Հարգելի Ռուզաննա Մանուկյան

0
73

<<Ընկեր>>-5

Samvel KrpoyanԻնձ համար մեծ պատիվ է շնորհավորական ուղերձ հղելու հաճելի իրադարձության առթիվ, քանի որ, առանց Ձեզ տեսնելու, մտերիմ ծանոթություն և շատ մեծ հարգանք կա Ձեր նկատմամբ: Ապրելով Լոս Անջելեսում, շատ հաճախ եմ լսել Ձեր մասին, հնարավորության դեպքում կարդացել թերթի համարներից: Դուք ևս ընդունելի ընկեր եք Կառլեն Լևոնիչի հյուրընկալ օջախում և նրանց ընկերախմբի լիիրավ անդամ եք, իսկ այնտեղ մեծ մասը իմ ընկերներն են, ուստի Դուք նաև իմ ընկերն եք, ինչն էլ ինձ լրիվ իրավունք է տալիս շնորհավորելու Ձեզ և թերթին հինգերորդ տարեդարձի առթիվ:

  Տեղի իմ ընկերներից շատ եմ լսել թե՛ Ձեր, թե՛ թերթի մասին, լսել եմ հիացմունքի ու գովեստի խոսքեր, և, կարելի է ասել, հեռավոր Լոս Անջելեսում պատկերացում կազմում եմ այն գործունեության մասին, ինչին նվիրվել եք և ինչը թերթը բարձր առաքելությամբ տանում է: Ճիշտն ասած, թերթի այն համարները, որոնք իմ ձեռքն են ընկել, արդեն իսկ վկայում են այդ մասին, և ես նույնպես ջերմ խոսքերից ու երախտագիտությունից բացի, այլ բան չունեմ ասելու: Բոլորիս սրտով է, անշուշտ, որ թերթը նվիրված է ընկերությանը, ընկերներին, ինչն արդեն իսկ մեծ գործ ու պատասխանատվություն է: Ընկերությունով Դուք նաև մեր երկիրը, մեր հայրենիքն եք փառաբանում, արժևորում ազգային մշակույթը, հայի հոգեկերտվածքին հարիր հրապարակումներով հանդես գալիս: Եվ պատահական չէ, որ քաղաքականությունից հեռու եք և տարբերություն չեք դնում մեր ժողովրդի զավակների միջև` որտեղ էլ նրանք գտնվելիս լինեն: Դրանով կապող օղակի, յուրօրինակ կամուրջի դեր եք կատարում:

  Ընկերությունը բարձր կոչում է, և Դուք այդ կոչման լիիրավ տերն եք և պատվով տանողը: Մի կարևոր հանգամանք ևս շեշտեմ, որ Ձեր նվիրումն անշահախնդիր ու ընդօրինակելի է: Ընկերության մեջ կին և տղամարդ չկա և Դուք Ձեր օրինակով հաստատում եք այդ ճշմարտությունը, պատասխանատվությամբ տանում այդ ծանր ու պատվավոր բեռը: Ինչ որ անում եք, անում եք սրտանց և սիրով, իսկ ինչը սրտով ու սիրով է արվում, միշտ էլ գնահատվում է բոլորի կողմից: Նորից եմ ուզում ասել, որ մեծ գործ եք կատարում, և դա բոլորս տեսնում ու խրախուսում ենք: Միայն ընկերը կարող է ընկերոջ սխալն ուղղել, նրան հենարան լինել և կանգնել կողքին: Եվ մենք բազմահազար ընկերներով, թե՛ այստեղ, թե՛ հայրենիքում, կանգնած ենք <<Ընկեր>>-ի թիկունքին և պատրաստակամ ենք առավելագույն ջանքերով նպաստելու նրա նվիրական գործի բարեհաջող ընթացքին: Շնորհավոր ծնունդդ, հեռու և մոտ <<Ընկեր>>: Թող աշխարհի բոլոր ծայրերում տարածվի քո լույսը և հզորանալով` ընկերության մեծ ու անփոխարինելի խոսափող դառնաս և միևնույն ժամանակ շրջապատված լինես լավ մարդկանցով ու ընկերներով:

Սամվել Կրպոյան

ԱՄՆ, Լոս Անջելես

SHARE