Հերմոնը` զբոսաշրջային կենտրոն

0
34

Մարդիկ այստեղ լավատես են ու վստահ ապագայի հանդեպ…


Հայրենի եզերք

     Վայոց ձորի մարզի Հերմոն համայնքը, որն ունի 239 բնակիչ, Գայ Օհանյանը ղեկավարում է 2006 թվականից: Չնայած համայնքի սուղ բյուջեին, այստեղ գրեթե լուծվել են հիմնական խնդիրները, ընդ որում` տեղի միջոցներով: 
  -Իմ ղեկավարման շրջանում,-նշեց պարոն Օհանյանը,-լուծված ամենակարևոր խնդիրներից մեկը Շատին-Հերմոն ճանապարհի /13 կմ/ ասֆալտապատումն էր: Այն իրականացվեց Ասիական զարգացման բանկի ծրագրով: Գյուղի մնացած ճանապարհները շարունակաբար խճապատվում են, ահա թե ինչու անբարեկարգ ճանապարհ այսօր գրեթե չունենք: Նպատակ ունենք ստեղծելու գիշերային լուսավորության համակարգ: Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ, տեղի միջոցներն օգտագործելով, գյուղամիջյան ճանապարհներն ապահովել անհրաժեշտ լուսավորությամբ: Մանկապարտեզ չունենք, ինչը պայմանավորված է երեխաների քիչ լինելու հանգամանքով: Մշակույթի տան կես մասը վերանորոգված է, որտեղ տեղավորված են գյուղապետարանը, բուժկետը և երիտասարդության կենտրոնը: Ֆինանսական խնդրի լուծման դեպքում մյուս մասն էլ կվերանորոգվի և կծառայեցվի իր նպատակին: Մասնավորապես, համայնքային միջոցառումները արդեն այստեղ կանցկացվեն: Հավելեմ, որ այդ վերանորոգումը կատարվել է ինչպես համայնքի միջոցներով, այնպես էլ Սյունյաց թեմի առաջնորդարանի և Աբրահամ սրբազանի աջակցությամբ…
    Համայնքի ղեկավարը չմոռացավ նշել, որ Աբրահամ սրբազանի հովանավորությամբ գյուղում զարգանում է տուրիզմը և այն զբոսաշրջային վայր է դառնում: Ներկայումս այստեղ հանգստացողների թիվը հասնում է 120-ի: Հերմոնում զարգանում է նաև էկոտուրիզմը: Գյուղը գտնվում է պատմական վայրում` Եղեգիսի կիրճում: Այն համարվում է Օրբելյանների իշխանատեղին: Ունեն ժայռապատկերներ մոտ 2000 քարի վրա, որն ամենախիտն է աշխարհում: Այստեղ կան նաև արաբական, հրեական գերեզմաններ, դամբարաններ և բերդեր: Տվյալ պատմական տարածքը ներառված է  զբոսաշրջային երթուղիներում և ծրագրերում: Զբոսաշրջիկները մեծ հետաքրքրությամբ են ծանոթանում այս տարածքի պատմական հուշարձաններին, և այդ հետաքրքրասիրությունը գնալով մեծանում է: Համայնքի վարչական տարածքում են գտնվում <<Սիրանույշ>> ճամբարը և տուրիզմի կենտրոն համարվող 120-տեղանոց համալիրը: 

