ՀԱՐՄԱՐՎՈՂՆԵՐԸ ՄԻ ԿԵՐՊ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ, ՉՀԱՆԴՈՒՐԺՈՂՆԵՐԸ` ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ

0
10

    Հաճախ ենք, եթե ոչ բարձրաձայն, ապա մեր մտքում հռետորական հարցադրում անում` լավ, միթե դժվար է 3 միլիոնի չհասնող բնակչությամբ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել: Երկիր կոչվածն էլ ընդամենը քաղաք-պետություն կարելի է համարել, որի բնակչության համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը զուտ, այսպես ասած, տեխնիկայի` կառավարման խնդիր է: Այսօրվա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը բավական է, որպեսզի եթե ոչ իշխանափոխություն, ապա արմատական համակարգափոխություն պահանջենք: Տպավորություն է ստեղծվում, որ իշխող վերնախավը միտումնավոր է ժողովրդին պահում այսպիսի, մենք կասեինք` կիսաստրկական վիճակում…Հավատա՞լ, որ սա տարիների ընթացքում համապատասխան կենտրոնների կողմից մշակվող և մեր իշխանավորների թեթև ձեռքով իրականացվող ծրագիր է, որի արդյունքն են նաև հեռուստատեսային տեռորը, երաժշտություն կոչվող կլկլոցները: Այսօրվա մեր կառավարիչների տրամաբանությունը որ մի փոքր քննելու լինենք, ապա պիտի ընդունենք, որ նրանց ուզածն այն է, որ ժողովուրդը լինի աղքատ, փոքր ու միջին բիզնեսը` հզորների ճիրանում: Արդյունքում`հարմարվողները մի կերպ գոյատևում են, իսկ չհանդուրժողներն արտագաղթում են… 

     Ստեղծված իրավիճակի համար մեղքի ու պատասխանատվության ինչպիսի բաժին ունի մեր հասարակությունը:  Հասարակությանը մեղադրելն այնքան էլ, մեր կարծիքով, արդարացի չէ: Նա չէ, որ պետք է լծվի պայքարի և դուրս գա քաղաքական մրցաբեմ: Հասարակության մեջ գործող ակտիվ ու որոշակի պարտավորություններ ստանձնած զանգվածները պետք է իրականացնեն և ավարտին հասցնեն պայքարը: Մինչդեռ, ինչպես ցույց տվեց վերջին համապետական ընտրություններին հաջորդած հայտնի դեպքերի ընթացքը, հասարակությունը հերթական անգամ ապակողմնորոշվեց և հերթական անգամ թույլ տվեց, որ խաբեն իրեն: Արձանագրենք, որ այդ շրջանում, ավելի շուտ, մի կարճ ժամանակահատված ժողովուրդն արդեն հաղթել էր, մնում էր գնալ և վերցնել իշխանությունը…
      Թեև ներկայումս որոշակի փոփոխություններ տեղի են ունենում, իշխանությունը ձգտում է կարգ ու կանոն հաստատել, երկիրը դուրս բերել անմխիթար վիճակից, բայց, այդուհանդերձ, առայժմ լույս թունելի վերջում, ինչպես ասում են, չի նշմարվում: Այնուամենայնիվ, մտածել, թե ամեն ինչ կորած է, սխալ կլինի: Հաղթելու, այս վիճակից դուրս գալու հույսը սպառված չէ: Չնայած, որքան էլ ցավալի է խոստովանելը, ժողովրդական կոչված շարժումը տարանջատված է, ընդդիմության քայլերն ավելի շատ սկսել են հիասթափեցնել մարդկանց: Սակայն չպետք է դոփել տեղում, քանի որ ժամանակը չի սպասում: Ում համար է գաղտնիք, թե այսօր ինչ է կատարվում հեռավոր մարզերում ու գյուղերում: Ամենացավալին այն է, երբ դատարկվում են ծայրամասային, սահմանամերձ գյուղերը, երբ հողի աշխատավորը երես է թեքում պապենական հողից և անվերադարձ հեռանում…
       Մնում է սպասել և հուսալ, որ վաղ թե ուշ ժողովրդի միջից դուրս կգան նոր առաջնորդներ` նոր ու թարմ գաղափարներով, ՙերկիրը երկիր դարձնելու՚ ազնիվ ու անկեղծ մղումներով: Բնականաբար, ունենալով մշակած ու կիրառելի անվրեպ գործող մեխանիզմ… 
SHARE