Հոգատար` բնակչի, նրա խնդիրների նկատմամբ

0
62

Լավատեսություն

watermarked_Nor Armavir Karen Grigoryan

  2004 թվականից ղեկավարելով Նոր Արմավիր համայնքը, Կարեն Գրիգորյանը կրկին  առաջադրել է թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրությանը: Վերընտրվելու դեպքում նոր թափով ձեռնամուխ կլինի առաջին հերթին ճանապարհների ասֆալտապատմանը, որը կարևոր խնդիր է գյուղի համար: Դիմել են վերադասին այդ խնդրով, այն ընդգրկվել է համապատասխան ծրագրում, և մոտակա ժամանակներս աշխատանքները կիրականացվեն: Ոչ պակաս կարևոր է նաև խմելու ջրի խնդրի բարելավումը, որի ուղղությամբ ևս միջոցառումներ ձեռնարկվում են:

  Պարոն Գրիգորյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին, նշեց, որ դպրոցում հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, այս տարի կավարտեն: Գյուղի վարչական շենքերից տրամադրել են մանկապարտեզի համար, որն արդեն 5 տարի է` գործում է: Գիշերային լուսավորություն է անցկացվել: Ոռոգման ջրով ապահովված են: Գյուղի գրադարանը /8000 կտոր գիրք/ համայնքապետի ուշադրության կենտրոնում է, ժամանակի ընթացքում համալրվում է նոր գրականությամբ: Միջոցառումներին նա անպայման մասնակից է լինում:

  Գրադարանավարուհին գոհունակությամբ նշեց, որ գյուղապետը բոլոր դեպքերում  իրենց կողքին է, չկա հարց, որ դիմելիս անպատասխան մնա կամ ինչ-որ կերպ չբավարարվի: Ընդառաջում է ցանկացած բնակչի, ձեռք մեկնում: Աջակցում է նաև դպրոցին, այնտեղ անցկացվող բոլոր միջոցառումների անցկացմանը: Համայնքի  ղեկավարի հավաստիացմամբ, մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը հարկ է առաջնահերթ կարևորել, ամեն ինչից վեր դասել:

  Շատ այլ աշխատանքներ ևս կատարվել են Նոր Արմավիրում, բայց գործող գյուղապետի համար առավել կարևոր է ջերմ, հոգատար վերաբերմունքը մարդկանց, համագյուղացիների նկատմամբ: Բոլորին հավասար է վերաբերվում, հեռու է խտրական կամ այլ մոտեցում ցուցաբերելուց: Պատրաստակամ է աջակցելու յուրաքանչյուրին` չխնայելով ոչինչ: Այս գործում հաճախ ընկերությունն է օգնության հասնում, համատեղ ուժերով փորձում են առաջացած խնդիրները լուծել:

  Կարեն Գրիգորյանն ընկերասեր է եղել մանկուց, այսօր ընկերական մեծ շրջապատ ունի: Ընկերներն ամենուր են: Ամենաերիտասարդ գյուղապետն է Արմավիրի մարզում: Ընկերներից անբաժան է, առանց ընկերների իր օրը չի պատկերացնում: Ընկերների մասնակցությունը կա գրեթե բոլոր գործերում: Ընկերոջ նախաձեռնությամբ գյուղի սկզբնամասում մեծ խաչ է տեղադրվել` ի պահպանություն բոլորի: Ընկերների կողմից մոտ օրերս նաև խաչքար է տեղադրվելու:

  Գյուղում խնդիրներն ու անելիքներն, ինչ խոսք, շատ են: Մշակույթի տունը, գյուղապետարանի շենքը հիմնանորոգման կարիք ունեն: Այդուհանդերձ, գլխավոր խնդիրը մնում է կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը: Նոր Արմավիրում մարդիկ լավատես են, որ ժամանակի ընթացքում լուծում կգտնեն իրենց անհանգստացնող բոլոր խնդիրները…