Հիվանդի նկատմամբ հոգատարությունը

0
23
ամեն ինչից վեր ու առաջնային պետք է լինի…

Առողջապահություն

   Արմավիրի մարզի Վաղարշապատի պոլիկլինիկան /ՊՓԲԸ/ սպասարկում է Էջմիածին քաղաքի և հարակից 19 գյուղական համայնքների շուրջ 137.000 բնակչությանը: Բուժհաստատությունն առանձնանում է շենքային բարեկարգ հարմարություններով, բուժսարքավորումների բավարար հագեցվածությամբ, բարձրակարգ մասնագետների ապահովվածությամբ, ինչն էլ, արժանանալով մեր ուշադրությանն ու հետաքրքրությանը, առիթ դարձավ հանդիպելու նրա ղեկավարության հետ: 
  Պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Լիլիթ Գասպարյանը, սիրով ընդառաջելով մեր ցանկությանը, ասաց, որ տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի արդյունքում են հասել այսօրվա հաջողություններին: 2003 թ., երբ ստանձնեց բուժհաստատության ղեկավարումը, բոլորովին այլ` ծայրահեղ անմխիթար իրավիճակ էր այստեղ: Միակ մխիթարականը լավ կոլեկտիվի ու բուժանձնակազմի առկայությունն էր, հանգամանք, որն իր առավելությամբ կարող էր համեմատվել անգամ մայրաքաղաքի բուժհիմնարկների հետ: Հասկանալի է, առկա հնարավորությունները բավարար չէին միանգամից լրացնելու բացը և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու: 

