Հեշտությամբ ոչինչ չի տրվում

0
38

Գործ

 watermarked_Armavir Ferik Hayrapetyan -Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքը ղեկավարելը պատահական չեմ համարում ինձ համար,- մեր զրույցում ասաց Նորիկ Հայրապետյանը:- Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, մինչև ընտրվելն աշխատել եմ այստեղ, բնակչությանը ճանաչել եմ: Նախկին ղեկավարը, հանգամանքների բերումով, թողեց պաշտոնը, գնաց, և բնակչությունը հարմար գտավ առաջադրելու իմ թեկնածությունը: Ահա, այդպես դարձա այս համայնքի ղեկավարը` շուրջ 15 տարի: Ծանր վիճակում ընդունեցի համայնքը: Հողատարածքների մոտ 80 տոկոսն անմշակ էր, ոռոգման ջուր չկար և այլն: Հեշտ չի եղել: Նվիրված աշխատել եմ և այսօր էլ կրկին առաջադրել եմ թեկնածությունս: Ազգությամբ եզդի մրցակից ունեմ:

  Շարունակելով խոսքը, պարոն Հայրապետյանը հավելեց. <<Համայնքը զրոյական վիճակում էր: Կառուցել եմ 2 կմ ոռոգման համակարգ. հազար դուռ եմ ծեծել, մինչև որ մտցրել են ծրագրի մեջ: <<Նովա>> ծրագրով, մարզպետի աջակցությամբ, բուժկետ եմ կառուցել: Գազաֆիկացում է անցկացվել: Լուծել եմ դպրոցի խնդիրը: Ընդամենը 30-40 աշակերտ կա, և այդքան երեխայի համար պետությունը 52 մլն դրամ ծախսելով դպրոց է կառուցել: Համայնքի կողմից 2,5 մլն դրամ ներդրում է կատարվել` հիմնանորոգման նպատակով: Խմելու ջրի խնդիրն եմ նաև լուծել: Բոլոր տնտեսություններն առանձին ջուր ունեն այսօր, այն դեպքում, երբ նախկինում ողջ գյուղը միայն մեկ ծորակից էր օգտվում: Փոքր գյուղում ներդրումային ծրագրեր բերելն առավել դժվար է. որքա՜ն դռներ պիտի բախես, որքա՜ն մարդկանց պիտի խնդրես… 100 տնտեսություն ունենք, որից մոտ 60-ն է մնացել այսօր: Շատ բան եմ արել գյուղի համար, այնպես չէ, որ պատահական եմ կրկին թեկնածությունս առաջադրում: Թող գյուղացին որոշի և իր քվեն տա նրան, ում նախընտրում և նպատակահարմար է գտնում: Մրցակիցս էլ ուսուցիչ է, ում ես եմ ընդունել տվել: Ես ի սկզբանե իմ պարտականությունը կատարել և կատարում եմ: Երբեք չեմ սպասել, որ բնակիչներն իրենց խնդիրներով ինձ դիմեն. ես եմ նախաձեռնել ու կյանքի կոչել անհրաժեշտը: Առաջին հերթին մարզպետարանն է աջակցել, առանց նրա օգնության չէի կարող: Իմ հոգս ու ցավն այնտեղ եմ կիսել…>>:

  Գործող գյուղապետը կարևորեց, որ վերընտրվելուց հետո առաջնահերթ ճանապարհների ասֆալտապատման խնդիրն է լուծելու: Երկրորդային ճանապարհների բարեկարգումը ևս կարևոր է, ինչպես նաև գիշերային լուսավորության անցկացումը: Ցավոք, համայնքի բյուջեի միջոցները սակավ են, ուստի հնարավոր չէ դրա վրա հույս դնել: Բազմաթիվ այլ չլուծված խնդիրներ կան Ֆերիկում: Չունեն մանկապարտեզ, մշակույթի տուն:

  Համայնքապետի կյանքում մեծ տեղ ունի ընկերությունը: Նրա խոսքով, մենակ մարդը ո՛չ կարող է ճանապարհ գնալ, ո՛չ էլ, առավել ևս, համայնք ղեկավարել: Անպայման համախոհների թիմ պիտի լինի, իսկ թիմն էլ ընկերության վրա է ձևավորվում: Ընկերդ քո էությանն ու ձևին համապատասխան պիտի լինի: Ընկերությամբ առաջնորդվելով, կարողանում ես խնդիրներ լուծել: Ընկերությունը պահպանելու համար պիտի անկեղծ լինել, ընդ որում` բնակչի հետ էլ պիտի բաց, ազնիվ ու անկեղծ լինել:

  Նորիկ Հայրապետյանն իր բնակիչների համար առաջին հերթին ընկեր ու հարազատ է, ապա միայն համայնքապետ: Թե՛ ուրախության, թե՛ տխրության առիթների դեպքում նրանց կողքին է, նրանց աջակից ու հասնող: Բոլոր դեպքերում իր գյուղացու հետ է…