Հիմնախնդիրները լուծվել են

0
13

Առաջընթաց

Համատեղելով ուժերն ու նպատակային օգտագործելով հնարավորությունները

-Կոշ համայնքը ղեկավարում եմ 2005 թվականից,- <<Ընկեր>>-ին ասաց Աշոտ Ենգիբարյանը:- Բոլոր ժամանակներում էլ եղել են խնդիրներ, որ կուտակվել են տարիների, տասնամյակների ընթացքում, ինչը, թերևս, բնականոն ու անխուսափելի պիտի համարել: Խիստ անհրաժեշտ էր վերանորոգված ու կահավորված դպրոց ունենալ, մանկապարտեզ, առողջապահական կենտրոն, բուժամբուլատորիա, գազաֆիկացում ու արտաքին լուսավորություն անցկացնել, ոռոգման ու խմելու ջրի համակարգերը բարելավել և այլն: Ահա այն հիմնական խնդիրները, որ ժամանակի ընթացքում ծառացած են եղել թե՛ համայնքի իշխանության և թե՛ նրա բնակչի առջև: Իմ պաշտոնավարման շրջանում տվյալ հիմնախնդիրները (առաջին հերթին` կրթության ու առողջապահության ոլորտների) երկրի կառավարության տարբեր մարմինների աջակցությամբ գտան իրենց լուծումը: Այսպես, հիմնանորոգվել ու կահավորվել է դպրոցը, որը 410 աշակերտ ունի: <<Փյունիկ>> հիմնադրամի միջոցներով վերազինվել են քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի լաբորատորիաները: Հիմնանորոգվել է Արզնի-Շամիրամ ջրանցքի` Կոշի 5500 մ հատվածը, ինչի արդյունքում մի քանի խնդիր է միանգամից լուծվել: Մեր հայրենակիցներ` գերմանաբնակ Արմենակ և Աննա Թադէոսյանների ժառանգները ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժկենտրոն կառուցեցին (5 մլն դոլար ներդրում), որը ծառայում է նաև հարևան համայնքների բնակչությանը, իսկ այստեղ գտնվող մանկական վերականգնողական կենտրոնը հանրապետական նշանակություն ունի: Բոլոր առումներով գնահատելի ու շնորհակալ գործ է անում կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը: Իսկ բուժամբուլատորիան հիմնանորոգվել ու կահավորվել է համայնքի միջոցներով: 1996-ից մանկապարտեզը չէր գործում` չունենալով նախակրթական ծրագրեր իրականացնելու տարրական պայմաններ: Էլի մեր հայրենակից Թադէոսյանների միջոցներով (200 մլն դրամ) հիմնանորոգվեց ու կահավորվեց այն: Մոտ 90 սան ունի այսօր մանկապարտեզը:

Պարոն Ենգիբարյանը հավելեց, որ մշակույթի տուն ունեն, արվեստի դպրոց, որտեղ անվճար ուսուցում են ստանում ազգային նվագարանների խմբերի սաները: Մշակույթի տանը գործում են նաև դաշնամուրի, քանոնի, դուդուկի և պարի խմբեր: Առհասարակ, Կոշում շատ ակտիվ է մարզամշակութային կյանքը, մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի գծով տեղի մարզիկները հաջողություններ են արձանագրել նաև մեր երկրի սահմաններից դուրս:

Տասնամյակներ շարունակ երկնագույն վառելիքից օգտվելու հնարավորությունը երազանք էր դարձել կոշեցիների համար: ՀՀ նախագահի 2008 թ. նախընտրական ծրագրում տեղ գտած այդ խնդիրն իրականություն է դարձել: Գազաֆիկացման ընդհանուր ծախսը կազմել է մոտ 840 մլն դրամ, որի 10 տոկոս ներդրումն արել է համայնքապետարանը: Ամեն տարի, համայնքի ղեկավարի խոսքով, վերանորոգվում են ներհամայնքային ճանապարհները, կառուցվում են խմելու ջրի նոր գծեր, ընթացիկ նորոգումներ կատարվում: Այսօր համայնքի բնակչության մոտ 60 տոկոսն ապահովված է խմելու ջրով, իսկ առաջիկայում կառուցվելիք նոր ջրատարը` Ամբերդ-Ավան-Կոշ, ամբողջովին կլուծի տվյալ խնդիրը: Ջրատարի կառուցումը կիրականացվի կառավարության միջոցներով, իսկ համայնքների մասնակցությունը համաֆինանսավորման 10 տոկոսի չափով է:

Կոշում առանձնակի ուշադրություն է դարձվում պատշաճ սանիտարական վիճակի ապահովմանը, ինչում ներգրավված են նաև բնակիչները: Հաճախակի կազմակերպվող շաբաթօրյակների ժամանակ նաև ծառատունկ է իրականացվում: Հիշարժան է <<100 ծառատունկ>> անվանումն ստացած շաբաթօրյակը:

Համայնքապետարանը սերտ համագործակցում է դպրոցի, առողջապահական կառույցների, Կոշի ՔԿՀ-ի և առանձին անհատ ձեռներեցների, բարերարների հետ, ինչն իր հերթին նպաստում է համայնքի զարգացմանը և առաջ եկած խնդիրների լուծմանը: Այստեղ համեմատաբար քիչ է արտագաղթը, մարդիկ ամուր կպած են հայրենի հողին, զբաղվում են նաև անասնապահությամբ: Մտադիր են չրի արտադրություն կազմակերպել, ինչը կնպաստի գյուղմթերքների իրացման, աշխատատեղերի ապահովման և այլ խնդիրների լուծմանը:

SHARE