Հերոսը` Ապագա գյուղից

0
45

Մահ իմացյալ

Հովսեփ Կիրակոսյան: Ծնվել է 1988 թ. Արմավիրի մարզի Ապագա գյուղում: 2006 թ. ընդունվել և 2010-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: 2015 թ. ստացել է կապիտանի կոչում: Զոհվել է ապրիլի 2-ին թշնամու հետ անհավասար մարտում:

Կապիտան Հովսեփ Գեղամի Կիրակոսյանը ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է <<Մարտական ծառայության համար>> մեդալով:hovsep1

Մայրը` Մարգարիտան.- Դաժան ցավ է ինձ պատել, վիշտն ահավոր է: Բայց և շատ հպարտ եմ, որ ինքը չի թողել, որպեսզի 25 զինվորի մոր աչքեր էլ իր մոր աչքերի պես թացանան: Ես արցունք եմ թափում նաև ամեն զոհված երեխայի համար: Հովսեփս 25 տան ճրագ է փրկել: Բայց ընդամենը 27 տարեկան էր և որքա՜ն երազանքներ ուներ… Չէի ցանկանա, որ որևիցե մայր իմ ցավն ապրեր, շատ ծանր, անասելի դժվար է: Կշեռքի մի նժարին իր ընտանիքն էր, երկու երեխան, իսկ մյուսին` հայրենիքը: Նա ընտրեց հայրենիքը: Այդ ճակատագրական օրը… Կնոջը բարձր ձայնով կարգադրել է, թե փախի նկուղ երեխաների հետ: Կինն ասել է` չեմ կարողանա երկուսին գրկած փախչել: Ինքը չի հանգստացել` դու կարող ես, ուժեղ ես, գրկի ու փախի… Երեխաները քնած են եղել: Կինը խնդրել է, որ օգնի` հագցնեն երեխաներին, Հովսեփը նեղսրտել է` ինչ շոր, 25 զինվոր ունեմ, նրանց աչքերին ոնց եմ նայելու, յուրաքանչյուրի համար պատասխանատու եմ: Հասնելով զորամաս, կնոջն ասել է` որքան կարող ես հեռու փախչիր: Սպաներից մեկի կինը 4 օրվա վարորդ է եղել, երեխաների հետ նստել են նրա մեքենան ու փախչել: Վարորդ կինն ասել է, թե չեմ կարող քշել. կա՛մ պիտի ձորը գլորվեին, կա՛մ թուրքի ձեռքն ընկնեին: Հարսս ասել է` ավելի լավ է ձորը գլորվենք… Մի կերպ հասել են Մարտակերտ, որտեղ նույնպես ռմբակոծում էին, և այնտեղից արդեն իրենց գցել Ստեփանակերտ: Հովսեփս ապրիլի 2-ի առավոտյան ժամը 7.30-ին զանգեց եղբորը, ասաց` հասի, երեխաներիս փրկի, Ղարաբաղում պատերազմ է… Դա նրա վերջին խոսքերն էին` երեխեքիս փրկեք… Տեղ հասնելով, իմացանք, որ որդիս վիրավորվել է: Մեծ որդիս կրակոցների տարափի տակ գնաց հասնելու երբորը, բայց… Որդեկորույս մոր վիշտը երբևէ չի թեթևանա: Ա՜խ, եթե կարողանայի զենք բռնել ձեռքս ու որդուս վրեժը թուրքից հանեի… Որդիս շատ հայրենասեր էր: Ցավ էր ապրում հայրենի երկիրը լքող ամեն երիտասարդի համար: Շատ խելացի էր, հասկացող, կայուն, վճռական, չափից դուրս ազգասեր: Պատմությունը սիրում էր ուսումնասիրել: Դպրոցն ավարտելուց հետո ասաց, որ պետք է ռազմական ինստիտուտ ընդունվի: Հայրը համաձայն չէր, բայց միևնույն է, չկարողացանք համոզել: Ընդունվեց, սովորեց, դիմացավ շատ դժվարությունների` երբևէ չմտածելով փոխել որոշումը: Շատ վճռական, վստահ էր` պետք է մինչև վերջ գնամ… Մինապատող էր, շատ լավ մասնագետ: Ասում էր, որ իր նման մասնագետի կարիք Ղարաբաղն ունի: Իր կամքով տեղափոխվեց Մատաղիս: Ամեն զինվորի հետ ապրում էր նրա ցավը, կիսում ուրախությունը…

Կինը` Մարիամը.- Ամուսինս ոչ միայն սպա էր, հրամանատար, այլև ընկեր իր զինվորների, ծառայակիցների համար: Շատ նվիրված էր իր գործին, ընկերներին: Շատ էր հարգում ընկերներին: Իր ուրախությունն ու տխրությունը կիսում էր մոտիկ ընկերների շրջապատում: Յուրահատուկ անձնավորություն էր, միայն բառերով անհնար է նկարագրել: Շատ լավ հայր էր, հիանալի ամուսին և որքա՜ն էր նվիրված իր հարազատներին, իր ընտանիքին… Ընտանիքով Մատաղիսում էինք ապրում` մինչև այդ չարաբաստիկ օրը: Երեխաներս` Գեղամ և Էրիկ,  3 և 4 տարեկան են: Ավագ որդուս խոսքերն են. <<Հոսոս թուրքերին կսպանի ու կգա մեր հետևից>>: Իսկ կրտսերը քնել չի ուզում` հորն է սպասում…

Եղբայրը` Արթուրը.- Հովսեփը յուրահատուկ էր: Ամեն ինչում, ամեն տեղ: Գիտակցված գնաց դեպի մահը, որպեսզի իրենից բացի այլ զոհ չլինի: Բացի եղբայր լինելուց, ինձ համար նաև ընկեր էր: Ափսոս, որ այդպես շուտ զրկվեց կյանքից: Նա շատ օգտակար ու պիտանի կարող էր լինել հայոց բանակի համար, մեր երկրի համար: Նվիրված էր իր գործին, իր հայրենիքին: 6 ամիս անց մայորի կոչում պետք է ստանար…

SHARE