Հզոր ու միասնական Հայաստան

0
75

Բոլոր հայերիս երազանքն ու նպատակը պիտի լինի այդպիսի՛  Հայրենիք ունենալը, այդպիսի՛ երկրում ապրելն ու արարելը…

Կենսակերպ

Suren KhachatryanՍուրիկ Խաչատրյանի հետ մեր հանդիպման առիթը <<Ընկեր>>-ի 5-ամյակն էր: Չնայած դրան, մեր զրույցը սովորականից և, առավել ևս, տոնականից մի փոքր այլ ստացվեց` ավելի ընդգրկուն, ավելի տարողունակ դառնալով: Ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի, օրախնդիր հարցադրումների լայն շրջանակից մեզ, բնականաբար, խուսափել չհաջողվեց, ուստի և մեր զրույցն ամբողջությամբ, առաջին հերթին, իհարկե, բարձրացված խնդիրների առանձնակի կարևորությունն ու հրատապությունը հաշվի առնելով, ներկայացնում ենք <<Ընկեր>>-ի ընթերցողների ուշադրությանը:

-Պարոն Խաչատրյան, մեր զրույցն սկսենք <<Ընկեր>>-ի ավանդական հարցով: Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար:

-Ինձ ընկեր կարող է լինել ցանկացած ազնիվ մարդ, և, փառք Աստծո, ես ունեմ այդպիսի ընկերներ: Ինչ վերաբերում է թերթին և, առհասարակ, մամուլին, ապա դրա դերը մեր կյանքում շատ կարևոր է: Բերեմ ընդամենը մի օրինակ: Շուշին ժամանակին Կովկասի մշակութային կենտրոնը չէր լինի, եթե չունենար մեծաթիվ տպարաններ, հրատարակչատներ: Էլ չեմ ասում, որ դրանից շատ առաջ էլ տպագիր խոսքը մեր ժողովրդի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ու դերակատարումն է ունեցել: Լրագիրը նաև մեր ժողովրդի համար ծառայել է որպես ինֆորմացիայի անմիջական աղբյուր: Այսօր, ցավոք, այդ դերը որոշակիորեն նվազել է` իր տեղը շատ հաճախ զիջելով ապատեղեկատվությանն ու զանազան ասեկոսեներին, բամբասանքներին տուրք տալու անառողջ գայթակղությանը: Պարզ է, որ դա ապակողմնորոշում է մեր հասարակությանը և դրանով արջի ծառայություն է մատուցվում հարազատ ժողովրդին: Խոսքի ազատությունն, ինչ խոսք, լավ բան է, բայց առանց պատասխանատվության, առանց բարոյականության չափանիշները պահպանելու ժողովրդավարական այդ կարևոր ինստիտուտը ինքնանպատակ և ինչ-որ առումով նաև վնասակար ու վտանգավոր է դառնում: Չպետք է մամուլը զենք դարձնել և դրա միջոցով հագուրդ տալ նեղ անձնական նկրտումների ու շահադիտական հակումների ինքնաբավարարմանը: Բարուն պիտի ծառայել, այլ ոչ թե չարին: Անհանդուրժելի է և այդ ճամփան մեզ ոչ մի լավ տեղ չի տանի: Թերթը լավ զգացողություններ, ոգևորություն և տրամադրություն պետք է հաղորդի ընթերցողին, այլ ոչ թե տրամադրություն փչացնի կամ հանիրավի մեղադրի, փնովի ու զրպարտի…

-Ձեզ զրուցընկեր ընտրելու ցանկությունն, ինչ խոսք, պատահական ու ինքնանպատակ չէ, և մեր կողմից առաջին հերթին կարևորվել է Ձեր` արժանավոր սյունեցի լինելու, Սյունյաց հերոսական լեռնաշխարհից սերված հայորդի լինելու հանգամանքը: Ձեր խոսքը, տեսակետը հայրենասիրության, ընկերասիրության, մարդկային ճիշտ փոխհարաբերությունների շուրջ առավել քան արժանահավատ ու համոզիչ կարող են հնչել, մանավանդ որ անցել եք նաև Արցախյան պատերազմի թոհուբոհի միջով և Ձեր անուրանալի ավանդն ունեք մեր հաղթանակի գործում: Բնական է, որ ապրելով մեր ժողովրդի հաջողություններով ու ձեռքբերումներով և կրելով նրա ճակատագիրը, չեք կարող չմտահոգվել նաև այսօր մեզ բաժին հասած անցանկալի, բացասական իրավիճակներով, հասարակական կյանքում տեղ գտած մերժելի դրսևորումներով: Ահա այս առումով ի՞նչն է Ձեզ ավելի շատ անհանգստացնում:

