն ամենակարևորն է,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը:- Դա փոխադարձ հարգանքի, մարդկանց խնդիրներին ականջալուր լինելու արդյունք է: Այն, ինչ հնարավոր է, արվում է` թեթևացնելու համայնքի բնակիչների խնդիրներն ու հոգսերը: Հենց այնպես չէ կամ էլ ոչ պատահական, որ 1994-ից ղեկավարում եմ համայնքը: Այստեղ նաև կատարված աշխատանքն իր դերակատարումն ունի: Համենայնդեպս, ամենակարևորն էլի մնում է մարդու նկատմամբ ճիշտ, անշահախնդիր վերաբերմունքը: Անիրականանալի խոստումներ չեմ տալիս, ասում եմ այն, ինչ ուժերիս ու հնարավորություններիս սահմաններում է: Այս տարիների ընթացքում լավ ընկերություն եմ ձեռք բերել, հարգանք, պատիվ ու ճանաչում վաստակել…

Ընկերությունը Աշոտ Ղազարյանի համար շատ մեծ խորհուրդ ունի: Նրա խոսքերով, ընկերն այն մարդն է, ում դու ես ընտրում: Ամենակարևորը, որ ընկերդ հավատարիմ է քեզ, ազնվություն, մաքրություն ու փոխադարձ վստահություն կա. <<Սրանք ամենակարևորն են ընկերության պարագայում: Կարողացել եմ տարիների ընթացքում ձեռք բերել այնպիսի ընկերներ, ում հետ նաև ընտանիքներով ենք մտերիմ: Ընկերությունը չպետք է ծառայեցնես նեղ, անձնական շահերիդ, ամեն հարցում փոխադարձության զգացում պիտի լինի…>>: Ունի թե՛ մանկության, թե՛ աշխատանքային ընկերներ, և լավ է, որ երեխաներն էլ, հետևելով իրենց օրինակին,  այսօր արդեն ընկերացել են:

Շատ խնդիրներ լուծվում, շատ աշխատանքներ կատարվում են համայնքում հենց ընկերության միջոցով: Ճիշտ է, դրանք, միևնույն է, մի օր կատարվելու էին, բայց ընկերների շնորհիվ ամեն ինչ արագացվում ու առավել արդյունավետ լուծում է ստանում: Ընդ որում, գրեթե բոլոր գլոբալ խնդիրների լուծման գործում ընկերության <<մատը խառն է>>: Մասնավորապես, Արարատյան փողոցի, ինչպես նաև դպրոց տանող երկու ճանապարհի /մոտ 1 կմ/ ամբողջությամբ ասֆալտապատումը, մանկապարտեզի բակի վերանորոգումը և այլն: Մի շարք աշխատանքներ էլ, որոնք համայնքի բյուջեի հնարավորություններից դուրս են եղել, կատարվել են մարզպետի, վարչապետի աջակցությամբ, ինչպես և կառավարության համապատասխան ծրագրերի շրջանակներում: Այսպես, օրինակ, դպրոցի 2 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատումը /70 մլն դրամ/:

Խոսելով տարիների ընթացքում իրականացված աշխատանքների մասին, պարոն Ղազարյանը մատնանշեց մշակույթի տան հիմնանորոգումը, որը պահանջել է 60 մլն դրամի աշխատանք: Կառավարության օգնությամբ նախանցած տարի կառուցվել է 2,2 կմ երկարությամբ փակ ջրագիծ, ինչի արդյունքում լուծվել է տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրը: Հրատապ ծրագրով, մարզպետի անմիջական նախաձեռնությամբ, 10 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզի 1-ին հարկի վերանորոգմանը, իսկ համայնքի բյուջեից տրամադրված 3,5 մլն դրամով նորոգվել է խոհանոցը: Նույն ծրագրով նախորդ տարի ևս 6 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզի բակի վերանորոգմանը: Իսկ համայնքի բյուջեից տրամադրվել է 2,5 մլն դրամ, որպեսզի սալիկապատվի դրան մոտեցող ճանապարհը: Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև դպրոցին: Համայնքապետի համոզմամբ, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը յուրահատուկ վերաբերմունք է պահանջում, համակողմանի աջակցության ու հոգատարության կարիք կա:

2015 թ. Ասիական զարգացման բանկի միջոցներով փոխվել է խմելու ջրի խողովակների 80 տոկոսը, տեղադրվել են նաև հաշվիչներ: Էապես բարելավվել է ջրամատակարարումը` և՛ ժամաքանակի ավելացման, և՛ որակի առումով: Մնացել է մոտ 2 կմ ջրագծի նորացման հարցը լուծել, ինչը նախատեսված է ընթացիկ տարում: Այս տարի նաև նոր թաղամասերի գազաֆիկացման աշխատանքներ ունեն կատարելու: Համայնքի միջոցներով 2 փողոց բնական գազով կապահովվի: Ասֆալտապատման աշխատանքներ էլ ունեն, ինչ հնարավոր է` իրենց բյուջեի միջոցներով կանեն, մնացածն արդեն ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում:

Վերին Արտաշատը 4750 բնակիչ ունի: Հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, ինչով պայմանավորված` զարգացած է նաև սառնարանային տնտեսության ոլորտը: Կարողանում են խաղողի բերքի որոշակի քանակ նաև արտահանել: Ընդհանուր առմամբ, չհաշված առանձին դեպքերի, բերքի իրացման խնդիրներ չեն ունենում:

SHARE