    Տուրիզմի ոլորտի առավել զարգացման լուրջ նախադրյալներ կան այստեղ, հիմքերը դրված են, և հեռանկարը ոգևորիչ է: Փորձ է արվում զարգացնելու նաև էքստրեմալ տուրիզմը` տեղանքը նման հնարավորություն, նպաստավոր պայմաններ ընձեռում է: Թեմի առաջնորդարանից զատ, տեղում տուրիզմի զարգացմամբ հետաքրքրված են նաև արտասահմանցի ներդրողներ: Գյուղապետի համոզմամբ, հաջողություններն այս ոլորտում արդեն իսկ ակնառու են: Առավել ևս, որ օր օրի մեծանում է հատկապես արտասահմանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն այս տարածքի նկատմամբ: Մի խոսքով, ծրագրեր շատ կան, և բոլորն էլ համոզված են, որ ապագայում Հերմոնը զբոսաշրջության ոլորտում միջազգային մակարդակով ուշագրավ ու յուրօրինակ կենտրոն է լինելու…
   Գյուղն առայժմ բնական գազ չունի: Գազաֆիկացումը նախատեսված է 2014-ին: Այդ թվականին էլ ծրագրված է սկսել երկաթգծի կառուցումը: Խոսքը Մետաքսի ճանապարհի մասին է, որն այստեղով է անցնելու` հասնելով մինչև Չինաստան: Սա միջազգային ծրագիր է, որը նախատեսում է Եվրոպան կապել  Ասիային, այսինքն` վերականգնել երկաթուղային ճանապարհը: Այս նախագիծը մեծ ոգևորություն է առաջացրել գյուղում, քանզի դրա իրականացմամբ լուրջ հեռանկարներ են ստեղծվում նաև հերմոնցիների համար: 
     Հերմոնը վերաբնակեցված է 1988-ին Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Կան նաև հարակից բնակավայրերի նախկին բնակիչներ: Նրանք բոլորն էլ խելացի ու աշխատասեր են, համախմբված` մի ընտանիքի պես: Իրարից թաքցնելու, գաղտնիք պահելու ոչինչ չունեն: Միակ մտահոգողը գյուղացու սոցիալական անմխիթար վիճակն է, գյուղապետարանն էլ այնքան հնարավորություն չունի, որ կարողանա բոլոր հարցերում օգտակար ու աջակից լինել գյուղացուն: Համապատասխան տեխնիկա չունեն, որպեսզի ժամանակին և արդյունավետ կարողանան մշակել հողը և կատարել գյուղատնտեսական մյուս աշխատանքները: Խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերը քայքայված են, համայնքի միջոցներով վթարները կարողանում են վերացնել: Բացի այդ, վերջին երկու տարիներին մոտ 600 մ նոր խողովակաշար են անցկացրել, ընդ որում` ներդրողների և ընկերական շրջապատի ուժերով: 
    Առհասարակ, ինչպես խոստովանեց գյուղապետը, առանց ընկերական շրջապատի ո՛չ կարող ես հարց լուծել, ո՛չ էլ այստեղ մնալ ու ապրել: Ընկերների, բոլորի պարտքն է ձեռք մեկնել, օգնել մեկմեկու: Ընկերների հետ հանդիպելու, հետաքրքիր օր անցկացնելու, որսի գնալու և ձկնորսությամբ զբաղվելու առիթներն են պատճառ դարձել, որ Գայ Օհանյանը գա այստեղ Քարագլխից և բնակություն հաստատի: Արդեն 22 տարի է, ինչ Հերմոնում է: Ընկերներին կամաց-կամաց բերեցին այստեղ բնակվելու: Ընկերության արդյունքն է, որ եկան գյուղ, որը և այսօր ղեկավարում է Գայ Օհանյանը: 
    Նրա խոսքերով, իր ամենամտերիմ ընկերներից ամենաշատը ժամանակն անցկացնում է Եղեգնաձորի քաղաքապետ Սիրակ Բաբայանի, ինչպես նաև եղբոր` գեներալ, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Հովիկ Օհանյանի հետ: Եղբայրն ավելի շատ ընկեր է: Առաջին օրերից եղբայրներով մեկնել են արցախյան ռազմադաշտ, միասին մարտական ուղի անցել.
     -Եղբոր հետ ընկերություն անելիս շատ ավելի վստահ ես լինում ամեն ինչում: Ամեն հարցում խորհրդակցում եմ Հովիկի հետ: Մշտապես հետաքրքրվում ենք միմյանցով, իրարով ապրում: Պայքար էր գնում, որ ռազմի դաշտ տանից մեկը մեկնի: Ինձ էին փորձում հետ պահել, բայց Հովիկը պնդում էր, որ առանց Գայի  չեմ գնա: Ահա, այդպես, երկուսով գնացինք…Ե՛վ դժվար էր, և՛ հեշտ: 
     Հիշելով մարտադաշտում կորցրած ընկերներին, Գայ Օհանյանը խոր ցավ ու  հուզմունք ապրեց: Մարտական դաշտը մեծ փորձություն է, այնտեղ է, որ ընկերն ընկերոջ համար կարող է անգամ սեփական կյանքը չխնայել: Սիրակ Բաբայանի հետ էլ սկսել են ընկերություն անել պատերազմը սկսվելուց. եղել են տարբեր ջոկատներում, բայց միասին շատ մարտերի են մասնակցել: Գնալով այդ ընկերությունն ավելի է ամրանում ու զորանում: Ընկերոջ` Սիրակի ամենամեծ առավելությունն ընկերասիրությունն է: Գիտի ընկերոջը գնահատել, ընկերոջ, այսպես ասած, <<ղադրը>> գիտի, շատ բարի է: Քաղաքապետի պաշտոնում ընտրվելով, երբևէ չի մեծամտացել, մշտապես նույն մարդն է` հասարակ, հասնող: Ընկերների հոբին որսորդությունն է: Որսն էլ իր դժվարություններն ունի, բայց երբ ընկերներով միասին են, այդ դժվարությունները հեշտ հաղթահարելի են: Իրենց ընկերությունը փորձություններով անցած և շատ ու շատ ամուր է, երկար ճանապարհ ունի անցնելու: Ընկերությունն անփոխարինելի է երկուսի համար էլ…
SHARE