-Նախ, չմոռանամ շնորհավորել թերթին` ծննդյան տարեդարձի առթիվ: 5 տարին քիչ չէ: Թերթին ամենայն ջերմությամբ բարի երթ եմ մաղթում, անխափան ու հավերժական ընթացք: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա պիտի ասեմ, որ մարդկային փոխհարաբերություններն այսօր հարաբերական են դարձել: Այնքան էլ հաճելի չէ այդ մասին խոսելը և ընդունել փաստը, որ մարդկանց մեջ չարությունն ավելացել է, ինչի պատճառները միանշանակ հասկանալը դժվար է: Տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ, իրենց բանուգործը թողած, ուրիշների հոգս ու ցավով են <<ապրում>>, բամբասանքով զբաղվում: Դա ահավոր է: Ինձ համար, որպես սյունեցու, շատ ցանկալի կլիներ, որ ամեն հայ, հատկապես մեր երկրի համար ճակատագրական այս օրերին, հաղթողի հպարտությունը չկորցներ, այդ զգացումով գործեր ու առաջնորդվեր: Չէ՞ որ մեզ այդքան էլ հաճախ չեն տրվել այդպիսի փառահեղ հաղթանակներ, և չմոռանանք, որ, ի վերջո, մեզ հաջողվեց կորցրածը հետ բերել, թշնամուն քշել մեր բնօրրանից ու ազատագրել հայրենի հողը: Այդ պատմական ու բախտորոշ իրադարձությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, ընդամենը` 20 տարի, և այսօր Հայաստանում ապրող ցանկացած չափահաս քաղաքացի, որ ականատես ու մասնակից է եղել դրան, պիտի լավ գիտակցի այդ հաղթանակի կարևորությունը` դրանից իրեն ավելի հզոր ու գոտեպնդված զգալով: Ցավոք, ամենևին էլ այդպես չէ, և այսօր շատ քչերին կհանդիպես, որ հոգում կրի այդ մեծ հաղթանակի իրական արժեքն ու բարձր զգացողությունը: Կարծես, սովորական կամ շարքային իրադարձության հետ գործ ունենք և մեր իսկ աչքում նվաստանում է ազատագրական պայքարի այդ փայլուն ու աննախադեպ օրինակը: Խոստովանենք` բավականին ցավալի իրողություն: Մարդկային հարաբերությունները մի կողմ դնենք. դա, ի վերջո, յուրաքանչյուրի անձնական խնդիրն է, բայց երբ խոսքն այնպիսի սրբությունների է վերաբերում, որոնք անմիջականորեն ազգիդ ու հայրենիքիդ են առնչվում, ապա այստեղ արդեն նման` կամային, չգիտակցված ու անտարբեր վերաբերմունքը, պարզապես, անհանդուրժելի ու դատապարտելի է: Իսկ եթե հաշվի առնենք, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, ապա նման մոտեցումն առավել քան անթույլատրելի շռայլություն է մեր կողմից: Թշնամին էլի նույն թշնամին է մնալու, մենք էլ մեր հողից, մեր արյան կանչից ու պատմությունից երես չենք թեքելու: Այսինքն, միշտ պիտի պատրաստ լինենք լուրջ դիմակայության` մեր ներկան խաղաղ ու անվտանգ դարձնելու, իսկ վաղվա օրը, ապագան արժանապատիվ կերտելու համար: Կուզեի, որ ավագ սերնդի ներկայացուցիչները, որ փոքրիշատե տեսել են պատերազմական ժամանակաշրջանի դառնությունները, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում իրենց արժանի մասնակցությունն ունենային, մասնավորապես` նրան նշածս հպարտության զգացումի, այդ գիտակցության փոխանցողները դառնային: Հաղթողի հոգեբանությունը պիտի մեզ թելադրի ու միշտ առաջ մղի: Դա անհրաժեշտ ու կարևոր քայլ է, որ մեր կողմից պարտադրաբար պիտի արվի: Առանց այդ դաստիարակության, առանց այդ ոգով սնված ու դաստիարակված սերունդ ունենալու մենք կվտանգենք եղած հաղթանակներն ամրագրելու և նորերը կերտելու երաշխիքները: Միշտ, բոլոր ժամանակներում պիտի պատրաստ լինել լրջագույն փորձությունների, քանզի այդպիսին է մեզ բաժին հասած ճակատագրի անխոս պահանջն ու թելադրանքը: Մեր խաչը, ծա՛նր խաչը պիտի շարունակենք նույն ոգով ու վճռականությամբ, պատվով ու վեհությամբ տանել: Մենք ճակատագրով դատապարտված ենք … այս երկրի, այս հողի անդավաճան տերն ու ծառան լինելու: Հպարտ լինելու, մեր միջից դուրս մղելու ճիվաղին ու ստորաքարշին… Այսօրվա մեր ունեցածը, սակայն, և հասարակական գիտակցության շրջանակում գերիշխող միտումներն այնքան էլ հուսադրող ու արժանահիշատակ չեն:

-Կարո՞ղ ենք ենթադրել Ձեր ասածից, որ ծնողի մեղքն այս խնդրում ավելի շատ է, որ եղած բացթողումներն առաջին հերթին ավագների խղճին են ծանրանում:

-Թերևս, բոլորիս մեղքն էլ կա. չգիտեմ, չեմ կարող ասել: Համենայնդեպս, որոշակիացնելու խնդիր կամ պահանջ այստեղ չեմ տեսնում: Սակայն դա ամենևին չի նշանակում, թե ծնողների պատասխանատվության աստիճանը թերագնահատելու նպատակ ունեմ: Ծնողի դերը շատ մեծ է հատկապես հայրենասիրության, ազգասիրության դաստիարակման գործում: Ոչ թե պիտի առաջին իսկ անհաջողության դեպքում վերցնենք ու երես թեքենք հայրենիքից` բռնելով արտագաղթի կործանարար ճամփան, այլ բարոյակամային հատկանիշներ ի հայտ բերելով, մեզ այս հողի, այս երկրի տեր ու պատասխանատու զգանք: Միևնույն է, սեփական ճակատագրից հեռու փախչել չես կարող: Ամեն մեկը, յուրաքանչյուրը պիտի ունենա այդ տիրոջ, այդ պատասխանատուի գիտակցումը: Ոչ մի երկրում, հավատացե՛ք, չկա, չի կարող լինել իդեալական վիճակ: Ամեն երկիր իր խնդիրներն ու յուրահատուկ դժվարություններն ունի: Հեռվի ձայնը, ինչպես ժողովուրդն է ասում, միշտ քաղցր է հնչում: Առանց մեզ հաշիվ տալու, առանց փորձ անելու մեր մեջ փնտրելու ստեղծված իրավիճակի բուն պատճառները, փնովում ենք հայրենի երկիրն ու հողը և դառնացած, վիրավորված հեռանում: Աստծուն է միայն հայտնի, թե իրականում ինչպիսի զրկանքների ու նվաստացումների են ենթարկվում մեր հայրենակիցները` հայտնվելով օտար ափերում: Այնտեղ, որտեղ մեզ բնավ չեն սպասում… Աշխատող մարդը, չեմ կարծում, որ սոված մնա կամ մտածի այս ու այնտեղ մեկնելու, ապրուստ հայթայթելու մասին: Պարզապես, հայրենիքդ պիտի սիրես, ցավաս նրա համար, ինչը և ապրածդ արժանապատիվ կյանքի ընթացքում հավատարմորեն փոխանցես զավակներիդ: Ինչպիսին դու ես, այնպիսին էլ ժառանգներդ կլինեն: Այս է խնդիրը…

-Դուք բավականին ժամանակ ղեկավար պաշտոններ եք զբաղեցրել և Ձեր գնահատելի վաստակն ունեք այս երկրի կայացման, զարգացման ու պետականաշինության դժվարին գործընթացում: Համոզված եմ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, որ ինչ արել եք, արել եք սիրով, նվիրումով ու հավատով, այս երկիրը սիրելով, այս հող ու ջրի մասին հոգ տանելով, տիրոջ ու ծառայի պատասխանատվություն ունենալով: Ինչո՞վ են պայմանավորված եղել այդ սերն ու նվիրումը, որ այսօր էլ ոչ պակաս ուժգնությամբ ու ջերմ դրսևորումներով են զգացվում:

-Միայն ու միայն սիրո զգացումով, սրտացավությամբ` դեպի հայրենի երկիրը, դեպի հարազատ պետությունը: Ես ինձ անչափ երջանիկ եմ համարում, որ բախտ եմ ունեցել մասնակիցը դառնալու Արցախի ազգային-ազատագրական պայքարին, կռվելու հայրենի հողի ազատագրման համար և իմ ավանդը բերելու Հայոց անկախ պետականության, ազգային բանակի ձևավորման ու կայացման գործին: Ընդհանրապես, մեր սերունդն առանձնակի հպարտանալու իրավունք ունի, քանի որ հերոսական տարեգրություն է կերտել, պատմական բախտորոշ իրադարձության ակտիվ մասնակիցը դարձել: Անչափ կարևոր արժեքներ ենք ստեղծել ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, և տվյալ ժամանակաշրջանն, այսպես թե այնպես, անբաժան է նաև իմ կենսագրությունից, իմ թե՛ մարտական, թե՛ աշխատանքային գործունեության շրջանակից: Սա առավել է ջերմացրել իմ սերը հայրենի հող ու ջրի նկատմամբ, առավել նվիրական ու հոգեհարազատ դարձրել այն ամենը, ինչն անքակտելիորեն շաղկապված է հայրենի երկրին ու ժողովրդին: Ավելորդ չեմ համարում այս առիթով հիշել, որ Հայոց ազգային վերազարթոնքն սկսելուն պես ես թողեցի Ուկրաինայում ապահով ու հանգիստ կյանքս և հենց 1988-ին վերադարձա հայրենիք: Դա, ինչ խոսք, արյան, արմատների անթեղված կանչն էր, որ չէր կարող ինձ անտարբեր թողնել և չստիպել այդ ճակատագրական պահին լինել հայրենիքում, համերկրացիներիս կողքին: Եկա և անմիջապես` այնտեղ, որտեղ վճռվում էին մեր երկրի, մեր ժողովրդի բախտն ու ապագան: Վերադարձի իմ այդ քայլն, անշուշտ, մի մեծ հերոսություն չէր, բայց եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակահատվածում դրսում ինձ նման տասնյակ հազարավորներից հատուկենտ մարդիկ այդպես վարվեցին, ապա, կարծում եմ, ասածս հիմնավոր ու հավաստի կդառնա: Հանուն արդարության պիտի անպայման նաև ծնողներիս դերը կարևորեմ այդ գործում: Մայրս ինձ բառացիորեն հետևյալն ասաց. <<Ա՛յ տղա, կարող է` լավ չես, թուրքը այստեղ կրակում է, իսկ դու այդտեղ նստել ես…>>: Ես չէի կարող մորս խոսքն անտեսել, չնայած, այսպես թե այնպես, գալու էի, բայց դա ինձ առավել պարտավորեցրեց և ստիպեց օր առաջ վերադառնալ: Այո, մորս ցանկությամբ նաև ես հայտնվեցի սահմանին, մարտական գործողությունների կիզակետում: Հայրենասիրության առումով ես, ինչ խոսք, չեմ կարող չափվել, համեմատվել ծնողիս հետ: Շատ-շատ առումներով` ևս: Առհասարակ, իմ կարծիքով, զավակների գերազանցությունը ծնողների հանդեպ հիմնականում թվացյալ կամ խաբուսիկ է: Ծնողի բարձրությունն անգերազանցելի է… Ահա, այսպիսի բախտորոշ պահեր, որ, կարելի է ասել, շրջադարձային եղան իմ կյանքում և ինձ վերջնականապես, այսպես ասած` ոտքով ու գլխով կապեցին հայրենի հող ու ջրին, հայրենական տանը: Եվ ըստ էության այնպես է ստացվել, որ ես, ուզեմ թե չուզեմ, չեմ կարող չսիրել իմ երկիրը, իմ ժողովրդին, իմ քաղաքը… Դա անհնարին է: Եթե մարդ արարած ես, Աստծո էակ, ուրեմն անպայման պիտի սիրես երկիրդ և եթե անգամ փոքր-ինչ հնարավորություն ունես, ապա դա էլ չպիտի խնայես հանուն նրա բարօրության:

-Ձեր խոսքում նշեցիք, որ պատերազմը, ցավոք, դեռևս ավարտված չէ, իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանի սահմանային լարված իրավիճակը և տխուր միջադեպերը, ապա, իրոք, մենք ձեռք բերածով հանգստանալու, մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Եթե, Աստված մի արասցե, պատերազմը կրկին չոքի մեր դուռը, ապա Դուք ևս շատերի հետ սահմանին, մեր զինվորի կողքին կլինեք, այնպես չէ՞:

-Առաջիններից մեկն էլի ես եմ լինելու, էլի ես մեր տղերքի գլուխն անցած մարտադաշտ եմ գնալու: Տղերքից շատերն այսօր էլ կան և դարձյալ պատրաստ են առանց վարանելու զինվորագրվել հայրենի հողի պաշտպանության սրբազան գործին: Բայց այստեղ մի ցավալի փաստի պիտի անդրադառնամ, ինչի մասին, չգիտես ինչու, այնքան էլ չի խոսվում: Պատերազմական գործողությունների թեժ շրջանում մենք բավականին զոհեր ունեցանք, որոնք հիմնականում Արցախից ու սահմանամերձ բնակավայրերից էին: Ասել, որ ամբողջ Հայաստանն էր զինվորագրվել համազգային այդ պատերազմին, միանգամայն սխալ ու անարդարացի կլինի: Մինչդեռ, իրականում հենց այդպես պիտի լիներ, ողջ Հայաստանը միահամուռ պիտի ոտքի կանգներ, այլ ոչ թե փոքրաթիվ կամավորներ միանային մեզ և կիսեին մեզ բաժին հասած ծանր բեռը: Եթե 5-6 հազարի փոխարեն մեզ միանար, ասենք, 20 հազար ազատամարտիկ, ապա ռազմադաշտում մեր ընդհանուր հաջողություններն ավելի մեծ կլինեին և, ինչպես արդեն նշեցի, կխուսափեինք այդքան զոհեր տալուց: Բայց ցավալին ոչ այնքան զոհերի քանակն էր, որքան որակը. ինչպիսի՜ տղերքի կորցրինք… Հավերժ փառք նրանց հիշատակին: Հավատացնում եմ, որ կենդանի մնացածներն էլ պակաս քաջությամբ չեն կռվել. նրանց կյանքը ևս հայրենիքի ազատագրության զոհասեղանին էր: Ուղղակի, ճակատագիր է` ոմանց բախտը բերում է, ոմանց` ոչ… Նրանք բոլորն էլ ընկերներ էին, երդվյալ ընկերներ, ում միավորողը հայրենիքի նկատմամբ տածած սերն էր, հայրենի հողի պաշտպանության սուրբ գաղափարը:

-Հետաքրքիր է Ձեր, որպես մարտական ուղի անցած հրամանատարի, կարծիքն իմանալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ:

