Հնարավորություն` շարունակելու սկսած գործը…

0
24
Ակնկալում

  Ռազմիկ Ալավերդյանը ԲՀԿ անդամ է: Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքը ղեկավարում է 2010 թվականից: Կրկին առաջադրել է թեկնածությունը, ԲՀԿ կողմից, առաջիկա կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար:
  Խոսելով ղեկավարման տարիներին իրականացրած աշխատանքների մասին, պարոն Ալավերդյանը տեղեկացրեց, որ կարողացել են առաջնահերթ կառուցել մանկապարտեզի շենքը, անցկացրել են կենտրոնացված ջեռուցում: Մնացել են  համապատասխան գույքով ապահովելն ու ցանկապատի անցկացումը: Ընթացքի մեջ գտնվող աշխատանքները կավարտվեն այս տարի, և մանկապարտեզը կսկսի գործել: Հիմքից բուժամբուլատորիա են կառուցել: Նախորդ տարվա վերջին պաշտոնական բացումն էր, այսօր ամբողջությամբ այն գործում է: Մաքրել են դրենաժները` մոտ 5 կմ: Մնացել է մաքրելու 300 գծամետր հատվածը, ինչն առայժմ հետաձգված է: Դիմել են պաշտոնատար անձանց, ովքեր խոստացել են, որ ընթացիկ տարում կարվեն այդ աշխատանքները: Նախորդ տարի նոր փողոցի խճապատում են իրականացրել` 500 մ: 
  Նշված աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեի միջոցներով: Մասնավորապես, մանկապարտեզի համար ծախսվել է մոտ 80 մլն դրամ: Սեփական միջոցներով այս տարի նախատեսում են վերանորոգել գիշերային լուսավորության ցանցը: Ժամանակին փոխվել է դպրոցի միայն տանիքը, վերանորոգման այլ աշխատանք չի կատարվել: Այսօր դրա կարիքը խիստ զգացվում է, մանավանդ` պատուհանների նորով փոխարինումը: Համայնքի ղեկավարի խոսքով, այս տարի այդ աշխատանքն ամբողջովին կարվի: Դպրոցի հարցով դիմել են մարզպետ Գրիգորյանին, ով խոստացել է, որ մարզպետարանի աջակցությամբ կիրականացվեն պահանջվող աշխատանքները: 

  Գյուղն ընդհանրապես խմելու ջրի ցանց չի ունեցել, օգտվում են արտեզյան հորերից: Տվյալ խնդրով դիմել են <<Հայջրմուղկոյուղի>>` Պատրիկ Լորենին: Խոստացել են անպայման խնդրին լուծում տալ, այսինքն` ջրամատակարարման ցանց անցկացնել: Հուսով են, որ այս տարի այդ աշխատանքները նույնպես կսկսվեն: Մայրաքաղաք մատակարարվող ջրից կօգտվի գյուղը: Ամեն ինչի բարեհաջող ավարտի պարագայում խմելու ջրի մատակարարումն, առհասարակ, էապես կբարելավվի:
  Սայաթ-Նովան 2400 բնակիչ ունի: Բնակիչները բռնագաղթվածներ են, ովքեր առավել շատ ունեն օգնության կարիք: Համայնքապետը` Ռազմիկ Ալավերդյանը, մեծ պատրաստակամությամբ է ձեռք մեկնում բոլորին: Աջակցում է հնարավոր ամեն ինչով: Բնակիչների հետ հարաբերություններն ամուր հիմքերի վրա են: Գյուղապետարան` որևէ հարցով մտնելիս գյուղացին անարդյունք կամ դժգոհ չի հեռանում: Ամեն դեպքում` պատասխանը սպառիչ է լինում: Ըստ պարոն Ալավերդյանի, որևէ արդարացում չունի գյուղացուն անարդարացի կամ, առհասարակ, վատ վերաբերվելը: 
  Ռազմիկ Ալավերդյանն ունի ընկերական մեծ շրջապատ: Շատ հարցեր հենց ընկերների միջամտության արդյունքում է լուծվում: Ընկերներն աջակցում են` ինչով կարողանում են: Առանց ընկերների մեր այս ժամանակներում անհնար է հաջողության հասնել, ընկերն անգամ հարազատ եղբոր պես կարող է լինել: Ընկերներ ունի հանրապետության տարբեր բնակավայրերում: Ընկերները միշտ էլ քաջալերում են իրեն և իր կողքին են: Համոզված է, որ համագյուղացիները, տեսնելով իր կատարած աշխատանքը, զգալով ջերմ վերաբերմունք իրենց հանդեպ, անպայման կվերընտրեն գործող ղեկավարին` այդ կերպ նաև նրան հնարավորություն տալով շարունակելու սկսած բարի գործը և ավարտի հասցնելու բազում ծրագրերը…
SHARE