Հարգենք, գնահատենք մերը

0
125

Գլուխ խոնարհենք բերք ու բարիք արարող գյուղացու առաջ, կանգնենք աշխատողի, արտադրողի կողքին…

Կենսակերպ

Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Արմեն Խաչատրյանի հետ հանդիպումը, կարելի է ասել, նրա ընտանեկան ջերմ ու հյուրընկալ հարկի տակ կայացավ, ինչը և առիթ դարձավ զրուցելու ոչ միայն աշխատանքի, այլև ընտանիքի և  մարդկային բազմազան հարաբերությունների շուրջ:

 

Անկեղծության պահը

watermarked_Armen Xachatryan baxramyani trchnafabrika (2)

  Արմեն Խաչատրյան.– Թռչնամսի և ձվի արտադրությամբ ենք զբաղվում: 2008 թվականից: Ունենք ձվատու և բրոյլեր հավեր: Այս ոլորտը բավականին առաջընթաց է ապրել, մանավանդ, եթե համեմատում ենք խորհրդային ժամանակաշրջանի հետ: Կերի մեջ կարևոր դեր ունեն եգիպտացորենը, սոյան և ձեթը: Գոյություն ունեն վիտամինային կոմպլեքսներ: Վստահեցնում եմ, որ մեր թռչնամսի մեջ հորմոնային ոչինչ չկա: Տեղի արտադրողներս ձվով ապահովում ենք մեր շուկան, բայց մսի առայժմ միայն 20 տոկոսն է մերը: Մրցակցությունը դրսի արտադրողների  հետ մեր օգտին չէ, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ճուտը և կերը ներմուծովի են: Ինքս իմ առաջնահերթ ծրագրերից մեկն էլ հենց դա եմ համարում` հասնել այն բանին, որ տեղական շուկան լիարժեք մեր արտադրանքով ապահովված լինի: Դա, խոստովանեմ, այնքան էլ հեշտ խնդիր չէ, և դրա լուծման համար տեղական արտադրողը պետք է պետական հոգածության ու ուշադրության կենտրոնում լինի: Համենայնդեպս, այդ ուղղությամբ ջանքերը պետք է համատեղել, միասին գտնել անհրաժեշտ ելքերն ու լուծումները: Ճիշտ է, տեղական շուկան, շատ փխրուն ու զգայուն լինելով, այսօր տատանումների ու ցնցումների է ենթարկվում, բայց դա չպետք է երբևէ առիթ դառնա, որ արտադրողը կորցնի մարդկային խիղճը և բարձրացնի գները /եթե անգամ դրա իրավունքն ունի/: Առավել ևս, այն դեպքում, երբ երկիրն այս վիճակում է, և մեր բնակչության գնողունակությունն էլ բավականին ցածր է:

Առհասարակ, ամեն ինչում եմ քրիստոնեական առաքինությամբ ու բարեպաշտությամբ առաջնորդվում, ինչը գալիս է հորիցս: Եթե մենք մեր դիրքերը զիջենք, եթե հավատ ու լավատեսություն չունենանք, ապա չարը կգերակշռի մեր կյանքում, և մենք բարու համար մեր ամենօրյա պայքարը ցավալիորեն տանուլ կտանք: Հարգենք ու գնահատենք մերը, պաշտպանենք մեր արտադրողին, գլուխ խոնարհենք բերք ու բարիք արտադրող գյուղացու առաջ: Ընկեր ու բարեկամ լինենք միմյանց, հանդուրժող ու մեծահոգի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու դրսից մեր գլխին թափվող մեղքերին ու վտանգներին: Այս ասածս, միգուցե, մի քիչ բարոյախրատական ու միամիտ թվա, բայց, հավատացեք, մենք այսօր այլ ելք ու ճանապարհ չունենք… Ձգտենք լավին ու բարուն, համախմբվենք մեկ մարդու պես, դառնանք բռունցք` հանուն մեր երկրի ու ժողովրդի լավ օրվա, լավ ապագայի: Մարդու արժեքն ինձ համար նույնն է` անկախ դիրքից ու պաշտոնից, սոցիալական դրությունից ու կրթական մակարդակից: Բոլորս էլ հավասար ենք, բոլորս էլ Աստծո նույն արարածները, և մեր մարդկային էությանը պետք է շատ հարիր լինեն  դիմացինին օգնելը, զիջելը, համբերատարությունը, կարիքավորին ձեռք մեկնելը և, առհասարակ, լավ ու բարի նպատակի ծառայելու անկեղծ պատրաստակամություն ցուցաբերելը: Արա բարի գործդ և մի ջանա այսուայնտեղ բարձրաձայնել այդ մասին: Ամեն ինչի դատավորն Աստված է…

