Հոգով, ֆիզիկապես ամուր սերունդ,

0
116

որ հայրենի երկրի պաշտպանության հուսալի վահան դառնա…
Մարտարվեստ

   <<Նախքան 2004-ին Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի հիմնադրումը, նման կառույց 1998-ին Ղարաբաղում ստեղծեցի: Առողջ, ռազմահայրենասիրական ոգով ուժեղ տղաներ ունենալն էր նպատակս, ինչպես նաև մեր զինված ուժերը աշխարհի թեքվանդոյի համաբանակային մրցաշարերում ներկայացնելը: Արդեն իսկ, կարելի է ասել, այդ նպատակն իրականություն է դարձել` նման կարևոր ստուգատեսներում միակ լիազոր ներկայացուցիչը Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան է: Սերտորեն համագործակցում ենք ՀՀ բանակի, հատկապես հատուկ ստորաբաժանումների հետ` համապատասխան դասընթացներ, միջոցառումներ անցկացնելով և զինվորների մարտական ոգին առավել բարձրացնելով: Ֆեդերացիան ունի երեխաների ցուցադրական խումբ, ներկայացնում ենք ռազմական պարեր, գործում են նաև թեքվանդո օլիմպիական ոճի մարզաձևի խմբակներ: Ցուցադրական ելույթներով /դրանք ներառում են ոչ միայն այս մարտարվեստի հմտությունները, այլև ռազմապարերի համարներ/ հանդես ենք գալիս ՀՀ պետական տոնակատարությունների առթիվ կազմակերպված հանդիսությունների և նման այլ միջոցառումների ժամանակ: Ռազմապարերը հատկապես արտերկրում ներկայացնելն այն կարևոր նպատակն է հետապնդում, որ աշխարհին ի ցույց դնենք ոչ միայն մեր բանակի մարտունակությունը, այլև հինավուրց մշակութային ազգ լինելու հանգամանքը: Պաշտպանության նախարարության հետ համապատասխան համաձայնագիր ունենք, ըստ որի համատեղ շատ նախաձեռնություններ ենք կյանքի կոչում: Մարտարվեստի գիտակ մեր մարզիկները իրենց գիտելիքներն են փոխանցում Հայոց բանակի զինվորներին: Դա նրանց ֆիզիկական պատրաստվածության առումով շատ կարևոր ներդրում է, ոչ պակաս կարևոր նպաստ` նաև ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ֆեդերացիան մարզերում ևս ակումբներ ունի:

Հայաստանում շուրջ 1000 երեխա է մարզվում մեր ղեկավարությամբ, միայն կենտրոնական` մայր ակումբ հաճախող երեխաների թիվը հասնում է 150-ի: Հիմնականում 7-15 տարեկանների ընդունելություններ ենք կազմակերպում: Թեքվանդոյում գերակշռողը ոտքերի հարվածներն են` մենամարտերում դրանց բաժինը մինչև 70 տոկոս է:


Ունենք օլիմպիական և ոչ օլիմպիական ոճերից Եվրոպայի չեմպիոններ, միջազգային առաջնությունների մրցանակակիրներ: Պատրաստվում ենք այս հոկտեմբերին Վիետնամում կայանալիք բանակային թեքվանդոյի աշխարհի առաջնությանը: Իսկ մինչ դա մասնակցելու ենք Սանկտ Պետերբուրգի մրցաշարին: Բնականաբար, ունենք Հայաստանի առաջնություններ, ինչպիսին զինված ուժերի առաջնությունն է, որն անցկացվում է մեր ֆեդերացիայի լավագույն բարեկամ ու աջակից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի օգնության շնորհիվ: Առհասարակ, մեր ձեռնարկումների իրականացման, միջոցառումների անցկացման գործում նախարարությունը մեծ լումա ունի: Նախարարի անմիջական աջակցությամբ կառավարության կողմից մայրաքաղաքում գործող մայր ակումբի համար համապատասխան տարածք հատկացվեց: Այստեղ հետագայում լինելու է նաև բանակի մարտարվեստների կենտրոնը, որը երեխաներին կնախապատրաստի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Այո, պարոն Օհանյանի շնորհիվ կարողանում ենք մեզ առաջադրված խնդիրները հաջողությամբ կյանքի կոչել և մեր բանակի համար արժանավոր ու քաջարի  զինվորներ պատրաստել: Հետևում ենք մեր սաների բանակային ծառայությանը, նրանց հրամանատարներից բազում շնորհակալագրեր ենք ստանում: Մարտունակ զինվոր` մարտունակ բանակ. ահա այս առաքելության կարևորության  գիտակցումով ենք առաջնորդվում մեր ամենօրյա աշխատանքում>>,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը:
  Հնարավորություն ունեցանք դիտելու այս մարտարվեստը նախընտրած երեխաների, թող չափազանց չթվա` հրաշամանուկների մարզումները, զրուցելու նրանց հարազատների ու մարզիչների հետ: 6-ամյա Տիգրան Դավթյանը նոր է հաճախում, իսկ 14-ամյա Գուրգեն Արմաղանյանի մարզումային տարիքը հասնում է 7-ի: 
   … Տիգրանի երազանքը հայտնի, աշխարհահռչակ մարզիկ դառնալն է: Իր ցանկությամբ է այստեղ հայտնվել: Որոշ  <<մեղավորություն>> միայն պապիկն ունի, որ նրան թեքվանդոյի մասին ֆիլմի սկավառակ է նվիրել: Այն դիտելուց հետո Տիգրանն իր որոշումը կայացրել է: Ուզում է լավ զինվոր դառնալ, ուժեղ ու ճանաչված մարզիկ: Շատ մտերիմ է Կառլեն պապիկի հետ, երբեմն նրա ուղեկցությամբ է պարապմունքների գալիս: Շատ է սիրում հայրիկին և ցանկացած հարցում նրա խորհուրդն է հարցնում: Կարոտում է հայրիկին, ով աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ուշ է տուն գալիս: Եթե հաջողվում է, ապա նրա հետ անպայման  <<Փլեյ սիթի>> է գնում: Չի սիրում վիճել, չի սիրում կռվարար տղաներին: Սիրում է իր մարզչին, որ նվիրված ու հոգատար է: Շատ է սիրում քրոջը` Մանեին: Եթե հանկարծ ինչ-որ հարցում նեղացնի նրան, ապա քրոջ սիրտը շահելու համար անպայման նվեր կգնի: Օրվա մեծ մասը հորեղբայր Դավիթի հետ է անցկացնում: Վերջինիս` հոգեբան լինելու հանգամանքը օգնում է ավելի լավ հասկանալու և բնութագրելու փոքրիկ Տիգրանի էությունը. <<Իր տարիքի համեմատ շատ զարգացած երեխա է: Մեծ է ուսման և սպորտի նկատմամբ ձգտումը: Հրաշալի հատկանիշներ ունի` բարություն, կամեցողություն, ըմբռնելու մեծ ունակություն, հիշաչար չէ: Ականջալուր է ավագների խորհրդին, պատրաստակամ ընդունում է արդարացի դիտողությունը: Շատ, չափից ավելի հետաքրքրասեր է, ուզում է, ասես, միանգամից ամեն ինչ իմանալ: Իր վարքագծով, վարվեցողությամբ տարբերվում է հասակակիցներից…>> : 
  Երեխան, անշուշտ, առաջին ջերմությունն ու հոգատարությունը պետք է զգա ընտանիքում: Նյութականից առավել բարոյական ու հոգևոր դաստիարակություն տալն է: Երեխան ձևավորվում է ընտանիքում և ստացածը հետագայում կատարելագործում հասարակական կյանքում: Տիգրանի օրինակն, ինչ խոսք, գալիս է վկայելու, որ ոչ հեռու ապագայում կունենանք հայրենի երկրի արժանավոր քաղաքացի, զինվոր ու մարտիկ, ընկեր ու պաշտպան… Ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Ջիվան Այվազյանի խոսքերով, Տիգրանը մարզական կեցվածք կընդունի որոշ ժամանակ մարզվելուց հետո միայն: Տարիքը որոշ դանդաղկոտություն է տալիս, բայց նպատակասլացությունն ամեն ինչ արժե: Շարժունակ է, շուտ ընկալող: Ամեն ինչում առաջինը լինելու ձգտումը գովելի է: Լիդերին բնորոշ գծեր ունի, շփվող է, ընկերական: Աշխատասիրությունն ու կամքի մեծ ուժը, մարզչի համոզմամբ, այն կարևոր նախադրյալներն են, որոնք ի վիճակի են հարթելու նրա երազանքների իրականացման ճանապարհը:
    Վրեժ Խաչիկյանն, անդրադառնալով իրենց սաներին, մասնավորապես հետևյալն ասաց.<<14-ամյա Գուրգեն Արմաղանյանը ճանաչվել է ֆեդերացիայի 2011-ի լավագույն մարզիկը: Նա Հայաստանի բազմակի չեմպիոն է, կամային բարձր հատկանիշներ է ցուցաբերում: Մեծապես գնահատելի է կամքի ուժի այն դրսևորումը, որն ունի Գուրգենը: Գնահատելի է նաև նրա համեստությունը: Մարզական հաջողությունները երբևէ մեծամտության ու գոռոզության զգացում չեն առաջացրել նրա վարքագծում: Ընկերասեր է, հարգալից ու պատվախնդիր: Հավատացած եմ, ինչպես Տիգրանը, այնպես էլ մյուս նորեկները, գտնվելով Գուրգենի պես մարզիկների կողքին, կընդօրինակեն նրանց, բարոյակամային լավագույն դասեր կսերտեն>> :
  <<Մանուկ հասակից եմ հաճախում պարապմունքների: Ֆրանսիայում ընկերական հանդիպման ժամանակ տպավորիչ հաղթանակ եմ տոնել: Երկու անգամ հաղթել եմ Հայաստանի առաջնությունում, երկու անգամ երկրորդ տեղ գրավել, մեկ անգամ` երրորդ: Նվիրական ցանկությունս աշխարհի առաջնությանն ու օլիմպիական խաղերին մասնակցելն է, հաղթանակ տանելը: Թեքվանդոն ինձ հոգեհարազատ մարզաձև է, որը մեզ կրթում, դաստիարակում է և ֆիզիկապես, և հոգեպես: Ամուր կամք, հոգեբանություն պետք է ունենալ` չընկճվելու, չկոտրվելու համար: Մարզումների ժամանակ, հաշվի առնելով շատ գործոններ, մարզիչները նաև անհատական մոտեցում են դրսևորում: Մեծ նշանակություն ունի, թե ով է մարզիչդ: Կուզենայի պարոն Խաչիկյանի կամքի ուժն ունենալ, որպես մարզիչ, նա շատ լավ է կարողանում կրթել և իր գիտելիքները տալ երեխաներիս: Իսկ ընկեր Ջիվանն ավելի ընկերական է մեզ հետ, ինչը պարապմունքների ժամանակ շատ է օգնում բոլորիս>> ,-ասաց Գուրգեն Արմաղանյանը: Չմոռացավ հավելել, որ պատրաստ է զինվորագրվելու Հայոց բանակին, որտեղ ձեռք բերածն առավել ամրապնդելու հնարավորություն կունենա…
   Շարունակելով մեր զրույցը ֆեդերացիայի նախագահի հետ, ցանկացանք իմանալ, թե երեխաների այս պատրաստվածությունն ու կոփումն, արդյոք, ավելի լավ չի անդրադառնում նրանց մարդկային և, մասնավորապես, ընկերական հարաբերությունների ձևավորման, ամրապնդման վրա: Դրան ի պատասխան պարոն Խաչիկյանն ասաց. <<Մարտարվեստի նպատակը ոչ միայն դիմացինից պաշտպանվելն է, մերժելի արարքներին հակադարձելը, այլև սեր և ներողամտություն ցուցաբերելը: Եթե մարզիչները երեխաների դաստիարակության գործում հիմնական շեշտը չեն դնում փոխադարձ հարգանքի ու սիրո վրա, հետևաբար,  պատրաստում են, այսպես ասած, մարդկային զենքեր, այլ ոչ թե մարտարվեստի գիտակների: Սա մենամարտային ձև է, եթե չլինի փոխադարձ սեր ու հարգանք, ապա մենամարտից հետո կողմերի մեջ վրեժխնդրության զգացում կմնա: Ճիշտ մոտեցման դեպքում, այո, մարդկային ու ընկերական զգացումներ են առաջանում, ծնունդ է առնում ընկերություն: Թեքվանդոն հարվածային մարտարվեստ է, ռինգում անխղճաբար հարվածում են, հոգեբանորեն և ֆիզիկապես պայքարում մինչև վերջ: Մենամարտի ավարտից հետո տարիներից եկած ընկերությունն ավելի է գերակշռում, քան մարզական հաղթանակի զգացումը: Մրցահարթակի ներսում հակառակորդներ են, մրցահարթակից դուրս` ընկերներ: Կամային հատկանիշները դժվարությունները հաղթահարելու ժամանակ են ի հայտ գալիս: Այդ ամենի արդյունքը, ի վերջո, հավատարիմ ընկերությունն է դառնում: Երեխաների մեջ մարտական ոգի ներարկելով, մարդկային հատկանիշներ սերմանելով, ունենում ենք հրաշալի ընկերներ, հայրենիքի նվիրյալ զինվորներ: Մարզումները երեխաների մեջ այն ինքնագիտակցությունն են առաջացնում, որ իրենք պիտի ինքնուրույն հաղթահարեն բոլոր դժվարությունները, որպեսզի ցանկալի հաջողությունների ու հաղթանակների հասնեն: Դառնան հայրենի երկրի արժանավոր քաղաքացիներ ու զինվորներ: Մենք ջանում ենք փոքր տարիքից նրանց մեջ ազգային հատկանիշները գնահատելու զգացում առաջացնել, որպեսզի մեր բանակն ու պետականությունը մշտապես հաստատուն ու ամուր մնան: Վստահ ու լիահույս եմ, որ մեր երկրի ապագան Տիգրանի, Գուրգենի և նրանց նմանների հուսալի ու ապահով ձեռքերում կլինի…>> :
SHARE