Հզոր ու ամուր երկիր

0
45

Նվիրական

Դա բոլորիս երազանքն է և դրան հասնելը` մեր սրբազան պարտքը

Արարատի մարզի Սուրենավան համայնքը հայտնի է ծիրանի մշակությամբ և մեծաքանակ արտադրությամբ: Հանրապետությունում առաջինն այստեղ է հասունանում ծիրանը և ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստան: Գյուղացին իրացման խնդիր չի ունենում:

-Ծիրանը մեզ մոտ,- ասաց համայնքապետ Կարո Կարապետյանը,– շատ-շատ է, սակայն այս տարի բերքն այնքան էլ լավ չէր: Ամեն դեպքում, ոչ մի հատ ծիրան չի մնում, արտահանվում է ՌԴ: Ծիրանի վաճառքի հետ երբեք խնդիր չենք ունենում: Մոտ 600 հեկտար ծիրանի այգի ունենք: Նաև ձմերուկ ենք աճեցնում: Եղել է տարի, որ 3 հազար տոննա ծիրան ենք ունեցել, այս տարի 700 տոննայի չափով է: Երբեմն մթերված բերքի գումարի` ժամանակին մուծման հետ կապված խնդիրներ էլ են եղել, ինչը հարթվել է մեր պատգամավոր Արայիկ Գրիգորյանի միջնորդությամբ…

Պարոն Կարապետյանի հավելմամբ, եթե բոլոր պատգամավորներն Ա. Գրիգորյանի նման լինեն, ապա հանրապետությունում, թերևս, ոչ մի խնդիր էլ չլինի. <<Բոլոր հարցերում մեր կողքին կանգնած է: Չի եղել դեպք, որ իրեն դիմենք ու ինքը չօգնի: Մեծատառով մարդ է Արայիկ Գրիգորյանը: Գյուղում նրա միջամտության շնորհիվ գրեթե չլուծված հարց չենք ունենում, օգնում, ձեռք է մեկնում յուրաքանչյուրին: Շատ մտերիմ ենք, ընկերական մտերմիկ հարաբերություններով կապված: Գրիգորյանը նեղությանը հասնող ընկեր է: Երեխաս դժբախտ պատահարի /8 նոյեմբերի 2015 թ./ զոհ դարձավ: Ինձ համար այդ անչափ ծանր պահին նա այնպես կազմակերպեց բոլոր խնդիրների լուծումը, որ խոսքեր չեմ գտնում արտահայտելու երախտագիտության իմ զգացումները: Ազնվագույն մարդ է, ընկեր: Մենք արյունակիցներ չենք, բայց ես նրան իմ հինգերորդ եղբայրն եմ համարում: Այո, և՛ ընկեր է, և՛ եղբայր, ու դրանով ամեն ինչ, թերևս, կարելի է ասված համարել…>>:

Ընկերների հարցում Կարո Կարապետյանի բախտը, կարելի է ասել, բերել է.

-Արցախյան պատերազմի մասնակից ընկերներ ունեմ: Դա, պիտի ասեմ, ուրիշ ընկերություն է: Ես <<Արաբո>> ջոկատից եմ եղել: Ընկերներ շատ ունեմ և շատ գոհ եմ նրանցից: Աստված շռայլ է գտնվել իմ հանդեպ` այդքան շատ և այդպիսի լավ ընկերներ ինձ տալով: Եթե դու ընկեր ես սիրում, շատ էլ ընկեր կունենաս, չսիրեցիր` որտեղից կունենաս: Ընկերություն ստեղծելը շատ հեշտ է, պահպանելն է դժվար: Ընկերոջ հանդեպ ազնիվ լինել` սա է ամենակարևորը: Մարտադաշտում դեմդ թուրքն է, դու ես` ընկերներիդ հետ, իսկ այստեղ փողն է և մնացած ավելի դաժան բաները, որ փոխում են մարդկանց: Այստեղի ընկերությունը, եթե կարողանաս ճիշտ պահել, դժվար է: Առհասարակ, հավաքվում են այն մարդու կողքը, ում խոսքը խոսք է, ասածը` ասած, և նա իր դիմացինի, ընկերոջ համար պատրաստ է ներդնելու ամեն ինչ: Այդպիսի ընկեր, անձնավորություն է Արայիկ Գրիգորյանը…