watermarked_Armen Xachatryan baxramyani trchnafabrika (1)

Ըստ իս, եթե դիմացինդ լավ մարդ է, ապա լավ էլ ընկեր կարող է լինել: Ճիշտ ապրելը, բարի լինելն ու ազնվությունը հենց ընկերություն են: Որքան լավ հատկանիշներ դրսևորենք մեր վարքագծում, այնքան ավելի լավ ընկեր ու բարեկամ կարող ենք լինել միմյանց: Ցավոք, մեզանում թյուր կարծիք է ձևավորվել այն մասին, թե բարությունը թուլության նշան է, մինչդեռ բարությունն է, որ փրկելու է աշխարհը: Մեր միջից հանենք քինախնդրությունը, չարությունը, դժգոհությունը, դիմացինի մեջ անպայման սխալ փնտրելու հակումը: Սխալն ինքդ քո մեջ փնտրիր: Ամեն ինչ ընտանիքից է գալիս, ամեն ինչի հիմքը երեխաների ճիշտ դաստիարակությունն է: Այսօրվա մեր գերխնդիրը պիտի լինի ամեն լավ բան գործի դնելն ու երկիրը երկիր դարձնելը: Անենք, տանք ու ջանանք և ապա միայն պահանջենք… Լինենք ընկեր մեկմեկու, ընկերաբար վերաբերվենք ամեն ինչի և ընկերովի էլ լուծենք ցանկացած հարց կամ խնդիր: Եթե ա՛յ այս ամենի հիմքում լինի ընկերը, լինի ընկերության գաղափարը, ապա վաղվա օրն, իրոք, մերն է լինելու…

   Երկու որդի, երկու դուստր ունեմ: Նրանց մեջ սեր եմ սերմանում, բարություն: Դաստիարակում եմ այնպես, որ զանազանեն լավը վատից, բարին չարից: Վատը, միգուցե, այդքան շատ չէ, որքան խոսվում է դրա մասին, այդքան փնովելու բան չկա, որքան մենք ենք աջուձախ փնովում ու փնովում: Այնքան խնդիրներ կան լուծելու, որ մենք, պարզապես, ժամանակ չպիտի ունենանք նման և այլ բաներով զբաղվելու, դատարկախոսությամբ օր մաշելու: Իմ երեխան պիտի երբևէ իրեն վեր չդասի մյուսներից, երբևէ, ինչպիսի առավելություն էլ ունենա, քիթը վեր ցցած ման չգա: Ի վերջո, որքան մարդը կիրթ ու զարգացած է, որքան հոգեպես հարուստ, այնքան համեստ ու առաքինի է, իրեն, այսպես ասած, ցուցադրելուց` հեռու:

   Յուրաքանչյուրիս հարգանքը միշտ պետք է բարձր լինի ազգային մեր արժեքների, պետական խորհրդանիշների հանդեպ: Հավատարիմ լինենք ազգային մեր արժեհամակարգի, ավանդույթների ու մշակութային հարուստ ժառանգության պահպանմանը: Իր երկրից խռովելու, հարազատ պետությանը փնովելու, հայրենի հող ու ջրից երես թեքելու իրավունք ոչ ոքի տրված չէ: Մի կողմ թողնենք անձնական մանր շահասիրությունները և ընդհանուր նպատակներով ու գաղափարներով առաջնորդվենք: Մեզ այսօր լավ հնարավորություն է տրված` կառուցելու մեր նորանկախ պետությունը, ապահով երկիր թողնելու հետագա սերունդներին…