    <<Աստիճանաբար,-նշեց տիկին Գասպարյանը,-տարիների ընթացքում գումար խնայելով և այն նպատակային օգտագործելով` կարողացանք դրական տեղաշարժ արձանագրել: Ձեռք բերեցինք համապատասխան կահույք և անհրաժեշտ բուժտեխնիկա: Մեր կոլեկտիվին, բժիշկներին այդպես էլ խոստացել էի` ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ ստիպված չլինեն առողջապահական խնդիրներով Երևան հասնել: Փառք Աստծո, այսօր այդպես էլ կա, քանզի արդեն իսկ տեղում հնարավոր է դարձել բարձրակարգ բուժսպասարկում իրականացնել: Պայմանների շեշտակի բարելավումը, ժամանակակից բուժսարքավորումներով հագեցվածությունը, մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, ախտորոշիչ համապատասխան լաբորատորիայի առկայությունը, այդ թվում` ամբուլատոր անվճար բուժսպասարկումը խթանեցին, որպեսզի կտրուկ ավելանա մեզ դիմողների թիվը: Ամսվա ընթացքում ունենում ենք շուրջ 18 հազար հաճախում: Բուժանձնակազմի առջև պահանջ է դրված` բնակիչներին բարձրակարգ սպասարկում մատուցել, այնպես, որ որևէ դժգոհություն կամ բողոք չլինի: Կարելի է ինչ-ինչ հարցերում ներողամիտ լինել, բայց ոչ երբեք` հիվանդի դժգոհության դեպքում: Աշխատանքային լիարժեք պայմաններ են ստեղծված, և ոչինչ չի խանգարում, որ այցելուն բավարարված հեռանա այստեղից…>> : 
      Խստապահանջ լինելով հանդերձ, հաստատության ղեկավարը համբերատար ու մեծահոգի է, համեստ ու աշխատանքային կարգ ու կանոնը իր օրինակով կարևորող, գնահատող: Այս մոտեցման շնորհիվ կոլեկտիվում առողջ մթնոլորտ է տիրում, փոխադարձ հարգանք ու վստահություն կա, միասնական ընտանիքի զգացում:
      Զրուցեցինք նաև պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ Բերտա Կարապետյանի հետ: Նա տասնամյակներ շարունակ այս կոլեկտիվում է` 1979 թվականից:  <<Հաճախումներն ավելացել են,-ընդգծեց տիկին Կարապետյանը,-և, բնականաբար, ավելացել է բժիշկների ծանրաբեռնվածությունը: Համենայնդեպս, նրանց հոգատարությունն ու պատասխանատվությունը չի պակասել, ավելին, առավել պարտավորված ու բարեխիղճ են յուրաքանչյուր այցելուի նկատմամբ: Առհասարակ, մեզանում բուժսպասարկումը բարձր մակարդակի վրա է, ինչը տնօրենի ամենաառաջնահերթ պահանջի արդյունքն է: Հիվանդի համար մենք պարտավոր ենք առավելագույնն անել, երբևէ տեղիք չտալ նրա դժգոհությանն ու տրտունջին: Ջանում ենք, որ տհաճ իրավիճակներ չստեղծվեն, անհարկի դժվարություններ չառաջանան, որպեսզի բուժհաստատության հարգն ու հեղինակությունը միշտ բարձր մնա: Մեր ղեկավարի նկատմամբ մեծ հավատ ու  վստահություն կա, քանի որ նրա ներդրումը բավականին մեծ է, նրա արածը` անգնահատելի: Նրա հետ աշխատելը, նրա կողքին լինելը հաճույք ու բավականություն են: Շատ մեծահոգի է, խելացի, բանիմաց, կամեցող, բարի ու նրբաճաշակ: Մարդկային, ընկերական լավագույն հատկանիշներով է օժտված: Ահա, նաև այս ամենով պայմանավորված, յուրաքանչյուրս ավելի պարտավորված է զգում` ավելի լավ աշխատելու և բարձր արդյունքներ ապահովելու համար>> :
    Տեղամասային թերապևտ Նելլի Մուրադյանի խոսքերով, իրենց ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է: Այն, որ կարողանում են անվճար հետազոտել և ճիշտ ախտորոշում տալ, շատ արդյունավետ է դարձնում իրենց աշխատանքը, իսկ բուժումն իր հերթին լիարժեք է դառնում: 35 տարի նույն տեղամասում աշխատելը հնարավորություն է տալիս, ճանաչելով տեղաբնակներին, լավ իմանալ, թե տվյալ ընտանիքում ինչ հիվանդություն կարող է հավանական լինել և, հետևաբար, կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ ձեռնարկել: Եթե, ասենք, թոքային պաթոլոգիայով ընտանիք է, ուրեմն պետք է զերծ մնալ վատ սովորույթներից: Եթե ուռուցքաբանության խնդիր է նկատվել տվյալ ընտանիքում, ապա ցավերի, տհաճ երևույթների ի հայտ գալու դեպքում պետք է անպայման վաղ հետազոտություն անցնել և այլն: Ահա, այս կերպ կարողանում ես մարդկանց օգտակար լինել և կատարել բժշկի քո պարտքը:
     <<Ճիշտ ախտորոշումը բուժման կեսն է,-հավատացած է ռենտգենոլոգ Հովհաննես Ազրյանը: -Իսկ դրա հնարավորությունը մեր պոլիկլինիկան ունի: Ապահովված ենք բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, աշխատում ենք համատեղ ու միմյանց խորհուրդը հաշվի առնելով: Համագործակցությունը մեծ է հատկապես փորձառու բժիշկների, մասնավորապես` քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Ֆելիքս Գրիգորյանի  հետ: Վերջինիս աշխատանքային ստաժն այստեղ բավականին մեծ է` 1964-ից, ընկերասեր է, բարի, նվիրված, ամեն պահի կողքիդ կանգնելու պատրաստակամությամբ լցված: Առհասարակ, մեր կոլեկտիվն է այդպիսին: Ստեղծված է ընկերական ջերմ մթնոլորտ, ինչը գալիս է տնօրենից: Աշխատանքային բնականոն գործընթացի ապահովման, հաճախորդին բավարարելու  համար նա ջանք ու եռանդ չի խնայում: Հիվանդի նկատմամբ ուշադրությունն ամենաբարձր մակարդակի վրա է>> …
      Ռադիոլոգ Սրբուհի Սեդրակյանը, ով այստեղ աշխատում է որպես սոնոգրաֆիստ, իր հերթին հաստատեց, որ հագեցած է իրենց աշխատանքային օրը, շատ հաճախ առանց ընդմիջման են սպասարկում հիվանդներին: Օրական մոտ 35 հիվանդի են հետազոտում: Իրենց բավարարված են զգում` այցելուների գոհունակությանն արժանանալով: Անհրաժեշտության դեպքում հիվանդին ուղարկում են մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատություն: Նրա համոզմամբ, այսօր իրենց պոլիկլինիկան որևէ ստանդարտից հետ չի մնում: Անգամ առավելություններ ունի` և դիագնոստիկ, և թերապևտիկ ուղղություններով: Խոսելով հաստատության ղեկավարի` տիկին Գասպարյանի մասին, նա առանձնացրեց վերջինիս կանացիությունն ու հոգատարությունը… 
   Հանդիպման ավարտին պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը շեշտեց.<<Ինձ առանձնակի լիցք են հաղորդում մեր կոլեկտիվի համախմբվածությունը, նվիրվածությունն ու համերաշխությունը: Ամեն անգամ յուրաքանչյուրի ժպիտը տեսնելով, հոգուս մեջ խաղաղություն ու երանություն եմ զգում…>> : Մեզ մնում է նորանոր հաջողություններ մաղթել այս բուժհաստատության կոլեկտիվին և ցանկանալ, որ մեր երկրի շատ պոլիկլինիկաներ իրենց հնարավորություններով հավասարվեն նրան…
SHARE