Հնարավոր բոլոր միջոցներով

0
24

Գյուղ

Աջակցել գյուղացուն, նպաստել համայնքի առաջընթացին

-2012 թվականից եմ ղեկավարում,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանը:- Առաջիկա ընտրություններին առաջադրվելու եմ, քանի որ ծրագրերս ու անելիքներս դեռևս կիսատ են, պիտի ավարտի հասցնեմ: Չնայած դրան, բավականին գործ արվել է: 2014-ին մեր հարգարժան պատգամավոր Արայիկ Գրիգորյանի շնորհիվ 20 մլն դրամ ներդրում արվեց դպրոցում` 3-րդ հարկի պատուհանները փոխվեցին, ջեռուցում անցկացվեց: <<Կարիտաս>> ընկերությանն եմ դիմել, որպեսզի օգնեն շարունակելու դպրոցի վերակառուցման աշխատանքները: Քանիցս դիմել եմ մարզպետարան` նոր թաղամասերի գազաֆիկացման հարցը լուծելու խնդրանքով: Խոստացել են /մասնավորապես` վարչապետը/ 15 մլն դրամ հատկացնել աշնանն այդ գործը գլուխ բերելու համար: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի օգնությամբ, համայնքի համատեղ ներդրումով, նախորդ տարի նոր գույքով ենք համալրել մանկապարտեզը, վերանորոգում կատարել: Իսկ այս տարի մանկական խաղահրապարակ ենք կառուցել: Մեր հիմնական խնդիրը խմելու ջուրն է: Դիմել ենք Պատրիկ Լորենին` մտահոգություն հայտնելով խմելու ջրի մատակարարման անմխիթար վիճակի վերաբերյալ: Խոստացել են այս տարի աշնանը կամ հաջորդ տարի նոր խողովակաշար անցկացնել: Անկախ դրանից, այս տարի մոտ 2 կմ ջրագիծ ենք անցկացրել, ինչի արդյունքում վիճակը որոշակիորեն լավացել է: Շվեյցարացի բարերարի շնորհիվ 2011-ին մշակույթի տան տանիքն է վերանորոգվել, իսկ հաջորդ տարի` հիմնովին նորոգվել: Բարերարը նաև երաժշտական գործիքներ է նվիրել արվեստի դպրոցին, որը մշակույթի տանն է գործում: Ունենք արվեստի, ինչպես նաև մարզական խմբակներ: Մանկապարտեզը 4 խումբ ունի` 130 երեխայով: Պատրաստվում ենք հաջորդ տարի ևս մեկ խումբ բացել: Իմ ղեկավարման 4 տարիներին ոչ մեկի աշխատավարձը չեմ բարձրացրել, որպեսզի մանկապարտեզը ողջ տարին գործի, բայց էլի գումարները չեն բավարարում, ուստի ստիպված ենք հունվար-փետրվար ամիսներին դադարեցնել նրա գործունեությունը: Արտաքին լուսավորության ցանցը պետք է ընդլայնվի` աստիճանաբար ընդգրկելով մյուս թաղամասերը ևս…

Պարոն Մարտիրոսյանն այնուհետև հավելեց, որ իրենց եկամտի հիմնական աղբյուրը այգեգործությունն է, մասնավորապես` խաղողագործությունը: Շնորհակալ են Արարատի գինու գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանին, որ մշտապես ընդառաջում է իրենց, մթերած խաղողի դիմաց ժամանակին վճարում: Գոհ են նաև Այգեվանի գործարանից, որ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում է վճարումն իրականացնում: Բայց և կան ձեռնարկություններ, որ դեռևս չեն վճարել ընդունած բերքի գումարը…

-4 տարի հանգիստ չեմ նստել,- նշեց համայնքապետը:- Դիմել եմ շատ կազմակերպությունների, բախել հնարավոր բոլոր դռները և որոշակի ծրագրեր շահելով` կյանքի կոչել մի շարք մտահղացումներ: Համոզված եմ, որ կատարվածը տեսնելով, գյուղացին առաջիկա ընտրությանն ինձ կրկին վստահության քվե կտա` տալով իր գնահատականը: Ես տարբերություն չեմ դնում մարդկանց միջև, բոլորին էլ պատրաստակամորեն օգնում եմ ու ընդառաջում: Բնակիչը պետք է պատշաճ ընդունելության արժանանա: Մեր գյուղացիները շատ աշխատասեր են, ինչպես ասում են` քարից հաց քամող ժողովուրդ, եթե ջուրը, մնացած պայմանները փոքրիշատե բավարար լինեն, ապա իրենց մշակությունն անտրտունջ, գլուխները կախ կանեն: Դժվարն այն է, երբ բերքը հասունանում է, չեն կարողանում իրացնել, ձեռքը կրակն են ընկնում: Կամ` չեն կարողանում ստանալ հանձնած բերքի գումարները, ինչը մարդկանց հիասթափության դուռն է հասցնում: Մենք, բնականաբար, որքան մեր հնարավորությունը ներում է` նեցուկ ենք դառնում հողի աշխատավորին, թեթևացնում նրա հոգսերի բեռը…

Ավելացնենք, որ Նորիկ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ 2013 թվականից համալրվել է համայնքի ֆուտբոլի թիմը, նորապսակներին առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվում, զինակոչիկներն են խրախուսվում և այլն: <<Արի տուն>> ծրագրի հետ են համագործակցում: Նպատակ ունեն զարգացնել էկոտուրիզմը, ինչի համար համայնքը նպաստավոր պայմաններ ունի: Շատ հարցերում օգնության է հասնում ընկերական շրջապատը: Մտերիմ է Լուսառատի, Սիսավանի և Արալեզի համայնքապետերի հետ, և, առհասարակ, ընկերական շրջապատն այն լավագույն միջոցն է, որի օգնությամբ համայնքում ապահովվում է նաև առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ…

SHARE