Երջանկության բանաձևը

   Մարիա Վարդանյան.- Երբ առիթ է լինում ինձ հարցնելու, թե ո՞րն է մեր ընտանիքի երջանկության բանաձևը, ապա ես առանց վարանելու նշում եմ` մեծ սերը, փոխադարձ հարգանքն ու վստահությունը: Վերջերս լրացավ մեր ամուսնության 22 տարին: Արմենի մեջ ամենագնահատելին, ըստ իս, նրա մարդկային որակն է, մասնավորապես` դիմացինի հոգս ու ցավով ապրելու անկեղծ, անշահախնդիր մղումը: Մարդու նրա տեսակն այսօր հաճելի բացառությունների շարքին կարելի է դասել: Նրա համար բոլորն էլ հավասարապես հարազատ են, բոլորի նկատմամբ միևնույն` սրտացավ ու հոգատար վերաբերմունքն ունի: Եսասեր չէ, լավ կզգա իրեն միայն այն դեպքում, երբ իր շրջապատում ամեն ինչ լավ է, մարդիկ ուրախ ու երջանիկ են: Առատաձեռն է, շռայլ հոգու տեր: Այս և մյուս բոլոր հատկանիշները փոխանցվել են մեր ժառանգներին: Իհարկե, հեշտ չի եղել, այսօր էլ բազում դժվարությունների ենք հանդիպում, բայց դիմացել ու շարունակում ենք դիմակայել: Կյանքը պայքար է, և հաղթում է նա, ով չի ընկրկում փորձությունների առաջ, ով հոգով ամուր ու անընկճելի է: Արմենն արտադրության բոլոր փուլերով անմիջականորեն անցել է, ամեն դժվարություն սեփական մաշկի վրա զգացել` սևագործ բանվորի աշխատանքից սկսած: Ուստի բոլոր նրբություններին լավագույնս է տիրապետում: Մենք էլ նրա կողքին ենք եղել, արել ենք այն ամենը, ինչ տվյալ պահին պահանջվել է: Անհրաժեշտության դեպքում մենք միմյանց լրացրել ենք, իրար թև ու թիկունք եղել:

   Մեր կյանքի օրինակով երիտասարդներին նաև սովորեցնում ենք լինել հանդուրժող, մեծահոգի, ներողամիտ, համբերատար: Մոր, կնոջ դերը հայ ընտանիքում մեծ է: Կինն ամուսնու համար նաև ընկեր պետք է լինի, գործընկեր, ինչպես մեր պարագայում է: Սեփականատեր լինելու հանգամանքը մեր կյանքում, կարելի է ասել, ամեն ինչ խառնել է իրար` մեր ընտանիքի ազատ ժամանակը, մեր անձնական կյանքը կամ հետաքրքրությունները չունենք: Պատասխանատու ենք ամեն ինչի և բոլորի համար: Փառք Աստծո, ամուսնուս լավատեսությունն այստեղ էլ մեզ օգնության է հասնում, ինչի շնորհիվ կարողանում ենք խուսափել տհաճություններից: Սիրում ենք լավը տեսնել: Եթե լավին ես ձգտում, լավը փնտրում, ապա դրան ուղղված ջանքերդ ապարդյուն չեն կարող անցնել:

   Հաջողության գաղտնիք ասածը յուրաքանչյուրիս մեջ է: Ավելի շուտ` մարդկանց հանդեպ ցուցաբերած մեր մոտեցման, վերաբերմունքի մեջ: Հավատով ենք առաջնորդվում մեր գործերում: Փողը, հարստությունը մեզ համար երբեք առաջնայինն ու գլխավորը չեն եղել: Ընտանեկան ջերմ մթնոլորտը, հարազատ-մտերիմներիդ կողքիդ ունենալն ամենամեծ երջանկությունն են: Անդավաճան ընկերներ ունենալը ևս անգնահատելի կարողություն է: Գտնում եմ, որ մարդն ավելի շատ պիտի տա, քան պահանջի: Պահանջել, ցավոք, բոլորն էլ կարող են, սակայն սեր, կարեկցանք, համբերություն տալ քչերը կարող են: Դիմացինին մեղադրելուց  առաջ լավ կլինի նախ ինքներս մեզ դատենք, քննենք…

   Ինչ էլ ասեմ, ինչի շուրջ էլ խոսեմ, էլի պիտի Արմենին վերադառնամ, քանի որ ամեն ինչ նրա անվան շուրջ է պտտվում, նրանով է պայմանավորված: Մեր ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ընտանիքը, քանի որ դա այն արժեքն է, որին ածանցյալ են մյուս արժեքները…

Հաջողության բանալին

   Արմինե Խաչատրյան.- Եղբայրս` Արմենը, այս ոլորտում իր գործունեությունն սկսել է զրոյից: Հաջողության գործում ավելի շատ դերակատարում են ունեցել նրա մարդկային հատկանիշները, որոնք, կարելի է ասել, ժառանգել ենք մեր ծնողներից: Հայրս` Հովհաննես /Սոս/ Խաչատրյանը հեղինակավոր անձնավորություն էր` Լենինի անվան սովխոզի տնօրեն, Գերագույն սովետի դեպուտատ և այլն: Մայրս մանկավարժ էր: Ես անասնաբույժ-զոոտեխնիկ եմ, օգնում եմ եղբորս` աշխատելով թռչնաֆաբրիկայի տնօրեն: Արտադրությունում խստորեն պահպանում ենք բոլոր այն չափանիշները, որոնք պահանջվում են ժամանակակից սննդարդյունաբերության մեջ: Մեր արտադրանքը վաճառքի է հանվում <<Հավիցա>>, <<Տեղական հավ>>, <<Շուշի>> անվանումներով: Ասեմ, որ տեղական թռչնամիսն անհամեմատ որակյալ է և ոչ այնքան բարձր էլ գին ունի: Սպառողը պետք է ճիշտ կողմնորոշվի և նախապատվությունն ամեն դեպքում տա տեղական արտադրանքին:

  Արմեն Խաչատրյանն իր գործի նվիրյալն է, հոգատար ու սրտացավ ամեն ինչի և, հատկապես, աշխատողների նկատմամբ: Ահա թե ինչու մարդիկ տիրոջ վերաբերմունքով են մոտենում իրենց գործին, պարտաճանաչ ու բարեխիղճ են: Արմենը բոլոր հնարավոր միջոցներով խրախուսոմ է կոլեկտիվին, կանգնում յուրաքանչյուրի կողքին: Խստապահանջ է, բայց և` շատ մարդկային: Մտահոգված է արտադրության ծավալների ընդլայնմամբ, նոր արտադրություններ հիմնելու մտադրություններ ունի, քանի որ շատ է ուզում ավելի շատ մարդկանց օգտակար լինել:

  Արմենի այս բոլոր ձեռնարկումներում մենք, իհարկե, նրա կողքին կանգնած ենք:  Առաջին հերթին կինը` Մարիան, որ հրաշալի անձնավորություն է: Շատ լավ ընկեր է, հարազատ ու մտերիմ բոլորիս համար: Նրանց ստեղծած ընտանիքն օրինակելի է բոլոր առումներով: Միասնական ու համախմբված ենք, ինչը և համարում եմ մեր ընդհանուր գործի հաջողության բանալին…