-Արցախի հարցը վաղուց արդեն լուծվել, վերջացել է: Ղարաբաղցին անկախ, իր հողի վրա ապրում, արարում է, խնդիր չունի: Թե խոշոր տերություններն ինչ են որոշելու, դա բոլորովին այլ հարց է և այս պահին ոչ ամենագլխավորը: Համենայնդեպս, մի բանում ես համոզված եմ` դա ոչ այնքան Ղարաբաղի, որքան, ընդհանրապես, հայ ժողովրդի խնդիրն է, մեր ազգի միասնության խնդիրն է: Փառք Աստծո, մեծահարուստ, մեծ կարողությունների տեր հայեր ունենք աշխարհում: Բավական է նրանց ֆինանսական օգնությունը, որպեսզի ժամանակակից հզորագույն զինտեխնիկա ունենանք այնտեղ, ինչն էլ կստիպի մեր հակառակորդին վերջ տալ ամբարտավան հոխորտանքներին, հրաժարվել մեզ սպառնալուց և սուսուփուս տեղները նստել: Ուժի դեմ` ուժ, զենքի դեմ` զենք… Հարցի լուծման ճանապարհը, ըստ իս, դա է: Այո, երկու կարևորագույն նախապայման` հզոր Արցախ և միասնական Հայաստան, միասնական հայ ժողովուրդ: Ունեցանք սա, ապահովեցինք մեր հզորությունն ու միասնությունը, ուրեմն կունենանք նաև մեր ուզածը, կհասնենք մեր նպատակին: Մնացած ամեն ինչ բխելու է նշածս նախապայմաններն ապահովելուց: Ճանապարհը սա պիտի լինի…

-Ինչի՞ց է, ըստ Ձեզ, որ մեր ազգը չի սիրում իր իշխանությանը, իր ղեկավարին:

-Դա մեր պատմությունն է: Փորձենք մի փոքր հայացք գցել մեր անցյալին` համոզվելու համար, որ գրեթե բոլոր ժամանակներում էլ այդպես է եղել, այդպես է, ցավոք, նաև այսօր: Այդ պատճառով մեծ վնասներ ենք կրել, բազում աղետներ բերել մեր գլխին և շարունակ կորցրել ու կորցրել… Գոնե հիմա ուշքի գանք և վերափոխվենք: Ինչպես կարելի է, այսքան նշանակալի հաջողություններ ունենալուց ու հաղթանակներ տանելուց հետո, չսիրել կամ չգնահատել այն մարդկանց, այն ղեկավարներին, ովքեր ի սկզբանե այդ ամենի գլխին կանգնած են եղել: Դրանով մենք միայն մեզ ենք վնասում և ամեն ինչ վերածում աբսուրդի: Ամենաթարմ օրինակը բերեմ: Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի պահվածքն ու մոտեցումն այնքան տպավորիչ ու հատկանշական էին, որ աշխարհի որ ծայրում էլ հայ կա` պիտի հպարտանա իր երկրի, իր պետության նախագահով, նրա արժանապատիվ կեցվածքով ու քաջությամբ: Ցավոք, ոմանք դա չտեսնելու են տալիս, մինչդեռ հանուն հայրենի երկրի ու պետության, անկախ այս կամ այն հանգամանքից, պետք է համախմբվենք մեր բարձրագույն իշխանության, նախագահի շուրջը և նրա կողքին բոլորս մեկ մարդու պես կանգնած լինենք: Ավելին, ՀՀ նախագահի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կշռադատված ու ճիշտ քաղաքականությունը հանգեցրեց մեզ համար կարևոր այն արդյունքին, որ հակառակորդի կողմից սահմանին հրահրված լարվածությունը մարեց և չվերածվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների: Այսինքն, այս անգամ ևս մեր նախագահի շնորհիվ խուսափեցինք պատերազմի մեջ ներքաշվելու վտանգից…

-Բայց նաև պիտի ընդունենք, որ մեր ժողովուրդը վտանգի պահերին, բարեբախտաբար, համախմբվելու և մեկ բռունցք դառնալու հրաշալի հատկությամբ է օժտված, համամիտ չե՞ք:

-Այո, այդպես է, բայց և իրականությունն այն է, որ մենք հասել, երկիրը հասցրել ենք ծայրահեղ աստիճանի, ապա միայն իրար շուրջ հավաքվել, ինչն էլ շատ հաճախ անօգուտ կամ ուշացած է եղել: Մի՞թե վիճակը ծայրահեղության պիտի հասնի, որպեսզի մենք ուշքի գանք և համախմբվենք… Մենք շրջապատված ենք ոչ բարեկամ հարևաններով և դեռևս չլուծված շատ խնդիրներ ունենք: Թուրքը միշտ էլ, ինչ ուզում է լինի, թուրք է մնում: Այնպես որ, պիտի մեր միջի վատն ու բացասականը հնարավորինս նվազագույնի հասցնենք, որպեսզի ի վիճակի լինենք արժանապատվորեն դիմակայելու դրսի մարտահրավերներին և համարժեք պատասխան տալու ցանկացած ոտնձգության: Ճակատագրով դատապարտված ենք … հզոր ու միասնական լինելու:

-Միանշանակ է, որ Ձեր գործունեության ընթացքում ահռելի աշխատանք եք կատարել թե՛ երկրի, թե՛ պետության և թե՛ բանակի կառուցման ու կայացման գործում: Ո՞րն եք համարում այդ տարիների մեր ամենագնահատելի ձեռքբերումը, ի՞նչն եք առավել կարևորում ու թանկ համարում:

-Մենք երեք շատ կարևոր ձեռքբերում ունենք: Առաջինը Արցախյան հաղթանակն է, երկրորդը` մեր պետականության վերականգնումը, և երրորդը` Հայոց ազգային բանակի ստեղծումը: Եթե մենք ճիշտ ժամանակին չստեղծեինք բանակը, ապա, հավատացեք, չէինք ունենա այն, ինչ ունենք այսօր: Մեր առաջին և երկրորդ ձեռքբերումների պահապանը դարձավ Հայոց ազգային բանակը: Բանակ, որով իրավամբ հպարտանում ենք և որը տարածաշրջանում ամենամարտունակն է: Գնալով այն առավել ամրապնդվում, առավել հզորանում է և նորանոր հաղթանակներ է գրանցում` մեր երկրի ու պետության անվտանգության երաշխավորի դերը լավագույնս կատարելով: Բոլորս այսօր պարտավոր ենք կանգնել Հայոց բանակի կողքին, թև ու թիկունք լինել մեր զինվորին:

-Համակարծիք ենք Ձեզ, բայց և միաժամանակ պիտի ընդունենք նաև այն իրողությունը, որ սահմանին գտնվող հայ զինվորն է այսօր մեզ ավելի շատ ոգեշնչում և թև ու թիկունք լինում, քան մենք` նրան: Կարելի է ասել, որ բանակն այսօր մի քայլ առաջ է անցել բոլորիցս` հասարակական կյանքի առաջընթացի յուրօրինակ խթանիչի դեր ստանձնելով: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:

-Մեր զինվորի ոգին, այո՛, բարձր է: Նա պատրաստ է ամենադժվարին փորձությանը և, խրամատ մտնելով, արդեն դիմացը տեսնում է թշնամուն: Հայրենասիրական մի նոր ոգի է ներշնչվում նրան այդ պահից սկսած և նա հոգեպես նախապատրաստվում է ինքնազոհաբերման, հայրենիքի համար կյանքը զոհելուն: Նման պանծալի օրինակներ շատ ունենք: ԵԿՄ վարչության անդամ լինելով, ես այս տարի ևս մասնակցեցի միության ավանդական ուխտագնացությանը դեպի Արցախ: Այն իր խորքում հայության երկու հատվածներն իրար առավել ամուր կապելու, միասնական լինելու, միասին ապրելու ու արարելու յուրօրինակ խորհուրդ, հրաշալի պատգամ ունի: Ուխտագնացությունը նաև մեր զինվորի կողքին մշտապես կանգնելու, նրան մեծապես լիցքավորելու, մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող հայ մարդուն ամուր նեցուկ լինելու վեհ ու շնորհակալ նպատակներ է հետապնդում: Այս ամենն, անշուշտ, լավ տեսնում է սահմանի այն կողմում դարանակալած թշնամին, տեսնում է և, բնականաբար, համապատասխան հետևությունների հանգում: Այո, դա նաև լավ դաս է ադրբեջանցու համար, նրան զսպելու, զգուշանալու <<մեսիջ>>մեր կողմից: Մենք` ավագներս, եղել ենք, կանք ու կլինենք մեր զինվորի կողքին և պատրաստ ենք օգնելու նրան մեր փորձով, խիզախության ու մարտունակության ոգեշունչ դաստիարակությամբ: Դրա մեծ դերն ու կարևորությունը չպետք է երբևէ թերագնահատել:

-Դառնանք Ձեր ունեցած դերին, որն արտահայտվել է մեր երկրին, հայրենի Սյունիքին անձնվիրաբար ծառայություն մատուցելու գործում: Ինքներդ ի՞նչն եք այդ առումով առավել գնահատելի ու ծանրակշիռ համարում:

-Հայրենի երկրի, հայրենիքի սահմանների պաշտպանությունը բավական է, որպեսզի ես հպարտանալու իրավունք վերապահեմ ինձ: Այդ գործն, անշուշտ, մեծ պատասխանատվություն է ենթադրում, ինչը ես բարձր մակարդակով ու ամենայն լրջությամբ եմ կրել: Այլ կերպ հնարավոր էլ չէր, քանի որ խոսքը 120 ժամկետային և 550 պայմանագրային զինծառայողներով համալրված գումարտակի ղեկավարման մասին է: Տղաներից յուրաքանչյուրի ճակատագիրը, կարելի է ասել, վստահվել էր ինձ, և նրանց կյանքի համար ես ամբողջությամբ, անվերապահորեն պատասխանատվություն էի կրում: Պատասխանատվության հետ մեկտեղ, դա նաև մեծ պատիվ ու վստահություն էր ինձ համար: Այդ զգացումն այնքան մեծ է, որ մինչև կյանքիս վերջ ուղեկցելու է ինձ:

-Ցավոք, ի զորու չեք եղել խուսափելու նաև կորուստներից, ինչը, հասկանալի է, անասելի վիշտ ու դառնություն է պատճառել Ձեր հոգուն: Այդ զգացողությունը տարիների հետ չի՞ մեղմվում կամ թեթևանում:

-Զինվորի մահն ամենածանր ցավն ու ամենամեծ ողբերգությունն է հրամանատարի համար: Աննախանձելի իրավիճակ, երբ չգիտես, թե ինչպես պիտի նայես նահատակ զինվորի ծնողների, հարազատների աչքերին, ինչ պատասխան պիտի տաս նրանց: Պիտի հավատացնեմ, որ առայսօր նման իրավիճակով պայմանավորված որևէ նախատինք կամ մեղադրանք չի հնչել իմ հասցեին, ինչն էլ ինձ առավել է պարտավորեցրել իմ գործում և առավել մեծ պատասխանատվությամբ համակել: Զոհված մեր ընկերների հիշատակը հավերժացնելու համար Գորիսում մի շատ մեծ հուշահամալիր եմ կառուցում: Ինքս եմ ամեն ինչ անում, ամեն ինչին անձամբ հետևում: Զոհվածներն առայժմ իրենց պապենական գերեզմանոցներում են հանգչում, բայց այս հուշարձանը բոլորին մի տեղ է <<հավաքելու>>և դառնալու է միակուռ, ամբողջական սրբատեղի: Հավերժացնելու է բոլոր նահատակների հիշատակը: Հուշարձանը 15 մ բարձրություն է ունենալու, իսկ երկարությունն ու լայնությունը 8 մ են լինելու: Բացումը նախատեսում ենք հոկտեմբեր-նոյեմբերին: Համալիր կառույց է լինելու, որտեղ մտադիր ենք նաև հետագայում ազատագրական պայքարին ու ազատամարտիկներին նվիրված թանգարան հիմնել: Այն, հավատացած եմ, նորօրյա գեղեցիկ ավանդույթների սկզբնավորման ու արմատավորման հրաշալի վայր կդառնա: Արցախյան ազատամարտին նվիրված նման շատ ձեռնարկումներ, կառույցներ նախկինում էլ ենք ունեցել, բայց այս մեկը լրիվ ուրիշ արժեք է, նախադեպը չունեցող` ինչպես ճարտարապետությամբ, այնպես էլ մնացած ամեն ինչով: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի կողքին է, ինչը խորհրդանշական մեծ իմաստ ունի: Ասես, պապ և թոռ. չէ՞ որ երկու դեպքում էլ միևնույն` հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարն է, գրեթե նույն ազատամարտը, միայն թե սերունդն է փոխվել: Տվյալ տարածքը վերածվելու է հանգստի գոտու` լողավազանով և անհրաժեշտ այլ հարմարություններով: Միայն դա չէ: Գորիսի կենտրոնական հրապարակն եմ կառուցում, աստիճանաբար փողոցների բարեկարգումը, լուսավորության ապահովումը և, առհասարակ, քաղաքի ընդհանուր տեսքի բարելավումն ավարտի կհասցնենք: Գորիսը պետք է իր գեղեցկությամբ, իր հմայքով միշտ փայլի: Տարեկան ավելի քան 300 հազար զբոսաշրջիկ ենք ունենում Տաթևում: Միայն ճոպանուղուց օգտվողների թիվը 7 ամսում 150 հազարի է հասել:

watermarked_Goris_new_mix

Գուսան Աշոտ, Սյունյաց հողը անարատ է,

Չարի սերմը բույն չի դնում, անարմատ է…

***

Հազար հողմեր ձեզ չեն մաշել, Սյունյաց սարեր…

Գուսան Աշոտ

Ինչ չքնաղ լեզու էր կյորեսերենը… Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը… Նա մի չքնաղ գորգ էր` նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը… Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,- Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն…

Ակսել Բակունց, <<Կյորես>>

-Գորիսն, ինչ խոսք, Սյունյաց աշխարհի յուրահատուկ այցեքարտը պիտի համարել, ահա թե ինչու բոլորս էլ մեծապես կարևորում ենք նրա ճարտարապետական ուրույն դիմագծի պահպանումն ու ժամանակակից միտումներին համահունչ զարգացում ապահովելը: Այդպես չէ՞:

-Վերջին 25 տարում, մասնավորապես, արել եմ ամեն ինչ, որպեսզի քաղաքի ճարտարապետական տեսքն ու դիմագիծն անխաթար մնան: Դատապարտելի է ցանկացած ինքնագործունեություն այդ տեսանկյունից, իսկ, առհասարակ, քմահաճ ու կամայական վերաբերմունքի ամեն դրսևորում տեղ չունի, անընդունելի է մեծամասնության կողմից: Քաղաքային իշխանություններից մշտապես պահանջել ենք խստապահանջ լինել տվյալ հարցում և կանխել ամեն ոտնձգություն, որ կարող է աղավաղել Գորիսի ընդհանուր տեսքն ու համայնապատկերը: Վատ նախադեպը, ինչպես գիտեք, շատ արագ է ընդօրինակվում, ուստի դրա տեղիք ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ:

… Հետո թևը ջարդված հավքի պես Սոնան ամաչկոտ դուրս թռավ հնձանից, մի անգամ էլ շորորաց այգու շաղոտ խոտերի վրա և ներսը թողեց լաջվարդ շապիկի բույրը:

Ակսել Բակունց, <<Միրհավ>>

-Դա իր հերթին, ինչ խոսք, գալիս է լրացնելու բնակավայրի ընդհանուր դիմապատկերի գույները և ազգային մշակույթի, մեզ փոխանցված հոգևոր ժառանգության մաս է կազմում: Մշակութային գործոնի դերն, անտարակույս, ամենաազդեցիկն է, ահա թե ինչու ցանկալի է խոսել այդ ոլորտի օջախների, հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի և, ընդհանրապես, որդեգրված քաղաքականության մասին:

-Սկսենք Ակսել Բակունցից: Նրա թանգարանը, պիտի ասեմ, յուրօրինակ սրբատեղի է: Այստեղ ամեն ինչ արվել է, որպեսզի այն իսկապես վայել լինի մեծ գրողին: Ամենամյա Բակունցյան օրերը պատշաճորեն են անցկացվում, բազմաթիվ հյուրեր ենք ունենում: Թանգարանի բակում մեծ խաչքար ենք տեղադրել: Բակունցյան օրերի կազմակերպումն ի սկզբանե իմ կողմից, իմ նախաձեռնությունն է եղել: Բակունցը բնության մանրանկարիչ է: Մթնաձորի համար ճակատ տվեցի, քանի որ ժամանակին նախագիծ կար այդ տարածքով ճանապարհ անցկացնել: Մեզ հաջողվեց փրկել Մթնաձորը, և եթե այն այսօր պահպանվել է, ապա դրա համար ես ինձ շատ լավ եմ զգում: Չէ՞ որ Մթնաձորը թանկ արժեք է մեր երկրի, մեր ժողովրդի համար… Ժամանակին երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանն ասում էր. <<Սուրեն ջան, Բակունցին շատ սիրի, Բակունցը 20-րդ դարի հայ գրականության հայրն է…>>: Առհասարակ, ոնց կարող ես Սերո Խանզադյանին չսիրել, Գուսան Աշոտին, Համո Սահյանին չսիրել… Նրանք մեծություններ են, վիթխարի մեծություններ: Նրանց ստեղծագործություններից կարող եմ ժամերով արտասանել, մեջբերումներ անել…Հենրիկ Իգիթյանն իր էությամբ ըմբոստ, համառ մարդ էր, շատ մտերիմ էինք, տարեկան մի քանի անգամ այցելում էր մեզ, Գորիսում իմ թանկագին հյուրն էր լինում: Հիացած էր Սերո Խանզադյանով և ինձ մշտապես հորդորում էր, որ նրան լավ աչքով նայենք: Ղարաբաղյան շարժման սկզբում, ինչպես լավ գիտենք, նրանք միասին Մոսկվայում հացադուլի էին նստել, պայքարի ելել խորհրդային ամբողջատիրության դեմ: Իգիթյանի խոսքերով, այդ ամենի տոն տվողը Սերոն էր, առանց նրա այդ քայլն այն հնչեղությունը չէր ունենա. <<Սերոյին այնտեղ` Մոսկվայում պետք էր տեսնել, թե ինչպիսի մեծություն էր նա…>>: Սերո Խանզադյանի համար էլ հնարավորինսն արվել է իմ կողմից, գործող տուն-թանգարան ունի Գորիսում, որի շենքը գնել և հանձնել եմ քաղաքապետարանի ենթակայությանը: Այն այսօր հիմնանորոգման կարիք ունի, և մեր առաջնահերթ ծրագրերում նաև այդ շենքի վերակառուցումն է: Նրա անունով դպրոց կա, որի բակում գրողի արձանն է տեղադրվել: Գուսան Աշոտի տունը վերածվել է հենց իր թանգարանի: Քաղաքապետ լինելուս ժամանակաշրջանում նրա հուշարձանն եմ տեղադրել քաղաքում, մշակույթի տունն է նրա պատվին անվանակոչվել և այլն…

Մեր զրույցի ավարտին կրկին խոսք գնաց ընկերոջ և ընկերության մասին: Պարոն Խաչատրյանի համոզմամբ, այն մարդկային բարձր արժեք է: Ընկերության մեջ, ըստ նրա, ամենագնահատելին ազնվությունն ու շիտակությունն են, համառությունն ու ըմբոստությունը: Ընկերությունը պահել-պահպանելն այնքան էլ հեշտ չէ, չպիտի մանրախնդիր լինել այդ հարաբերություններում, ավելորդ լարվածության տեղիք տալ: Ընկերների միջև միշտ պիտի կարոտի զգացում լինի, առանց դրա այդ ընկերությունն այն չէ: Մեր զրուցակցի մեջբերումը. <<Եթե ուզում ես մեկ ամիս երջանիկ ապրել, ամուսնացիր, եթե ուզում ես մեկ տարի երջանիկ ապրել, սիրահարվիր, իսկ եթե ուզում ես հավերժ երջանիկ ապրել, ապա ընկեր ունեցիր…>>: Սա, թերևս, լավագույնս բնութագրում է նրան` որպես ընկերոջ, որպես ընկերոջ հարգն իմացող ու գնահատող մարդ անհատի:

Սուրիկ Խաչատրյան-ընկերը մշտապես ընկերների կողքին է, պատրաստակամ աջակցելու նրանց հնարավոր ամեն ինչով: Այդ և մյուս հատկանիշները ժառանգել է ծնողներից, պապ ու տատից: Ինչպես ընդունված է ասել, ինչ տեսել է, այն էլ սովորել, որքան լավ բան է ժառանգել հայրենի հող ու ջրից, այնքան ցանկությունը մեծ է` այդ ամեն լավը, կրկնապատկած և անգամ ավելի, վերադարձնելու հայրենի երկրին, հարազատ մարդկանց ու շրջապատին…

                                                                                                     Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ. Գ. Հարցազրույցը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում…

SHARE