Հենարան ու աջակից

0
17

Համայնք

   Արմավիրի մարզի Այգեկի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը, ով համայնքը ղեկավարում է 1999 թվականից և ժողովրդի վստահության քվեին կրկին արժանանալով վերջերս դարձյալ վերընտրվեց, ընկերական մեծ շրջապատ ունի: Ընկերություն ասածը նրա համար հարաբերական հասկացություն է: Լինում են աշխատանքային, գործնական, դրսի շրջապատի և մտերմիկ ընկերություններ: Մեկն ընկերությունը հասկանում է փողի ու շռայլ կյանք վարելու մեջ, մյուսի համար ընկերն իր կեսն է, ում արժե նվիրվել և ում համար, իրոք, հոգի տալ: Ընկերն, ըստ նրա, դա է, մյուս դեպքերում այն, պարզապես, ծանոթություն է: Մարդուս առաջին ընկերը, Վարուժան Աբրահամյանի համոզմամբ, կինն է, ընդհանուր հաշվով` ընտանիքը: 
    Ընկերոջն ընտրում ես, նրա համոզմամբ, ելնելով քո հասկացողությունից, մտածելակերպից: Դու ոնց ապրում ես` այդպես էլ ընկերդ պիտի ապրի: Ինձ համար նշանակություն չունի, կարող եմ ընկերություն անել հասարակության բոլոր շերտերի մարդկանց հետ` անկախ պաշտոնից, ֆինանսական հնարավորություններից և այլն: Հնարավոր է` սոցիալապես անապահով ընկերն ավելի ընդունելի լինի, հարգանքի արժանանա, քան բարձրաստիճան ընկերը, քանզի առաջինն ավելի կարիք ունի ընկերության ու փոխադարձ վերաբերմունքի: Որքան նման մարդկանց հետ շփվում ես, ընկերություն անում, այնքան կյանքը լավ ես պատկերացնում: Ընկեր ձեռք բերելը հեշտ չէ, դրա համար ապրածդ տարիների վաստակ պիտի ունենաս: Ընկերությունը պահպանելու համար մաքրություն, ջերմություն, սրտացավություն է հարկավոր, ընկերոջդ կողքին պիտի լինես ցանկացած իրավիճակում: Եթե տվյալ անձը կողքիդ է, ուրեմն ընկերդ է: Դավաճանությունն անգամ ամենամտերիմ ընկերոջ պարագայում աններելի է…

    Վ. Աբրահամյանն այնքանով է համայնքին ընկեր, որքանով համայնքն է իրեն ընդունում որպես ընկեր: Բոլորին հավասար վերաբերմունք կցուցաբերի` առանց կողմնապահության: Կարիքավորին առաջին հերթին կօգնի` ունեցած հնարավորություններն օգտագործելով: Համայնքի վստահությունը ձեռք բերելու համար, անհրաժեշտության դեպքում, անգամ գիշերը պիտի չքնես, աշխատես ու տքնես, որպեսզի մարդիկ փոքրիշատե բավարարված զգան իրենց: Պետք է տեղյակ լինես ամեն ընտանիքի հոգս ու ցավի մասին, որպեսզի կարողանաս աջակից լինել: Թե՛ աշխատանքներում, թե՛ զանազան խնդիրներ լուծելիս, ինչ խոսք, նրա կողքին են ընկերները: 
   Այգեկ գյուղից է ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով մեծ շրջապատ ու հնարավորություններ ունի: Նա է առաջինն օգնել համայնքին` լուծելու գլոբալ խնդիրները, մարդկանց կողքին է բոլոր հարցերում: Գյուղապետի առաջին հենարանը Առաքել Մովսիսյանն է, ում հետ հարաբերությունները շատ ջերմ են: Փոխհամագործակցություն կա, և չի եղել համայնքին վերաբերող այնպիսի հարց, որին պատգամավորի կողմից լուծում չտրվի: Նոր դպրոց են կառուցել, ինչի նպատակով Ա. Մովսիսյանը 350 հազար դոլարի ներդրում է արել: Այստեղ հաշվի են առնված նաև այն գումարները, որոնք նրա միջոցով, նրա ընկերների կողմից են ներդրվել այդ գործի համար: Համայնքի բյուջեի միջոցներով և պատգամավորի ֆինանսական ներդրումով վերանորոգել են մշակույթի տունը, մանկապարտեզը: Այսօր գյուղը խմելու ջրի խնդիր չունի` ընկերների աջակցությամբ փոխվել է ներտնտեսային ցանցը: ԾԻԳ-ի միջոցներով, համայնքի համաներդրումով, ոռոգման համակարգի 3 կմ ներտնտեսային նոր ցանց են կառուցել: Պատրաստվում են մոտ 3 կմ հատված էլ կառուցել, ինչի արդյունքում ոռոգման համակարգի 50 տոկոսից ավելին նորացված կլինի: Նախատեսել են առաջիկա 2 տարիներին լուծել ճանապարհների վերանորոգման և գիշերային լուսավորության ապահովման հարցերը: Այս ամենով, կարելի է ասել, համայնքի գլոբալ հարցերը լուծված կլինեն: Գյուղապետի ծրագրերում է նաև մշակույթի տան նոր մասնաշենքի կառուցումը, առկա հնարավորությունների ու պայմանների ընդլայնումը` ելնելով բնակչության աճող պահանջմունքներից: Այս հարցում էլ ընկերները խոստացել են օգնել: Առաջիկա 4 տարիների ծրագիրը հաջողությամբ իրագործելու դեպքում իրավունք կունենա մտածելու վաստակած հանգստի գնալու մասին: Ճիշտ ապրելու համար չպիտի շահամոլ լինել, չշահագործել ընկերների վստահությունը, ապրել ու աշխատել ազնիվ, բարեխիղճ: Այդպես էլ ապրել ու այդ գիտակցությամբ առաջնորդվել է Վարուժան  Աբրահամյանը: Կարողացել է իր իրավունքներն ու պարտականությունները ճիշտ սահմանազատել, ամեն ինչ չափի մեջ անել…
SHARE