Հիմքում` մարդկային գործոնը

  Աննա Բարսեղյան.- Ղեկավարում եմ <<Ապրիկոտ Քոնսալթինգ>> ընկերությունը, որը վարում է թռչնաֆաբրիկայի հաշվապահությունը: Հեշտ ու հաճելի է ձեռնարկության ղեկավարների հետ աշխատելը, քանի որ բավականին գիտակից, խելացի ու մարդկային են: Մեր համագործակցության պարագայում մարդկային գործոնը, կարելի է ասել, ամենաբարձր մակարդակի վրա է: Լավ տեսնում եմ, թե ինչպիսի մարդկային վերաբերմունք ունեն իրենց աշխատակիցների նկատմամբ, ինչպիսի ջերմ փոխհարաբերություններ են կոլեկտիվում: Բարեգործությունն Արմեն Խաչատրյանի ապրելակերպի անբաժան մաս է դարձել: Ընդ որում, դա արվում է քրիստոնեական բարեպաշտությամբ ու խոնարհությամբ: Մարիան իդեալական է բոլոր առումներով, ձեռնարկության հաշվապահական գործերն է կառավարում: Հրաշալի կին է, մայր, հրաշալի ընտանիք ունեն…

***

  -Թող բոլոր ղեկավարները,- մեզ հետ զրույցում ասացին թռչնաֆաբրիկայի աշխատողները,- մեր Խաչատրյանի նման լինեն: Մենք նրան ընդունում ենք նախ որպես մարդու, ապա ղեկավարի: Չենք զգացել, որ մեզ վերաբերվի լոկ որպես աշխատողի, բանվորի. մենք նրա համար նախ մարդիկ ենք, հավասար մարդիկ, ինչպես ինքն է, մյուսները, ապա` միայն աշխատողներ: Աջակցում է հնարավոր ամեն ինչով, ցանկացած խնդրի դեպքում մեր կողքին կանգնած է: Ասես, մի ընտանիքի անդամներ լինենք, բոլորիս հոգս ու ցավից տեղյակ է: Ճիշտ մոտեցում ունի, արդարամիտ է, գնահատող…

Նրանց օրինակը

  Անչափ ողջունելի է, անշուշտ, նման հեղինակավոր ձեռնարկություն ունենալ մեր երկրում: Ձեռնարկություն, որ իր չափով նպաստում է մեր երկրի տնտեսության, հայրենական արտադրության զարգացմանը, որ տեղական սպառողին անվտանգ ու սննդարար մթերք է առաջարկում: Ոչ պակաս գնահատելի ու ողջունելի է այն միջավայրը, մթնոլորտը, որն ստեղծել են ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվում նրա հիմնադիրն ու նրան աջակից հարազատ մարդիկ:

  Այս հրապարակման մեջ մենք միտումնավոր ձեռնպահ ենք մնում արտադրական  թվեր կամ ցուցանիշներ արձանագրելուց` կարևորելով այն փաստը, որը, հավատացած ենք, այսօր շատ ավելի անհրաժեշտ ու առաջնային է մեր երկրի, մեր ժողովրդի համար: Խոսքը մարդկային գործոնի և դրանով պայմանավորված` մարդկային ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու, մարդկային միջավայր ձևավորելու և մարդուն արժանի, մարդկայնորեն վերաբերվելու մասին է:

  Արմեն Խաչատրյանի և նրա տիկնոջ` Մարիայի օրինակը հենց այդպիսին է: Լինելով սեփականատեր և իրենց աշխատանքով արտադրություն հիմնելով, երբևէ դիմացինի  <<աչքը չեն խոթել>> իրենց տեր ու տնօրեն լինելու հանգամանքը, եղել են ու կան իրենց աշխատողներից յուրաքանչյուրի պես, հավասարը` հավասարների մեջ, յուրային` բոլորին: Նրանց անձնական, ընկերական մտերմությունը վերածվել է շատ մեծ ընկերության, որտեղ բոլորն էլ իրենց տեղն ունեն, որտեղ ճիշտ դրվածքն ու մոտեցումն են իշխում: Բնական է, որ պիտի գնահատելի լինի այս հրաշալի օրինակը և արժանին մատուցվի նրա անխոնջ նվիրյալներին…

Ռ. Մանուկյան