Կ. Կարապետյանը 2008 թվականից է ղեկավարում համայնքը: Այն համոզմանն է, որ որքան էլ դժվարին ժամանակներ լինեն, ցանկության դեպքում հաջողության կարելի է հասնել. <<Մեր գյուղը լավն է, ժողովուրդը` նույնպես: Բոլոր առումներով գյուղն աշխույժ է…>>: Այս ութ տարիների ընթացքում ավելի լավ ճանաչելով իր գյուղացուն, այսօր վստահորեն բարձրաձայնում է, որ սուրենավանցու նման ժողովուրդ չկա: Սուրենավանցին շատ համբերատար, շատ լավ ժողովուրդ է և շատ լավ ապրելու իրավունք ունի:

Համայնքապետը կանգնած է իր գյուղացու կողքին, օգնում է բոլոր հարցերում: Գյուղի զարգացման գործում ունի իր ներդրումը: Ջրագծեր են փոխվել, գիշերային լուսավորություն է անցկացվել, ասֆալտապատում կատարվել և այդպես շարունակ: Աջակցում են անապահով ընտանիքներին, ձեռք մեկնում արժանավորներին և այլն: Ունեն գործող մանկապարտեզ: Ցավոք, մշակույթի տունն անմխիթար վիճակում է, և համայնքի ղեկավարը հուսով է, որ հաջորդ տարի կսկսեն նրա վերանորոգումը: Ցավոտ խնդիր է նաև գազաֆիկացումը. խոստացել են, որ գյուղն առաջիկայում բնական գազ կունենա: Ընդհանուր կոյուղու հարցում ևս աշխատանք կա անելու…

Գյուղապետի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանի խոսքերով, Կարապետյանը լավ ղեկավար է, մարդկանց վիճակի մեջ մտնող, դիմացինին գնահատող ու հասնող անձնավորություն է: Բարյացակամ է, մարդկանց ճիշտ ուղղություն, ճանապարհ ցույց տվող: Պատահում է, որ իր իրավասությունից դուրս հարցերին էլ բավարար լուծում է տալիս: Նեղ վիճակում գտնվող մարդկանց նկատմամբ առավել ուշադիր ու հոգատար է, ուսանողական վարձերի հարցում է դրամական աջակցություն ցուցաբերում. <<Բարեսիրտ, նվիրված ղեկավար է, սրտին շատ մոտ է ընդունում գյուղացու հոգսն ու ցավը: Նրան Դուշման Կարո են ասում: Մանվել Եղիազարյանի հետ <<Արաբո>> ջոկատում է կռվել, նվիրված, հայրենասեր անհատ է: Մարմնի մեջ դեռ գնդակի բեկորներ կան: Եղբայրը` Կարենն էլ է հետը մարտադաշտում եղել, նրան էլ Դուշմանչիկ են ասում: Նվիրյալ, ֆանատիկ կռվողներ են եղել եղբայրներով: Նույն կերպ էլ այսօր նվիրված են ժողովրդին: Աշխատանքային կարգապահությունը խիստ է, ամեն մեկը պետք է ճիշտ կատարի իր պարտականությունները: Աշխատանք շատ է կատարվել և այսօր էլ շարունակվում է: Տարեցտարի գյուղի վիճակը, արտաքին տեսքն ավելի բարետես են դառնում>>:

Կարո Կարապետյանի ցանկությունը հայրենի երկիրը հզոր ու ամուր տեսնելն է: Հպարտանում է մեր զինվորով, քաջ ու անձնվեր հայ զինվորով և համոզված է, որ մեր ժողովուրդն ավելի լավ կյանքի է արժանի…

SHARE