Հարգանք, վստահություն, հավատ…

0
23
Համայնք

 Արմեն Եղյանը Սիս համայնքը ղեկավարում է 2010 թվականից և կրկին առաջադրել է թեկնածությունը: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նրա ղեկավարման օրոք և վերընտրվելու դեպքում ինչպիսի՞ ծրագրեր է կյանքի կոչելու, ահա այս հարցադրումների շուրջ է մեր զրույցը նրա հետ:
 -Նախորդ 4 տարում,- ասաց պարոն Եղյանը,- մեր ծրագրերն իրականացրել ենք: 2011-ին հիմնանորոգեցինք մանկապարտեզը և ամբողջությամբ ապահովեցինք նոր գույքով: Այն արվեց ԱՄՆ դեսպանատան ծրագրով` գյուղապետարանի հետ համատեղ: Վերանորոգել ենք մշակույթի տունը: Արդեն ունենք հանդիսությունների սրահ` համապատասխան սպասքով և բոլոր հարմարություններով: Անվճար հատկացնում ենք մեր բնակչությանը: Համայնքի բյուջեով 1400 կմ լուսավորություն ենք անցկացրել: Հինգ կանգառ ենք տեղադրել: Գյուղապետարանի շենքն ենք կառուցել: Աշխատանքներ կատարվել են, այո, բայց չեմ կարող ասել, որ դա բավարարում ու գոհացնում է ինձ: Համենայնդեպս, ինչ հնարավոր է եղել, արվել է: Հիմնախնդիրը մեր ճանապարհներն են, որոնք պետք է առաջնահերթ կարգի բերել: Դիմել ենք կառավարություն, որտեղից պատասխանել են, որ 2014-15 թթ. բյուջեով 2,5 կմ ճանապարհի կառուցում, ասֆալտապատում կնախատեսվի: Մյուս խնդիրը գազաֆիկացումն է: Գյուղի մի մասը գազաֆիկացված չէ: Նախագիծն ունենք /արժեքը` 64 մլն դրամ/ և հուսով ենք, որ այն կարվի: Մեր միջոցներով հնարավոր չէ, տարբեր ծրագրերի ենք դիմել և հույս ունենք, որ մարզպետի աջակցությամբ խնդիրը կլուծվի: Կարևոր խնդիրների թվում է նաև խմելու որակյալ ջուր ունենալը: Մեր ունեցածն այնքան էլ որակյալ չէ, արտեզյան է, որ օգտագործվում է և՛ խմելու, և՛ ոռոգման նպատակով: Մեզանից մոտ 2 կմ հեռավորության վրա պոմպակայան կա, որը Մասիս քաղաքին է ջուր մատակարարում, այդտեղից հնարավոր է մեզ էլ ջուր մատակարարել` նոր ջրագիծ անցկացնելու միջոցով: Համայնքն ընդհանրապես ջրաֆիկացված չի եղել, նոր ջրագծեր անցկացնելու համար դիմել ենք <<Հայջրմուղ>>-ին: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այս խնդիրն էլ իր լուծումը կգտնի: Դիմեցի երկաթգծի ղեկավարությանը` կայանատեղի կառուցելու խնդրանքով, ինչը բավարարվեց: Մենք էլ նախատեսել ենք մեր միջոցներով աստիճաններ կառուցել` հարթակ բարձրանալու համար: 

  -Նման գլոբալ խնդիրները, հասկանալի է, հնարավոր չէ միայնակ լուծել, ուստի պիտի հարցնեմ, որ դրանց իրականացմանն, արդյոք, ներգրավվա՞ծ է Ձեր ընկերական շրջապատը:
 -Ե՛վ ունեմ լավ ընկերական շրջապատ, և՛ մեր ղեկավարությունը` մարզպետի գլխավորությամբ, յուրաքանչյուր հարցով մեզ աջակցում է: Որպես փախստականաբնակ գյուղի` առավել ուշադրության կենտրոնում են պահում: Ինչ որ արվել է, նրանց անմիջական աջակցության շնորհիվ է: Դա շարունակվելու է նաև առաջիկայում: Իսկ, առհասարակ, ժողովուրդը մարտի 9-ին իր գնատականը կտա կատարված աշխատանքին: Նշեմ, որ Երևան քաղաքին մոտ գտնվելով, մեր բնակիչը հնարավորություն ունի աշխատանք գտնելու այնտեղ: Ահա թե ինչու մարդիկ այնքան էլ հողագործությամբ չեն զբաղվում: Առհասարակ, լավ կրթված, խելացի մարդիկ ունենք համայնքում:
  -Համայնք ղեկավարելու դժվարություններն ինչո՞ւմ են: Պատկերացնո՞ւմ էիք, որ դժվարությունների առաջ կարող եք կանգնել:
 -Մինչ այս շինանյութի արտադրության ոլորտում անհատ ձեռներեց եմ եղել: Ճիշտ է, պատկերացնում էի, որ դժվարություն լինելու է, բայց ոչ այսքան: Համենայնդեպս, չկա այնպիսի դժվարություն, որ անհաղթահարելի լինի: Ունեմ գրագետ աշխատակազմ, և աշխատանքները մեր թիմով բնականոն հունով ընթանում են: Եթե բնակչության վիճակը լավ լինի, ապա, պարզ է, մեր աշխատանքն էլ ավելի հեշտ կլինի: Բնակչության հետ իմ հարաբերությունը միշտ լավ է եղել, և հիմքում դա է: Իմ աշխատանքով կջանամ այդ հիմքն առավել ամրապնդել, որպեսզի նրա կողմից տրվող գնահատականն էլ ավելի արժանի լինի ինձ: Եթե ես իմ բնակչի կողքին չլինեի, ապա, ինչ խոսք, չէի հաղթի: Գործող գյուղապետին հաղթելը դժվար է. պետք է  շրջապատ ունենաս, հարգանք ունենաս, ընկերություն ունենաս, և մարդիկ պիտի հասկանան, թե ում են վստահում: Իսկ եթե վստահել են, ուրեմն արժանի ես եղել դրան: Խոստումներ շատ կարող ես տալ, պարզապես` պիտի քեզ հավատան, ճանաչեն, վստահ լինեն, որ այդ խոստումները կատարելու ես: Ես խոստացել եմ անել այն, ինչը հնարավոր է եղել, իրատեսական են եղել խոստումներս: Առաջադրվել եմ ՀՀԿ-ի կողմից, ՀՀԿ անդամ եմ: Հնարավորության սահմաններում գյուղացու խնդիրներին լուծում եմ տվել: Մրցակիցս նախկին գյուղապետն է, չեմ թերագնահատում նրան: Վստահ եմ, որ վերընտրվելու եմ, որովհետև իմ աշխատանքով արել եմ այնպես, որ բոլորին կարողանամ գոհացնել, իհարկե` հնարավորությանս սահմաններում:
SHARE